RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2019-09-19 23:33:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1489, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՇԱԲԱԹ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Իշխանական շինության ճաքճքո՞ւմ, թե՞ փլուզում

Հրաժարականների շղթան սկսվեց նախորդ շաբաթ, երբ հասարակությանը ոչինչ չասող Էդգար Առաքելյան անունով իմքայլական պատգամավորը վայր դրեց իր մանդատը, որին հետեւեց նույն հասարակությանը իր կասկածելի անցյալով արդեն հայտնի Արման Բաբաջանյանի ուսապարկային հրաժեշտը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանըՙ առանց հրաժարվելու ինչ-ինչ սակարկությունների արդյունքում իր ստացած պատգամավորական մանդատից:

Սկզբում թվում էր, որ այդ քայլերը ներխորհրդարանականՙ եթե ոչ խարդավանքների, ապա ներքին տարաձայնությունների սովորական հայտանշաններն են, ոչ այնքան կարեւոր: Սակայն կարեւոր հրաժարականը հնչեց, ավելի ճիշտՙ պայթեց մի քանի օր հետո, սեպտեմբերի 9-ին, սովորական մահկանացուներիս համար անակնկալորեն, իսկ ցինիկների համարՙ Ջոն Բոլթոնի հրաժարականից երկու օր հետո... Ու թեեւ անհեթեթ է որեւէ զուգահեռ տեսնել այդ երկու հրաժարականների միջեւ, սակայն հայաստանյան մասշտաբով դրանց թողած տպավորությունը եղավ նույնանման: Ու թեեւ նախագահ Թրամփը անմիջապես հայտարարեց, որ ունի անվտանգության գծով գլխավոր խորհրդականի պաշտոնում առնվազն 15 թեկնածու, վարչապետ Փաշինյանը հազիվ թե մեկին կամ երկուսին գտնի ԱԱԾ համակարգումՙ իր տեսակետներին ու գործելաոճին այդքան հլու-հնազանդ ծառայողիՙ ինչպես Արթուր Վանեցյանն էր:

Այո, անցնող մեկուկես տարում Արթուր Վանեցյանը դարձել էր վարչապետի աջ բազուկը նրա քաղաքական ու անձնական վրեժխնդրական գրեթե բոլոր նախաձեռնություններում: Փաստորեն վերածվել էր «մենթի», ինչը անհարիր է հետախուզությամբ եւ հակահետախուզությամբ զբաղվող կառույց գլխավորող որեւէ պաշտոնյայի համար: Նա դարձել էր խորհրդանիշը ռեպրեսիվ քաղաքականության:

Արդ, ի՞նչ պատահեց, որ ԱԱԾ նախկին տնօրենը կտրուկ, շատ կտրուկ փոխեց իր դիրքորոշումը: Անշուշտ, Դամասկոսի ճանապարհին քրիստոնյաներին հալածող Սավուղին հարվածած աստվածային Լույսը չէր, որ նրան դարձրեց քրիստոնեության մեծագույն քարոզիչ «Պողոս Առաքյալ»: Սակայն ի՞նչ էր պատահել, ի՞նչ պահանջ էր դրվել նրա առաջ, որի կատարումը, ինչպես արձանագրվել էր հրաժարականին ուղեկցված նրաՙ իսկապես արժանահիշատակ ուղերձում, «անհամատեղելի էր սպայի արժանապատվության հետ»: Ամուլսարյան ըմբոստությունը զսպելու առաջադրա՞նքը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին գահընկեց անելու օպերացիայի կազմակերպո՞ւմը, աշխարհաքաղաքական խնդիրնե՞րը, ռուսական գործո՞նը, ամերիկյա՞նը: Ինչ ենթադրություններ էլ որ անենք, այս պահին, երբ դեռեւս չգիտենք բուն պատճառը, սպեկուլյատիվ են լինելու: Հետեւաբարՙ սպասենք հետագա բացահայտումների: Վերջապես եկել է նրա հերթը վարկաբեկման արշավի:

Սակայն, մինչ այդ, Արթուր Վանեցյանի ուղերձում կար քաղաքական խտացված բանաձեւՙ ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» կամ «Քայլ արա՛» կարգախոսինՙ «Կանգ ա՛ռ»: Եվ ըստ իս այդ ուղիղ հակադրությունն էր պատճառ դարձել, որ վարչապետն իր վանաձորյան ասուլիսին փորձել էր հեգնել իր նախկին աջ բազուկինՙ նրան վերապահելով պետական հո՜ւյժ կարեւոր մի առաքելությունՙ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահությունը շարունակելը, մինչ վարչապետի մամլո քարտուղարը սեւեռվել էր Վանեցյանի շատ կուռ տեքստը շարադրողի կամ խմբագրողի ինքնությունը պարզելու խի՛ստ հրատապ հարցի վրա...

Ինչպես սպասվում էր, ԱԱԾ-ի տնօրենի հրաժարականը չմնաց որբՙ դրան հաջորդեց համակարգային 2-րդ կառույցի ղեկավարիՙ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականը, որի հետ համագործակցության վրա էին հիմնված Փաշինյանի ինչպես առաջին քայլերը այնպես էլ հաջորդական «բռնոցիները»: Սակայն այս անգամ, նախորդից այն տարբերությամբ, որ ոստիկանապետին խնայվեց «թուքումուրը», եւ նա «կրակը կողքիս» սկզբունքով նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական:

Այստեղ չեմ ուզում արձագանքել համակարգային եւ ուժային մյուս երկու կառույցներիՙ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հրաժարականների մասինՙ դարձյալ սպեկուլյատիվ ենթադրություններին: Սակայն կարող եմ պնդել, որ վարչապետ Փաշինյանը բնավ «կանգ» չի առնելու իր «հախուռն» եւ «անհամատեղելի» գործողություններում: Ըստ երեւույթին նա շատ է լուրջ ընդունել տխրահռչակ Սաակաշվիլուՙ խաղաղ հեղաշրջման սկզբում իրեն ուղղած հորդորըՙ մինչեւ վերջ գնալու կամ քայլելու վերաբերյալ:

Ինչպես տեսնում ենք, իշխանությունը սկսել է ճաքեր տալ, տեղ-տեղՙ բեկորների բաժանվել: Պատճառըՙ առանց գաղափարական շաղախի, առանց քաղաքական ամրանների կառավարական կառույց ստեղծելու տարերային քայլերն էին, որոնք շարունակվելու դեպքում սպառնում են փլուզել ողջ կառույցը:

Մանավանդ որ առջեւում կան Ամուլսարի, Սահմանադրական դատարանի, հանրապետության երկրորդ նախագահի անլույծ խնդիրները, որոնք կարող են ճակատագրական լինել ներկա կառավարության համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ