RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2019-09-13 14:50:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 392, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՇԽԱՐՀՆ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԴԱՐՁԵԼ»

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Ջոն Բոլթոնի հրաժարականից հետո

Կարելի է ենթադրել, որ ազգային անվտանգության հարցերով իր օգնական Ջոն Բոլթոնի պաշտոնաթողության առնչությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած արտահայտությունը երկար ժամանակ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք կտա: «Ես Ջոն Բոլթոնին հայտնեցի, որ Սպիտակ տունը այլեւս չունի իր ծառայությունների կարիքը: Ես, ինչպես նաեւ վարչակազմի ուրիշ անդամներ, կտրականապես համաձայն չեմ նրա շատ առաջարկությունների հետ, ուստի Ջոնին խնդրեցի հրաժարական տալ: Նա դա արեց առավոտյան: Ես Ջոնին շատ շնորհակալ եմ իր ծառայության համար: Հաջորդ շաբաթ ես կհրապարակեմ ազգային անվտանգության հարցերով իմ նոր օգնականի անունը», հայտարարել է Թրամփը:

Մինչ այդ, Բոլթոնի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նրա տեղակալ Չարլզ Կուպերմանը: Այսպիսով, Սպիտակ տնից հեռացրին այն գործչին, ում անվան հետ 2018 թ. ապրիլի 9-ից կապված է ԱՄՆ-ի կոշտ արտաքին ուղեգիծը: Ամերիկյան Politico հրատարակության վարկածի համաձայն, Բոլթոնի հեռացման գլխավոր պատճառը Թրամփի հետ նրա տարաձայնություններն են Աֆղանստանի հետ կապված բազմաթիվ հարցերում: Ըստ որում, տեղեկատվական արտահոսքերի կազմակերպումը վերագրում են հենց նախկին օգնականին:

Շատ հարցեր է առաջացնում նաեւ Քաբուլում օրերս տեղի ունեցած ահաբեկչությունը, որը խափանեց Քեմփ-Դեվիդում թալիբների հետ նախապատրաստվող բանակցությունները, որոնց կտրականապես դեմ էին Ջոն Բոլթոնը եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Ջոն Բոլթոնը կողմնակից էր Աֆղանստանում խնդրի ուժային լուծմանը: Ի դեպ, ԱՄՆ-ի հետ բանակցող թալիբ գործիչները ակնարկում են, որ տվյալ դեպքում գործն այնքան էլ մաքուր չէ: Նրանք բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն են հայտնել:

Սակայն Բոլթոնը մեծ ակտիվություն էր դրսեւորում նաեւ Իրանի ուղղությամբ: Պատահական չէ նրա հրաժարականի կապակցությամբ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի այն հիշեցումը, որ մի քանի ամիս առաջ նախկին օգնականը խոստացել էր, որ երեք ամսից Իրանը գոյություն չի ունենա: Անցյալ տարեվերջին այցելություն կատարելով Հարավային Կովկասի երկրներՙ Բոլթոնը փորձել էր ստեղծել անչափ անհավանական հակաիրանական կառույցներ, որոնք ԱՄՆ վարչակազմը իբր պատրաստվում էր օգտագործել Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի հետ իր հարաբերություններում: Սպիտակ տունը ստիպված եղավ համակերպվել Իրանի հետ հարավկովկասյան երկրների հարաբերությունների ամրապնդման իրողությանըՙ նկատի ունենալով դրանց աշխարհագրական մերձավորությունը եւ ընդհանուր պատմությունը:

Ավելին, Վաշինգտոնն այդպես էլ չկարողացավ քիչ թե շատ հասկանալի վերաբերմունք ձեւավորել Իրանի նկատմամբ: Եվ երբ Բոլթոնը սեփական խաղ սկսեցՙ դիմելով նախագահ Թրամփի հետ չհամաձայնեցված գործողությունների, Վաշինգտոնում որոշեցին ազատվել նրանից, ինչպես անցյալում պատահել էր Մայքլ Ֆլինի եւ Հերբերտ Մակմաստերի հետ:

Բոլթոնը կողմնակից է Իրանի հանդեպ կոշտ միջոցների ձեռնարկմանը: Նա քանիցս բացահայտորեն կոչ է արել փոխել այդ երկրի իշխանությունը: Թրամփի հետ Բոլթոնի տարաձայնությունների վառ օրինակ կարելի է համարել այս տարվա հունիսին ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման միջադեպը: Այն ժամանակ Թրամփը հայտարարեց, որ միջադեպը, թերեւս, կարող է լինել Իրանի չկանխամտածված սխալի հետեւանքը:

Ինչպես նշում է ամերիկյան աղբյուրներ վկայակոչող ֆրանսիական «Լը Մոնդ» թերթը, նախագահ Դոնալդ Թրամփը ըստ երեւույթին կասկածներ է ունեցել իր օգնականի հավատարմության եւ ԱՄՆ-ի դիվանագիտական ուղեգծի պահպանման առնչությամբ: Բոլթոնի քննադատները նրան մեղադրեցին այն բանում, որ նա ազգային անվտանգության խորհրդի մեխանիզմը առանձնահատուկ է դարձրել Պենտագոնի եւ Պետդեպարտամենտի հետ տեղեկությունների փոխանակության կրճատման հաշվին:

Ինչ վերաբերում է Բոլթոնի արձագանքին, նա հայտարարել է, թե ինքն է Թրամփին առաջարկել սեփական պաշտոնաթողության գաղափարը, եւ նախագահ Թրամփն ասել է. «Եկեք այդ մասին խոսենք վաղը», գրել է քաղաքական գործիչը իր թվիթթերյան էջում:

Պետդեպարտամենտում եւ արդարադատության նախարարությունում Ջոն Բոլթոնը իր կարիերան սկսել է նախագահներ Ռոնալդ Ռեյգանի եւ Ջորջ Բուշ ավագի օրոք, տեղեկացնում է ՌԻԱ գործակալությունը: Ջորջ Բուշ կրտսերի օրոք նա դարձավ պետքարտուղարի տեղակալ:

Բոլթոնը 2003 թվականին ամերիկյան զորքի Իրաք ներխուժելու հիմնական կողմնակիցներից էր: Բաղդադում զանգվածային բնաջնջման զենքի գոյության վերաբերյալ ամերիկացիների հետախուզական տվյալները, ինչպես պարզվեց, սխալ էին, իսկ անկայունությունն Իրաքում շարունակվում է մինչեւ օրս: 2005-2006 թթ. Բոլթոնը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչն էր: Այդ պաշտոնը թողնելուց հետո նա կրկին վերադարձավ պահպանողական փորձագետի եւ մեկնաբանի զբաղմունքին: 2018 թ. մարտին Թրամփը Բոլթոնին նշանակեց ազգային անվտանգության հարցերով խորհրդական:

Ամերիկյան «Ուոլ Սթրիթ Ջորնըլ» թերթը ափսոսանք է հայտնել այն մարդու հեռացման կապակցությամբ, որը ի վիճակի էր նախագահ Թրամփին հետ պահել բնազդային արարքներից: «Աշխարհն ավելի վտանգավոր է դարձել», հայտարարել է գործարար շրջանակների թերթը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ