RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019



ՀԱՄԱՐՁԱԿ ՔԱՅԼԵՐ

Տեղադրվել է` 2019-09-13 14:50:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 396, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը առաջին անգամ ուղերձով դիմեց ժողովրդին, որում բարձրաձայնեց առավել կարեւոր խնդիրները, որոնք կանգնած են այդ կենտրոնաասիական պետության առջեւ մոտակա հեռանկարում:

Ղազախստանյան հասարակությունը սպասում էր նախագահ Տոկաեւի այդ ուղերձին: Նա ցանկանում էր տեսնել, թե ինչպե՞ս են նոր նախագահի նախընտրական խոստումները վերածվում կոնկրետ ձեւի ու ծրագրերի եւ սպասում էր պատասխանի մի սկզբունքային հարցի. ի վիճակի՞ Է արդյոք նոր ղեկավարը բարելավել բնակչության կյանքի որակը, բարձրացնել տնտեսությունը, քայլեր անել բաց քաղաքացիական հասարակության կառուցման եւ ժողովրդավարացման ուղղությամբ:

Իր առաջին նախագահական ուղերձում Ղազախստանի ժողովրդին Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հստակ եւ պարզ սահմանեց առաջիկա տարվա գործունեության ուղղությունները իշխանության բոլոր ճյուղերի, յուրաքանչյուր պետական մարմնի ղեկավարի, պետական ընկերության համար:

Նախագահն, ընդգծելով առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի քաղաքական գծի իրավահաջորդությունը, շեշտը դրեց աշխատանքում որոշ մոտեցումները փոխելու անհրաժեշտության վրա:

Անվիճելի է, որ Ղազախստանի ներկա ղեկավարի գործողությունների անկյունաքարը դառնալու է սոցիալական բաղադրիչը: Այսպես, եթե դեռ օգոստոս ամսին դպրոցական ուսուցիչների եւ մանկավարժների համաժողովում արդեն հնչել էր հանձնարարական չորս տարվա ընթացքում ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկելու վերաբերյալ, ապա Կ.Տոկաեւի ուղերձում էապես ընդլայնվել են պլանները մանկավարժների կարգավիճակը բարձրացնելու ուղղությամբ «Մանկավարժի կարգավիճակի մասին» օրինագծի ընդունման ճանապարհով: Դա լավ ազդանշան է հասարակությանն առ այն, որ եկել է ժամանակը ոչ միայն արժանապատվորեն վճարելու ուսուցիչների աշխատավարձի դիմաց, այլեւ վերադարձնելու ուսուցչի բարձր կարգավիճակը: Հանրապետությունն ունի բավական հավակնոտ պլաններ կրթության, գիտության եւ առողջապահության ծախսերը հասցնելու մինչեւ ՀՆԱ-ի 10%: Այդ ցուցանիշներին Ղազախստանը գնում է դանդաղ, բայց համակարգված քայլերով, իսկ Ազգային բանկի ռեզերվների եւ Ազգային հիմնադրամի միջոցների առկայությունը կայուն է պահում Ղազախստանի սուվերեն վարկային վարկանիշը, ինչը թույլ է տալիս վստահորեն խոսել վերոհիշյալ ցուցանիշների հասանելիության մասին:

Ոչ պակաս հուսադրող հնչեց բժշկական ծառայությունների որակի եւ մատչելիության ապահովման մասին հայտարարությունը: Նախագահը հաստատեց, որ պետությունը կշարունակի պահպանել անվճար բժշկական օգնության երաշխավորված ծավալը: Թերեւս այնպես, ինչպես եւ սոցիալական աջակցության համակարգի զարգացումը, որի ծավալը վերջին երեք տարում մեծացել է ավելի քան 17 անգամ: Տոկաեւը հասկանում է, որ առանց ուժեղ եւ զարգացող տնտեսության առկայության անհնար են սոցիալական բարեփոխումները: Այդ պատժառով էլ Ղազախստանի ղեկավարը տնտեսական խնդիրների լուծման մեջ է տեսնում երկրի զարգացման հիմքը: Նրա կարծիքով, առաջնահերթություններ պետք է դառնան, առաջին հերթին, արդյունավետությունը, գիտատարությունը եւ թվայնացումը:

Մեծ հույսեր են կապվում ագրարային ոլորտի հետ, որը, Տոկաեւի կարծիքով, պետք է դառնա ողջ Ղազախստանյան տնտեսության առաջնորդողը: Ընդ որում, նա հերթական անգամ հաստատեց, որ գյուղատնտեսական նշանակության հողերը արտասահմանցիներին չեն վաճառվելու: Եվ այս հայտարարությունը հնչեց այն համատեքստում, որ առ այսօր գոյություն ունի որոշ «լաթիֆունդիստների» հողային տարածքների անբարեխիղճ օգտագործման, ավելի ճիշտ` չօգտագործման հիմնախնդիր: Այսպիսով, նա սկիզբը դրեց գյուղական վայրերում հողերի արդյունավետ օգտագործման վերանայմանը եւ, միաժամանակ, մարեց իր որոշ ընդիմախոսների կեցվածքի բոցը, որով սպեկուլյացիաներ էին արվում այլ պետությունների քաղաքացիներին հողեր վաճառելու թեմայով:

Փոքր եւ միջին բիզնեսի համար շատ կարեւոր պահ դարձավ նախագահի ուշադրությունը կոռուպցիոն հանցագործություններին, որովհետեւ հենց կոռուպցիայի հետեւանքներից են մեծապես տուժում բիզնեսն ու հասարակությունը:

Հասարակության եւ պետության փոխգործության ոլորտում անկյունաքար է դառնում օրինականությունը, պատժի անշրջելիությունը, հատկապես անձի, սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործությունների, կենցաղային բռնության դիմաց: Բռնարարքների դիմաց պատժի խստացման շեշտադրումը, նախ եւ առաջ ցուցանիշն է այն բանի, որ նախագահը եւ նրա գրասենյակը հստակորեն հետեւում են հասարակության մարտահրավերներին եւ օպերատիվ կերպով արձագանքում են դրանց: Կանանց եւ երեխաների հանդեպ բռնության աղմկոտ դեպքերը, որոնք հանրային արձագանք էին ստացել գարնանն ու ամռանը, չմնացին առանց ուշադրության: Եվ ահա հիմա բարձր ամբիոնից նշվեց, որ անհրաժեշտ է խստացնել բռնություն գործադրողների եւ մանկապիղծների պատիժը:

Ղազախստանի նախագահը չսահմանափակվեց միայն սոցիալ-տնտեսական նախաձեռնություններով: Տոկաեւն իր ուղերձում կրկին հաստատեց ազատականացման գծին նվիրվածությունը քաղաքական բարեփոխումների գործընթացում: Նա հայտարարեց քաղաքական մրցակցության եւ բազմակուսակցականության, հասարակական եւ քաղաքացիական երկխոսության զարգացման անհրաժեշտության մասին: Ընդ որում, նա հանձնարարական տվեց համապատասխան կառույցներին կատարելագործելու հանրահավաքների մասին օրենսդրությունն այնպես, որ, սահմանադրությանը համապատասխան, քաղաքացիները կարողանան ազատորեն դուրս գալ խաղաղ ակցիաների, արտահայտել իրենց կարծիքը օրենքով սահմանված կարգով:

Ղազախստանի ղեկավարի այդ բոլոր հայտարարություները վկայում են այն մասին, որ այդ խոշորագույն միջինասիական պետությունը, որը հարուստ է նավթով եւ այլ բնական պաշարներով, մտադիր է մոտակա ժամանակներս կատարել ոչ միայն տնտեսական թռիչք, այլեւ պատրաստ է հակառակ արմատացած ավանդույթներին անելու համարձակ քայլեր հասարակության ժողովրդավարացման ուղղությամբ: Համենայն դեպս, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հայտարարությունը հուսադրում է հենց նման իրերի ընթացքի վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ