RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019



Տեղադրվել է` 2019-09-13 14:50:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1219, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓՐԿՕՂԱԿ, ԹԵ՞ ՔԱՈՍ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախնական կալանքի տակ պահելը հակասահմանադրական համարելու մասին Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը, ըստ իս, միանգամայն անիմաստ կրքեր է բորբոքել մեր քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակներում: Որովհետեւ նախնական կալանքից ազատելը ամենեւին չի նշանակում պատասխանատվությունից ազատել կամ անմեղ ճանաչել: Մեղավոր կամ անմեղ ճանաչելը դատարանի՛ որոշելիքն է: Մինչդեռ մեզանում մի անասելի վայնասուն է բարձրացել, թե իբր Սահմանադրական դատարանը մեծագույն մի «հանցանք» է կատարելՙ «ոճրագործին» ուզում է նախնական կալանքից ազատել:

Նախ, ո՞վ է ասել, թե երկրորդ Նախագահը «ոճրագործ» է: Նրան այդպիսին համարելու մասին օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշում կա՞: Չկա՛: Ռոբերտ Քոչարյանի դատը կարող է դեռ երկար տեւել, միգուցե նույնիսկՙ տարիներ, եւ միայն Աստծուն է հայտնիՙ վերջնական որոշմամբ նա մեղավոր կճանաչվի, թե՞ ոչ: Այսօր նախրային մակարդակի իջած եւ երկրորդ ու նույնիսկ երրորդ նախագահների արյունը տենչացող ոհմակի անդամները ի՞նչ պատասխան կտան, եթե վաղը դատարանը նրանց վերագրվող հանցանքները հաստատված կամ հիմնավորված չհամարի: Ներողությո՞ւն պիտի խնդրեն իրենց ափեղ-ցփեղ վայնասունի համար, թե՞ Հայաստանի Հանրապետությունը շատ մեծ տուգանքներ պիտի վճարի դեռ մինչեւ դատավճռի հրապարակումը մարդուն անհիմն կերպով ազատությունից զրկելու համար: Հնարավո՞ր է այդպիսի բան: Հնարավո՛ր է, որովհետեւ մեղադրանքն ա՛յլ բան է, հաստատվա՛ծ մեղադրանքըՙ միանգամայն այլ բան:

Ուստի ոմանք, որպես այսօր իշխող քաղաքական ուժի եւ հատկապես վարչապետ Փաշինյանի համակիրներ, հրապարակավ հորդորում են բոյկոտել ու չկատարել Սահմանադարական դատարանի որոշումը: Կրկնվում է այն տխմարությունը, թե իբր Սահմանադրական դատարանի ներկա կազմից միայն երկուսն են դատավոր, մյուսները, իբր, ընդամենը դատարանի անդամնե՜ր են, ուստի նրանց ընդունած որոշումը օրինական համարվել չի կարող: Այդ երիցս կասկածելի «հիմքով» առաջարկվում է նույնիսկ օրենքից դուրս հայտարարել ամբողջ Սահմանադրական դատարանը: Ոմանք նույնիսկ ձեռնամուխ են եղել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու անշնորհակալ գործին: Այդպիսիները ոչ միայն Փաշինյանի ու փաշինյանականների բարեկամները չեն, այլեւ, իմ դիտումներով, նրանց դեպի քաղաքական անկում հրող, շատ հաճախՙ իրենց նեղ-անձնական շահերը հետապնդող բախտախնդիրներ:

Մենք, որպես պետություն, ամբողջ աշխարհի աչքի առաջ ենք, մեր երկրի ամեն քայլը դիտարկվում է խոշորացույցով: Որովհետեւ մենք այնքան մեծ աղմուկ բարձրացրինք մեր հեղափոխության շուրջ, որ ակամայից առիթ տվեցինք մեր նկատմամբ սեւեռուն ուշադրություն դարձնելու: Միամտություն է ենթադրել, թե աշխարհում բոլորը հիացած են մեր իբրեւ թե «թավշյա հեղափոխությամբ»: Մեր հեղափոխությունը թշնամիներ կամ իրեն թշնամաբար վերաբերվողներ նույնպես շատ-շատ ունի: Ընդհա՛նրապես յուրաքանչյուր հեղափոխություն մեծ մասամբ բացասաբար է ընկալվում աշխարհի անխտիր բոլոր պետություններում: Զգույշ պիտի լինելՙ մեր մասին աշխարհում բացասական կարծիքի ձեւավորում թույլ չտալու համար: Մանավանդՙ այս աշխարհի հզորների շրջանում: Նրանք, ցանկության դեպքում, կարող են փայտ խրել մեր հեղափոխության սայլի անիվների արանքը: Էլ ինչո՞ւ լեզվագարություններ թույլ տալ նրանց հասցեին: Կամ ինչո՞ւ առիթ տալ ասելու, թե սա ոչ թե քաղաքակիրթ հեղափոխություն է, այլՙ նախկինում մերժվածների, ապաշնորհների, ձախողակների պարզ վրեժխնդրութան արտահայտություն: Սահմանադրական դատարանի խնդրո առարկա որոշման նկատմամբ վաղվա մեր վերաբերմունքը կարող է առիթ հանդիսանալ այդպիսի կարծիքի ձեւավորման համար: Ուստի մենք այսօր կանգնած ենք երկընտրանքի առաջՙ կա՛մ կատարել Սահմանադրական դատարանի որոշումը, եւ այդ դեպքում աշխարհում ընկալվել իբրեւ քաղաքակիրթ պետություն ու ժողովուրդ, կա՛մ բոյկոտել այն: Առաջին դեպքում

Սահմանադրական դատարանի որոշումը մեզ համար կծառայի իբրեւ փրկօղակ, երկրորդ դեպքումՙ է՛լ ավելի կխորանցի քաոսն ու անորոշությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ