RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019



Տեղադրվել է` 2019-09-13 14:50:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1124, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕՐԵՆՔԻ ՈՒ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ. ՑՐՏԱՀԱՐՎԱԾ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«-Բարի աջողում, ուստա Փիսո,

Գըլուխս մըրսեց, ի սեր աստծո...»:

Հ.Թ.

Այս տարվա ամռան մայրամուտի շողերն իրենց սրությամբ թեժացրեցին նաեւ Տավուշի մարզի անտառների շուրջ հասունացած լուրջ զարգացումները: Ի տարբերություն նախորդ տարվա «թավշյա մոտեցման», այս տարի, վարչապետի հրահանգով, ոստիկանական ուժերն, իրենց գործողություններով, բավականին հակասեցին «թավշյա հեղափոխություն» կոչվածի տրամաբանությանն ու սկզբունքներին: Բոլոր փայտահատներն աջուձախ «փռվում էին ասֆալտին»ՙ բերման ենթարկվելով ոստիկանական բաժանմունքներ:

Այդ ամենն իր լավ եւ վատ կողմերն ունեցավ: Նախՙ ժողովուրդը մոտ մեկուկես տարի հետո հասկացավ, որ, որքան էլ ոստիկանը մերն է, այնուամենայնիվ պետությանն է, եւ որքան էլ որ հասարակության շահերին է ծառայում, բոլոր պարագաներում, այդ շահերը սահմանողներն իշխանություններն են, եւ եթե վերջիններս հրաման արձակեն, ոստիկանները մահակով կծեծեն քաղաքացիներինՙ բառի ամենաբիրտ իմաստով, ավելինՙ հարկ եղած դեպքումՙ կկրակեն: Խոհեմ լինենք. հատուկ հանդերձանքով, զրաբաճկոնով, վահանով, սաղավարտով, մահակով ու զենքով ծառայողական խնդիր կատարող մարդուց թեյ ու խրթխրթան բլիթներ սպասելն անմտություն է: Հետեւաբարՙ հարկ չկա հայհոյել ոստիկանին, որովհետեւ նա ծառայում է պետությանը, եւ պարտավոր է կատարել պետության բոլոր օրինական հրամանները, եւ Աստված մի՛ արասցե, եթե ոստիկանն սկսի սեփական սկզբունքերով շարժվել. պետությունը միայն կտուժի դրանից: Իհարկե, լավ չէ, որ քաղաքացին ծեծվում է, բայց դրա մեղավորը ոչ թե ծեղծող ոստիկանն է, այլ ծեծելու հրաման արձակող փողկապավոր պարոնը, որի հրամանը չկատարող ոստիկանին հաստատ կծեծեն: Ինչեւէ, չերկարաբանեմ, որովհետեւ ամեն հաջորդ նախադասությունն ավելի ու ավելի է չեզոքացնում մեր հասարակության երազների «թավշյա» շերտերը. ինչպես ասում ենՙ հեքիաթը չփչացնեմ:

Անտառները մնացին, չեն հատվելու, բայց հարցը բազմաթիվ այլ կողմեր ունի նաեւ, որոնց չանդրադառնալ չենք կարող: Դրանք շատ են, շատ-շատ, սկսած նրանից, որ, ասենք, Տավուշի մարզում շատերն այդպիսով անաշխատանք մնացին, իսկ մարզպետի խոստացած մի քանի հարյուրի հասնող աշխատատեղերն այդպես էլ թափուր մնացին, որովհետեւ գոյություն չունեն. այս դեպքում ի՞նչ անեն մարդիկ: Չէ, ի՞նչ խոսք, ծառը շատ լավ բան է, անտառըՙ առավել եւս, բայց եկեք մի պահ պատկերացնենք, որ Հայաստանում համատարած անտառներ են, բայց հայերը, ծառ կտրելու համար «ասֆալտին փռվելուց» խույս տալով, դրսում, ասենք, Սախալինի երկրամասում, ասֆալտ են փռում, ի՞նչի են պետք այդ ծառերը: Ես սրանով չեմ պնդում, որ պետք է ոչնչացվեն անտառները, ամենեւին, ամեն ծառը թանկ է մեզ համար, որովհետեւ կարեւոր է, բայց բնության ամենակարեւոր մասնիկը մարդն է:

Հնարավոր չէ՞ր, որեւէ կերպ տեղում լուծել աշխատատեղերի հարցերը, եւ նոր գիշերով մտնել մարդկանց տուն ու վարտիքով բերման ենթարկել «հաղթանակած ժողովրդին», հնարավոր չէ՞ր Հայաստանի Հանրապետության «հպարտ քաղաքացիներին» ոստիկանական մահակներով «չաղալ» ու արնակոլոլ չանելՙ փոխարենը համաձայնության գալ նրանց հետ, ասենք, հենց վարչապետի մակարդակով, որը ո՛չ բառապաշարից է նեղվում, ո՛չ էլ մարդկանց համոզելու տաղանդից: Հիմա, երբ թվում էՙ ամեն ինչ վերջացել է, անտառները տեղում են, ծառերը հաստանում են, շատ լավ է, բայց բազմաթիվ մարդիկ աշխատանք չունեն, քանի՞ կես լինեն:

Լավ, անդրադառնամ մեկ այլ հարցի եւս. տարածաշրջանում ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Տավուշի մարզի անտառներից տարիներ շարունակ օգտվել են նաեւ Գեղարքունիքի մարզում. գնել են փայտը: Հիմա, երբ արգելված են բոլոր տեսակի անտառահատումները, Վարդենիսի շրջանի տասնյակից ավելի համայնքներում, որտեղով գազամուղ չի անցնում, ասենքՙ Փամբակ, Դարանակ, Արեգունի, ինչո՞վ կարելի է տաքացնել տները: Չմոռանամ նշել, որ տեղում նույնպես վտանգ կաՙ ծառ կտրելու համար «փռվել ասֆալտին», մանավանդ որ ճանապարհները հիմա ասֆալտապատվում են:

Ի՞նչ անեն այդ մարդիկ, երբ փայտ կտրելու համար կարող են դատարանի առաջ կանգնել, գազամուղ չկա, էլեկտրաէներգիան այնքան թանկ է, որ ձմեռը դրանով տուն տաքացնելու հետո մարդ պետք է գարնանը գնա ՀԷՑ-ի դիմաց կանգնի ու ճակատին գրիՙ «Ես ձեր ստրուկն եմ. ցմահ»: Բայց դա էլ փրկություն չէ, տարածքում ձմռան ամիսներին հոսանքի օրերով բացակայությունն արդեն «բնական» երեւույթ է դարձել:

Հիշյալ գյուղերը սահմանամերձ են, արդեն երեք տասնամյակից ավել գտնվում են հակառակորդի ագրեսիայի մշտական վտանգի տակ, արժե՞ նրանց հետ այդպես վարվել: Չէ՛, ի՞նչ խոսք, ծառերն ափսոս են, հատկապես երբ գազաֆիկացված բնակարաններում ապրող քաղաքաբնակներն են այդպես պնդում, բայց, ներողություն, տիարք, այդ մարդիկ ցրտահարվե՞ն: Բա ամոթ չէ՞, որ հազարավոր օտարերկրյա ներդրողները տեսնենՙ Հայաստանի «հպարտ քաղաքացու» ձեռքերը ցրտից կապտել են, տան մեջ, հանգած վառարանի առաջ:

Հ.Գ. Բնապահպանության նախարարին ու վարչապետին առաջարկում եմ մեկ շաբաթ ապրել հիշյալ գյուղերից որեւէ մեկում. հունվար ամսին:

Դրանից հետո, վստահ եմ, որեւէ որոշում կայացնելու առաջ նախ կմտածեն, մի բանՙ որը շատ օգտակար է զբաղեցրած աթոռը հնարավորինս երկար մաշելու համար...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ