RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019



ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2019-09-13 14:50:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1039, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՑԱՄԱ՜Ք, ՑԱՄԱ՜Ք

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նախկին սովետական երկրի, Ռուսաստանի եւ առհասարակ համաշխարհային գիտությունը լուրջ կորուստ կրեց: Սեպտեմբերի 8-ին 95 տարեկան հասակում մահացավ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Թիմուր Էնեեւը: Գիտնականը ծնվել էր Գրոզնիում եւ 1950-ականներին հաշվարկել էր, որ մարդը կարող է վերադառնալ Երկիրՙ տիեզերքում հայտնվելուց հետո: Հենց Էնեեւն է, փաստորեն, որ Գագարինին Երկիր է վերադարձրել, քանի որ 1961-ին, երբ Յուրի Գագարինն ասացՙ «Գնացինք», հետ եկավ կոնկրետ Էնեեւի գյուտի շնորհիվ:

Բայց ես վստահ եմ, որ անվանի գիտնականը նշանակալից դեր է խաղացել ոչ միայն Գագարինի կամ այլ տիեզերագնացների կյանքում: Մշակույթի բազմաթիվ գործիչներՙ գրողներ, նկարիչներ, կոմպոզիտորներ,... վստահ են, որ իրենք ճախրում են տիեզերքում եւ նրանց պարբերաբար Երկիր վերադարձնել է պետք, ինչը, ինչպես արդեն գիտենք, տեղի է ունենում Էնեեւի հայտնագործության շնորհիվ: Ավելին, տարբեր երկրներում, կոնկրետ Հայաստանում, կան մի շարք բարձր, միջին, ցածր պաշտոնյաներ, որոնց կարծիքով իրենք մոլորակից դուրս են, իրենք եւ իրենց իշխանությունը: Օրինակ Երեւանի Ավան վարչական շրջանի թաղապետի տեղակալը հավանաբար կարծում է, որ իր մի ոտքը Արեգակի վրա է, մյուսըՙ Լուսնի, եւ հենց իր ոտնաշարժերից է ցերեկըՙ գիշեր դառնում, գիշերըՙ ցերեկ: Ամեն դեպքում, մարդը այլմոլորակային տեքստեր է նվիրումՙ վարչապետին, որոնց բովանդակությունն ամենեւին էլ պատիվ չի բերում ՀՀ քաղաքացիներին, մանավանդ եթե իհարկե այդ քաղաքացիները հպարտ են ու արժանապատվություն ունեն:

Բայց, հասկանալի է, փոխթաղապետը միակը չէ: Իշխանության վերին օղակներում էլ կան տիեզերագնացներ: Ամուլսարըՙ Լուսնից նայելուց բացի, նրանք պարբերաբար հայտարարում են, որ Հայաստանում ժողովրդավարությունը Հուսեին Բոլտից եւ 5-ամյա կոմայից դուրս եկած (Երկիր վերադարձած) Պետեր Շմեյխելի մեքենայից ավելի արագընթաց տեմպերով առաջ է շարժվում, մարդիկ նույնիսկ արտասվելիսՙ արդեն ժպտում են, եւ այնքան բարեկեցիկ ենք սկսել ապրել, որ Հայաստանին շուտով կհրավիրեն Մեծ յոթնյակ, որտեղ մեր ազնվաբարո իշխանությունը աշխարհի հզորներին հայ ժողովրդական հեքիաթներ կպատմի, որտեղ հրաշքները հնարավոր ենՙ հատկապես օտարերկրյա ներդրումների տեսքով: Այս մարդիկ կտրվել են երկրից. նորմալ է, որեւէ իշխանություն վաղ թե ուշ սկսում է տառապել այս հիվանդությամբ: Լինում է, որ այն վաղաժամ է հասնում, լինում է, որ ավելի ուշ, բայց վարակվելն անխուսափելի է: Հատկանշական է, որ որեւէ իշխանություն չի գիտակցում, որ երկրից կտրվելու վիրուսն այլեւս ներթափանցել է իր մեջ եւ մարդիկ ստիպված են լինում բռնի կամ թավշյա ուժով հասկացնել նրան, որ հիվանդացել է: Նման դեպքերում հաճախ արյունահոսություն է լինում, ինչը, հասկանալի է, ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ:

Եւ ուրեմնՙ առաջարկում եմ Հայաստանի Գիտությունների ակադեմիային, Հայաստանի Հանրապետության կառավարությունում աշխատող գիտնականներին կամ գիտության ներկայացուցիչների հետ կապերի պատասխանատուներին, խորապես ուսումնասիրել Թիմուր Էնեեւի գյուտը եւ նպաստել իշխանության վերադարձինՙ Երկիր, որտեղ առաջ են գնում, նույնիսկ երբ անցյալը Երեւանի փողոցների նման աղբի մեջ կորած է:

Դրանից հետո Հայաստանն ամբողջ աշխարհին հայտնի կլինի ոչ միայն որպես երկիր, որտեղ աննախադեպՙ անարյուն հեղափոխություն է եղել, այլեւ միակ պետությունը, որի իշխանությունը կարողանում է ե՛ւ տիեզերք հասնել, ե՛ւ վերադառնալ երկիր, որն ավելի կարեւոր է, երբ ոչ թե տիեզերագնաց ես, այլ... իշխանություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ