RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019



Տեղադրվել է` 2019-09-13 14:50:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1035, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԵՌՈՒ, ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ

Ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արեւելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը 1988 թ.-ից զբաղվում է հայագիտությամբ: 2015-ից սկսել է ուսումնասիրել Առաջին աշխարահամարտի տարիներին ռուսական բանակի հայազգի զինվորականների պատմությունները:

Օգոստոսի 31-ին Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ նրա հեղինակած «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» եռալեզու (հայերեն, անգլերեն, գերմաներեն) ժամանակավոր ցուցադրության բացումը եւ համանուն պատկերագրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը , Յասմին Դում-Թրագուտը եւ Ավստրիայի դեսպանության ներկայացուցիչ Ալֆրեդ Բրատրանեկը (նստավայրըՙ Վիեննա):

Իր խոսքում Հարություն Մարությանն ընդգծեց, որ այս անգամ ընտրել են պատերազմի ահավորության այլ ցուցիչՙ ռազմագերիները: Ըստ նրաՙ ամբողջ ցուցադրությունը օսմանյան եւ ավստրո-հունգարական քաղաքակրթությունների տարբերության վկայությունն է, ցույց է տալիս այն քաղաքակրթությունը, որը ոչնչացրեց հայ ժողովրդին. Օսմանյան կայսրությունը սպանեց իր հայ հպատակներին, մինչդեռ Ավստրո-Հունգարիայի ճամբարներում հայ ռազմագերիներն ապրում էին մարդավայել կյանքով. այստեղ մոտեցումն այլ էր: Հարություն Մարությանի խոսքովՙ կարեւորը մեզ եւ Յասմինի համար գերիների սոցիալական կյանքն է: Բանախոսը համառոտ ներկայացրեց Յասմին Դում-Թրագուտի կատարած աշխատանքը:

Վերջինս, սկսելով ելույթը, շնորհակալություն հայտնեց իր հայ եւ ավստրիացի բարեկամներին, ՀՀ-ում օտար պետությունների ներկայացուցիչներինՙ միջոցառմանը ներկա լինելու համար, անդրադարձավ ուսումնասիրությունները կատարելու շարժառիթներին եւ ընթացքին: Ելույթի վերջում իր շնորհակալությունը հայտնեց նաեւ նրանց, ովքեր աջակցել են իրեն Հայաստանում հետազոտություններ կատարալիս, ինչպես նաեւ Հարություն Մարությանին եւ ցուցադրության մյուս կազմակերպիչներին, այն մարդկանց եւ հաստատություններին, ովքեր ֆինանսապես աջակցել են իր հետազոտությունների կատարմանը (Ավստրիայի արտաքին գործերի նախարարություն, «Ցուկունֆտսֆոնդ» ավստրիական գիտական կազմակերպություն, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկություն), ռազմագերիների ընտանիքներին:

Ցուցադրությունը բաղկացած էր երկու հիմնական խորագրիցՙ «Ավստրո-Հունգարիայի հայ ռազմագերիների հետքերով» եւ «Հայրենիքից հեռու. անվերադարձ», ինչպես նաեւ 10 օժանդակ խորագրերիցՙ «Առաջին աշխարամարտ. պատճառներ եւ հետեւանքներ», «Միլիոնավոր մարդիկՙ թշնամու ձեռքերում», «Ռազմագերիների ճամբարներն Ավստրո-Հունգարիայում. զորանոցային քաղաքներ», «Աշխատանք եւ զբաղվածություն», «Հիվանդություն եւ մահ», «Ազատություն եւ վերադարձ հայրենիք», «Ռուդոլֆ Փյոխը եւ մարդաբանական հետազոտությունները», «Մարդաբանական ուսումնասիրությունների իրականացումը», «Հնչյունագրություն», «Ռուդոլֆ Փյոխը եւ հայերը»:

Ցուցադրությունը հագեցված էր արխիվային եզակի լուսանկարներով, տեսաֆիլմերով, ցուցանմուշներով, որոնց միջոցով եւ ուղեկցվող բացատրական տեքստերով փորձ էր արվում վեր հանել զինվորների ոչ սովորական կյանքի ուղին: Ցուցադրության կարեւոր մաս էին կազմում հայ ռազմագերիների հարյուրամյա վաղեմություն ունեցող երգն ու արտասանությունը: Այցելուները հնարավորություն ունեցան ականջակալներով ունկնդրելու ներկայացվող ձայնագրությունները:

Ցուցադրության մեջ բացառիկ էին հատկապես ռազմագերիների ձեռքով պատրաստված իրերըՙ գերության ընթացքում, ժամանակաշրջանը պատկերող քարտեզները, բացիկները, ռուսական բանակի տարբեր զորատեսակների անագե զինվորիկները, ռազմագերիների ինքնության քարտերը, սահմանափակ տարածքում տեղաշարժվելու արտոնագրերը, ճամբարի դրամական միավորները, ճամբարային թերթերը եւ այլն:

Սույն ցուցադրության մեջ եւ համանուն պատկերագրքում օգտագործված նյութերի զգալի մասը ձեռք է բերվել Ավստրիայի, Հայաստանի եւ Ռուսաստանի արխիվներից:

Հետազոտական թիմին հաջողվել է Հայաստանի գյուղերում գտնել նախկին ռազմագերիների բարեկամների հետքերը, նրանց անմիջական ժառանգներին: Վերջիններիս հիշողությունները, նրանց տրամադրած ընտանեկան լուսանկարները, տարբեր արխիվային փաստաթղթերը թույլ են տվել ամբողջացնել ու շարադրել հայ ռազմագերիների կյանքի պատմությունը: Ռազմագերիների ժառանգներից շատերը գիտեին իրենց բարեկամներիՙ գերության մեջ եղած լինելու մասին, ոմանց համար էլ դա նորություն էր:

Ցուցադրության բացմանը ներկա էին հայ ռազմագերիների ժառանգներ, հյուրերՙ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ավստրիայից (պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, գիտնականներ, լրագրողներ եւ այլ հրավիրյալներ):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ