RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019



ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՔԵՆԱՆ

Տեղադրվել է` 2019-09-13 14:50:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1094, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՄԱՙ Ի՞ՆՉ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Մեր առօրյայում մարդ-արարածի, ասել է թեՙ նաեւ հայաստանցու համար իր հիմնական նախասիրություններից տեղեկացվածության հարցում խնդիրներ գրեթե չկան: Դրան նպաստում են թե՛ ամենուր հեռարձակվող էլեկտրոնային միջոցները, թե՛ մամուլի տպագիր տարատեսակները, թե անգամ հեռախոսների էկրաններին հայտնվող լուրերն ու հաղորդումները: Արդյունքումՙ որեւէ մեկը, որ չի զլանում, իր կարծիքն է հանրայնացնում, չդիտարկելով դրա կարեւորություն-անկարեւորությունը: Այս ամենի արդյունքում այն կեսկատակ զրույցն է հաստատվում, ըստ որի նորօրյա Հայաստանում յուրաքանչյուր առավոտ 3 մլն Նապոլեոն է արթնանում, ասել է թեՙ ղեկավարելու ունակ հոմո-սապիենսներ:

Այդպես է թե ոչՙ դժվար է միանշանակ ասել ու հաստատել: 2018-ի գարնանային իրադարձությունները ներկայացվածի մասամբ հաստատումն էին, երբ կարծիքները համատեղվեցին, օդում հայտնվեց նոր Հայաստան ունենալու տեսլականը: Խոստացվեց որ այն յուրահատուկ է լինելուՙ բաց ու արդար: Առաջին նախանշաններից մեկը կառավարության գործունեությանն էր վերաբերում, բազմաճյուղ համակարգը պարզեցնելուն, կրկնվող կառույցները միավորելուն, վարչա-կառավարչական հաստիքացուցակը կրճատումների միջոցով կանոնակարգելուն: Ինչ թաքցնենքՙ յուրաքանչյուր մեկն իր փոքր ու մեծ շրջապատի հետ ոգեւովորվեց ու հավատաց, արդյունքում էլ կազմավորվեց ժողովրդի կողմից ընտրված կառավարություն: Հայտարարվեց, որ գործադիր այս մարմնի գործունեությունը հանրության տեսադաշտում է գտնվելու, կառավարության ամենշաբաթյա նիստերն էլ բաց են լինելու: Թե ինչ է նշանակում հատկապես վերջինը, շուրջ 1,5 տարի անց էլ պարզ չէ: ՀՀ կառավարության նիստերին բացի երդվյալ անդամներից մասնակցում թե հրավիրվում են նաեւ զգալի թվով ծառայությունների ու կոմիտեների, վարչությունների ու գործակալությունների, պետական ու մարզային նշանակության ղեկավարներ, որոնց մեծ մասն ընդամենը դիտորդի վիճակում է, երբ աշխատավայրում անելիքներն անհամար են, որոշումների ու վճիռների սպասողների քանակներն անսահման: Նիստերը երբեմն հազիվ 30 րոպե են տեւում, որոնց ընթացքում նախարարները հասցնում են զեկուցել, ասենքՙ ինչ-որ կառույցի 3-րդ հարկի սանհանգույցի խողովակը փոխելու համար ՀՀ բյուջեից փոփոխության կարգով գումար հատկացնելու մասին: Առավել հրատապ հարցեր էլ են լինում, սակայն լրագրային էջը դրանցով չծանրաբեռնենք:

Նիստերի մասնակից կառավարության անդամների դիմաց, նախկինից եկող աշխատաոճի համաձայն, համակարգիչներ են, ապակե շշերով հանքային ջրեր, եկող-գնացող աշխատակիցներ: Նման պահերին մեր մարդիկ ակամայից հիշում են ռազմականացած երկիր Իսրայելի կառավարության այն նիստերը, որոնց դեպքից դեպք անդրադառնում են հանրահայտ հեռուստաընկերությունները: Կլոր մի սեղանի շուրջ, ջրի պարզ բաժակների դիմաց նստած են մարդիկ, որոնց անձնապես չճանաչելու պարագայում անհնար է պարզել, թե նրանցից որն է կառավարության ղեկավարը, այլ ազդեցիկ նախարարները: Տպավորություն է ստեղծվում, որ ոչ այնքան երկրի գործադիր մարմնի նիստ է, այլ հրատապ որոշ հարցերի շուրջ կազմակերպված հավաք, այնպես որ թող ներեն ինձ նիստի մասնակիցները նման գնահատականի համար: Դրանց ընթացքում քննարկվում են երկրի կենսական կարեւորագույն խնդիրները, սկսած կոալիցիոն գործընկերների մտահոգություններից մինչեւ նախարարների բարեվարքի հարցերը: Մեզանում թերեւս տարօրինակ է օրակարգի հաստատման ընթացքում հնչող «չզեկուցվող հարցեր» ձեւակերպումը: Թե ինչու՞ են դրանք կազմվում, կառավարության աշխատակազմ հասցվում, թերեւս այստեղ քննարկման ինչ-որ տարբերակ է անցնում, բազմացվելով թղթապանակներում հայտնվում, անհայտ է մնում:

ՀՀ նորօրյա կառավարությունը տարօրինակ պահվածք է դրսեւորում մամուլի հրապարակումների հանդեպ, երբեւէ չանդրադառնալով դրանց: Երկրի տարբեր ոլորտներում հայտնի մասնագետներ, անվանի գիտնականներ, նշանավոր այրեր հաճախ թե պարբերաբար են իշխանությանն իրենց խոսքը հասցնելու միջոց ընտրում տպագիր մամուլըՙ լինեն դանք բաց նամակների թե մատչելի գիտական հրապարակումների տեսքով: Դրանք ներկայացվում են քաղաքացիական մտահոգությամբ, մասնագիտական մոտեցումներով, իրենց հանրային նշանակությամբ, այլ դրսեւորումներով, եւ իշխանության հեղինակությունը շահեկան գնահատականի կարժանանա դրանց ուշադրություն դարձնելով, նաեւՙ հեղինակների հետ բարձրացվող խնդիրները քննարկելու արդյունքում: Այս առումով թերեւս կարելի է ողջունել կառավարության նիստերը մարզերում անցկացնելու աշխատաոճից հրաժարվելը, որպիսի գործընթացներ եղան եւ արժանացան հանրության որոշակի հատվածների ոչ նպաստավոր գնահատականին: Մեր մարդիկ շատ բան են նկատում, ինչպես ասենքՙ նախարարների կողմից հանրային տրանսպորտից օգտվելու խոստումներից եւս հրաժարվելը, դրանց ուղղակի առումներով: Բա հարեւան Պողոսն ի՞նչ կմտածի:

Մեր մարդկանց տեղեկացվածության հետաքրքրությունները լուծելու առումով հարկ է ըստ արժանվույն լուծել կառավարության նիստերի հեռարձակողի հարցը: Մինչ օրս այն իրականացնում են մասնավոր հեռուստաընկերությունները, ըստ իրենց հնարավորությունների ու ժամային տեւողության: Երբեմն դրանք ընդհատվում են գովազդերով, ընկերությունների արտադրանք սերիալներից ընդարձակ հատվածների ցուցադրումով, տեխնիկական խոտանի առկայությամբ: Այս ամենից կարող է զերծ մնալ Հանրային հեռուստաընկերությունըՙ հարկատուների ֆինանսական վճարումներից գոյացող բյուջեից պահվող եւ առավել լավ տեխնիկական միջոցներով զինված Հ-1-ը: ՀՀ կառավարության նիստերն ընթանալու ժամանակահատվածում այստեղ մուլտեր են ցուցադրվում, էկզոտիկ մրգերից ու բանջարեղենից նիհարեցնող խորտիկներ են պատրաստում, ՀՍՍՀ 1950-60-ականների պատմությունն է ներկայացվում, ՀՀ մրգային գինիներով աշխարհին հիացնելու պաթետիկ ոճով հայտարարություններ են հնչեցվում, որոնք, պարզ է, այսպես կոչված ռեյտինգային հեռարձակումների նպատակ են հետապնդում: Իսկ ո՞ւր մնաց հանրության այն հատվածի շահը, որն ակնկալում է կառավարության որոշումների շնորհիվ տեսնել իր հոգսերի ու խնդիրների լուծման ընթացքը. չէ՞ որ իշխանությունն իրեն ինչ-ինչ խոստումներ է տվել, նաեւ առաջարկելՙ հետեւել իր գործունեությանը, հարկ եղած դեպքում վերահսկել, պահանջել, եթե անհրաժեշտություն լինի, անգամ, մեղա մեզ... կառավարության շենքի դուռը կոտրել:

Համանման մտահոգություններ են առաջանում նաեւ Ազգային ժողովի նիստերի գործունեությունը դիտելիս, որոնք նույնպես հեռարձակվում են մասնավոր հեռուստաընկերությունների կողմից: Այս ընթացքում նայում ենք, ասենք Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների միմյանց հպված շարքերին, համակարգիչների ու հանքային ջրերի իսպառ բացակայությանն ու տարակուսում, թե ինչու՞ չեն հնագույն խորհրդարանն ունեցող այս երկրի ընտրյալներն իրենց պարգեւատրում նշվածներով: Պարզվում էՙ ըստ բրիտանական ավանդույթի, դրանք անհարկի անհամեստության ու անտեղի ճոխության դրսեւորումներ են, հարկատուների հատկացրած ֆինանսական միջոցների ոչ նպատակային ծախսեր, այլ որակումովՙ մսխումներ:

Հիմաՙ ի՞նչ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ