RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019



ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ

Տեղադրվել է` 2019-09-13 14:50:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1031, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՍԻՐԻԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉՈՒՆԵՆ»

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Գրում է թուրքական «Սյոզջու» թերթը

«Ազգի» նախորդ համարներում բազմիցս անդրադրձել եմ Սիրիայում տիրող իրավիճակին, իսկ վերջին համարումՙ Իդլիբի առնչությամբ առաջացած Ռուսաստան-Թուրքիա առճակատմանը, մատնանշելով, որ այդ առճակատման պատճառով Թուրքիան կորցնում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ խուսանավելու, ամերիկյան ճնշումները ռուսներին մերձենալու միջոցով հակակշռելու հնարավորությունները եւ խռվում է ճահճի մեջ: Թե ինչպե՞ս է դուրս գալու այդ ճահճից, թող իրենք մտածեն: Բայց որ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում թուրքական կողմը կանգնել է լուրջ փորձությունների առջեւ, կասկածից վեր է:

Հատկանշական է, որ այն պահին, երբ նախագահ Էրդողանը Մոսկվայում պաղպաղակ էր ուտում Վլադիմիր Պուտինի հետ, նախագահ Բաշար Ասադի զորքերը Իդլիբում շրջափակել էին թուրքական զորքերի դիտակետերը եւ պաշարման մեջ առել շուրջ 200 թուրք զինծառայողի: Թուրքիան պաշարված զինծառայողների մասին որեւէ տեղեկություն առայսօր չի հաղորդել, որ ստվերի տակ չգցի Էրդողանի հոխորտանքները: Բայց խնդիրը հոխորտանքները չեն, այլ Եփրատից մինչեւ Իրաքի սահման ձգվող տարածքում, այսինքն Սիրիայի արեւելքում, որտեղ կենտրոնացած են երկրի նավթի եւ բնական գազի պաշարների 90 %-ը, քրդական ինքնավարություն ստեղծելու ամերիկյան ծրագիրը:

Մինչ Թուրքիան այդ ծրագրին փորձում է հակադրել Սիրիայի հյուսիս-արեւելքում «անվտանգ» գոտու ստեղծումը, ամերիկացիները հայտարարում են, որ համաձայնել են գոտու ստեղծման գաղափարին, որպեսզի կասեցնեն թուրքերի հնարավոր ներխուժումը Սիրիայի քրդաբնակ հյուսիս-արեւելյան շրջաններ: Այլ կերպՙ նշված գոտին ԱՄՆ-ի համար նպատակ չէ, այլ կանխարկելիչ միջոց: Չնայած դրան թուրքական կողմը շարունակում է բանակցությունները ամերիկյան կողմի հետ, նույնիսկ համատեղ ցամաքային պարեկային հերթապահություն է անկացնում, ինչպես սեպտեմբերի 9-ին անցկացրեց;

Այդ հերթապահությունը տեւել էր երեք ժամ: Դրա ավարտին ամերիկացիներ 55 բեռնատար զենք եւ զինամթերք էին մատակարարել քրդական Դեմոկրատական միասնության կուսակցության եւ վերջինի ռազմական թեւը հանդիսացող Ժողովրդի պաշտպանական ստորաբաժանումների մասնակցությամբ կազմավորված Սիրիայի դեմոկրատական ուժերին: Համաձայն թուրքական աղբյուրների, նրանք նախորդ շաբաթ եւս 60 բեռնատար զենք էին մատակարարել քրդերին: Չնայած այդ մատակարարումներին, որոնք միանգամայն հակասում են «անվտանգ» գոտու ստեղծման թուրքական նկրտումներին, թուրքական կողմը, ի դեմս նախագահ Էրդողանի եւ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, համագործակցությունից է խոսում:

Դրա վառ ապացույցը սեպտեմբերի 10-ին Մալաթիայում Էրդողանի արած հայտարարությունն է, որտեղ նա ասաց. «Եթե մենք (ամերիկացիների հետ) մինչեւ սեպտեմբերի վերջը Եփրատի արեւելքում չսկսենք «անվտանգ» գոտու ստեղծման աշխատանքները, ստիպված ենք լինելու մեր զինվորներով ինքներս տեսնել մեր գլխի ճարը: Այնուհետեւ նա շարունակեց. «Մենք մեծ կարեւորություն ենք տալիս ԱՄՆ-ի հետ Սիրիայում իրականացվող համագործակցությանը, սակայն ամերիկացիներն առայսօր 50 հազար բեռնատար զենք են տրամադրել քուրդ ահաբեկիչներին, ինչը մեզ մեծապես անհանգստացնում է»: Համագործակցության հանգամանքը նույն օրը շեշտեց նաեւ պաշտպանության նախարարությունը, թե դա անխափան շարունակվում է, խոսելով միաժամանակ գոտու շուրջը ամերիկյան կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին:

Թուրքական պաշտոնական շրջանակները որեւէ տեղեկություն չեն հաղորդում նաեւ նշված պայմանավորվածության բնույթի մասին: Սակայն, որքան էլ քողարկեն ակնհայտ է, որ քրդական ուժերին տրամադրվող զենքը ուղղվելու է Թուրքիայի դեմ, նպաստելու համար քրդական ինքնավարության ձեւավորմանը Սիրիայի Արեւելքում: Այլ կերպՙ իրավիճակն այդ հարցում Թուրքիայի համար ավելի քան լուրջ է եւ լրջությունը, անկախ տեղեկատվության բացակայությունից, գիտակցում են մի շարք թուրք հեղինակներ: Գիտակցողներից մեկն էլ ընդդիմադիր «Սյոզջու» թերթի սյունաշարի հեղինակ Եմին Չոլաշանն է: Ստորեւ ամբողջությամբ ներկայացնում եմ հեղինակի այդ թերթում սեպտեմբերի 11-ին լույս տեսած հոդվածը: Ահա թե ինչ է գրել.

«Սիրելի ընթերցողներ, կան որոշ երկրներ, որոնք երբեմն անտեղի փորձանք են բերում իրենց գլխին կամ էլ գիտակցության բացակայության պատճառով ընկնում են փորձանքի մեջ: Նույն կերպ է վարվել մեր երկիրը: Հիմա ինչ որ գրելու եմ, թեեւ կրկնություն է լինելու, սակայն ճշմարտությունը թող բոլորն իմանան եւ երբեք չմոռանան: Հենց դրա համար շարունակում եմ համառորեն գրել: Սիրիայի հետ մեր միջեւ որեւէ խնդիր չկար: Ավարտվել էր Բաշար Ասադի հորՙ Հաֆեզ Ասադի ժամանակահատվածը: Որդի Ասադը վերջ էր տվել իր հոր անփառունակ քաղաքականությանը: Ձերբազատվել էինք մեր գլխին կախված (PKK-ի) սպառնալիքից: Ընդհակառակը, կարգավորվել էին Սիրիայի հետ հարաբերությունները, երկու երկրների բարձրագույն ղեկավարներն ու նրանց կանայք սկսել էին սիրալիր գրկախառնվել միմյանց հետ: Ահավասիկ, նայեք Բաշար Ասադի եւ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի արձակուրդը միասին անցկացնելու եւ գրկախառնվելու լուսանկարներին: Դրանք առայսօր պահպանվում են արխիվներում:

2002 թ. նոյեմբերի ընտրություններին «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը երկրում միանձնյա իշխանության եկավ: Վարչապետի պաշտոնն ստանձնած Աբդուլլահ Գյուլն առաջին արտերկրյա այցելությունը կատարեց Սիրիա: Սիրիայի նախարարների խորհուրդը օդանավակայանում նրան ամբողջ կազմով դիմավորեց: Ընդունելով նրան, Բաշար Ասադը չմոռացավ Թուրքիայի եւ Սիրիայի ժողովուրդների եղբայրությունից եւ երկու երկրների պատմական բարեկամությունից խոսել:

Ամեն ինչ շատ լավ ընթացավ մինչեւ 2011թ.: Բարեկամությունը հետզհետե ամրապնդվում էր: Սիրիայի հետ վերացել էր անցագրային ռեժիմը, սկզբնավորվելՙ ազատ առեւտուրը: Ազատ առեւտրի գոտու էր վերածվել Սրիրայի հետ 911 կմ ձգվող մեր սահմանը: Բոլորը գոհ էին: Բաշար Ասադն ամուր կանգնած էր իր դիրքերում եւ Սիրիան այլեւս մեզ ահաբեկչություն (նկատի ունի PKK-ին) չէր արտահանում: Վրա հասավ 2011 թիվը... «Արաբական գարունը» սկսեց ծավալվել արաբական երկրներում: Բազմաթիվ երկրների բնակչությունը, Սիրիայինը ներառյալ, ընդվզում էր ընդդեմ իշխանությունների: Հենց այդ օրերին էլ ԱՄՆ վարչակարգը Թուրքիային կարեւոր ազդանշան հաղորդեց. «Մենք որոշել ենք տապալել Բաշար Ասադին: Դա միասին ենք անելու»:

Ելնելով դրանից «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության մեր իշխանությունը հանկարծ Ասադին հռչակեց թշնամի եւ ներխուժեց Սիրիա: Իշխանության Անկարայից արած հայտարարությունները մոռանալու բաներ չեն: Օրինակՙ «Սիրիան արդեն մեր նախկին վիլայեթն էր, մենք այնտեղ իրավունքներ ունենք: Ուրբաթօրյա նամազն Ալլահի օրհնությամբ Դամասկոսում ենք անելու»: Մերձավոր Արեւելքը միշտ էլ եղել է աշխարհի խոշորագույն ճահիճը: Մխրճվողն այլեւս դուրս չի գալիս այնտեղից: Ահա մենք մեր «ազատ կամքով» մխրճվեցինք եւ առայսօր չենք կարողանում ոչ մի կերպ դուրս գալ: Նրանց, ովքեր Սիրիայի առնչությամբ խաբում են մեր ազգին, չի հաջողվում թոթափել այդ ծանր բեռը: Սարսափելին այն է, որ ահռելի չափերի հասնող վնասի գինը վճարում է թուրք ազգը եւ շարունակում է վճարել:

Ասադի դիրքերի թուլացումից օգտված ահաբեկչական բազմաթիվ կազմակերպություններ (PKK-ն նմանապես) բուն դրեցին Սիրիայում: Նրանց թվումՙ իսլամ արմատականներ, ջիհադականներ, ինչպես նաեւ Իրաք-Շամ իսլամական պետությունը... Մեր բանակը ներխուժեց Սիրիա: Բազում զոհեր տվեցինք: Պատերազմից խուսափելու համար միլիոնավոր սիրիացի մարդիկ փախան Թուրքիա, ահա ձեզ մեկ այլ փորձանք: Դուրս շպրտել չի լինի, ծախելՙ առավել եւս: Դարձանք արաբական արշավանքների թիրախ, այն էլ պաշտոնապես: Եվրոպական Միության գլխավորությամբ բազմաթիվ երկրների հետ անտեղի ընդհարվեցինք, խզվեցին մեր հարաբերությունները: Թուրքիայի Հանրապետությունը հեղինակազրկվեց աշխարհով մեկ:

Կարճ ասածՙ ե՛ւ նյութական ե՛ւ բարոյական առումով ահավոր վնասներ կրեցինք: Նյութական վնասները հասնում են միլիարդավոր դոլարների, իսկ բարոյականներըՙ անկարելի է գումարներով արտահայտել: Դե լավ, ո՞վ է այս ամենի պատասխանատուն կամ պատասխանատուները: Առաջինը վարչապետի, ապա նախագահի կարգավիճակով Ռեջեփ Թայյիփ Էրդողանն է, այնուհետեւ նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նրանք չկարողացան կանխատեսել քաղաքական զարգացումների հավանական ընթացքը եւ այն փորձանքի չափերը, որ փաթաթվեց մեր գլխին: Մի՞թե այսպես է լինում պետական գործիչը: Ավելին, հիմա արդեն նրանք իրար են անցել, կուսակցականության կռիվներ են տալիս միմյանց դեմ...Սկսել են ուղղակի կամ անուղղակի միմյանց մեղադրել: Փառք տիրոջը, այսպիսի բաներ միչեւ հիմա չէինք տեսել:

Սիրելի ընթերցողներ, մի հարցի վրա մեկ անգամ եւս ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը: Այս հարցը սրանց (ղեկավարներին) ոչ ոք չի տալիս: Մենք սկսած 2011-ից ի՞նչ ենք շահել Սիրիայում եւ ի՞նչ կորցրել: Եթե ինչ որ բան շահել ենք, ասեք, որ ուրախանանք: Եթե ոչ, ապա ազնվորեն արտահայտվեք մեր կրած նյութական եւ բարոյական վնասների մասին: Այստեղ ամեն ինչ խցանվում է: Նրանց այդ մասին չեն հարցնում, իրենք էլ բերանը ջուր արած նստել են, չեն խոսում: Բայց գիշեր ցերեկ Սիրիայից են բարբաջում: Ոչ ոք չգիտի, թե հետայսու ի՞նչ է լինելու Սիրիայի եւ Թուրքիայում ապաստանած սիրիացիների հարցը: Եթե նման բաներ տեղի ունենային մեկ այլ երկրում, աշխարհն իրար կխառնեին, հաշիվ կպահանջեին պատասխանատուներից: Մինչդեռ մենք նստել ենք սայլին, գնում ենք դեպի արհավիրք»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ