RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019



Տեղադրվել է` 2019-09-13 14:50:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1347, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱԶԳԻ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՇՔԱՆՇԱՆՈՎ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Սանկտ Պետերբուրգում բնակվող ճանաչված հասարակական գործիչ եւ բարերար, բարեգործական հիմնադրամի նախագահ Հրաչյա Պողոսյանի անունը վերստին հայտնվել է ռուսաստանյան մամուլի գլխագրերում. իր բազմաթիվ ֆանտաստիկ ու աներեւակայելի բարեգործական մտահղացումներով ու նախաձեռնություններով աչքի ընկած մեր հայրենակիցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով պարգեւատրվել է պետական պարգեւովՙ «Բարեգործության համար» շքանշանով։

Հրաչյա Պողոսյանը վաղուց հայտնի է ինչպես Ռուսաստանում ու Հայաստանում, այնպես էլ աշխարհի բազմաթիվ անկյուններում եւ նրա անունն առաջին հերթին առնչվում է չափազանց աստվածահաճո եւ դրվատելի մի առաքելությանՙ բարեգործության հետ։ Նա արդեն երկար տարիներ հայ-ռուսական բարեկամության եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու սերտացման ջատագովն է եւ մարմնացումն է պատվախնդիր հայի, ով ճակատագրի բերումով ապրելով եւ աշխատելով դրսում, ոչ միայն բարձր է պահում ազգային արժեքներն ու հայի անունը, այլեւ հոգով ու սրտով հայրենիքի հետ է։

Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի Սմոլնիի հանդիսությունների սրահում։ Միջոցառումը համընկել էր Բարեգործության օրվա հետ, որը նշվում է սեպտեմբերի 5-ին։

Այստեղ էին հավաքվել հերոս-քաղաքի տարեգրությունն իրենց նշանակալի գործերով շարունակող ամենատարբեր մասնագիտությունների մարդիկ։ Հրաչյա Պողոսյանից բացի, տարբեր պարգեւների էին արժանացել նաեւ Սանկտ Պետերբուրգի բարգավաճման գործում նշանակալի ներդրում ունեցած, աշխատանքային երկարամյա եւ բարեխիղճ ճանապարհ անցած եւ արտակարգ իրավիճակներում խիզախություն եւ արիություն դրսեւորած համաքաղաքացիներ։

ՌԴ նախագահի անունից պարգեւները հանդիսավորությամբ հանձնեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովը։

«Պետերբուրգը հարուստ է տաղանդավոր մարդկանցով։ Դուք եք մեր ամենակարեւոր կապիտալը։ Ոչ բառերով, այլ գործերով, մարդկանց հանդեպ մարդկային վերաբերմունքով դուք ցույց եք տալիս, թե ինչպես պետք է ապրել, սիրել հայրենիքը եւ մեր քաղաքը, որին մենք ծառայում ենք։ Ես հպարտ եմ, որ մեր քաղաքում ապրում են ձեզ նման մարդիկ»,-իր խոսքում նշեց Ալեքսանդր Բեգլովը ։

Բարձր ծափահարությունների ներքո Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատարը Պետերբուրգում բնակվող լավագույն մարդկանց հանձնեց ՌԴ պետական պարգեւները եւ ՌԴ նախագահի խրախուսանքները։

Հրաչյա Պողոսյանն այս տարի միակ անձնավորությունն էր, որ Սանկտ Պետերբուրգից պարգեւատրվեց «Բարեգործության համար» շքանշանով եւ 30-րդըՙ պարգեւը ստեղծումից ի վերՙ ըստ Վիքիպեդիայի։ Այս շքանշանը Ռուսաստանում հանձնում են 2012 թվականիցՙ բարեգործության եւ հասարակական գործնեության բնագավառում ակտիվ գործունեության համար։

Ստանալով պարգեւըՙ Հրաչյա Պողոսյանն իր շնորհակալությունը հայտնեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովինՙ մեծ վստահության եւ իր գործունեությունը բարձր գնահատելու համար։ Նա հատուկ շեշտեց Սանկտ Պետերբուրգի հասարակության կողմից ցուցաբերված աջակցությունը, երախտիքի խոսքեր հղեց «Բլոկադային Լենինգրադի բնակիչներ» եւ «Լենինգրադի պատերազմի վետերաններ» կազմակերպություններինՙ իր բազմաթիվ ծրագրերը կյանքի կոչելու գործում իր ստացած մեծ աջակցության համար, ինչպես նաեւ շնորհավորեց բոլոր պարգեւատրվածներինՙ նրանց մաղթելով նորանոր հաղթանակներ եւ նվաճումներ։

Պարգեւատրման արարողությունից հետո տեղի ունեցավ ընթրիք, որը կազմակերպել էր Հրաչյա Պողոսյանը։ Նրան շնորհավորելու էին եկել հարազատները, գործընկերները եւ հանդիսության հյուրերը, որոնց թվում էին Սանկտ Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացչության ղեկավար Վլադիմիր Զապեվալովը, Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի խորհրդական Արֆենիա Տեր-Մինասովան, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի խորհրդական Հայկ Չիլինգարյանը, ռուս Ուղղափառ եւ հայ Առաքելական եկեղեցիների ներկայացուցիչներ եւ այլք։

Հրաչյա Պողոսյանն իր բարեգործական գործնեությունը սկսել է շուրջ երկու տասնամյակ առաջ։ Նա առանձնակի վերաբերմունք ունի հոգեւոր արժեքների եւ հոգեւոր խորհրդանիշների հանդեպ։ Պողոսյանի բարեգործական գործունեության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանները, նաեւ` Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերը։ Պողոսյանի ջանքերով ստեղծվել են 100-ից ավելի մշակույթի, հոգեւոր եւ պատմական նշանակության կառույցներ ու հուշակոթողներ։ 36 հուշարձան նվիրված են Մեծ Հայրենական Պատերազմի ժամանակաշրջանի իրադարձություններին ու հերոսներին։ Հրատարակվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, նկարահանվել են վավերագրական ֆիլմեր։ 19 հուշարձաններ եւ հուշաքարեր բացվել են Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադյան շրջանի տարածքում։ Նա նաեւ անդրադարձել է Ռուսաստանի եւ Հայաստանի հնամյա պատմությանը։

Հրապարակված գրքերից առանձնահատուկ է Սանկտ-Պետերբուրգի ծագումով հայ մարշալների, ծովակալների, գեներալների մասին ծավալուն ժողովածուն։ Այն կենսագրական տեղեկատու է, որը ներկայացնում է պետերբուրգցի ծագումով հայ 150-ից ավելի ռազմական գործիչների։

Ընդհանուր առմամբ, Հրաչյա Պողոսյանի եւ իր բարեգործական հիմնադրամի կողմից իրակացված գործերը վերաբերում են մեր կյանքի բոլոր ոլորտներին եւ իրականացվում են Ամենայն Ռուսիո Եկեղեցու առաջնորդ Կիրիլի եւ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ի օրհնությամբ։ Նրա գործունեությունը գնահատականների է արժանացել իշխանության բարձր օղակներում ինչպես Ռուսաստանում եւ Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում, որտեղ իրականացվել են նրա նախաձեռնությունները։ Նա ստացել է տարբեր գերատեսչական եւ հասարակական պարգեւներ, ստացել է Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգեւը, ինչպես նաեւ պարգեւատրվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու շքանշաններով։

Նրա լայնածավալ բարեգործունեությունը ներկայացված է եղել ֆոտոցուցահանդեսի միջոցով։ Ցուցահանդեսը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում «Ինը տարի, ինը երկիր եւ հարյուրավոր բարի պատմություններ» խորագրի ներքոՙ ԱՊՀ Միջկառավարական վեհաժողովի աջակցությամբ։ Այն նվիրված էր Լենինգրադը շրջափակումից ազատագրելու տարելիցին։

Նորանոր հաջողություններ, հաղթանակներ եւ արժանի պարգեւներ ենք մաղթում մեր պատվարժան հայրենակցին, որպեսզի աշխարհից չպակասի սերը, բարությունն ու բարեգործությունը։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ