RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019



Տեղադրվել է` 2019-09-13 14:50:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1341, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ՈՍԿԻՆՙ ՊԱՅՔԱՐԻ ՈԳԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Մեր ջուրը մեր ոսկին է» վերնագրյալ հրապարակմամբ գերմանական «Դոյչե վելլե»- ն սեպտեմբերի 12- ին անդրադարձել է Ջերմուկում Ամուլսարի հանքարդյունահանման վերաբերյալ տեղաբնակների եւ բնապահպանների բողոքի գործողություններին: Տեղաբնակների գլխավոր մտահոգությունը ոսկու հանքի շահագործման պատճառով խմելու ջուրը վտանգելու սպառնալիքն է, ծավալուն ռեպորտաժի նախաբանում նշել է «Դոյչե վելլեի» գերմանական ծառայությունըՙ կայքէջում Աննա Բիանքա Ռոահի տեքստին կից լուսանկարներ ներկայացնելով: Հրապարակումը տարողունակ է, խիտ պատրաստված եւ շաբաթաթերթի մեր նեղլիկ տարածքում դժվար շնչառություն գտնի, երբ սրան հավելենք «Դոյչե վելլեի» ռուսական ծառայության սեպտեմբերի 11- ի անդրադարձը նաեւՙ բնապահպանական այս խնդրի շուրջ Հայաստանում ծավալվող իրադարձություններին է անդրադարձել Աշոտ Գազազյանը: «Դոյչե վելլեն» հանգամանալից ռեպորտաժ է պատրաստել, օրագրություն ներկայացրել: Բնավ չնվազեցնելով այս բազմալեզու լրատվամիջոցի դերը, նկատել տանք սակայն, որ դրա ազդեցության լսարանը Գերմանիայում չէ: Գերմանական լրատվամիջոցներից առայժմ ձախակողմյան «taz»-ն է անդրադարձել Ամուլսարի բնապահպանական խնդրի շուրջ Հայաստանում ծավալվող բողոքի ալիքին:

Օգոստոսի 23- ին լուսաբանելով Ամուլսարի իրադարձություններըՙ մասնավորապես անդրադառնալով բնապահպանների բողոքի գործողություններին, թերթն առանձնացրել էր «Մենք ոսկի չենք ուզում, մեր սարն ենք ուզում» կարգախոսը, որով բնապահպան ակտիվիստները Հայաստանի կառավարության շենքի առջեւ ցույց էին անումՙ վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարության օգոստոսի 19- ի այն ծանուցումից հետո, թե Լիդիան ընկերությանը հանքը շահագործելու արտոնություն է տրվել: Լիբանանյան ԷԼԱՐԴ խորհրդատվական փորձագիտական խմբի եզրակացության տվյալների հիման վրա Փաշինյանը պատկերավոր ձեւակերպել էրՙ «Վնասն այնքան նվազ է, որ համեմատելի է ավտոմեքենան ծովափին լվանալու հետ»: Գերմանական սույն աղբյուրի իրազեկմամբ, փորձագիտական եզրակացության հրապարակման օրվանից ի վեր բնապահպանները շրջափակել էին խորհրդարանի, ինչպես նաեւ հանդիպակաց մայթին գտնվող նախագահական նստավայրի շենքերը: Ցուցարարների եւ ոստիկանական ուժերի բախման պատճառով 6 հոգի կալանավորվել են, հաղորդել էր հոդվածի հեղինակ Տիգրան Պետրոսյանը , որ նկատել էր տվել, թե Հայաստանում սկիզբ առած բողոքի այս արշավն ամենազանգվածայինն էՙ 2018-ին «Թավշյա հեղափոխությամբ» իշխանություն ստանձնած Փաշինյանի դեմ: Շատերը, որ Փաշինյանի խոստումներից ակնկալում էին սոցիալական արդարություն, կոռուպցիոն համակարգի դեմ պայքար, հուսախաբ են: Խորհրդային ժամանակներից հանրահայտ Ջերմուկ հանքային առողջարանային վայրում է հանքավայրը:

Գիտնականներն ու բնապահպանները տագնապած ենՙ ոսկու հանքի շահագործումը կարող է աղետալի ներգործություն ունենալ ողջ էկոհամակարգի վրա, առաջին հերթինՙ Սեւանի, որ 1300 քկմ մակերեւույթով Կովկասում ամենամեծ քաղցրահամ լիճն է: Թերթը ներկայացրել էր հայկական մամուլում շրջանառված այն ենթադրությունը, թե Լիդիանը կառավարությանը սպառնացել է մինչեւ 2 միլիարդ ԱՄՆ դոլարի հատուցում պահանջել, եթե կասեցվի նրա մասնակցությունը այս նախագծին: 2016- ի օգոստոսին Լիդիանը իր գործունեությունը սկսել է ծիրանենիների հսկա այգու հատմամբ, որ հանք տանող ճանապարհ կառուցի, ինչը հարուցել էր բնակիչների բողոքը: Շինարարական աշխատանքները դադարեցվել են: Տնտեսության նախարարությունը հանքագործությունից շահավետ եկամուտ ստանալու հույս է տածում. Լիդիանը տարեկան 250 միլիոն ԱՄՆ դոլարի ոսկի է արդյունահանելու, մոտ 4000 աշխատատեղ կբացվի եւ տարեկան մոտ 50 միլիոն ԱՄՆ դոլար հարկ կվճարի: «taz»- ը հենվելով տեղական փորձագետների զեկույցների վրա, հիշատակում է, թե Լիդիանը եւ ՀՀ կառավարությունը հնարավոր ռիսկերի վերաբերյալ լռում են: Գերմանական թերթը ներկայացնում է իրավաբան Նազելի Վարդանյանի կարծիքը, ըստ որի ոտնահարվել են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային պայմանագրեր, այդ թվում նաեւՙ շրջակա միջավայրի վերաբերյալ եվրոպական կոնվենցիան: Վարդանյանը համոզված է, որ Փաշինյանը իրավական բավարար հիմքեր ուներ Ամուլսարի հանքավայրի շահագործումն արգելելու համար: Այլապես Լիդիանի պատանդն ենք լինելուՙ մի քանի սերունդ շարունակ, Նազելի Վարդանյանի խոսքն է ներկայացրել «taz»- ը:

Չորեքշաբթիՙ սեպտեմբերի 11- ին, Բունդեսթագում բյուջեի քննարկման առիթով ելույթ ունեցած կանցլեր Մերկելը չշրջանցեց բնապահպանական հարցերը: Ամեն ուրբաթ երկրով մեկ թափ առնող բնապահպանական հզոր, պատանիների կամքին հարիր շարժումն անարձագանք չմնաց: Ես էլ ցույցին մասնակցեցի: Կանաչ քաղաքականությունն այլընտրանք չունի, ասացի նոր ծանոթիսՙ ուրբաթ օրյա ցույցերը լուսաբանող գերմանացի լուսանկարչին, որ իմանալով Հայաստանից լինելս, շտապեց հաղորդել, թե կարդացել է «taz»- ի հրապարակումը, շատ ուրախ է, որ Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո չի մեռել ապագայի համար պայքարելու ոգին: «Գերմանացիներս հեղափոխականի ոգի չունենք, ֆրանսիացի չենք, իսկ Հայաստանը լավ օրինակ էՙ սովորենք»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ