RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019



Տեղադրվել է` 2019-09-13 14:50:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1148, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԱՓ ՀԱՎԱՔՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վերջին երեք-չորս տարին մեր տարածաշրջանում իրողությունների տրամաբանությունը շատ արագ է փոխվում, անգամ երբեմն իրադարձությունների հերթագայությունը հիշեցնում է արագացված կադրերով ֆիլմ: Այդ իրողությունների թվում կարելի է դասել նաեւ Հայաստանում մեկուկես տարի առաջ տեղի ունեցած, կարելի է ասել, կայծակնային իշխանափոխությունը: Պայմանավորված էր դա միայն փոփոխությունների ներքին հրամայականո՞վ, թե՞ աշխարհաքաղաքական տեղաշարժերի ազդեցությունը եւս իր դերակատարումն ունեցավ այդ բոլորում` այդ հարցին ժամանակը կպատասխանի: Ուղղակի արձանագրենք կայծակնային փոխոխությունների համար բացվող նոր պատուհանի մասին` պայմանավորված տարածաշրջանում շատ գործընթացների ստվերային կառավարիչ, կոշտ քաղաքականության կրող, ԱՄՆ արտաքին հարաբերությունների համակարգող, հայերիս համար ոչ անհայտ Ջոն Բոլթոնի հեռանալով: Հավանաբար նրան կփոխարինի իր գործողություններում աստիճանաբար կոմպրոմիսային ձեռագրի հակվող Թրամփի քաղաքականությունն արտացոլող մեկը: Միայն այն, որ ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի շրջանակում հնարավոր են համարվում Թրամփ-Ռոհանի հանդիպումն ու բանակցությունները, խոսում է այն մասին, որ տարածաշրջանում նոր փոփոխությունների պետք է սպասել: Դժվար է միանշանակ ասել, թե դրանք հայկական խնդիրների լուծման համար ավելի նպաստավոր կլինեն, բայց որ դրա հույսը կարելի է ունենալ, ու որ` ամեն ինչ արագութուն է հավաքում` դա նկատել կարելի է վերստին:

Հիմա կասեք` կոշտը նստած` քարի դարդն է լացում, հա, բայց ամեն ինչ մեր տարածաշրջանում այնքան խորն է փոխկապակցված, որ յուրաքանչյուր փոփոխություն կարող է մեզ առնչվել:

Վերադառնալով մեր խնդիրներին ու կրկին անդրադառնալով Ամուլսարի` նոր թափ հավաքող խնդրին` նշեմ, որ տողերիս հեղինակը Ամուլսարի հանքի շահագործման պարտադրման արտաքին համատեքստ տեսնողներին թվին է պատկանում: Այս իմաստով արժե ականջալուր լինել վարչապետին , որի խոսքում նկատելի է ժամանակ շահելու միտում, մինչեւ որ հարցը իրավական ճանապարհով կարգավորելու համար բավարար ու տեսանելի (այդ թվում` միջազգային փորձագիտական մակարդակով) հիմքեր կգտնվեն:

Ինչ սխալ բան կա այն տեսակետում, թե` թող աշխատի, մենք խիստ կվերահսկենք, հենց օդն ու բնությունն աղտոտեց` մեր ապացույցներով կդիմենք միջազգային ատյաններ ու կկանգնեցնենք Ամուլսարի` բոլոր առումներով մեզ համար աննպատակահարմար շահագործումը: Հարցի լուծման համար հանդարտություն եւ ծանրակշիռ իրավական հիմքեր են պետք: Մանավանդ` նոր հարթություն կա դրա համար, որ Գագիկ Ծառուկյանի բարձրաձայնումից սկսվեց եւ երեկ էլ Ազգային ժողովի ամբիոնից Սերգեյ Բագրատյանի ելույթով քննարկման իրավունք ստացավ. «Լիդիանն» իր ներդրած գումարներն ուռճացrել է, ըստ այդ հայտարարության, մեր տեղացի մասնագետների հաշվարկներով դրանք տասն-քսան անգամ չափազանցվել են, «Լիդիանի» հայտարարած 400 միլիոն դոլարից տասնյակ անգամ պակաս ներդրումների մասին է խոսքը, ու դա պետք է մասնագիտացված հանձնաժողովի ուսումնասիրությամբ հաշվարկվի ու վիճարկվի: Ուրեմն` ահա եւս մի գործիք:

Իսկ որ նայում ես, թե ովքեր են փողոցային պայքարում Ամուլսարի շահագործման խիստ զգայուն հարցը ուռճացնում, իսկապես մտահոգների էմոցիան օգտագործում, առարկայաբար տեսնում ես` քաղաքականությունը ապաբարոյական է մինչեւ վարդապետի խազը, իսկ նախկին տարբեր իշխանությունների հետ կապակցված շատ ակտիվիստներ էլ այդ խազից էլ դեպի անսահմանություն են ձգում` նախկինների ճակատագրական որոշումների ծանր հետեւանքները վերագրելով միայն նորերին եւ այդպես փորձելով քաղաքական ինչ-որ շահաբաժին ձեռք բերել:

Այսպես , թե այնպես` Ամուլսարի խնդիրը նոր բեւեռացման կետ է դառնում` Ամուլսարի պաշտպանները համարյա թե վերջնագիր են ներկայացրել կառավարությանը`սեպտեմբերի 20-ին վերջին ժամկետ նշանակելով Ամուլսարի խնդրի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար: Իսկ թե ինչ է նշանակում բնապահպանական մոբիլիզիացիայի օրը, որ նշանակվել սեպտեմբերի 20-ին, ու դրա տակ հասկացվո՞ւմ է արդյոք քաղաքական տարբեր կենտրոնների խառնշտոցը, կամ արդյոք հնարավո՞ր է հարայհրոցի տակ տնտեսական կարեւոր, միգուցե միջպետական նշանակության հարցի վրաբերյալ հիմնավոր որոշում` հասկանալի չէ: Հասկանալի է, այո, որ որոշ շրջանակներ երազում են բախում Ամուլսարի պաշտպանների եւ իրավապահ մարմինների միջեւ, անգամ արյուն են երազում` դրանով իշխանությունը վերջնականապես վարկանիշազերծ տեսնելու համար:Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ «Լիդիանը» եթե սկսի էլ հանքի շահագործումը, դա մի քանի ամիս հետո է լինելու, այդ դեպքում աղմուկը սեպտեմբերի 20-ին եւ այս օրերին մի տեսակ անհասկանալի է:

Ասենք, որ Ամուլսարի խնդիրը մի քանի շերտ ունի` տնտեսական, բարոյահոգեբանական եւ քաղաքական, վերջին երկուսը նաեւ հենց ներկա իշխանության թիմում են իրենց բացասական անդրադարձներն արել, որտեղ կան մարդիկ, որ այլեւս «վառ աչքերով չեն գալիս աշխատանքի», ինչպես որ պատկերավոր նկարագրեց մինչեւ մեկ օր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր եւ այժմ մանդատը վայր դրած Էդգար Առաքելյանը , որը քաղաքացիական ակտիվիստ լինելուց հետո էր պատգամավոր դարձել: Որքան էլ թաքցվի` ակնհայտ է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության այլ պատգամավորների աչքերն էլ առաջվա պես վառվռուն չեն, ու Ամուլսարի խնդրի առավել թնջուկվելու դեպքում` միգուցե այլ մանդատահանձնումներ էլ լինեն:

Առհասարակ` ինչ-որ խորքային պրոցեսներ են կատարվում խորհրդարանում, վերջին անգամ Արման Բաբաջանյանի ` խորհրդարանական հայտարարությունների ժամանակ ուսապարկով հայտնվելը մի շարք ակնարկներ էր պարունակում իր մեջ, թե` հեղափոխությունը պետք է շարունակել, որ նոր Նիկոլ Փաշինյան է պահանջվում առնվազն խորհրդարանական մակարդակում: Որ այդ դերի համար ներքին պայքար կա առնվազն Էդմոն Մարուքյանի եւ «Լուսավոր Հայաստանից» անկախացած ու մանդատը վայր դնել չպատրաստվող Արման Բաբաջանյանի միջեւ, դա վերջին շրջանում տեսանելի էր, ու եթե նկատի առնենք խորհրդարանական մեծամասնության մի քանի ներկայացուցիչների նյարդային արձագանքն այդ ելույթներին կամ այն արտահոսքերը, որ «Իմ քայլից» անկախանալ ցանկացող մի տասնյակից ավելի պատգամավորներ են եղել, որոնք առայժմ վարչապետի հետ հանդիպումների արդյունքում լռել են, ապա առաջիկայում հնարավոր ենք համարում այլ անկախների (թեեւ ԱԺ կանոնակարգով դա չի նախատեսվում) հայտարարություններ կամ մանդատը վայր դնելու դիմումներ: Խոսքը ֆորմալ առումով անկախանալու ու ֆորմալ-չհայտարարված մի խմբի համաձայնեցված գործունեության մասին է, դա ժամանակի հարց է: Ճիշտն ասած` դրա մեջ ողբերգություն պետք չէ տեսնել, ժամանակի ընթացքում բոլոր խմբակցություններում ստեղծվում են բեւեռներ, ներքին ընդդիմություններ, որոնք հետագայում նոր կուսակցություն են ստեղծում կամ այլ կուսակցության հարում, հետ նայեք` կհիշեք:

Ի դեպ` քաղաքական հարայհրոց հրահրելու ներուժ ունի նաեւ հինգշաբթի սկսված եւ մարտի մեկի դեպքերին առնչվող Քոչարյան-Օհանյան-Գեւորգյան-Խաչատուրով դատավարությունը, որը կարող է դառնալ քաղաքական խմբերի երեւակման նոր խթանիչ:

Այս ամենի մեջ մի տեսակ երկրորդ պլան մղվեցին մեր կյանքում միգուցե իրոք փոփոխություններ բերող (համոզված չենք անգամ` լավ, թե վատ) նախագծերի քննարկումներն Ազգային ժողովում, որոնցից մեկ- երկուսի մասին կուզեինք հիշատակել, քանի որ դրանք կարող են վերաբերել շատերիս:

Ազգային ժողովն ընդունում է օրենք` ճանապարհային երթեւեկության նոր համակարգի ներդրման մասին: Դա բալային համակարգ է` իննը բալանոց շեմով, որը կիրառվելու է վարորդների նկատմամբ. Այդ համակարգով` ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների դեպքում տարվա ընթացքում բալերը նվազելու են, երբ դրանք հասնեն զրո կետին`վարորդական իրավունքից զրկում է լինելու` մինչեւ նոր քննությամբ այդ իրավունքի վերականգնում: Սա, իհարկե քաղաքակիրթ մոտեցում է, սակայն մեր ճանապարհների վիճակի, մենթալիտետի, անկարգապահ հետիոտնի եւ բազմաթիվ այլ խնդիրների առկայությամբ` արդար կիրառման առումով բավական վիճելի: Գումարած կոռուպցիոն ռիսկը:

Մի այլ օրենքով անշարժ գույքի` շուկայականին մոտ արժեքով կադաստրային գնահատման համակարգ է սահմանվում` ըստ արժեքի հարկման տարբերակված մոտեցմամբ, նվազագույն հարկման շեմով: Ըստ նոր համակարգի` թանկարժեք ունեցվածք- անշարժ գույքը կհարկվի շատ ավելի մեծ արժեքով: Սա մասամբ հանրության մեջ առկա այն պահանջարկն է սպասարկելու, երբ տարբեր ժամանակներում խոսվում էր շքեղության հարկի հրամայականի մասին: Ավելի հասկանալի լիելու համար ասենք, որ մինչեւ այժմ սահմանված կադաստրային արժեքով գնահատումները չեն համապատասխանել իրական շուկայական արժեքներին, ու հենց պատգամավորներից մեկի բերած օրինակով` ասենք շքեղ առանձնատան համար մինչեւ այժմ 3 միլիոն դրամ գույքահարկ վճարողը նոր գնահատման դեպքում կվճարի 10 անգամ ավելի գույքահարկ, իսկ սովորական բնակարանատերերի վրա դա հազիվ թե արտացոլվի:Սակայն քանի որ չհստակված պահեր նոր օրինագծում շատ կային` ծագեցին եւ վեր հանվեցին բազմաթիվ մտահոգություններ: Մասնավորապես` որ այն կարող է բերել անշարժ գույքի թանկացման, կամ որ մի տատիկ կարող է ունենալ շատ թանկարժեք գույք, որի համար չի կարող բարձր հարկ վճարել ու ի վերջո կկորցնի այդ գույքը: Օրենքը կոչվում է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենք», օրենքի նախագիծը կարելի է տեսնել Ազգային ժողովի «Օրակարգում ընդգրկված նախագծեր» բաժնում: Ու քանի որ դա վերաբերելու է բոլորիս` կուզեի հետաքրքրվողներն ուսումնասիրեին:

Այս տիպի խնդիրները պետք է մամուլը քննարկի, թե չէ մնացել ենք «Պուտինը կգա, Պուտինը չի գա», «Պուտինը Գյումրի կգնա» գծին...

Մի լուսավոր բանով ավարտենք. ըստ վարչապետ Փաշինյանի ` Հայաստանում գրանցված աշխատողների թիվը պատմության մեջ առաջին անգամ անցել է 600 հազար մարդուց: Դա հայտնի է դարձել այս տարվա հունվար-հունիս ամիսներին Զինծառայողների ապահովագրման հիմնադրամին արված փոխանցումներից, որոնք 347,8 միլիոն դրամով գերազանցել են անցյալ տարվա ցուցանիշները (9,6 տոկոսով):Աճը պայմանավորված է վարձու աշխատողների թվի աճով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ