RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2019-09-13 14:50:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1184, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՈՒԼՍԱՐԻ ԴԻԼԵՄԱՆ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ՞Ն, ԹԵ՞ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՀԱՆՋԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Համաշխարհային պատմությունը բազմաթիվ օրինակներ է տալիս մեզ, թե ինչպես երբեմն երկրորդական կամ քիչ կարեւոր թվացող խնդիրներ կարող են անսպասելի վերաճել հզոր բախումների, նույնիսկ պատերազմների, որոնք, երբեմն, կարող են հիմնովին փոխել տվյալ երկրի ու ժողովրդի ճակատագիրը, նույնիսկՙ աշխարհի քարտեզը: Ես չգիտեմՙ Ջորջ Վաշինգտոնը սկզբնական շրջանում, երբ ղեկավարում էր 1775-83-ի Անկախության պատերազը, գիտե՞ր, կամ հասկանո՞ւմ էր, թե Բոստոնի նավահանգստում 1773 թ. դեկտեմբերի 16-ի գիշերը թեյի մեծ խմբաքանակներ բերած բրիտանական երկու նավերի վրա անգլո-սաքսոն ներգաղթյալների հարձակումը սկիզբ կդառնա ըմբոստական մի շարժման, որը հետագայում կվերածվի բրիտանացիների դեմ պատերազմի եւ 1776 թ. հուլիսի 4-ին հրապարակված հռչակագրով կհայտարարվի Ամերիկայի անկախությունը: Այդ պատերազմը, որը հետագայում կոչվեց «Թեյի պատերազմ» (Tea War), իրականում ուղղված էր ընդդեմ մաքսային մոնոպոլ իրավունքների, որոնք պարտադրվում էին բրիտանացիների կողմիցՙ անտանելի մաքսատուրքեր, այդ թվումՙ թեյի վրա:

Նպատակս չէ համաշխարհային պատմության այդ էջի եւ... Ամուլսարի շուրջ զարգացող դեպքերի միջեւ զուգահեռներ անցկացնել. դրանք իրենց տարողությամբ եւ խորքային պատճառներով անհամեմատելի են: Բայց ցանկանում եմ նման դեպքերը զուգահեռել նմանօրինակ զարգացումների ներքին տրամաբանությանը: Եթե որեւէ երկրում կամ հասարակության մեջ կան դժգոհության մագլցող կուտակումներ, ապա անխուսափելի են քաղաքական պոռթկումներն ու պայթյունները, ինչպես պատահեց 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում, ինչպես դեռ կարող է պատահելՙ այսպես կոչված հետհեղափոխական Հայաստանում, այս անգամՙ ընդդեմ նոր իշխանությունների:

Այս պարագայում խիստ կարեւոր է դժգոհության ներքին պատճառը, որը սովորաբար կուտակվում է մարդկանց կեցության եւ հատկապես ապրուստի հարցերի շուրջ: Կեցությունն է որոշում գիտակցությունը. մեզ միշտ հուշում են Մարքսիզմի դասականները: Եվ իրավամբ: Եթե Ամերիկա գաղթած անգլո-սաքսոնների 246 տարի առաջ սկսած ընդվզման իսկական շարժառիթը իրենց կեցությունն էրՙ պատճառաբանված օտարերկրյա մաքսատուրքերի անհանդուրժելի պարտադրանքով, ապա Ջերմուկի եւ հարակից շրջանների ազգաբնակչության դժգոհության հիմքը նրանց կեցության, ապրուստի վատթարացումն ու էլ ավելի վատթար կյանքի հեռանկարն էՙ պայմանավորված Ամուլսարի վերագործարկման ծրագրով: Եվ ոչ թե կամ ոչ այնքան էկոլոգիական կամ առողջական մտահոգությունները, որոնք գալիս-միանում են նույնՙ կեցության խնդրին որպես ածանցյալ, ինչպես այն բնապահպաններինըՙ որոնք միացել են Ջերմուկյան շարժմանը, դեռ չհաշված քաղաքական-լրատվական որոշ հոսանքների հավելումներըՙ բոլորովին այլ շարժառիթներով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչքան կուզի կարող է զգուշացնել եւ նախազգուշացնել, թե Ամուլսարի չվերագործարկվելը պատճառ կդառնա 900 աշխատակիցների գործազրկության, ներդրումների միջազգային շուկայում Հայաստանի վարկաբեկման: Մարդիկ, այս պարագայում ջերմուկցիները, որոնք մեծ հույսեր են կապել իրենց առողջարանային քաղաքի զարգացման հետ, այսինքն իրենց իսկ կեցության բարելավման հետ, թերեւս նաեւ մանր ու մեծ բազմաթիվ ներդրումներ են արել ապագայի հաշվին, համաձայն չեն Lydian Armenia-ի ձեռնարկության վերագործարկմանը եւ պատրաստ են հաշվի չառնելու նաեւ Հայաստանի ներդրումային շուկային սպառնացող վտանգները, որոնց մասին գրել էի նախորդ հոդվածներիցս մեկում, որի վերնագիրն էրՙ «Ամուլսարը «ամուլ» չի մնա»...

Բնավ չեմ պնդում, որ Ջերմուկյան շարժումը կարող է այն կայծը դառնալ, որը կբռնկեցնի ներկայիս գործող կամ չգործող համակարգի դեմ դժգոհությունների հրդեհը: Սակայն բնավ չեմ բացառում, որ այս եւ նման որեւէՙ տեղական ու տեղայնական խնդիր կարող է համապետական տագնապի, ընդհուպՙ իշխանափոխության պատճառ դառնալ:

Մինչ այդՙ Ամուլսարը մնում է այն սարդոստայնը (նման հին ու նոր սարդոստայններ շատ կան Հայաստանումՙ Քաջարանից, Թեղուտից, ցեմենտի զույգ գործարաններից սկսած), որի մեջ ինքնախցկվեց Նիկոլ Փաշինյանը 13-14 ամիս առաջ եւ այժմ ճգնում է դուրս գալ ինքնաժխտման եղանակով: Պետական բյուջե՞ն, թե՞ մարդկանց կեցությունն ու առողջությունը: Դիլեմաՙ որից դուրս գալու համար իշխանությանը մինչեւ սեպտեմբերի 20-ը պայմանաժամ է տրված: Սպասենք հնարամիտ լուծումների: Եթե կան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ