RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 06-09-2019



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-09-10 19:43:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 426, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿ ԷՐ ԵՎ...

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

«Ուչատ վշկոլե»

Սեպտեմբերի 1-ն էրՙ Գիտելիքի, ուսումնական տարեմուտի տոն: Անցնում էի մի դպրոցի մոտով: Կրթօջախի շենքի առջեւ մարդաշատ էր: Ինչպես սովորաբար նման դեպքերում է լինում, մեքենաներ, հայրիկ-մայրիկներ, տատիկ-պապիկներ ու հուզավառ, հետաքրքրված ջինջ հայացքներով վճիտ մանուկներ, շատերըՙ անշուշտ առաջին անգամ դպրության խորհրդավոր օջախը ոտք դնելու եկած: Բարձրախոսով աշխույժ երգ-երաժշտություն էր հնչում, տարեմուտի հանդիսությանը հավաքվածների առջեւ երգողները եւս շնորհալի երեխաներ էին, հավանաբար այդ դպրոցի կրտսեր դասարանների սաներ: Երգում էին... «Ուչատ վշկոլե, ուչատ վշկոլե» : Հետոՙ «Անտոշկա, Անտոշկա, պայդյոմ կապած կարտոշկու...» :

Մի բան ասեմ, էլի: Մեր ժողովրդի հայտնի խոսքով, ինչքան լեզու գիտեսՙ այնքան մարդ ես: Հայ մեծ լեզվաբան Հրաչյա Աճառյանը ի թիվս այլ կոթողային գործերի գրել է համաշխարհային լեզվաբանության մեջ եզակի, բազմահատոր Լիակատար քերականություն հայոց լեզվիՙ համեմատությամբ 562 լեզուների: Նա այդ բոլոր լեզուներին, իհարկե, հնարավոր չէ որ տիրապետեր, այլ այդքանից պրպտել ու գիտականորեն ներկայացրել է համեմատական հարուստ տվյալներ, իսկ ինքն ազատ տիրապետել է 18 լեզվի: Բայց նա ուղնուծուծով հայ էրՙ հայ լեզվամտածողությամբ ու հոգով, որովհետեւ չնայած իր առաջնակարգ եվրոպական կրթությանը, նրա կրթության ու դաստիարակության ամուր հիմքը հայկական, ազգային էր: Իսկ այստեղ... անմեղ, հավատավոր աչուկներով մանուկներ էին, մեծերի ձեռքը բռնած նոր-նոր եկել էին դպրության ու իմացության իրենց տաճարը երկյուղած ոտք դնելու, հոգեւոր մայրական կաթի առաջին կաթիլն առնելու ու գուցե լսելու, ասենք, «...այսօրվանից հանձնում եմ քեզ Հայոց լեզուն հազարագանձ»: Բայց ոչ, նրանց զարմացած, տարակուսած հայացքների ներքո հնչում ու հնչում էր անծանոթ ու իրենց տակավին խարխափուն մտքին, սրտին ոչինչ չասող «Ուչատ վշկոլե, ուչատ վշկոլե» , հետոՙ «Անտոշկա, Անտոշկա, պայդյոմ կապած կարտոշկու...» :

Իսկ մի՞թե այդ ռուսերեն աշխույժ երգերը եւս չէին կարող լինել այդ հանդիսության ժամանակ կատարվողների թվում: Իհարկեՙ կարող էին, եթե ընդամենը դրանց ԹՎՈՒՄ լինեին: Այսպես մտածելով եւ դա ստուգելու մեծ ցանկությամբ, դպրոցից մի որոշ տարածություն հեռանալուց հետո հետ դարձա ու երբ մոտեցա... էլի՛ «Ուչատ վշկոլե... Անտոշկա... կարտոշկա» :

Հայաստանի Հանրապետությունում էր: Կումայրի-Գյումրի էր: Տխուր էր...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 06-09-2019

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ