RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 30-08-2019



Տեղադրվել է` 2019-08-29 22:36:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 918, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԺԵՎՈՐԵՆՔ ԱՆՑՅԱԼԸ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու

«Երեւանի էներգետիկան» վերտառությամբ գիտական մենագրությունս ամբողջականացնելու առիթով այցելեցի Երեւանի Հրազդանի կիրճում գտնվող հիդրոէլեկտրակայանի տարածք: Այստեղ դեռեւս 1926թ շահագործման հանձնվեց առաջին հզոր հիդրոէլեկտրակայանը ԱԹամանյանի ղեկավարությամբ: Ի դեպ, ՀԷԿ-ի շենքը պահպանված է, սակայն որպես էլեկտրակայան չի աշխատում: Նրա հարեւանությամբ ներկայումս գտնվում է Երեւանի ՀԷԿ-ը, որը կառուցվել եւ շահագործման է հանձնվել 1962թ: Այստեղ շահագործվող տուրբինները փոխվել են: Տեղադրվել են նոր տեխնոլոգիաներով պատրաստված հիդրոագրեգատներ: Նրանք աշխատում են բարձր արդյունավետությամբ:

Հարկ է նշել,որ այս տարածքը Երեւանի պատմական վայրերից է: Չէ որ դեռեւս 100 տարի առաջ այս վայրում աշխատել են Երեւանի ջրաղացները:Նրանց տեղում 1907թ կառուցվեց Երեւանի առաջին «Ամպեր» ընկերության հիդրոէլեկտրակայանը: Նրա տեղումՙ 1926թ Նոր ՀԷԿ: Ցավոք, նշված տարածքում ոչ մի ցուցատախտակ գոյություն չունի:

Առաջարկում եմ հետեւյալըՙ

Երեւանում նախագծել եւ կառուցել ջրաղացների համալիրՙ պահպանելով նրանց բնորոշ որոշ ճարտարապետական լուծումներ: Այսպիսի կառույցները կարող են կամուրջ դառնալ հնի ու նորի միջեւ եւ ունենալ տուրիստական կարեւոր նշանակություն:

Ջրաղացների համալիրի կողքին կարելի է ունենալ առանձնացված տարածք,որտեղ կարելի է ցուցադրել ոչ միայն Երեւան քաղաքի ,այլեւ Հայաստանի եւ աշխարհի ջրաղացների վերաբերյալ անհրաժեշտ նյութերՙ նկարներ, մակետներ, գրքույկներ եւ այլն: Այն կարող է դառնալ յուրօրինակ թանգարան ջրաղացների մասին:

Կարծում եմ ճիշտ կլիներ, որպեսզի աչքի ընկնող վայրում հայերեն եւ այլ լեզուներով գրել հետեւյալըՙ «Այստեղ ավելի քան հարյուր տարի առաջ աշխատել են Երեւանի ջրաղացները: 1907թ «Ամպեր» ընկերության ՀԷԿ-ը, իսկ 1926թ շահագործվեց Ա. Թամանյանի նախագծով հզոր հիդրոէլեկտրայկայան»:

Պարտավոր ենք գոնե այս ձեւով մեր դարավոր մշակույթը ներկայացնել գալիք սերունդներին եւ մեր քաղաքի հյուրերին: Առաջարկությունը իրականություն դարձնելը առանձնապես մեծ ծախսերի հետ կապված չէ: Ներկայումս Երեւան քաղաքում գործող ոչ մի ջրաղաց չկա: Գոնե առայժմ այս ձեւով ներկայացնենք անցյալը:

19-րդ դարի 20-ական թվականների վերջին Ռուսական կայսրության այս մարզում գոյություն ունեին 1456 ջրաղաց, 138 դինգ, իսկ Երեւան քաղաքում` 47 ջրաղաց, 6 դինգ: Ջրաղացներն ունեին շատ պարզ կառուցվածք:

1892թ. Երեւանում շարք է մտել Ավետովի դինգը` բրինձ մաքրող ջրաղացը: 1910թ. Երեւանում շահագործվել է Կիրիլ Սիլչենկոյի ալրաղացը, որն աշխատել է էլեկտրական էներգիայով: Երեւան քաղաքում 1829/1832թթ. եղել են 23 ջրաղացպան, 1851թ.` 15, 1865թ`. 12, 1879թ` 14: Ինչպես երեւում է բերված թվերից, ջրաղացպան վարպետների թիվը գնալով պակասում է: 1950-ական թվականներին էլեկտրական աղացների երեւան գալու հետ ջրաղացներն աստիճանաբար կորցրեցին իրենց նշանակությունը: 20-րդ դարի սկզբին Երեւանի մեծահարուստ Հաջի Իրզան Զանգվի ափին ունեցել է ջրաղացներ եւ ցանկություն է ունեցել իր ջրաղացների տեղում կառուցելու հիդրոէլեկտրակայան: Էջմիածնի սինոդի տվյալներով 1901թ. Զանգու գետի վրա իրենց պատկանող ջրաղացը բերել է 1000 ռուբլի շահույթ: Ջրաղացի աշխատելու համար կառուցել են նաեւ արհեստական ջրամբարներ: 1808թ. Երեւանում Հրազդան գետի վրա եղել է 9 ջրաղաց: Ջրաղացի կառուցումը եւ շահագործումը թանկ արժեր: Այդ իսկ պատճառով այն ունեին հարուստ մարդիկ միայն: Ջրաղացները եկամտաբեր էին: Հետեւաբար շատ հաճախ նրանք անցնում են խոշոր ֆեոդալական կամ վանքապատկան տնտեսություններին: 1736թ. Էջմիածնի վանքին է պատկանել 10-ը ջրաղաց: Որոշ դեպքերում վանքերին տրվել է ջրաղացի օգուտի մի մասը:

Ներկայումս աշխարհում գոյություն ունեցող ջրաղացների քանակը նվազում է: Սակայն դեռ շատ վայրերում կարելի է հանդիպել ջրաղացների: Օրինակՙ Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի մարզում: Գործող ջրաղացներ կան նաեւ Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում: Իսկ Հոլանդիայում պահպանվել են տասնյակ հողմային աղացներ, հիմնականում տուրիստական նպատակների համար: Օրինակՙ Կիրխբերգ գյուղում:Այստեղ ոչ միայն կարելի է տեսնել ,թե ինչպես էին հին դարերում ալյուր ստանում, այլեւ ջրաղացի երկրորդ հարկում գոյություն ունի հնամենի գյուղատնտեսական իրերի թանգարան: Ընդ որում, այստեղից այցելուն կարող է տանել իր հետ ինչ-որ նմուշ:

Երեւանի քաղաքապետարանը եւ շահագրգիռ բոլոր կազմակերպություններն ու անձինք կարող են իրենց լուման ունենալ այս կարեւոր միջոցառման իրականացմանը:Առավել եւս, որ շուտով նշելու ենք Երեւան քաղաքի հիմնադրման 2801-ամյա հոբելյանը:

Նկար 1. Ջրաղացներ Զանգվի ձորում, Երեւան, 1921թվական

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 30-08-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ