RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 30-08-2019



Տեղադրվել է` 2019-08-29 22:36:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 885, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՆՈՒՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՊԱԳԱՅԻ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող, Մոսկվա

Այս օրերին հասարակության ամենալայն շրջանակներում քննարկվող հարցը մնում է Ամուլսարի հանքի շահագործում թույլ տալը կամ չտալը: Թե՛ կողմ, թե՛ դեմ արտահայտվողների մտահոգությունները, անտարակույս, ազնիվ են: Կողմ արտահայտվողները, վկայակոչելով կառավարության հատկացրած 400 հազար դոլարով անցկացված վերջին փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքները, հասարակական լսարանին համոզում են, թե հանքի շահագործման մեջ անվերահսկելի վտանգներ չկան: Ուստի, ըստ իրենց, կարելի է շահագործումը թույլատրել: Դեմ արտահայտվողները միանգամայն համոզիչ կասկածներ են հայտնում այդ առթիվ: Ըստ իս, թե՛ մեկ, թե՛ մյուս տեսակետներն ունեցողների մեջ կան այս խնդրի շուրջ քաղաքական շահարկում անողներ: Դեմերը չարախնդում են, թե ներկա իշխանություններն արժանի են հասարակության այս երկփեղկմանը, Նիկոլն ու նիկոլականները ժամանակին իրե՛նք էին պայքարում Ամուլսարի հանքավայրը շահագործելու դեմ: Դե, թող հիմա բարի լինեն ժողովրդին բացատրել, թե ի՞նչ է փոխվել, ինչո՞ւ են հանկարծ Ամուլսարի հանքավայրը շահագործելու կողմնակիցներ դարձել:

Իսկ հակառակ տեսակետ ունեցողները խստորեն դատապարտում են Կառավարության այն անդամներին (այդ թվում նաեւ վարչապետ Փաշինյանին), որոնց մեծամասնությունը Ամուլսարի հանքավայրի շահագործումը թույլ տալու կողմնակից է կամ առնվազն տպավորություն կա, թե կարող է այդպիսի մոտեցում որդեգրել:

Կրկնում եմՙ հարգանքի արժանի են թե՛ մեկ, թե՛ մյուս տեսակետները, անկախ նույնիսկ այն բանից, որ երկու դեպքում էլ քաղաքական անթաքույց շահարկումներ կան: Ինձ համար միանշանակ մերժելի են հատկապես այն մարդիկ, ովքեր գտնում են, թե Ամուլսարի խնդիրը ոչ մի դեպքում չի կարելի դնել հասարակական հանրաքվեի: Իբր, անգրագետ «Պողոսները» թող իրենց մեծամասնության քվեները չպարտադրեն «գրագետ Պետրոսներին»:

Արի ու մի հեգնիրՙ ա՛յ բամբառակ, բա որ տարիուկես առաջ այդ անգրագետ «Պողոսների» «դըմփ-դըմփ հու» գոռոցների, ապա նաեւ դրան հաջորդած խորհրդարանական ընտրությունների էյֆորիկ քվեարկության արդյունքներով հեղափոխություն էիք անում, ինչո՞ւ էիք մոռացել ձեր հետեւից եկողների «անգրագիտությունը»: Թե՞ այն ժամանակ իշխանության նվաճման խնդիր էր դրված, այդ «անգրագետների» ձայները ձեզ շատ ու շատ էին պետք:

Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ ժողովրդի հավաքական իմաստությունը չի կարող սխալ լինել: Ուստի այսօր էլ գտնում եմ, որ Ամուլսարի հանքի շահագործում թույլ տալու կամ թույլ չտալու հարցը պետք է դնել համաժողովրդական հանրաքվեի: Հանրաքվեն ի՛նչ էլ որոշիՙ ճիշտը դա՛ կլինի: Թող հանրաքվեից առաջ թե՛ մեկ, թե՛ մյուս տեսակետներն ունեցողները ժողովրդին ազատ ու անկաշկանդ բացատրեն, թե ինչո՞ւ են կողմ կամ դեմ: Թող բացեիբաց ասեն, որ կողմ են, որովհետեւ մենք անկախություն ստանալուց անմիջապես հետո հոշոտել ենք երբեմնի Խորհրդային Միությունից մնացած մեր հսկայական տնտեսական ներուժը, անկախության առաջին երկու-երեք տարիներին հափշտակել ենք 1400 խոշոր արդյունաբերական ձեռնարկություն, 629 կոլխոզ-սովխոզՙ բազմամիլիոն անասնագլխաքանակով:

Սեփականաշնորհման անվան տակ հենց ամենասկզբից գործազուրկ է դարձել շուրջ երկու միլիոն մարդ, ուստի հարկադրված լքել է երկիրը: Համընդհանուր թալանի միջոցով մի բուռ մեծահարուստների ձեռքում է կենտրոնացել երկրի նյութական հարստությունների առյուծի բաժինը, հարուստների ու աղքատների միջեւ անցնող բաժանարար գիծը զարհուրելի չափով ծռվել է հօգուտ առաջիններիՙ միլիոնավոր մարդկանց հասցնելով թշվառության վերջնասահմանին: Այսինքն, մենք մեր երկրում հաստատել ենք ամենավայրենի կապիտալիզմի վատթարագույն տեսակը: Հիմա, երբ ամեն տեղից ելնող ափեղ-ցփեղ խոսում է նախորդ իշխանությունների մեղքերի մասին, ինչո՞ւ են շրջանցվում... նրա՛նց նախորդները...Իսկ ՀՀԿ-ն ի՞նչ ժառանգեց... ՀՀՇ-ից: Վաղ թե ուշՙ մեզ հարկ է լինելու ուղիղ նայել մեր իսկ պատմության վերջին երեսուն տարիների աչքերին, գնահատել, միգուցե եթե ոչ քրեական, ապա առնվազն քաղաքական գնահատական տալ այդ շրջանին եւ նոր միայն անցնել հաջորդներին, որոնց արարքներին նույնպես պետք է գնահատական տալ: Առանց դրաՙ մենք երաշխավորված ապագա չենք ունենա...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 30-08-2019

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ