RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 30-08-2019



ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տեղադրվել է` 2019-08-29 22:36:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1210, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՈՐՔԱՆ ԷԼ ՄԵԾ ԼԻՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՉՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԳԻՆԸ, ԱՅՆ ԱՐԺԵ ՎՃԱՐԵԼ ՀԵՆՑ ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ»

Զրուցեց ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Դեռեւս 2011 թվին Եվրոպայի Խորհուրը Թուրքիայի Հանրապետությունում ստորագրել է մի միջազգային համաձայնագիրՙ «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան», որն այսօր հայ հասարակությանն առավելապես հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անվամբ: Սույն կոնվենցիան պաշտոնապես ուժի մեջ է մտել 2014 -ից:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Կոնվենցիան. առաջին հայացքից թվում էՙ նպատակը կանանց հանդեպ բռնությունները կանխելն է: Սակայն բազմաթիվ իրավագետներ, սահմանդրագետներ, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցինՙ ի դեմս Հայոց հայրապետի, եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների, Կոնվենցիայի հոդվածներում, իրավական ձեւակերպումների ենթատեքստում ակնհայտորեն տեսնում ու մատնանշում են բացահայտ սպառալիք մեր ազգային արժեհամակարգի, հայ ընտանիքի ավանդական մոդելի դեմ: Նրանց փաստարկներով, եթե, օրինակ, ՀՀ Սահմանադրության համաձայն ընտանիքը ստեղծվում է կնոջ եւ տղամարդու միջեւ, ապա Կոնվենցիան ընտանիքի գաղափարի համատեքստում դիտարկում է նաեւ ԼԳԲՏ անձանց: Դրանով պայմանավորվածՙ դեռ 2017-ից Ստամբուլյան կոնվենցիային մշտապես դեմ է հանդես եկել նաեւ Հայաստանի Փաստաբանների պալատը: Իսկ վերջերս, վերոնշյալ ակնհայտ փաստերը հաշվի առնելով, ԵԽ անդամ 9 պետություններից 333 հասարակական կազմակերպություններ իրենց հայտարարությունն են տարածելՙ պահանջելով բազմաթիվ իրավական ձեւակերպումների վերանայում: Մինչդեռ մերօրյա իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ պնդում են, թե սույն կոնվենցիայում ոչ միայն որեւէ վտանգ չկա, այլեւ այն բնութագրում են որպես «համամարդկային եւ մեր օրենսդրությանը համապատասխան», ինչը, իհարկե, մոլորություն է. Կոնվենցիան ոչ միայն հակազգային ու հակասահմանդրական է, այլեւ մեր ԱԺ-ում վավերացվելու դեպքում Հայաստանը կանգնելու է համապատասխան օրենսդրական փոփոխություններ իրականացնելու փաստի առաջ: Եվ բազմաթիվ փաստաբաններ շարունակում են իրենց արդարացի պայքարըՙ պահպանելու մեր օրենսդրությունն ու արժեքները:

Մեր զրուցակիցը Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ, Հյուսիսային համալսարանի դասախոս Արմինե Ֆանյանն է, որը բազմաթիվ հանդիպումներում ու հարցազրույցներում իր դիրքորոշումը ձեւակերպել է այսպես. «Վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, նշանակում է վտանգել մեր ազգային ինքնությունըՙ որպես առաջին քրիստոնյա ազգ»:

- Գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհն այսօր ընթանում է գլոբալիզացիայի ուղով եւ ցավոք, այդ ուղին ընթանում է ոչ միայն մարդու հիմնական իրավունքներն առաջ մղելով, այլ նաեւ մի շարք այլ արժեքների ոչնչացմամբ, որոնք, անշուշտ, լուրջ մարտահրավեր են ազգային ինքնություն, մշակույթ եւ կրոն ունեցող ազգերի համար,- ասում է Արմինե Ֆանյանը:- Այսօր աշխարհը կանգնած է նախ եւ առաջ կրոնի գլոբալիզացիոն խնդրի առաջ, որին ուղեկցում են դրան նպաստող այլ բացասական գործոններ, եւ Հայաստանը, ցավոք, բացառություն չէ: Ներկայումս, մեր առջեւ ծառացած լրջագույն գլոբալիզացիոն մարտահրավերը, այսպես կոչված` Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վտանգն է, որն իր հետ բերելու է այլ արժեհամակարգով մեծացող սերնդափոխություն, հետեւապես նաեւ ազգային արժեքների ոչնչացման ռիսկ:

- Մեր Սահմանադրությունը երաշխավորում է մեր լեզվի եւ ազգային արժեքների պաշտպանությունը պետական մակարդակովՙ որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն (15-րդ հոդվածի 2-րդ մաս): Այս առումով ի՞նչ հարվածներ ու ռիսկեր է իր մեջ պարունակում Եվրոպայի Խորհրդի Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին կոնվենցիանՙ նույն Ստամբուլյան կոնվենցիան:

- Մեզ համար նախ մտահոգիչ է Ստամբուլյան կոնվենցիայի ընդգրկման շրջանակը: Կոնվենցիայի կողմնակիցները շարունակ շահարկում են կանանց իրավունքների պաշտպանությունը, սակայն նշված փաստաթուղթը ընդգրկում է նաեւ ընտանեկան բռնության զոհերին, որի ներքո Կոնվենցիայի իմաստով` ներառված են նաեւ ԼԳԲՏ անձինք (ԼԳԲՏ անձանց մասին ուղղակիորեն խոսվում է Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետում): Մեր հիմնական մտահոգությունը կայանում է այն բանում, որ ԼԳԲՏ անձինք ներառվում են ընտանիք կոնցեպտի մեջ, քանի որ Կոնվենցիան առանձնացնում է զոհերի երկու հիմնական խումբ` կանայք եւ ընտանեկան բռնության ենթարկվածներ: Հետեւապես, ԼԳԲՏ անձինք ներառված են Կոնվենցիայում տեղ գտած հետեւյալ երեք կատեգորիաներից մեկում` «ընտանեկան միավոր», «զուգընկեր» եւ «ընտանիք»: «Զուգընկեր» Կոնվենցիայի իմաստով հասկացվում է «ներպետական օրենսդրությամբ ճանաչված զուգընկերներ», սակայն Կոնվենցիան ընտանիք սահմանումը չի տալիս: Դա ոչ միայն առաջացնում է իրավական անորոշություն, այլ նաեւ հող է ստեղծում այդ հասկացությունն ավելի լայն մեկնաբանել, քան մեր Սահմանադրությունը: Բացի դա, Կոնվենցիան ներառում է նաեւ «ընտանեկան միավոր», «զուգընկեր» հասկացությունները, որոնք հասկանալի է, որ չեն նույնանում ընտանիք հասկացության հետ: Իսկ ի՞նչ է հասկացվում «ընտանեկան միավոր»-ի տակ, որը ներառված է «ընտանիք» եւ «զուգընկեր» դասակարգման հետ: Այսինքն, եթե ընտանիք եւ զուգընկեր հասկացությունները տարբեր մեկնաբանություններ ունեն, ակնհայտ է, որ «ընտանեկան միավոր» հասկացությունը եւս այլ տարբերվող մեկնաբանություն ունի:

Մտահոգություններից մեկն էլ Կոնվենցիայի 14-րդ հոդվածն է. «Կողմերը համապատասխան դեպքերում ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր, որպեսզի պաշտոնական ուսումնական ծրագրերում եւ կրթական բոլոր մակարդակներում ընդգրկվեն կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարության, կարծրատիպերից զերծ գենդերային դերերի, փոխադարձ հարգանքի, միջանձնային հարաբերություններում տարաձայնություններն առանց բռնության լուծելու, կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի թեմաներով ուսումնական նյութերՙ մշակված ըստ ուսումնառողների կարողությունների զարգացվածության»: Նշված հոդվածում, «կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարության...» արտահայտությունից հետո միտքը շարունակվում է «կարծրատիպերից զերծ գենդերային դերերի» արտահայտությամբ: Այսինքն, խոսքն այստեղ ոչ թե սեռով պայմանավորված գենդերին է վերաբերում, այլ գենդերային այն դերին, որն անձը իրեն կվերագրի, հետեւապես, Կոնվենցիայի այս դրույթը չի կարող մեկնաբանվել միայն որպեսՙ կանանց նկատմամբ բռնության արդարացման բացառում կապվածՙ ավանդույթներով, մշակույթով եւ կրոնով: Խոսքն այստեղ վերաբերում է այնպիսի կրթական ծրագրեր մշակելուն եւ մեր երեխաներին հրամցնելուն, որոնք ուղղված են երեխայի մոտ սեռային չեզոքություն զարգացնելուն եւ որպեսզի հետագա սերունդները որեւէ կաշկանդվածություն չունենան իրենց միասեռական հռչակել եւ դրա հետ կապված որեւէ «կարծրատիպային» վարք չդրսեւորեն:

Մեր տեսանկյունից տարակուսանք են առաջացնում նաեւ «գենդերային պատկանելություն», «գենդերային ինքնություն», «կարծրատիպերից զերծ գենդերային դեր» հասկացությունները, որոնք Կոնվենցիայի իմաստով չեն նույնանում «սեռ» կատեգորիայի հետ, քանի որ խմբեր թվարկելիս, Կոնվենցիան ի թիվս սեռիՙ թվարկում է նաեւ, օրինակ, «գենդերային պատկանելություն», «սեռական կողմնորոշում», «գենդերային ինքնություն» հասկացությունները (օրինակՙ Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետ): Այսինքն, այս հասկացությունները չեն նույնանումՙ նույնիսկ շաաա՜տ մեծ ցանկության դեպքում:

- Հարգելի՛ Արմինե , սույն փաստաթղթի անվանումը կարդալիս, որպես հակակշիռ մտաբերում եմ Մխիթար Գոշի ՙ դեռ 12-րդ դարում ասված այս միտքը. «Կրթված կանայք հասարակության հարստությունն են»: Սա վկայում է այն մասին, որ դեռ միջնադարում հայ ազգը կանանց կրթության կարեւորության մասին հստակ պատկերացում է ունեցել: Հնարավոր չէ՞ մեր օրենսդրությունը բարելավել հայ իրավական մտքի հսկաներիՙ Մխիթար Գոշի, Սմբատ Գունդստաբլի եւ մյուսների գիտական ժառանգության վրա հենվելով, որոնց առաջ քաշած օրենքներն ավելի ուշ շատ եվրոպական երկրներ պիտի կիրառեին: Մինչդեռ մեզ փորձում են «քաղաքակրթել» նմանօրինակ միջազգային կոնվեցիաներով:

- Մեր ողջ պատմության իրավական մտքի զարգացումը պարտական է Մխիթար Գոշի, Սմբատ Գունդստաբլի եւ այլոց գիտական ժառանությանը: Ավելին, հայ հասարակությունում կինը բավական կրթված է: Իհարկե, շատ ոլորտներում կանանց լիարժեք ներգրավվածությունը դեռ պատշաճ մակարդակով ապահովված չէ, սակայն վերջին տարիներին ՀՀ-ում, անգամ դատա-իրավական համակարգում կանայք արդեն իսկ զբաղեցնում են բավական բարձր պաշտոններ, ինչը խոսում է պետության կողմից գենդերային անհավասարությունը վերացնելուն ուղղված ճիշտ քաղաքականություն վարելու մասին: ՀՀ-ում գործող օրենսդրական ակտերը բավարար են թե՛ կանանց, եւ թե՛ ընտանեկան բռնության զոհերին պաշտպանելու համար, անհրաժեշտ է միայն ստեղծել գործուն մեխանիզմներ այդ ամենը կիրառական դարձնելու համար, եւ հավատացեք, մեզ դրա համար որեւէ կոնվենցիա պետք չէ:

- Ստամբուլյան կոնվենցիայի 12-րդ հոդվածով ամրագրված է հետեւյալ նորմը. «Կողմերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի փոփոխվեն կանանց եւ տղամարդկանց սոցիալական եւ մշակութային վարքագծի կանոններըՙ այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթներն ու եւ ցանկացած այլ պրակտիկան արմատախիլ անելու նպատակով, որոնք հիմնված են կնոջ անլիարժեքության ԿԱՄ ԿՆՈՋ ԵՎ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԾՐԱՏԻՊԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ»: Ի՞նչ պետք է հասկանալ այս դրույթի ներքո: Եվ արդյո՞ք սա վերպետական օրենքի ուժով բացահայտ հոգեւոր բռնություն չէ մեր ազգային արժեհամակարգի վրա:

- Եթե համապարփակ կերպով փորձենք մեկնաբանել նշված նորմը, ապա ներդրված գաղափարը հետեւյալն է` յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչ ինքն է ընտրում իր սոցիալական վարքականոնների ամբողջությունը, եւ որեւէ մեկը չպետք է լինի կաշկանդված որեւէ մշակույթով կամ արժեքաբանությամբ: Այսինքն պետությունը պետք է պարարտ հող ստեղծի անգամ այն անձանց համար, ովքեր ցանկանում են իրենց սեռից տարբերվող գենդերային վարքագիծ դրսեւորել: Օրինակ` տղամարդը ցանկանում է կնոջ վարքագծի սոցիալական դրսեւորումներ ունենալ եւ հասարակությունը պետք է լինի կարծրատիպերից զերծ այդ անձանց նկատմամբ:

- Անդրադառնանք սույն կոնվենցիայի 60-րդ հոդվածի 3-րդ կետին, որով ամրագրված է հետեւյալը. «Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական եւ այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապաստան հայցողների համար գենդերային բաղադրիչը հաշվի առնող ընդունման ընթացակարգեր եւ աջակցության ծառայություններ, ինչպես նաեւ գենդերային ուղեցույցներ եւ գենդերային բաղադրիչ ունեցող ապաստան տրամադրելու ընթացակարգեր ստեղծելու համար, ներառյալՙ փասխստականի կարգավիճակ տալու հարցի լուծումը եւ միջազգային պաշտպանության մասին դիմումները»: Վտանգ չկա՞, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելուց հետո Հայաստանը կարող է դառնալ համապատասխան խմբերի անձանց համար լայնամասշտաբ ներգաղթի վայրՙ բոլոր արտոնյալ պայմաններով ու հետեւանքներով:

- Թեեւ իմ պատկերացմամբ ՀՀ-ն համապատասխան սոցիալական ծրագրերի բացակայության պատճառով այդքան էլ նպաստավոր չէ ներգաղթի համար, այնուամենայնիվ, կա մտահոգություն առ այն, որ այլ երկրներից, այո, կարող է ԼԳԲՏ անձանց ներհոսք սկսվել:

- Հնարավո՞ր է, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման արդյունքում նույն ԼԳԲՏԻ-ի ներկայացուցիչները հորինված պատմություններով հայցեր ներկայացեն ՄԻԵԴ, որն իր հերթին հետագայում Հայաստանի վրա լրացուցիչ ճնշումներ գործադրելու եւ ազգային կարեւոր նշանակություն ունեցող հարցերի լուծման համար զիջումներ կորզելու նոր դաշտ կբացի:

- ԼԳԲՏ անձինք ներկայումս էլ հնարավորություն ունեն իրավական պաշտպանություն գտնել ՄԻԵԴ-ում եւ վերջիններիս ամենահզոր զենքը ենթադրյալ խտրականության դրսեւորումն է: Կոնվենցիայի վավերացմամբ պետությունը ստանձնելու է նոր պարտականությունների ծավալ, որոնք ուղղված են նաեւ այդ խմբի անձանց իրավունքների պաշտպանությանը: Կարծում եմ, սրանով իսկ ԼԳԲՏ անձանց համար ՄԻԵԴ դիմելու պարզապես առավել լայն դաշտ կբացվի, թեեւ այդ իրավունքը, ինչպես արդեն նշեցի, պատկանում է յուրաքանչյուրին:

- Նախկինում, երբ մշակվում էր Ընտանեկան բռնության մասին օրինագիծը, ՀՀ Փաստաբանների պալատի մասնագետները դարձյալ բարձրաձայնել եւ հանգամանորեն անդրադարձել են օրինագծում տեղ գտած բազմաթիվ թերություններին, դրանցում առկա, այսպես կոչված, «փաստացի ընտանիք», «զուգընկեր» եւ նմանաբնույթ այլ եզրույթների ներմուծման վտանգին: Եվ Հայ Եկեղեցու հետեւողական պաշտոնական արձագանքների շնորհիվ մասամբ հնարավոր եղավ մեղմելու այդ ապազգային ու երեխաների իրավունքները խաթարող նորմերը: Դարձյալ ժամանակը չէ՞ սույն կոնվենցիայի հակազգային եւ հակասահմանադրական բնույթն ու դրանից բխող անդառնալի հետեւանքները կանխել Հայ Առաքելական եկեղեցու հետ համագործակցությամբ:

- Հայ Առաքելական եկեղեցին բավական ակտիվ է քաղաքացիներին Կոնվենցիայի վտանգների մասին իրազեկելու հարցում: Անգամ կազմակերպվել են քննարկումներ, որոնք խիստ կարեւորում ենք: Հատկապես գովելի են հեղինակություն վայելող հոգեւորականների կողմից քրիստոնեական եւ ազգային արժեքների լույսի ներքո Կոնվենցիայի մի շարք վիճահարույց դրույթների մեկնաբանությունները, որոնք հուրախություն ինձ` մեծ քանակությամբ դիտումներ ունեն:

- Հարգելի՛ Արմինե, ուզում արձանագրել մի փաստ եւս. վերջերս ՀՀ ՓՊ -ի նախագահ Արա Զոհրաբյանը նախաձեռնել էր ստորագրահավաքՙ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի: Սակայն այն արագ անհետացավ համացանցային տիրույթից: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրողությունը:

- Այո, կազմակերպվել էր... այն հեռացվել է changorg կայքի կողմիցՙ ատելության խոսք պարունակելու պատճառաբանությամբ, թեեւ ատելության խոսքի նշույլ անգամ չկար: Չեմ կարող, իհարկե, ասել, թե ինչ ուժեր են կանգնած այս ամենի հետեւում: Սակայն ակնհայտ է, որ իշխող թեւը լծված է Կոնվենցիան վավերացելու գործընթացին: Եվ հասարակության լայն ներգավվածությունը խիստ կարեւոր եմ համարում նման խնդիրների լուծման հարցում: Կարծում եմ, որ մեր հանրության խիստ բացասական արձագանքը կստիպի շահագրգիռ պաշտոնատար անձանցՙ զերծ մնալ Կոնվենցիան վավերացնելու անհագ ցանկությունից:

- Ստամբուլյան կոնվենցիան չեն վավերացրել բազմաթիվ եվրոպական երկրներ: Իսկ, օրինակ , Բուլղարիան, իր երկրի համար այն ճանաչել է հակասահմանադրական: Կոնվենցիայի 79 եւ 80-րդ հոդվածները վերաբերում են վերապահումներին ու մինչեւ անգամ չեղարկելուն: Ի՞նչ իրավական ճանապարհ են անցել սույն կոնվենցիան չվավերացրած կամ հակասահմանադրական ճանաչած երկրները: Եվ որո՞նք պետք է լինեն մե՛ր քայլերըՙ հասնելու այդ փաստաթղթի չեղարկմանը:

- Կոնվենցիան մտահոգություն առաջացնող որեւէ հոդվածի մասով վերապահում չի թույլատրում: Ինչ վերաբերում է Բուլղարիային, ապա ԵՄ անդամ պետություն հանդիսանալով` այն հակասահմանադրական է ճանաչել այդ փաստաթուղթը: Կարծում եմ, ՀՀ-ն չպետք է տվյալ փաստաթղթի վավերացման համար հարթություն ստեղծի ՍԴ միջոցով, այդ փաստաթուղթն առհասարակ ԱԺ օրակարգ չպետք է մտնի, իսկ մտնելու դեպքում` ԱԺ մեծամասնությունը պետք է այդ փաստաթղթին դեմ քվեարկելու քաջություն ունենա: Պետությունը պետք է գիտակցի հստակ մի բան` որքան էլ մեծ լինի Կոնվենցիան չվավերացնելու գինը, այն արժե վճարել հենց մեր ինքնության պահպանման համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 30-08-2019

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ