RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-08-2019



Տեղադրվել է` 2019-08-01 22:32:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 3992, Տպվել է` 598, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԸ. ՄՐԳԱՇԱՏ

ՆԱԻՐ ՅԱՆ

Ավտոմեքենան անցնում է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի փողոցներով։ Դրսում համարյա մարդ չկա. շոգը բոլորին տուն է քշել։ Տնամերձ հողամասերում հատուկենտ կանայք կռացած քաղհան են անում, բալ ու կեռաս քաղում։ Առավոտյան բերքը պետք է շուկա տարվի։ Համայնքի ղեկավարը կանգնած է գյուղամիջումՙ շրջապատված համագյուղացիներով։ Խոսում են, վիճում. ոռոգման ջուր չկա։ Դաշտերն ու խաղողի այգիները չորանում են. ջուրը բոլորին չի հասնում։ Գյուղի փողոցներով անցնելիս տներն ու այգիներն անցորդին շատ բան կպատմեն. կպատմեն, որ փայտոջիլից քրքրված դուռ-պատուհանով կիսախարխուլ տներում կիսաքաղց երեխաներ են ապրում, որոնց ծնողներն օրավարձով աշխատում են, որ ընտանիքի գոյությունը պահեն։ Անխնամ, անբարեկարգ բակ ու այգիներում երեխաներ են վազվզում։

Մի երիտասարդ կին տանից դուրս եկավ, հողաթափերը հանեց, ռեզինե կոշիկները հագավ, շրջվեց, շտապեցրեց երեխաներին։ Նրա ձայնի վրա 5-6 տարեկան երեք երեխա հետեւեցին մորը։ Նրանցից մեկըՙ շեկ մազերով, կլոր, պսպղուն աչքերով մի աղջնակ, մոր նման հողաթափերը հանեց ու ինքն էլ ռետինե մանրիկ ոտնամաններ հագավ։ Չորսով մտան բանջարանոց։ Կեսօրվա արեւն անխնա այրում էր։ Քաղհանից բացի, պետք է հասցնեին կանաչին քաղել, առանձին կապերով դասավորել արկղերում. երեկոյան քաղաքից մարդ է գալու, տանի։ Իրենց արյուն-քրտինքով աճեցրած կանաչին գրոշներով հանձնում են ուրիշի, նա էլ մեկին տասը գին է դնում ու վաճառում։ Ոչ իմանում է քաղհանն ինչ է, ոչ ջրելը, ոչ էլ լվալն ու կապերով դասավորելը։ Գարնանից մինչեւ աշուն հողի հետ կռիվ են տալիս, ջուր չեղած ժամանակ բակից ջուրը դույլերով կրում այգի հասցնում, որ կանաչու մարգերը չչորանան, չարչարանքը հողին չհավասարվի։ Իսկ մի օտար քաղաքացի գալիս է, իրենց ամիսնրի աշխատանքին մի քանի կոպեկ տալիս, առնում-գնում։ Դեռ խեթ-խեթ էլ նայում է, թեՙ թանկ եք տալիս, ցանածներդ կանաչի չի՞, եթե մյուս անգամ չէժանացնեք, ուրիշից կվերցնեմ ապրանքը։

Ջրի շիշը մայրը դրեց հողի վրա ու երեխաներին հորդորեցՙ շուտ-շուտ ջուր կխմեք, որ չուշաթափվեք։ Տղաներից ավագը մտավ լոբու սարիների մեջ։ Այնտեղ համեմատաբար զով է։ Մայրը նկատեց ու նախատեցՙ դու ոչ մեկից առավել չես, դո՛ւրս արի, աշխատի։

Երկու րոպե չանցածՙ երեխաների ոտքներին թաց հողի կոշտեր էին կպել, որից տեղաշարժվելը շատ էր դժվարացել։ Ոտնամաններից ամեն մեկը մի քանի կգ էր դարձել։ Փոքրիկ աղջկա թաթիկները նույնպես ցեխոտվել էին. նա մեջքն ուղղեց ու փայտի տաշեղով սկսեց ձեռքի ցեխը քերել։ Մայրն աչքի պոչով նայեց ու գոհ ժպտաց. «Դուստրը փոքր է, բայցՙ հնարամիտ. չտրտնջաց, ձեռքերը մաքրելու ելքն ինքնուրույն գտավ։ Եղբայրներն էլ են աչքաբաց, հատկապես փոքրը, բայց աղջկիկն ուրիշ է։ Ա՜խ, երանի մեծանա, սովորի, էս ցեխից ու գյուղից դուրս գա, քաղաքներում իր բախտը գտնի»։ Մտածեց մայրը, գորովանքով նայեց դստեր կողմն ու աչքերով համբուրեց նրան։ Հետո հայացքը գցեց որդիների կողմը։ Կամակոր են, քմահաճ, մեկ էլ տաքացած աքլորների նման իրար են կպչում, հողերի մեջ քոլոլվում, բայց իրեն նեղություն չեն տալիս. իրենց տարեկիցների նման հեռախոս ու պլանշետ, ինտերնետ ու հեծանիվ չեն ուզում։ Ինչ տաս, կհանգնեն, ինչ դնես սեղանին, կուտեն։ Լավ է, երեխաները շուտով ճամբար կգնան։ Իրենց ընտանիքը համայնքապետարանի սոցիալապես անապահովների ցանկում ընդգրկված է, մեկ-մեկ հումանիտար օգնություն են ստանումՙ շոր-կոշիկ, դպրոցական պայուսակ, գրենական պիտույք։ Ճամբար էլ որ գնան, մոր գործը մի քիչ կթեթեւանա։ Սիրտը մեկ-մեկ ճմլվում է, երբ փոքր աղջիկը տիկնիկ ու մանկական սայլակ է ուզում։ Երեխա է, հարեւանների տանը տեսնում է, գայթակղվում։ Ինքն էլ դստեր ուշադրությունը շեղելու համար կարմիր լաքը վերցնում է ու նրա եղունգները ներկում։ Հետոՙ շրթներկ քսում, թարթիչները սեւացնում ու կանգնեցնում հայելու առաջ։ «Ջա՜նս, տես ինչ սիրուն ես. մամայի տիկնիկն ես։ Քեզ նման գեղեցկուհի չկա»։ Դուստրը հայելու մեջ իրեն է նայում, հրճվում, մոր վզովն ընկնում։

Ա՜խ եթե սկեսրայրը դադարի խմելը, ընկերներին գլխին չհավաքի, գա տուն ու մինչեւ կեսգիշեր խրախճանք չանի։ Ինքն ամուսնու հետ դրա պատճառով շատ է վիճում. վերջերս անգամ բաժանման հարց դրվեց։ Ախր երեխաներն ի՞նչ մեղավոր են, որ ամեն երեկո հարբած մեծերի հայհոյանքն ու կռիվը լսեն։ Խեղճերը վախից չեն կարողանում քնել, կպչում են մոր փեշերին։ Նրանց սրտխփոցն անգամ մայրն է լսում. մեղմ ձայնով, գորովանքով հանգստացնում է երեխաներին, հետո շուռ գալիս կոկորդը պատռելով գոռում անկոչ հյուրերի ու նրանց հյուրընկալողի վրա։ Մոր ուզածն ի՞նչ էՙ խաղաղ կյանք. իրենք պակաս-պռատ են ապրում, հազիվ են ծայրը ծայրին հասցնում, երեխաները մեծանում են, հոգսերն էլՙ հետները։ Բայց ոչինչ, կդիմանա, կպայքարի, միայն թե միտքն ու հոգին հանգիստ լինեն։ Իր ծնողներն էլ իրենց ընտանեկան վեճերին խառնվեցին, ինքը երեխաների հետ ժամանակավորապես հորանց տուն տեղափոխվեց, բայց համայնքի սոցիալական աշխատողը եկավ-զրուցեց բոլորի հետ։ Շատ օրինակներ բերեց, թե տարիներ հետո ոնց են կանայք փոշմանել, որ դժվարություններին չեն դիմացել, ամուսնալուծվել են, երեխաներին իրենց հորից կտրել։ Ի վերջո, խնդիրն ամուսինների միջեւ չէ. միակ պատճառը կեսրայրի կյանքն էՙ օղու շշեր, հայհոյանքի մշտական բառապաշարով ընկերներ ու գիշերային գինարբուքներ։ Բայց հիմա դրանք քչացել են։ Սկեսրայրը կարծես խելքի գալու նշաններ է ցույց տալիս։ Սոցիալական աշխատողը խոսքով, հորդորով իրենց ընտանիքը փրկեց։ Շեկ մազերով, կլոր, պսպղուն աչքերով ու ցեխոտ ձեռքերով դուստրը հենց տեսնում է նրան, վազում գիրկն է ընկնում։ Իրար ջերմ-ջերմ համբուրում են։

Մեքենան կանգնեց գյուղի վերջին տներից մեկի մոտ։ Տուն էլ ասում ենք. հետեւի պատն այնպես է ճաք տվել, որ արանքով կատու կանցնի։ Հենց այդ պատի տակ են դրված երեխաների մահճակալները։ Ուրիշ որտե՞ղ դնեն։ Այդ սենյակը գոնե փայտե հատակ ունի, ճաշասենյակի ու խոհանոցի գետինը բետոնից էՙ խոնավ, սառը։ Ընտանիքն այս տունը վարձել է, որովհետեւ ապրելու տեղ չունի, իսկ ավելի լավ տուն տեղափոխվել չի կարող. վարձը թանկ է։

Երեխաներն ընկույզի հսկա ծառն են բարձրացել։ Ծառի տակ երկու դույլ կա. մայրն է տվել ու պատվիրել, որ ընկույզով լցնեն- բերեն։ Ընկույզի իսկական ժամանակն էՙ կեղեւը բաց-կանաչ, միջուկըՙ մատղաշ։ Երեկ է մայրը ստուգելու համար ընկույզն ասեղով ծակել. ծակից սպիտակ հյութ է դուրս տվել, ուրեմն մուրաբա եփելու իսկական ժամանակն է։ Մի քանի դույլ պիտի քաղեն, բայց մայրն զգուշացրել էՙ ընկույզի ծառը դավադիր է, ճյուղերը շուտ են ջարդվում, շատ վերեւներ հասնել պետք չէ։ Վերեւի ճյուղերի ընկույզը թող մնա, հասնի, թափվի։ Իրենք կհավաքեն, կկոտրեն, յուղոտ միջուկը մայրը կտորի տոպրակների մեջ կլցնի, Նոր տարվա համար կպահի։

Տղաներն իրար օգնելովՙ ընկույզով լի դույլերը տուն տարան։ Մայրը դատարկեց մեծ թասերի մեջ,մեղրագույն աչքերով որդիներին ժպտացՙ ապրեք։ Հետո սկսեց հատիկները հաշվել, որ իմանաՙ քանի կգ շաքարավազ, քանի բաժակ ջուր է լցնելու մուրաբայի համար։ Որդիներն ընկույզի մուրաբա շատ են սիրում, ինքն էլ եփում էՙ համո՜վ-համով, բուրավե՜տ-բուրավե՜տ։ Լավ է, որ վարձով տան այգին տանտերն իրենց է տվել։ Մշակում են, բերքը հավաքում, մուրաբա-կոմպոտ փակում։ Ձմռանն ուտելիք չեղած ժամանակ պահածոներն ահագին օգուտ են տալիս։ Այս տարի ծիրանենիները քիչ են բռնել. հազիվ ուտելուն հերիքի։ Բայց ոչինչ, բալ, սալոր կա, դրանցից էլ պահածոներ կփակի։ Ամուսինը շատ է չարչարվում. այստեղից-այնտեղից ապրանք է առնում, տանում վաճառում։ Ապրանքատիրոջն իր փողը տալիս է, տակն էլ ի՛նչ մնացՙ իր ընտանիքին։ Ավագ որդին ավագ դպրոցում է սովորում, ուզում է բարձրագույն ընդունվել։ Դիմացն ինչքա՜ն ծախս կա։ Գոնե կարողանային մի էժան տուն գնել. որդուն սեփական տնից բանակ ճանապարհեին, ոչ թե ուրիշի կիսաքանդ կացարանից։

Մայրը մի քանի անգամ ընկույզները հաշվեց, լցրեց թասի մեջ. խառը մտքերը հաշիվը խառնում էին, եւ նա նորից էր սկսում մեկիկ-մեկիկ հաշվել ընկույզներն ու խնամքով լցնել թասը։

Տներից մեկի բակումՙ մի քարի վրա տասը-տասնմեկ տարեկան տղա է նստած։ Ձեռքին ծառից պոկած ճյուղ կա։ Ճյուղով հողերի վրա պատկերներ է գծում, ջնջում, նորից գծում։ Բաց դռնից մեկը ձայն տվեցՙ հայրդ ջուր է ուզում, տա՜ր։ Մայրն էր։ Բահը ձեռքինՙ նախամուտքի հողերի մեջ բուսնած խոտերն էր արմատախիլ անում։ Տղան ճյուղը շպրտեց, վերկացավ, բաց դռնով ներս մտավ-հասավ իրենց տան միակ սենյակին։ Սենյակի մի անկյունումՙ հնամաշ բազմոցի վրա մի տղամարդ էր պառկած։ Տղան նրան նայեց ու հիշեց, որ ջուրը մոռացել է։ Շրջվեց, նախամուտքի բետոնե պատի տակ դրված դույլից բաժակով ջուր վերցրեց, հետո մոտեցավ, մեխից կախված կանացի խալաթի գրպանից մի դեղահաբ հանեց, գցեց բաժակի մեջ։ Մայրը բահի կոթը թողեց ու ձեռքի ցուցամատն ու միջնեմատը տղային պարզեց։ Տղան մոր խալաթի գրպանից եւս մի դեղահաբ հանեց ու գցեց բաժակի մեջ։ Գդալով խառնեց, դեղը լուծեց ջրին։ Մոտեցավ պառկած հորը։ Մայրը բահը նորից թողեց. աչքերում անհանգստություն կար։ Եթե ամուսինն այսօր էլ դեղը չխմի, ինքնակառավարումը կկորցնի, տունն էլի տակնուվրա կանի, հարեւաններին գլխին կհավաքի։ Հոգեկան հիվանդությունը գնալով խորանում է։ Ինքը, ոչինչ, դիմանում է։ Հոր կատաղության նոպաների ժամանակ որդին վախից պատին է գամվում կամ ականջները ձեռքերով պինդ փակում ու տանից դուրս թռչում։ Հետո ժամերով նրան են ման գալիս, չեն գտնում։

Բժիշկն ասել էՙ պիտի ստացիոնար բուժում ստանա, տեւական ժամանակ հիվանդանոցում պառկի։ Բայց ո՞վ կխնամի հիվանդին, գյուղից քաղաք ամեն օր գնա՞լ կլինի։ Նպաստ-թոշակով հազիվ են գլուխները պահում։ Ավագ որդին էլ բանակում ծառայում է։ Գոնե նա գար, տղամարդավարի խոսեր հոր հետ, եթե պետք է, ձեռքերը զոռով բռներ ու ստիպեր դեղահաբերը կուլ տալ։

Տղան բաժակը հորը մեկնեցՙ պապ, խմիր։ Հայրը շրջվեց, ոտքից գլուխ չափեց որդուն ու շպրտեց.«Քեզնից ո՞վ ջուր ուզեց»։ Տղան, բաժակը ձեռքին, նայեց մորը։ Մոր աչքերում անհանգստությունը տագնապի էր վերածվել։ Երեկոյան ամուսնու նոպան հաստատ կբռնի։ Ճակատը վայրկենապես քրտինքի կաթիլներով ծածկվեց։ Ձեռքերն սկսեցին դողալ։ Բահը դուրս տարավ, խրեց այգու հողերի մեջ։ Մտավ սենյակ։ Բաժակը վերցրեց տղայի ձեռքից ու դիմեց ամուսնուն. «Ուզո՞ւմ ես այս նույն բաժակից ես էլ խմեմ, տղադ էլ, որ համոզվես, որ մաքուր ջուր է։ Խմի՛ր էլի, խնդրում եմ։ Շոգ է, կջրազրկվես։ Առավոտից պառկած ես, մի կում ջուր չես առել բերանդ»։

Ամուսինը խեթ-խեթ նրան նայեց։ Կինը բաժակն առածՙ դուրս եկավ սենյակից ու պարունակությունը թափեց այգու կանաչների վրա, հետո բաժակը հերսոտած ողողեց, տեղը դրեց։ «Դե մի խմիր, գժվիր, ամբողջ տունը գլխիդ շուռ տուր»,-ատամների արանքից նետեց ու սենյակ մտավ։ Որդին սենյակում չէր։ Մայրը դուրս եկավ, բակն ու այգին նայեց։ Այնտեղ էլ չկար։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-08-2019

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ