RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019



004ՈՒՂԵԳՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-07-26 12:19:52 (GMT +04:00)

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-1

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, Պրոֆեսոր

Անշուշտ գիտեի, որ Չինաստանը եղել է հնագույն քաղաքակրթության օրրաններից մեկը եւ թղթի, վառոդի, կողմնացույցի եւ այլ դարակազմիկ հայտնագործությունների հայրենիքը: Եվ երբ խոսք էր լինում Չինաստանի մասին, սովորաբար շեշտում էինք այդ գյուտերի հանգամանքը: Սակայն ավելի ուշ տարբեր աղբյուրներից տեղեկանալով հետպատերազմյան եւ նույնիսկ 1960-70-ական թվականների Չինաստանի ընդհանուր վիճակի մասին, այդ հայտնագործությունները համարում էինք ընդամենը շատ հին ժամանակների արդյունք, իսկ երբեմն էլ նույնիսկ կասկած էինք հայտնում դրանց իրական ծագումնաբանության վերաբերյալ:

Վերջին 20-25 տարիների ընթացքում Չինաստանի ու չինականի հետ օրեցօր ավելացող շփումներին զուգընթաց նրանց արտադրանքի մասին ծնվեց նաեւ «քանակով շատ, էժան, որակով ոչ այնքան բարձր» կարծիքը: Սակայն ժամանակի ընթացքում, ընդ որում շատ արագ, տարբեր երկրներից ծանոթ-բարեկամների ուղարկած կամ բերած նվերների ճնշող մեծամասնությունը չինական արտադրության էին, ոչ շատ թանկ, իսկ որակն արդեն գրեթե չէր զիջում հայտնի բրենդներին: Աստիճանաբար մեզ համար սկսում էր ուրվագծվել մեկ այլ` որակյալ ապրանքներ արտադրող Չինաստանի կերպարը: Իսկ վերջին տարիներին էլ հաճախ ականջալուր էինք լինում զարգացած երկրների, մասնավորապես` ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ օրեցօր աճող մրցակցության ու տնտեսական հակասությունների փաստերին:

Այդ ամենին զուգընթաց, որպես աշխարհի քաղաքական կյանքով հետաքրքրվող ու դրա մասին գրող անձ, գիտեի նաեւ, որ Չինաստանը շարունակում է ղեկավարել ՉԿԿ-ն` Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը: Անկեղծ ասած, խորհրդային համակարգի վերջին երեք տասնամյակում ապրած անձնավորության համար դժվարընկալելի էին կոմկուսի ղեկավարությամբ չինական հաջողությունները հատկապես տնտեսության բնագավառում: Խորհրդային միության կոմունիստական կուսակցության այլասերումն ու գաղափարախոսության ու գործունեության միջեւ առաջացած ահռելի տարբերությունները տեսած ու այդ պայմաններում ապրած մարդու համար մի տեսակ անհավատալի էին թվում, որ դրանց ակունքում իսկապես կարող է կանգնած լինել Կոմկուսը: Պատմաբանիս մասնագիտական ամբողջ զինանոցը գործի դնելով եւ մեծ թվով աղբյուրներ ուսումնասիրելով ինքս ինձ համար փորձում էի լուծել այդ հանելուկը:

***

Հավանաբար նախախնամություն ասվածն իսկապես գոյություն ունի: Սովորական աշխատանքային օրվա վերջում «Ազգի» հիմնադիր եւ անփոփոխ խմբագիր Հակոբ Ավետիքյանն իր մոտ հրավիրեց ու առաջարկեց մասնակցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար պատմական Մետաքսի ճանապարհի հենքի վրա 2013 թ. նախագահ Սի Ցզինինի նախաձեռնած «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում կազմակերպված ճանաչողական այցին:

Նախապատրաստական որոշ աշխատանքներից, դեսպանատանը մուտքի արտոնագիր ստանալուց հետո (դեռեւս գործում է վիզային ռեժիմը մեր երկու երկրների միջեւ, հակառակ ստորագրված համաձայնագրի) մեզ ընդունեց դեսպանի խորհրդական Ժոու Հոնգյունը : Հանգիստ, հանդարտ ու բարեհամբույր տոնով ներկայացնելով վերջին տարիներին իրենց երկրի հսկայաքայլ առաջընթացը եւ բոլոր բնագավառներում արձանագրած հաջողությունները, նա հույս հայտնեց, որ երբեք չեն բավարարվի ձեռքբերածով եւ հետագայում եւս առաջընթաց ապահովելու համար կանեն ամեն ինչ: Այնուհետեւ նշելով ճանապարհորդության հոգնեցուցիչ լինելու հանգամանքը, անթաքույց վստահությամբ հույս հայտնեց, որ հարուստ տպավորությունները կչեզոքացնեն այն: Հարգարժան խորհրդականը չէր սխալվում:

Տպավորություններն իսկապես մեծ են ու շատ, որոնք սիրով մի քանի հոդվածով կկիսեմ «Ազգի» ընթերցողների հետ:

Մեզ տրված ծրագրերով նախատեսվում էր, որ հնարավորություն կունենանք այցելելու Չինաստանի աշխարհահռչակ մի քանի վայրեր, այդ թվում` Գուգուն կայսերական պալատ, Չինական մեծ պատ, BYD (ԲիԱյԴի) ավտոգործարան եւ այլն: Մայրաքաղաք Պեկինից բացի մեր խմբին հնարավորություն էր ընձեռվում այցելելու նաեւ Չինաստանի հնագույն մայրաքաղաք Սիանում գտնվող կայսերական աշխարհահռչակ Տերակոտյան բանակի թանգարան-դամբարան եւ Սիչուան գավառի վարչական կենտրոն` Չենդու քաղաք: Ընդ որում, այդ լայնածավալ երկրում մենք քաղաքից քաղաք մեկնելու էինք ժամանակակից Չինաստանի հպարտության եւս մեկ առհավատչյա արագընթաց (ժամում մինչեւ 350 կմ/ժ) գնացքներով:

Հանրապետության տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներից կազմված յոթհոգանոց խմբով հուլիսի 7-ին դեսպանատան բարեհամբյուր աշխատակցուհի Սին Կեի գլխավորությամբ Երեւան-Մոսկվա-Պեկին չվերթով մեկնցինք: Բացի «Գոլոս Արմենիի» աշխատակից Աշոտ Արամյանից , բոլորն առաջին անգամ էին այցելում Չինաստան եւ, բնականաբար բոլորիս սպասելիքներն էլ մեծ էին այդ երկրից: Առաջ անցնելով նշեմ, որ իրականում այդ «մեծը» սպասվածի համեմատ շատ մեղմ էր ասված:

Ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված: Ընդունող կողմն արել էր ամեն բան, որ այցելությունը հագեցած ու առավելագույն տեղեկություններ հաղորդող լինի: Պեկինում մեզ դիմավորեց ժպտերես ու մարդամոտ Միշան , որի ռուսերենը չէր փայլում, բայց մեզ անհրաժեշտը կարողանում էինք միմյանց փոխանցել:

Առաջինն այցելեցինք Սի Սի Փի մեգահեռուստաստուդիա: Ամենուրեք աչք էր շոյում մաքրությունն ու հարմարավետ կահավորանքը ոչ միայն աշխատատեղերում, այլեւ միջանցքներում: Եղանք տարբեր տաղավարներում: Դրանք չափերով մեծ չէին, սակայն ապահոված էին անհրաժեշտ բոլոր պարագաներով: Աշխատասենյակներում յուրաքանչյուրն իր տեղում զբաղված էր իր գործով այնպես կլանված եւ սեփական գործի կարեւորության զգացողությամբ, որ նույնիսկ ուշադրություն էլ չէին դարձնում օտարերկրյա հյուրերին: Շատ բաներ, այդ թվում այդ աշխատասենյակներն ու ընդհանրապես հեռուստահամալիրը հիշեցնում էր ամառային ամենաթեժ պահի մեղվաբույն, որտեղ յուրաքանչյուրը գիտեր իր պարտականություններն ու մեծ ջանասիրությամբ հստակորեն կատարում էր դրանք:

Հեռուստատեսությամբ մի քանի անգամ առիթ ունեցել էի տեսնելու, թե ինչպիսի զգացողություն են ունենում մարդիկ Չինաստանում բարձր վայրերում կառուցված ապակե կամուրջների վրայով քայլելու ընթացքում եւ երբեմն զարմանում էի, որ նրանք ահ ու սարսափով են քայլեր կատարում, թեեւ գիտեն, որ այդ ապակիները ոչ մի դեպքում չեն կոտրվելու: Սակայն մի բան է բազմոցին հանգիստ ու ապահով նստած դիտելը, բոլորովին այլ` իրականում այդ վիճակում հայտնվելը: Հեռուստահամալիրի 37-րդ հարկի տանիքում շրջելիս նկատեցինք, որ դրա մեջտեղում թափանցիկ ապակե հատված կա, որտեղից առաջին հարկ պարզ երեւում էր: Խմբի աղջիկները միանգամից վախեցած հետ ցատկեցին: Անկեղծ ասած, շատ փորձությունների միջով եմ անցել, հետո էլ վախենալու տարիքում չեմ, բայց մի պահ ինքս էլ վախի զգացում ապրեցի: Սակայն նկատելով, թե մեզ հյուրընկալող կանայք ինչպես են աչքի պոչով դիտում այդ տեսարանը, հիշեցի ոչնչից չվախեցող երիտասարդ տարիներս ու անցա այդ չարաբաստիկ ապակե ծածկի վրայով: Հաճելի էր տեսնել նաեւ, որ «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ Ահարոնը շատ սովորական ու հանգիստ անցավ այդ նույն տեղով: Ակամա մտածեցիՙ ուրեմն քաջ եւ ուժեղ երիտասարդություն ունենք:

«Ով չի տեսել Չինական պատը, չի եղել Չինաստանում» տարածված արտահայտություն է: Մենք էլ «ստիպված» տեսանք: Գիտեի, որ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն է եւ միակ կառույցը երկրագնդի վրա, որ անզեն աչքով տեսանելի է տիեզերքից: Գիտեի նաեւ, որ Չինական մեծ պարիսպը քարից, աղյուսից, հողից ու փայտից պատրաստված ամրությունների շարք է եւ ձգվում է Չինաստանի հյուսիսային սահմանների երկայնքով: Սակայն սեփական աչքով տեսնելն ու դրա վրայով քայլելը բոլորովին այլ, անբացատրելի զգացողություններ են: Ամեն տարի բերքահավաքից հետո տափաստանաբնակ քոչվոր ցեղերը հյուսիսից պարբերաբար հարձակվել ու խլել-տարել են ամբողջ բերքը: Այդ ոտնձգություններից պաշտպանվելու համար էլ սկսած մ.թ.ա 7-րդ դարից այն կառուցվել է: Ավելի ուշ տարբեր դինաստիաների տիրապետության շրջանում շարունակել են պատի կառուցումը, ինչպես նաեւ վերակառուցել են, նորոգել, ավելացրել նոր շարքեր: Պարիսպների ամենահայտնի հատվածը կառուցվել է Մին դինաստիայի (1368-1644 թթ.) օրոք:

Պաշտպանականից բացի պարիսպն ունեցել է սահմանների վերահսկողության նշանակություն` ապահովելով Մետաքսի ճանապարհով ապրանքների անվնաս տեղափոխումը, արտագաղթի եւ ներգաղթի վերահսկողությունը: Դեռ ավելինՙ պարսպի պաշտպանական հատկանիշները բարելավվել են պահակակետ աշտարակների, զորանոցների, կայազորի կայանների, ծխի եւ կրակի միջոցով ազդանշաններ տալու համակարգեր ստեղծելով: Միեւնույն ժամանակ պարիսպների վրայի ուղին ինքնին եղել է նաեւ տրանսպորտային միջանցք: Մին դինաստիայի կողմից կառուցված պարսպի երկարությունը` 8851,9 կմ. է, առավելագույն լայնությունը` 9,1 մետր, պատերի միջին հաստությունըՙ 5,5 մետր, իսկ հիմքի մոտՙ 6,5 մետր, բարձրությունը որոշ հատվածներում հասնում է 10 մետրի: 1987թ. այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտ:

Չինաստանի թիվ մեկ առանձնահատկությունը, որը միանգամից աչքի է զարնում, իմ կարծիքով մարդկանց բազմաքանակությունն է եւ դրանից բխող թվաքանակներն ու ծավալները: Օդանավակայանից սկսած նկատելի են չափից ավելի ընդգրկունությունը եւ կառույցների մեզ համար անսովոր գիգանտ չափերը: Սովորական փողոցներն ամենաքիչը յուրաքանչյուր կողմից 3, 4, իսկ երբեմն էլ հնգաշարք էին: Ամենուրեք ամբարձիչ կռունկներ են: Այսինքնՙ ամեն քայլափոխի հսկայական թափով շինարարություն է ընթանում: Կառուցվում են ինչպես հանրային նշանակության, այնպես էլ բնակելի շենքեր: Նորակառույցները, որպես կանոն, քսան, երեսուն ու ավելի հարկանի էին: Հետաքրքրական է, որ ամենուրեք դեռեւս զգացվում է «սովետիզմը»: Նույնիսկ շենքերը ներկայացվում էին «Ստալինյան», «Խրուշչովյան», «Բրեժնեւյան» դասակարգումներով:

Բոլոր երեք քաղաքներում, որտեղ եղանք, գեր մարդ չտեսանք: Ընդհակառակըՙ ավելի շուտ նիհար էին բոլորը: Սակայն որքան տարօրինակ էրՙ ընդհանուր սեղանի շուրջ նկատելի էր, որ բոլորն էլ նորմալ ուտում են: Ինձ թվում է չգիրանալու գաղտնիքը ռեժիմով սնվելու մեջ է եւ, որ ամենակարեւորն էՙ բոլոր չինացիներն անկախ սեռից ու տարիքից ցանկացած սնունդ կամ հեղուկ ընդունում է բացառապես մարդու օրգանիզմին մոտ ջերմաստիճանում, իսկ դա լավագույնս նպաստում է նյութափոխանակության գործընթացին:

Նկատելի էր նաեւ, որ անկախ այն հանգամանքից, թե մեզ հետ շփվողը կարեւոր պաշտոնյա էր, զբոսավար կամ թարգմանիչ, աշխատում էին անթաքույց հպարտությամբ ներկայացնել իրենց երկիրն ու հաջողությունները: Մի բան, որն անկասկած գովելի երեւույթ է եւ ուսանելի կողմեր ունի: Որեւէ օբյեկտ, հուշարձան կամ կառույց ներկայացնելիս խոսում են սեփականատիրոջ, առաջին դեմքով` մենք արեցինք, փորձում ենք կատարել, նորոգեցինք եւ այլն: Այսինքն` նրանք իսկապես իրենց զգում են իրենց երկրի տերը եւ գիտակցում որոշակի պարտավորություններ նրա նկատմամբ: Զգացվում էր պարտքի եւ կատարվածի նկատմամբ հպարտության անթաքույց դրսեւորում: Կարճ ասած, կարծես յուրաքանչյուրն իրեն զգում է մրջնանոցի մեկ անդամ, որը գրեթե ոչինչ է միայնակ եւ հզոր ուժ`միասնության դեպքում: Որքան շատ է պակասում մեզ` հայերիս հենց այդ հատկանիշը:

Մի բան էլ` պատմական թեմաների մասին լիներ խոսքը թե ժամանակակից, «չմոռանալով» երկրում իշխող սոցիալիստական համակարգը, անպայման դրանք կապվում էին կայսրերի հետ, շեշտվում նրանց դերակատարությունը եւ մակարդող, միաձուլող դերակատարությունը հասարակության համար: Ավելին, որեւէ բացասական խոսք կամ արտահայտություն չհնչեց նրանց մասին: Իսկ ես ու իմ սերունդը լավ է հիշում բռնակալ, ժողովրդին հարստահարող ու թալանող թագավոր-ցարերի մասին դասագրքային «անվիճելի» ճշմարտությունների առատությունը մեզանում: Ամենակարեւորն ու գրավիչը բոլորի հանգիստ, անվրդով կեցվածքն էր: Բոլորի մոտ նկատեցի հավատ ու վստահություն թե՛ իշխանությունների, թե՛ միմյանց եւ, որ ամենակարեւորն է` վաղվա օրվա նկատմամբ: Երանի մենք էլ...

Շարունակությունը հաջորդիվ

07.07-17.07.2019

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ