RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019



ԾԱՆՈԹԱՑՈՒՄ

Տեղադրվել է` 2019-07-26 12:19:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2199, Տպվել է` 193, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ. ԻՆՉ ԿՓՈԽՎԻ ՎԱՂԸ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից

Ինչպես մեր թերթի նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հունիսի 21-ին Երեւանից հեռուստակապի միջոցով ողջունելով Մոսկվայում ընթացող «Ռուսաստանի հայկական սփյուռքի ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» խորագրով գիտաժողովի մասնակիցներինՙ վստահեցրել էր, որ Ռուսաստանի հայ համայնքը մշտապես գտնվելու է Հանձնակատարի գրասենյակի ուշադրության կենտրոնում եւ խոստացել, որ իր առաջին այցը լինելու է Ռուսաստան: Եվ ահա մեկ ամիս էլ չանցածՙ խոսքը գործի վերածվեց, եւ հուլիսի 18-ին մեկնարկեց Զարեհ Սինանյանի աշխատանքային հնգօրյա այցը ՌԴ մայրաքաղաք:

Այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը մի շարք հանդիպումներ ունեցավ ՌԴ պետական եւ հասարակական, համայնքային կառույցների ու կազմակերպությունների, անհատների, գործարար, մշակութային եւ եկեղեցական շրջանակների ներկայացուցիչների հետ:

Առաջին օրը Սինանյանն այցելել է Ռուսաստանի հայերի միության կենտրոնական գրասենյակ, որտեղ կայացած հանդիպմանը ներկա էին ոչ միայն Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի, այլեւ Ռուսաստանի տարբեր մարզերի հայ համայնքների ներկայացուցիչներըՙ Արա Աբրահամյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը :

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը բարձր գնահատելով Զարեհ Սինանյանի այցըՙ հույս հայտնեց, որ հանդիպումները շարունակական կլինեն, համագործակցության նոր հեռանկարներ կբացվեն Ռուսաստանում ապրող հայերի համար, եւ հանդես եկավ մի շարք առաջարկներով: Նա մասնավորապես առաջարկեց ստեղծել համահայկական մի մարմին, որը կներկայացնի համայնքների շահերը Հայաստանում եւ կհամակարգի նրանց գործունեությունը: Աբրահամյանն առաջարկեց նաեւ ընդլայնել համայնքային կառույցների ներկայությունը Հայաստանի ներքաղաքական եւ տնտեսական կյանքումՙ հույս հայտնելով, որ նոր իշխանությունների հետ իրենց համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի:

Ռուսաստանի տարբեր մարզերից ժամանած հայերը նույնպես զանազան հարցեր բարձրաձայնեցինՙ համոզված լինելով, որ նոր պաշտոնյան իսկապես կտա այդ հարցերի լուծումը:

Անդրադառնալով հնչեցված առաջարկներինՙ Սինանյանը հավաստիացրեց, որ տարաբնույթ հավաքներ անցկացվելու են, ստեղծվելու են հարթակներ, կազմավորվելու են խորհուրդներ, որոնք լինելու են ե՛ւ համահայկական, ե՛ւ առանձին մասնագիտական ոլորտների համար: Զարեհ Սինանյանը կարեւորեց մասնագիտական հայրենադարձությունը, սփյուռքի կադրերի ներգրավումը հայաստանյան կյանքին, միեւնույն ժամանակ ընդունեց այն առաջարկը, որ Հայաստանը եւս պիտի սփյուռքի որոշ մասնագետների վերապատրաստումներ իրականացնի:

Հանդիպման մասնակիցները կարեւորեցին նաեւ, որ Սփյուռքում ազգային ներուժի համախմբման, հայապահպանության ու մատաղ սերնդին քրիստոնեական դաստիարակություն տալու հարցում անուրանալի է Հայ առաքելական եկեղեցու դերը: Ինչպես բոլոր ժամանակներում, այսօր էլՙ Հայ եկեղեցու առաքելությունը սփյուռքահայության կյանքում անփոփոխ է. այն եղել եւ մնում է հայության ինքնության պահպանման երաշխիք:

Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ հայկական սփյուռքը չափազանց կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, իսկ Ռուսաստանի հայ համայնքն առանձնանում է իր յուրահատուկ եւ բազմաբովանդակ պատմությամբ, կարողականությամբ ու ներուժով: Ըստ Գլխավոր հանձնակատարիՙ պետություն-սփյուռք հարաբերություններն արդեն գործընկերային են, եւ սփյուռքն իրեն իրավահավասար տեր պետք է զգա Հայաստանում, տիրոջ աչքով նայի իր հայրենիքին:

Նույն օրը երեկոյան Զարեհ Սինանյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Վարդան Տողանյանը:

Գլխավոր հանձնակատարն իր խոսքում անդրադարձ կատարեց Հայաստան-սփյուռք հարաբերություններում առկա նոր մոտեցումներին եւ պատասխանեց ներկաների հարցերին:

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մշակույթի կենտրոնի եւ ցուցանմուշների հետ ծանոթանալուց հետո Զարեհ Սինանյանը բարձր գնահատեց հայկական մշակույթի վերածնունդն ու տարածումը Ռուսաստանի Դաշնությունումՙ ընդգծելով, որ դրանում իր անուրանալի դերն ունի ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը եւ հենց դեսպանի ջանքերով, նրա բարձր ճաշակի, պրպտուն մտքի, ինտելեկտուալ կարողությունների ու զարգացվածության շնորհիվ է վերջին տարիներին հաջողվել հայ մշակութային ժառանգության արժանի ներկայացումը Ռուսաստանում:

Նույն օրը Զարեհ Սինանյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպեց ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ:

Հանդիպմանը ներկա էր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը : Նա իր ելույթում նշեց, որ արժեւորում է իրենց կառույցի անդամների եւ Գլխավոր հանձնակատարի հանդիպումը:

Զարեհ Սինանյանը ողջունեց խորհրդի անդամներին եւ բարձր գնահատեց հայոց բանականշինության մեջ գեներալ-լեյտենանտի կարեւոր ներդրումը: Խորհրդի անդամները մանրամասն ներկայացրին իրենց գործունեությունը, խոսեցին այն խնդիրների մասին, որոնք ծառացել են Ռուսաստանում հայկական կազմակերպությունների առջեւ եւ հանդես եկան կոնկրետ առաջարկություններով:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպել է նաեւ «Լսարան» նախագծի հիմնադրի եւ նախաձեռնող խմբի անդամների հետ: Նրանք ներկայացրին կրթամշակութային «Լսարան» համաժողովը, որը այս տարի սեպտեմբերին արդեն 5-րդ անգամ է անցկացվելու, եւ հրավիրեցին նաեւ Զարեհ Սինանյանին:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպում է ունեցել նաեւ «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ակումբի հիմնադիր եւ համակարգող Նվեր Սարգսյանը նշեց, որ «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբը հանդիսանում է բիզնեսի սեփականատերերի, խոշոր ընկերությունների եւ անհատ մասնագետների միջեւ փոխգործակցության բազմակողմանի հարթակ: Բիզնես ակումբի մասնակիցներն են աշխարհի տարբեր երկրների գործարարներ եւ մասնագետներ:

Իր խոսքում Զարեհ Սինանյանը ներկայացրեց սփյուռքի հետ տարվող աշխատանքներում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, ակնկալվող ծրագրերը, համահայկական նշանակություն ունեցող խնդիրները, ինչպես նաեւ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի նոր գործելաոճը` ակնկալելով Ռուսաստանի հայկական կազմակերպությունների եւ հայ համայնքի ակտիվ մասնակցությունը: Ակումբի մասնակիցները հայտնեցին, որ կշարունակեն Հայաստանում եւ Արցախում իրականացնել մի շարք ենթակառուցվածքային եւ ներդրումային ծրագրերՙ բարձր տեխնոլոգիաների, էկոլոգիայի, զբոսաշրջության եւ գյուղատնտեսության ոլորտներում:

Զարեհ Սինանյանն իր մոսկովյան այցի շրջանակներում հանդիպում ունեցավ նաեւ «Ռուսաստանի հայերի միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամների հետ: Նրան դիմավորեց եւ այնուհետեւ բացման խոսքով հանդես եկավ ռուսաստանաբնակ գործարար, Մոսկվայի հայկական եւ ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը : Իր խոսքում նա մասնավորապես անդրադարձավ Հայաստան-սփյուռք հարաբերություններում ճիշտ կառուցվածքային մեխանիզմի մշակման կարեւորությանը եւ խոսեց նոր Հայաստանում արդարության վերջնական վերականգնման անհրաժեշտության մասին: Այնուհետեւ կազմակերպության հիմնադիրները ներկայացրեցին ՌՀՄ ստեղծման պատմությունը, հիմնական նպատակները եւ կառուցվածքը, նշելով, որ ՌՀՄ-ն բաղկացած է Ռուսաստանի հայերի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների միավորումից, որն իրենից ներկայացնում է ցանցային կառույց: Այն կոչված է զբաղվելու ՌԴ հայերի խնդիրներով եւ օտար միջավայրում հայերի վարկանիշի բարձրացմամբ: Իրենց առանձին ելույթներում հասարակական կազմակերպության անդամները հանդես եկան մի շարք հետաքրքրական առաջարկներով:

Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 22-ին կայացել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի եւ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հանդիպումը: Հանդիպմանը ներկա էր ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Հանդիպման սկզբում Գրիգորի Կարասինը նշեց, որ Ռուսաստանը բազմազգ պետություն է, բնակվում են տարբեր ազգեր, հայերը մի մասն են կազմում Ռուսաստանի բազմազգ պետության եւ շատ ակտիվ են քաղաքական, մշակութային, հասարակական, տնտեսական ոլորտներում: Զարեհ Սինանյանն իր խոսքում ընդգծեց, որ Ռուսաստանի հայ համայնքը մեծ ներուժ ունի, եւ հայկական կողմը ուրախ կլինի, եթե հայերը, որոնք արդեն լիարժեք կերպով ինտեգրված են Ռուսաստանի հասարակությանը, կարողանան մասնակցել Ռուսաստանի զարգացման գործին եւ միաժամանակ պահպանեն իրենց ազգային ինքնությունը: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նաեւ նշեց, որ մեծ թվով հանդիպումներ է ունեցել եւ Ռուսաստան այցելելու է հաճախ` պայմանավորված Ռուսաստանում հայկական սփյուռքի մեծությամբ ու աշխարհագրական տարածվածությամբ: Զարեհ Սինանյանը նշեց, որ գրասենյակը հայ համայնքի հետ մեծ աշխատանք է տանելու, եւ գրասենյակի ձեւավորման ընթացքում ներգրավվելու են աշխատակիցներ Ռուսաստանի հայ համայնքից:

Եվ այսպես, Զարեհ Սինանյանի մոսկովյան հանդիպումների մեկնարկը տրվեց, իսկ թե ինչ կփոխվի վաղըՙ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը տրամադրված է լավատեսությամբ, վաղվա օրվա նկատմամբ հավատով եւ պայքարելու կամքով. «Սա աշխատատար գործընթաց է, մեծ ջանքեր է պահանջում, մենք նախ եւ առաջ պիտի լավ ճանաչենք սփյուռքը: Մեր աշխատանքը լինելու է համառ եւ տքնաջան, որպեսզի արդյունքները հիասթափեցնող չլինեն: Առանց միացյալ ջանքերի ես չեմ պատկերացնում, որ որեւէ տեղ կհասնենք: Միակ բանը, որը կարող է բոլորիս միավորել, պետականության գաղափարախոսությունն է»:

Նկար 2. Դեսպան Վ. Տողանյանը ներկայացնում է գլխավոր հանձնակատար Զ. Սինանյանին

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ