RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019



Տեղադրվել է` 2019-07-19 00:33:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1669, Տպվել է` 214, Ուղարկվել է էլ.փոստով` 0

C-400-ՆԵՐԻ ԱՌԱՔՈՒՄԸ ՍԿՍՎԱԾ Է

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Իրադարձությունների զարգացման երկու սցենար

Թուրքիայի գրեթե բոլոր հեռուստաալիքները օրերս ուղիղ եթերում հեռարձակեցին «Ան-124 Ռուսլան» օդանավերով ռուսական C-400 զենինթահրթիռային համալիրների տեղափոխությունը Անկարայի մոտ գտնվող Մյուռեյ ավիաբազա: Եկրի քաղաքացիները դա ընկալեցին որպես պատմական նշանակալից եւ ինչ-որ իմաստով բեկումնային իրադարձություն: Դրա նախօրեին Թուրքիայում Areda ընկերության անցկացրած հարցման տյալների համաձայն, բնակչության 62,8 տոկոսը հավանություն է տալիս այդ գործարքին: Այդ ձեռնարկումը ավարտում է Անկարայի հարաբերությունների շրջափուլի ձեւավորումը ինչպես ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների, մասնավորապես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ:

Թուրքիայի համար այդ շրջափուլը բավական բարդ էր եւ ուղեկցվում էր ԱՄՆ-ից հնչող տարատեսակ սպառնալիքներով, բայց Թուրքիայի նախագահը իրենն արեց: Այժմ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Թուրքիան դարձել է ՆԱՏՕ-ի փաստորեն միակ երկիրը, որը կօգտագործի ռուսական C-400արդիական համալիրներ: Երկիրը ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցներին ցույց տվեց, որ ինքը ըստ էության անկախ է սեփական պաշտպանության եւ անվտանգության հարցերում եւ մտադիր է C-400 համալիրներն օգտագործել առանց ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգին միացնելու:

Միեւնույն ժամանակ, Անկարան ՆԱՏՕ-ի երկրներին ցույց է տալիս, որ նրանք կորցնում են անփոխարինելի դաշնակիցների կարգավիճակը: Դա շատ լուրջ մանեւր է, որի պատճառների բացատրությունը թուրքական եւ արեւմտյան հրատարակություններում տրվում է հետեւյալ սյուժեներով: Նշվում է, որ C-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու մտադրությունը Էրդողանի գլխում իբր ծագել է 2016 թ. հուլիսի պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո, երբ ի հայտ եկավ սեփական զենիթային համակարգ ունենալու անհրաժեշտություն:

Եթե դա իրոք այդպես է, ապա Deutsche Welle-ի մեկնաբաններից մեկի կարծիքովՙ Էրդողանը վրեժ լուծեց ամերիկացիներից: Սակայն Թուրքիայի նախագահը ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու ձգտումը դրսեւորել էր պետական հեղաշրջման փորձից շատ ավելի վաղ: Նրան իշխանությունից հեռացնելու փորձը խթանեց կարեւոր որոշումների ընդունումը, այդ թվումՙ C-400 համալիրների ձեռքբերումը: Եվ այդուհանդերձ, նման տրամաբանությունը միտված է իրավիճակի պարզեցմանը: Արեւմուտքը ստացավ Էրդողանի ազդեցության թուլացման ազդանշան, որն առայժմ դրսեւորվում է միայն ռազմավարական համագործակցության ոլորտում: Այդ պատճառով, ինչպես գրում է թուրքական Milliyet թերթը, այժմ չի կարելի ամեն ինչ հանգեցնել ամերիկացիների հետ Էրդողանի անձնական հաշիվներին: Պատմության մեջ առաջին անգամ թուրք զինվորականները փաստորեն առաջ քաշեցին սեփական պաշտպանիչ վահանի ստեղծման գաղափարը, հայտարարելով, որ ռուսական զենիթահրթիռային համակարգերը երկրի համար կենսականորեն կարեւոր են: Դրանք կարող են օգտագործվել ոչ միայն Էրդողանի անձնական անվտանգության ապահովման համար, այլեւ օպերատիվ մարտավարական նպատակներով, որպեսզի վերացնեն անսպասելի հարձակման վտանգները:

Այս կապակցությամբ ահա թե ինչ է ասում թուրքական բանակի գլխավոր շտաբի հետախուզության նախկին ղեկավար գեներալ-գնդապետ Իսմայիլ Հաքքի Պեկինը. «Հնարավոր է օդային հարձակում Հունաստանի կողմից, իսրայելական ռազմօդանավերի եւ բալիստիկ հրթիռների գրոհներ: Կա նաեւ Իրանը: Թեեւ նա հիմա թշնամի չէ, բայց չգիտենք թե ինչ կլինի վաղը: Վերջիվերջո նրանք ունեն 2000-2500 հեռահարության բալիստիկ հրթիռներ: Ներկայումս հարկավոր են համակարգեր, որոնք թույլ կտան կանխել նմանօրինակ հարձակումները, միայն օդանավերով դա չի հաջողվի անել: Այսինքն, ով էլ լինի թշնամի, մենք նայում ենք մեր շուրջը եւ հասկանում, որ վտանգը մեծանում է: Թուրքիան չունի ամերիկացիների դեմ պատերազմելու մտադրություն: Դատելով ըստ ամենայնի, ամերիկացիներըՙ նույնպես: Նույնիսկ եթե դա տեղի ունենա, Թուրքիան կձեռնարկի ուրիշ միջոցներ, կնախատեսի պաշտպանության ասիմետրիկ համակարգեր եւ մեծ նեղություններ կպատճառի ամերիկացիներին: Այսինքն ամերիկացիները հրթիռներ կարձակեն, բայց դրա համար կզղջան: Դա վերջ կդնի ամերիկացիների աշխահակալությանը, որի համար իրենք այնքան մտահոգվում են»: Պեկինի այդ հայտարարությունը հետաքրքրական է նրանով, որ ցուցադրում է տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության նոր ընկալումը եւ հնարավոր սպառնալիքների ընբռնումը: Ինչպես ընդգծում է Milliyet թերթը, երկիրն ուզում է պատրաստ լինել անսպասելի հարձակումներին:

Իսկ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի մյուս դաշնակիցները իրադարձությունների ընթացքին գործնականում ինչպե՞ս կարձագանքեն այն պայմաններոււմ, երբ Անկարան հրաժարվում է դուրս գալ դաշինքիցՙ խոսելով միայն սպառազինությունների մատակարարների բազմազանություն ստեղծելու ցանկության մասին: Ընդսմին Թուրքիան չի հրաժարվում ամերիկյան Patriot համակարգեր եւ F-35 կործանիչներ ձեռք բերելու մտադրությունից: Էրդողանը չի բացառում նաեւ զենքի վերաբերյալ Վաշինգտոնին ուրիշ առաջարկություններ ներկայացնելու հնարավորությունը: Մանավանդ, որ անձամբ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն ընդունել է իր պաշտոնակցի արդարացիությունըՙ հայտարարելով, որ «Թուրքիան ուզում էր գնել Patriot-ներ, բայց Օբամայից մերժում ստացավ, չնայած մենք դաշնակիցներ ենք, եւ դա լավ չէր. Թուրքիայի հետ անարդար վարվեցին»: Այնպես որ Թրամփը, արտաքուստ խոստովանելով Էրդողանի հաղթանակը, փորձեր է ձեռնարկում ելքեր գտնելու Անկարայի հետ հարաբերութուններում ստեղծված ճգնաժամից, ինչը Stratfor մասնավոր հետախուզական վերլուծական ընկերության գնահատման համաձայն կախված է այն բանից, թե ԱՄՆ-ը կձեռնարկի՞ արդյոք պատժամիջոցներ եւ թե ինչպիսին կլինեն դրանք:

Այս կապակցությամբ ուրվագծվում է իրադարձությունների զարգացման երկու հնարավոր սցենար: Առաջին, ամերիկացիները շարունակում են ճնշում գործադրել Թուրքիայի վրաՙ ի պատասխան ստանալով Էրդողանի համապատասխան հակազդեցությունը, որը տվյալ պատրվակը հայրենասիրական նպատակներով օգտագործելովՙ կամրապնդի սեփական դիրքերը: Իհարկե, չի կարելի բացառել, որ Թուրքիայի տնտեսությանը կարող են հասցվել հարվածներ երկրի ներքաղաքական իրադրությունն ապակայունացնելու նպատակով: Սակայն մինչեւ 2023 թվականի ընտրություններն ընկած դադարը Անկարան հաշվի է առնում տնտեսական աճ արձանագրելու համար: Էրդողանը կարծում է, որ ինքը բավարար ժամանակ ունի տնտեությունը կայունացնելու համար: Երկրորդ սցենար. ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկում է նոր քաղաքականություն, սկսում է նրա հետ հարաբերությունները կառուցել ուրիշ սկզբունքներովՙ համահարթելով այդ երկում ռուսական C-400 հրթիռների գոյության փաստը: Սա նույնպես չի կարելի բացառել: Իսկ առայժմ, ինչպես հաղորդում են ռազմաքաղաքական աղբյուրները, այն թուրք զինվորականները, որոնք շահագործելու են «C-400 Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերը, հուլիս եւ օգոստոս ամիսներին Ռուսաստան կմեկնեն ուսանելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ