RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019



Տեղադրվել է` 2019-07-19 00:33:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2420, Տպվել է` 216, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՓԻՆ ԵՎ ԳՎԱԴԱԼԿՎԻՎԻՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Աստված սկզբում ստեղծեց տղամարդուն, հետո նրա մոտ ավելի հետաքրքրական միտք առաջացավ: Երեւի ամենահետաքրքրականըՙ բոլոր տեսակի աստվածային մտքերից: Հենց այս հրաշագործության արդյունքում էլ մի լիալուսին երեկո, երբ իսպանական Սեւիլիայի միջով հոսող Գվադալկվիվիր գետի ափին 6-ամյա Սերխիոն, անթարթ նայելով Լուսնին որոշեց նկարիչ դառնալ, հայկական մի խուլ գյուղում ծնվեց Արփին: Նա հինգերորդն էր քույրերի մեջ: Ոչ ոք չէր ժպտում, որովհետեւ բոլորը սպասում էին Վաղարշակին: Վաղարշակը Արփիի հոր հայրն էր ու առավոտից գիշեր իր պես ծանր բազկաթոռին նստում էրՙ սպասելով, թե երբ պետք է որդին որդի ունենա, որի անունը դնի Վաղարշակ ու ինքը հանգիստ մեռնի:

Արփիի համար ոչ ոք օրորոցային չէր երգում, նրա խոշորՙ հեքիաթային աչքերն ամեն գիշեր հեքիաթներից չէին փակվում: Նա չէր ճանաչում ոչ մի կապույտ փերի, ոչ մի երկարամազ արքայադուստր եւ ոչ մի խիզախ արքայազն: Նա փոքրիկ իշխանին էլ չէր ճանաչում, բայց նա գիտեր, որ այդ բոլորը կային:

Թռչող ափսեներին սկսեց հավատալ, երբ 5 տարեկան էր ու առաջին անգամ տեսավ, թե ինչպես են ափսեները թռչումՙ մոր ձեռքերիցՙ դեպի հայրը: Մայրն ապստամբել էր: Արփին թաքնվեց պահարանի հետեւում ու ոչինչ չտեսավ, միայն լսեցՙ կոտրվող ափսեների ձայնը, հետո մոր գոռոցը, հետո հոր հայհոյանքները, հարվածի ձայներ, ապա մոր լացի ձայնը եւ այլեւս ոչինչ: Արփին դուրս եկավ պահարանի հետեւից ու տեսավ մորըՙ խոհանոցի հատակին պառկած: Կարմիրը շատ էր: Կարմիրն Արփիի սիրած գույնն էր: Նա գրկեց կարմրած մորը: Արփին չգիտեր, որ թռչող ափսեները տարիների հեռվից էին գալիս, երբ հայրն սկսեց խմել, երբ ծնվեց իր առաջին քույրը, հետո երկրորդը, երրորդը, չորրորդը եւ ինքը, երբ Վաղարշակ պապը մի սիգարետը հանգցնելով ու մյուսը կպցնելով նայեց որդունՙ Արփիի հորն ու ասացՙ «անբաշար»: Արփին ոչինչ չգիտեր նաեւ Ստամբուլի կոնվենցիայի մասին, ոչ էլ կանանց նկատմամբ սեռական կամ այլ բռնությունների: Արփին միայն գիտեր, որ իր հայրիկն ու պապիկը չեն սիրում իրեն, ու իր մայրիկն ու քույրերը լացում են, երբ նայում են իրեն, ինչը երեւի կրկին չսիրելուց է:

Արփին ավելի շուտ ստիպված ամուսնացավ, քան Վաղարշակ պապը ճարահատյալ կմեռներ: Թաղմանը չգալու հարգելի պատճառ ուներ: Ամուսնու հետ տեղափոխվել էին Իսպանիա, իսկ նման հեռավորությունից ոչ մի թոռ չի գալիս 94-ամյա պապի հուղարկավորությանը:

Արփին երեխա չունեցավ: Ամուսինն ապագա չուներ, ինքն էլ հիշողություն ուներ: Ամեն երեկո քայլում էր Գվադալկվիվիրի ափով: Գետը նրան հեքիաթ էր պատմումՙ կյանքում առաջին անգամ ու չլսված օրորոցային երգում: Բայց մի օր, երբ Լուսինն այնպես էր չքվել, ասես երբեք էլ չէր եղել, գետափին զբոսնող կնոջ վրա հարձակվեցին...Սերխիոն, որը մի գիշեր ութերորդ շիշ անդալուզական գինուց հետո համաձայնեց բոլորի հետ, որ իրենից նկարիչ դուրս չի գա ու փոխարենը դարձավ շրջմոլիկ, ճանաչվեց մեղավոր բռնաբարության համար ու 6 տարի գիշերելու տեղ ստացավՙ իրեն ճնշող հասարակությունից հեռու:

Այս պատմությունը սիրո՞ մասին է, թե՞ բռնության: Ի դեպ, այս երկուսն էլ բավականին նորաձեւ են մեր օրերում, ինչը մեր օրերի աբսուրդն է: Երեւի սա սիրո բացակայության մասին է, ինչը հենց բռնությունն է եւ որը անթույլատրելի էՙ կապ չունի զոհը կին է, թե՞ տղամարդ, Արեշում է, թե՞ Անդալուզիայում, փողոցում է, թե՞ ֆեյսբուքում: Հեքիաթ չպատմելուց է, թե՞ ձեռքով հարվածելուց: Բռնությունը սերունդների ընտրություն է: Մյուս թեկնածուն սերն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ