RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019



Տեղադրվել է` 2019-07-19 00:33:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2467, Տպվել է` 217, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈՒ ՊՈՒՏԻՆԸ «ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵՑ» ՎՐԱՑԻՆԵՐԻՆ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

«Ասում են, որ քաղաքականությունը երկրորդ հնագույն մասնագիտությունն է: Սակայն ես հանգել եմ այն եզրակացությանը, որ նա շատ ավելի մեծ ընդհանրություններ ունի առաջինի հետ»: ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի այս հայտնի աֆորիզմը կամա թե ակամա վերհիշում ես ռուս-վրացական հակամարտության սրման ներկա փուլի կապակցությամբ: Վրացիները, բնականաբար, չեն մոռանում եւ չեն կարող մոռանալ իրենց երկրի տարածքի քսան տոկոսի կորուստը: Ռուսներն էլ սկսում են հոգնել այն պարագայից, թե ինչու վրացիները չեն ուզում հասկանալ, որ իրենց հակառուսական քաղաքականությունը միայն ու միայն չարիք է բերում իրենց երկրին ու ժողովրդին, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել: Որ Վրաստանը, որպես նախկին խորհրդային հանրապետություն, շարունակում է մնալ ռուսական կայսրության շահերի ու անվտանգության շրջանակում: Լրատվատարածքում բազմաթիվ են պատմական էքսկուրսներն այն մասին, որ Վրաստանը վաղուց դուրս թռած կլիներ աշխարհի քաղաքական քարտեզից, եթե ժամանակին չմտներ ռուսական կայսրության կազմի մեջ:

Սակայն այս օրերին քննարկվող ամենաէկզոտիկ հարցը թերեւս այն է, թե ինչու ռուսաց կայսր Պուտինը, շատերի համար անսպասելիորեն, թերթերից մեկի արտահայտությամբ, «բարեհոգի գտնվեց ու ներում շնորհեց դատապարտյալին»: Պետդուման արդեն պատրաստվում էր արգելել վրացական գինինիների ու հանքային ջրերի ներմուծումը, դրամափոխանցումները, ինչը շոշափելի հարված կհասցներ Վրաստանի տնտեսությանը: Հեռուստահաղորդավար Գաբունիան «անթերի» ռուսերենով «մեր քրֆեց», իսկ նա, որ երբեք կուլ չի տալիս վիրավորանքը, համարժեք պատասխան չտվեց: Այդ քաղաքական ոչնչության ելույթը դիտվեց որպես հուսահատության ու անզորության ճիչ:

Ազնվությո՞ւնը խոսեց աշխարհի ուժեղագույն պետություններից մեկի ղեկավարի մեջ: Ոչ, իհարկե: Հենց այստեղ էլ պետք է հիշել Ռեյգանի խոսքերը: Բարոյականությունն այստեղ վերջին տեղն է գրավում: Պուտինի անձնական շահը պետության շահերն են: Առկա է քաղաքական սառը հաշվարկը: Նշենք ռուսական մամուլում բերված բազմաթիվ վարկածներից սոսկ մեկը: Եթե Պուտինը ավելի սրեր հակամարտությունը, ապա Վրաստանում խիստ կվատթարանար տնտեսական իրավիճակը եւ շանս կտար իշխանության վերադառնալու Սաակաշվիլու «հանցախմբերին»: Իսկ սրանք իրենց հակառուսական թույնով հնարավոր է Ռուսաստանին հարկադրեին ձեռնարկել նոր մի ռազմարշավՙ Վրաստանի համար նոր տարածքների հավանական կորստով:

Սակայն ինչ կհետեւեր դրան. այս տարբերակը կուժեղացներ... Քլինտոններինՙ դեմոկրատներին, թուլացնելով Թրամփին: Իսկ սա ձեռնտու չէ Ռուսաստանին, քանզի, ռուսների կարծիքով, ոչինչ չի թուլացնում ԱՄՆ-ին այնքան, որքան երկու առաջատար քաղաքական ուժերի գզվռտոցը: Հետեւաբար պետք չէ խախտել այդ «հավասարակշռությունը»: Ահա եւ, Պուտինը որոշում է ընդունում ոչ թե հօգուտ Վրաստանի, «Գաբունիային դատապարտող» վրացիների, այլ ընդամենը ելնում է իր երկրի իրական շահերից: Ինչպես ասում են, որ ի՜նչ անձնականՙ բացառապես մեծ քաղաքականություն:

Եվ առհասարակ բազում մեկնաբանությունների մեջ այնուամենայնիվ ամեն ինչ հանգում է հենց այդ մեծ քաղաքականությանը, տվյալ դեպքում մեծ եւ փոքր պետությունների հարաբերություններին: Ռուսները վրացիներին անսեթեւեթ հասկացնում են, որ դուք փոքր պետություն եք եւ մեզ համար խնդիր չեք ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական առումով: Ցինի՞կ է: Անշուշտ: Սակայն անողոք իրողություն է: Ռեյգանահիշատակ նույն քաղաքական անբարոյականությունը, որ, ավա՜ղ, նորմալ երեւույթ է մեծ պետությունների համար: Եվ շատ հաճախ ռուսական լրատվամիջոցները խորհրդանշանակացնում են կռիլովյան հայտնի առակը փղի ու շնիկի մասին: Ներկայացնենք լրագրային մի մեջբերում առանց մեկնաբանության. «Ներկա խմորումներում ջրի պես արտացոլվում են ռուսական եւ վրացական պետությունների իրական մասշտաբները: Շնիկը չի կարող խնդիր դառնալ փղի համար, փիղը կողմնորոշվում է միայն դեպի մյուս փղերը: Դժվարությունների առջեւ կանգնում է ոչ թե փիղը, այլ շնիկըՙ ի՞նչպես անել, որ կծելով փղին, չընկնես նրա ոտքի տակ եւ չջարդես ատամներդ: Պետք չէ նեղսրտել փղից, պարզապես պետք է իմանաս քո տեղը ջունգլիների աշխարհում ու քեզ պահես համապատասխանաբար: Այնժամ շանս կստեղծվի գոյատեւելու մինչեւ ծերություն: Սա էր Պուտինի գլխավոր դասը վրացիներին»:

Հ.Գ. Դրվատանքի է արժանի Նիկոլ Փաշինյանի քաղաքական ողջամտությունը. նա իրեն թույլ չի տալիս ոչ մի հակառուսական արտահայտություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ