RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019



ԶՈՒԳԱՀԵՌԱԿԱՆ

Տեղադրվել է` 2019-07-19 00:33:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2427, Տպվել է` 219, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Երեւանում 250 մգվտ հզորության իտալա-գերմանական նախագծով ու ներդրումներով ջերմային էլեկտրակայան կառուցելու նախաձեռնությունը շատերին էր ոգեւորել, ինչպես տեղին է նկատել, առաջնահերթերից մեկը նաեւ ՀՀ վարչապետին: Երբ հերթական հիմնարկեքի ընթացքում խոսվեց շինարարության ինչ-որ շրջանում ստեղծվելիք շուրջ 1000 աշխատատեղերից, Նիկոլ Փաշինյանի հիացմունքն իր գագաթնակետին հասավ: Իսկ հերթական հիմնարկեք ենք ասում, որովհետեւ այն կայացել է նաեւ նախորդ նախագահի եւ նախորդ վարչապետի օրոք, 2017-2018 թվականներին: Հարյուրավոր աշխատատեղերի շուրջ հիշեցումը ոգեւորիչ է, թեեւ ոչինչ, որ դրանք ժամանակավոր աշխատատեղեր են, որոնց կփոխարինեն շինարարության ավարտից հետո ջերմաէլեկտրակայանը շահագործող էապես սահմանափակ թվով մասնագետներ, քանզի արդեն հայտարարվել է, որ 21-րդ դարի 3-րդ տասնամյակում շարք մտնող գազով աշխատող էլեկտրակայանը գերժամանակակից է, որը նշանակում է սարքերի ու սարքավորումների առավել լայն կիրառում մարդկանց փոխարեն, ինչքան էլ նրանք գիտելիք ու փորձ ունենան:

Տնտեսությունում ինչ-որ բան շարժելու նախանշաններ ջերմային էլեկտրակայանն անշուշտ կցուցադրի: Իր ուղղակի կոչումն է այդպիսին. պտտեցնել հաստոցներ, ագրեգատներ, հարահոսեր, շարժել ստորգետնյա ու վերգետնյա էլեկտրատրանսպորտը, գործի գցել ջրհան պոմպերը, աշխատեցնել վերամշակող ձեռնարկությունների արտադրական տեխնիկան... Համանման գործընթացները երկիր մոլորակի կայացող ու արդեն կայացած տնտեսություններ ունեցող պետություններում սովորական զարգացումներ են, դրանք առավել հաճախ պարզ ու հասարակ տնտեսվարական քայլեր են, քան առանձնացող ոգեւորության նշաններ ցուցադրող գործոններ:

Ծանոթացեք թե ինչպես է զարգացել էլեկտրաէներգետիկ ոլորտը ՀՀ վարչապետի այցելած վերջին երկիր Սինգապուրում: 2009 թվականին, ըստ ԱՄՆ-ում լույս տեսնող «Համաշխարհային փաստեր. 2010» տեղեկատուի, երկրում էլեկտրաարտադրությունը կազմել է 35,9 մլրդ կվտժամ: 4,6 մլն բնակչության պայմաններում 1 սինգապուրցու հաշվով էլհոսանքի արտադրությունը կազմել է 7800 կվտժամ, ՀՀ-ումՙ 2000 կվտժամ: 2018 թվականին էլեկտրաէներգիայի արտադրությունը Սինգապուրում հասել է 47,5 մլրդ կվտժամի, աճել շուրջ 30 տոկոսով, երբ ՀՀ-ում որեւէ փոփոխություն չի նկատվել, մնացել է նախորդ տարիների 6 մլրդ կվտժամը: Փոխարենը Սինգապուրի տնտեսությունը էապես է զարգացել, այն 2009-2018 թվականներին 228 մլրդ դոլարից հասել է 527 մլրդ դոլարի: Էական մի ցուցանիշ նշեմ, որը համաշխարհային տնտեսագիտական ու տնտեսվարական միտքը հաճախ է առանձնացնում: Այն 1 կվտժամին համընկնող երկրի համախառն արդյունքի ցուցանիշն է: Նշված թվերից պարզ է դառնում, որ Սինգապուրում արդեն նշված 1 կվտժամին բաժին է ընկնում ՀՆԱ-ի 11 դոլար արդյունք, երբ ՀՀ-ում այն ընդամենը 2 դոլար է: Աշխարհը նախապատվությունը տալիս է սեփական էլեկտրաարտադրությամբ առավելագույն արտադրանք թողարկելուն եւ արտահանելուն, երբ մեզանում անվերջ խոսվում է էլեկտրական հոսանքն արտահանելու մասին, որն իր հերթին իրականություն չի դառնում, այլ արդարացումների ու պատճառաբանությունների քանակն է ավելացնում:

Եվ հարցըՙ մեզանում կբարելավվի՞ արդյոք նշված ցուցանիշը, դրան կօգնի՞ արդյոք 26 ամիս անց շահագործման պատրաստվող ջերմաէլեկտրակայանը, հնչում է բնականաբար: Դիտարկելով ՀՀ-ում այսօր 1 բնակչի հաշվով տարեկան արտադրվող 2 հազար կվտժամ ցուցանիշը, նկատում ենք, որ նոր ջերմային կայանի 2 մլրդ կվտժամ արտադրությունը նշված ցուցանիշը կհասցնի 2,5 հազար կվտժամի, որը զարգացման որոշակի հույս կապահովի հաջորդ տարիներից առնվազն 4-5-ում էլ համանման հզորություններ շահագործելու պարագայում: Դժվար է ասել թե ՀՀ կառավարությունն ունի՞ արդյոք նման ծրագրեր, հատկապես Հրազդանի ջերմակայանի եւ Հայկական ատոմակայանի առաջիկա տարիներին հնարավոր փակման դեպքում: Մեզանում նաեւ այն տպավորությունն է ստեղծվել, որ Մեծամորի ԱԷԿ-ն այն հզորությունն է, որի պայմաններում մենք էլեկտրաէներգիայի սպառման որեւէ խնդիր չպետք է ունենանք: Իսկ իրողությունն այն է, որ ձմեռային շրջանում, երբ ՀՀ ընտանիքների որոշակի մասը բնակարանները տաքացնում է էլեկտրական հոսանքով, մեր տնտեսության տվյալ ճյուղը առանց Իրանից ներկրվող էլեկտրականության ամբողջական սպառում երաշխավորել չի կարող: Հարավային մյուս հարեւանի մոտ էլ 1 կվտժամին բաժին է ընկնում ՀՆԱ-ի 9 դոլար ցուցանիշ, որը կայացող տնտեսության լավագույն ապացույց է: Այնպես որ անժխտելի է, որ տնտեսական կայացման որեւէ տարբերակի պարագայում պարտադիր պայման է 1 կվտժամի դիմաց նվազագույնից-առավելագույն համախառն ներքին արդյունքի ստացումը: ՀՀ-ում առաջիկա 1-2 տարում արդյո՞ք հնարավոր է արդեն նշված ցուցանիշը 5-6 դոլարի հասցնել, որի պարագայում 7-8 մլրդ կվտժամ էլեկտրաարտադրության դիմաց կունենանք 35-40 մլրդ դոլարի ՀՆԱ, որից էլ 20 տոկոս հարկահավաքությունը կերաշխավորի 7-8 մլրդ դոլարի բյուջե, որը տնտեսական թռիչք է որակվում:

Այ դա կլինի իրական տնտեսական հեղափոխության նախանշան, որին մեր մարդիկ մասամբ արդարացված անհամբերությամբ, մասամբ էլ տարակուսանքով են սպասում:

15.07.2019 թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ