RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019



Տեղադրվել է` 2019-07-19 00:33:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2492, Տպվել է` 221, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱ: ԵԿԵԼ Է ՊԱՐՏՔԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Ստորեւ թարգմանաբար եւ հատվածաբար ներկայացնում ենք «Նյու Յորք Թայմսում» հրատարակված Փիթեր Գրուդմանի վերլուծական հոդվածը:

Տասնվեց երկար տարիներ ձգվող իր իշխանության ընթացքում Թուրքիայի գերագույն առաջնորդ Էրդողանն իր ժողովրդին (եւ աշխարհին) վստահեցրել է, որ երկիրը տնտեսական զգալի աճ է արձանագրում, չբացահայտելով անշուշտ, որ այդ աճը բացառապես երկրի պարտքի մեծացման հաշվին է: Շինարարության եւ անշարժ գույքի բնագավառներում ներգրավված իր բարեկամներին անսահման վարկեր տրամադրելով նա երկիրը ճգնաժամի առաջ է կանգնեցրել: Ֆինանսիստները ահազանգում են պարտքի ամբողջական մարման անհնարինության մասին: Ներդրողներն երկրից դուրս են հանում իրենց կապիտալը, պատճառ դառնալով, որ լիրան ավելի քան 40 տոկոսով անկում ապրի: Գյուղացիները ավելի բարձր գին են վճարում ներմուծված պարարտանյութերի եւ վառելիքի համար: Աճել են բանջարեղենի, ձվի եւ սպառողական այլ ապրանքների գները: Գործազուրկների պաշտոնական թիվը անցել է 14 տոկոսը: Ընկերությունները հազիվ են գոյատեւում, քանի որ եկամուտները տեղական լիրայով են, որն անընդհատ արժեզրկվում է, իսկ պարտքերը կուտակվում են դոլարով:

Պաշտոնական տվյալներով 2018-ի վերջին Թուրքիայի պարտքը կազմում էր 328 միլիարդ դոլար, որի երկու երրորդի պատասխանատվությունը ընկնում է մասնավոր ընկերությունների ուսերին: Հաշվի առնելով, որ անցյալ տարի տնտեսական համընդհանուր արտադրանքը կազմում էր 766 միլիարդ դոլար, նման մեծության պարտքը հսկայական է: Բայց տնտեսականից բացի դժգոհությունը նաեւ այլ բնագավառներում է: ժողովրդավարական ինստիտուտների, մամուլի, խոսքի ազատության, մարդու իրավունքների դեմ կատարվող հարձակումները կարծես լցրել են ժողովրդի համբերության բաժակը: Դա իր արտահայտությունը գտավ վերջերս Ստամբուլում անցկացված քաղաքապետի ընտրություններում, որոնցում հաղթանակ տարավ ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական կուսակցությունը:

«Մարդիկ կորցրել են հավատը իրենց երկրի արժույթի եւ սպառողական կարողությունների հանդեպ: Եկամուտների կտրուկ անկման հետեւանքով նրանք գերադասում են խնայել փողը եւ չծախսել», նշել է Լոնդոնում ապրող տնտեսագետ Նաֆեզ Զուկը :

Թուրքիան տնտեսական հսկայական կարողություններ ունի, բայց արդեն երկար ժամանակ է, ինչ այդ տնտեսությունը հենվում է հիմնականում ներմուծված ապրանքների վրա, ինչը ավելացնում է կախվածությունը արտարժույթի նկատմամբ, եւ նպաստում լիրայի արժեզրկմանը:

Տնտեսությունը նահանջ է սկսել ապրել 2018-ի երկրորդ կեսից այս կողմ: Մի փոքր աշխուժություն նկատվեց 2019-ի առաջին երեք ամսում, բայց դա ժամանակավոր էր: Կացությունը մռայլ է եւ ապագանՙ անորոշ: Կենտրոնական բանկը փորձում է ավանդների տոկոսադրույքները բարձրացնելու միջոցով կանխիկ գումարները պահել երկրի ներսում: Բայց գործարարների համար դժվարացել է վարկեր վերցնելը, նոր ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը եւ ընդհանրապես տնտեսական ակտիվություն ցուցաբերելը:

Էրդողանը բանկերի բարձր տոկոսադրույքների դեմ է, պատճառաբանելով, որ փողի արժեզրկման հիմնական պատճառն է: Իր փեսային գլխավոր տնտեսական վերահսկիչ նշանակելը խորտակել է այն փոքր վստահությունը, որը մարդիկ ունեին Թուրքիայի կենտրոնական բանկի հանդեպ: Էրդողանը, անշուշտ, կարող է իր իշխանության լծակները օգտագործելով նվազեցնել տոկոսադրույքների չափերը, բայց դա կարող է առաջնորդել լիրայի ավելի կտրուկ արժեզրկմանը: Կամ էլ նա կարող է բավարարվել առավել նվազ աճի տեմպերով, քան 6-7 տոկոսն է, որին նա բավական ժամանակ կառչած մնում է:

Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ Թուրքիայի մեծագույն քաղաքի բնակչությունը այլեւս չի վստահում երկրի առաջնորդին: Իսկ միջազգային շուկաներում փորձագետները կարծես ողջունում են Էրդողանի իշխանության տկարացումը: Նրանք հույսեր են փայփայում, որ մեկ այլ կուսակցություն ձեռք կբերի տնտեսության որոշակի լծակներ եւ երկիրը կառաջնորդի նոր ուղիով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ