RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2019-07-19 00:33:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2625, Տպվել է` 228, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՍՊԱՍԻՐ, ՍԵՎԱՆ, ՇՈՒՆՉ ՔԱՇԻՐ, ՍԵՎԱ՛Ն»

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Տեղեկությունների սակավությունը թույլ չի տալիս ամբողջական պատկերացում կազմել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի Նյու Յորքում, ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում ունեցած ելույթի թողած տպավորության եւ հարակից հանգամանքների մասին: Խոսելով Սեւանա լճին սպառնացող վտանգների մասինՙ փոխվարչապետը լճի փրկության խնդիրը, փաստորեն, տեղադրել է կլիմայի փոփոխության համաշխարհային մտահոգությունների ծիրում, համահունչՙ միջազգային բնապահպանական շրջանակների հնչեցրած ահազանգներին, որոնք բազմապատկվել են համապատասխան կոնվենցիայից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: «Կլիմայի փոփոխությունից (Հայաստանի) առավել տուժած մասը Սեւանա լիճն է: Ջերմաստիճանի բարձրացումը ստեղծել է այնպիսի իրավիճակ, երբ մենք ունենք լիճը կորցնելու հեռանկար», հայտարարել է ՀՀ փոխվարչապետը իրավամբ: Սակայն, ինչպես ասվեց վերեւում, առայժմ տեղեկություններ չկան այդ ելույթի թողած ազդեցության, ակնկալելի արդյունքների, ավելի շուտՙ փրկության գործին միջազգային հանրության հնարավոր ընդգրկման վերաբերյալ:

Փոխարենը, ինչպես նախորդ օրը պարզվեց Ազգային ժողովում «ԲՀ» խմբակցության կազմակերպած քննարկումներում, ոմանք, այդ թվում շահագրգիռ անձինք, չթաքցրեցին իրենց դժգոհությունը, որ փոխվարչապետը նման հարցը տեղափոխել է միջազգային հարթակ: Ըստ երեւույթին, քննադատները մտահոգ են ոչ այնքան Սեւանի ճակատագրով, այլ վերջին օրերին կանաչած եւ ամայացած լողափերի անհասութաբերությամբ:

Այնինչ, որքան ինձ է հայտնի, առաջին անգամն է, որ նման բարձր ամբիոնից, այն էլ հայ պետական պաշտոնատար անձի կողմից բարձրացվում է Սեւանի հիմնահարցը: Այդ հիմնահարցի համապարփակ լուծումը, եկեք խոստովանենք, վեր է մեր կարողություններիցՙ առնվազն գլոբալ առումով: Հետեւաբար իրավունք ունենք փոխվարչապետին հարց տալու, թե այդ ելույթը պարագայական կամ ընթացակարգայի՞ն էր, թե՞ ծրագրային ու նախապատրաստական:

Ուզում եմ հուսալ, եւ կառավարության երեկվա նիստի օրակարգում այդ պրոբլեմի ընդգրկումը ավելացնում է հույսերը, որ մեր նոր իշխանությունները, ի տարբերություն նախորդների, գեթ այս հարցում կլինեն հետեւողական ու լրջամիտ եւ նկատի ունենալով լճի փրկության գործում նախկինում թույլ տրված սխալներն ու մանավանդ անգործունեությունը, իրենց սիրած արտահայտությամբՙ կամք կդրսեւորեն եւ սեփական ու միջազգային հանրության աջակցությամբ կլծվեն Սեւանի փրկության գործին, առաջին հերթին համոզվելով ու համոզելով, որ լճի առողջությունը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար, ոչ միայն մեր գյուղատնտեսության, ձկնարդյունաբերության, էներգետիկայի, զբոսաշրջության ու առողջության, այլեւ մաքուր ջրի պաշարների համաշխարհային սովի սպառնալիքը կանխելու տեսակետից:

Իշխանություններից ակնկալվում է, ինչպես ասվեց, կամք, այնպիսինՙ որը դրսեւորեցին մեր հայրերը 60-ական թթ.ին, Խ. Հայաստանի այն ղեկավարները, որոնք հայ էին կոմունիստ լինելուց առաջ եւ որոնց առասպելական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ Մոսկվայից միջոցներ գտնել եւ Արփա ու հետագայում Որոտան գետերի ջրերը հոսեցնել Սեւանՙ վերջինիս մակարդակը 6 մետրով բարձրացնելու առաջադրանքով: Ափսոս որ ադ ղեկավարների հաջորդ մեծ քայլըՙ Սեւան արտանետումներն ու այն շրջապատող տարածքների կոյուղաջրերն ու աղբը հավաքելու կոչված կոլեկտորի ծրագիրը չիրականացավ, եւ 90-ական թթ.ին, մեր աչքի առաջ, անհետացան լճի ողջ ավազանով մեկ փռված ջրատար հսկա խողովակները, որոնք միանալու էին կոլեկտորինՙ տեւական մաքրում ապահովելով լճին:

Սեւանի պրոբլեմը նոր չէ: Այն կար նույնիսկ գլոբալ տաքացմանը եւ «ջերմոցային էֆեկտի» ուժեղացմանը նախորդած ժամանակաշրջանում: Մեր հայրերը փորձել են լուծել, եւ հաջողությամբ, իրենց առաջ դրված խնդիրները իրենց ժամանակվա հնարավոր եւ անհնարին միջոցներովՙ դիմելով կենտրոնական իշխանությանը: Հիմա բոլորովին այլ են պայմանները, այլ են նաեւ երկրագնդի տաքացման դեմ պայքարի մարտահրավերներն ու համաշխարհային վտանգները միասնաբար դիմագրավելու պատրաստակամությունը, եւ կարող ենք քաղաքական նույն կամքով, Սեւանը փրկելու միեւնույն մտասեւեռումով դիմել միջազգային կառույցներին, դոնոր երկրներին, բնապահպանական հզոր կազմակերպություններին եւ անհատներինՙ օգնելու մեզ, բնաշխարհի բացառիկ երեւույթներից մեկը համարվող մեր չքնաղ Սեւանին: Դրանում ոչ մի վատ բան չկա, դրանով միայն կբարձրանա մեր անունը, ազգային արժանապատվությունը:

Մինչ այդՙ ստիպված ենք կրկնելու Պարույր Սեւակի խոսքերըՙ «Սպասիր, Սեւա՛ն»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ