RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019



ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-07-11 22:12:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1462, Տպվել է` 248, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԵՂԾ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պգթ

«Իրական թշնամիներին թողած, մեր մեջ թշնամիներ մի՛ փնտրեք»

Վազգեն Սարգսյան

Պետության զարգացման, հզորացման ու առավել եւս ծաղկման համար տնտեսական գործոնից զատ կարեւոր են այն արժեքները, որոնց հիման վրա էլ կառուցվում է այդ պետությունը: Այն պետությունը, որի զարգացումը եւ հզորացումը փորձ է արվում իրականացնել զուտ տնտեսական չոր հաշվարկների վրա, որպես կանոն, դատապարտված է ձախողման:

Պետության հզորությունը այն մարդիկ են, որոնք հանդիսանում են նրա քաղաքացիները, իսկ վերջիններիս համար այդ պետությունը լոկ տարածք չէ, այլ հայրենիք, որը իրենց անհատականության ձեւավորման կարեւորագույն մասն է կազմում: Մարդու արժեհամակարգը ձեւավորվում է իր հայրենիքում, այնտեղ բնակվող էթնոսի հիմնած մշակույթի, անցած պատմության, ստեղծած կրոնի ու հավատքի եւ այլ արժեքների հիման վրա:

Այս ամենը ստեղծվում է հազարամյակներով, ինչն էլ տալիս է այն առաձնահատկությունը, որով մի էթնոսը տարբերվում է մյուսից: Սա մի հարստություն է, որի հիմքում տվյալ ժողովրդի անցած պատմության յուրահատկությունն է եւ, որ ամենակարեւորն է, անկրկնելիությունը:

Մեկ այլ ժողովուրդ կամ էթնիկ խումբ չի կարող անցնել նույն պատմական ուղին, չի կարող ստեղծել միեւնույն մշակույթը, ունենալ բացարձակապես նույն կրոնն ու հավատքը եւ այսպես շարունակ: Հենց այս բազմազանությամբ էլ առանձնանում է երկիր մոլորակը, որի պատմության ընթացքում մարդկության գոյության կարճ ժամանակահատվածը աչքի է ընկել նաեւ ստեղծագործման եւ արարման ժամանակաշրջանով:

Սակայն, ժամանակ առ ժամանակ, հզորացող ազգերը փորձել են այլ ազգերին պարտադրել իրենց մշակույթը, լեզուն ու կրոնը, իրենց աշխարհայացքը եւ մտածելակերպը: Գլոբալացումը հանգեցրել է մշակութային հզոր շերտերի ոչնչացմանը, ազգերի ուծացմանը եւ պետությունների կործանմանը:

Պատմությանը հայտնի են գլոբալացման մի շարք դեպքեր, երբ, ասենք, հելլենիզմի տարածումը Փոքր Ասիայում հանգեցնում է այնտեղ բնակվող տարատեսակ էթնիկ խմբերի վերացմանը եւ ձուլմանը հունական հզոր մշակույթի մեջ: Կամ ասենք քրիստոնեության եւ իսլամի տարածումը եւս կարելի է դիտարկել որպես մեկ կրոնի համաշխարհայնացման հաջողված փորձ, երբ վերացան բազմաստվածություն քարոզող տարբեր կրոնները եւ հաստատվեցին միաձեւ եւ միասկզբունք հավատքի ուղղություններ:

Իրար հաջորդող համաշխարհայնացման այս գործընթացին դիմանում էին միայն այն ազգերը, որոնք կարողացել էին ստեղծել ուրույն մշակույթ եւ ունենալ ինքնաբավ քաղաքակրթություն: Նույնիսկ այլ կրոնների եւ մշակույթների ազդեցությունները նրանք կարողանում էին յուրացնել ու դրա հիման վրա ստեղծել միայն իրենց հատուկ նոր քաղաքակրթական ուղղություն:

Այս առումով հայ ժողովրդի պատմությունը առանձնահատուկ է. լինելով համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկում մենք կարողացել ենք պահպանել միայն մեզՙ հայերիս հատուկ մշակույթը եւ արժեքները: Կարողացել ենք հզորագույն քրստոնեական հավատքից ու կրոնից ստեղծել միմիայն մեզՙ հայերիս հատուկ եկեղեցին` այն կոչելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի եւ այլն:

Ստեղծագործելու ու արարելու, ուրույն քաղաքակրթություն ու եկեղեցի ստեղծելու մեր առանձնահատկությունը հնարավորություն է տվել գոյատեւել հազարամյակներով ու նույնիսկ պետության լիակատար բացակայության պայմաններում: Իսկ այ պետություն, երկար ժամանակաշրջանի համար, պահպանել չենք կարողացել ու վատ սովորության նման մի քանի հարյուրամյակը մեկ կորցրել ենք:

Պետությունների կործանման հիմնական պատճառը ներքին երկպառակությունն է եղել, երբ փորձել ենք հեռանալ մեր իսկ դավանած արժեքներից ու ապավինել ուրիշներին: Երբ փորձել ենք մեր իսկ խնդիրները լուծել ուրիշների օգնությամբ ամեն անգամ վրա է հասել «հատուցումը» կործանված պետության տեսքով:

Իսկ պետության կործանումը մեզ ստիպել է վերադառնալ մեր լեզվին, մեր հավատին, մշակույթին եւ այսպես շարունակ, իսկ այդ վերադարձի պատճառը մեկն է եղելՙ միայն ճգնաժամերի պայմաններում ենք գիտակցել, որ մեր տեսակի պահպանման միակ հնարավորությունն ու ուղին մեր արժեքներն են եւ ուրիշին ապավինելը կործանարար է ոչ միայն պետության, այլեւ ազգի համար: Սակայն պետականության վերականգնումից հետո անմիջապես մոռանում ենք մեր նախկինում ունեցած դառը փորձը, ցանկանում ենք հրաժարվել այն ամենից, ինչ-որ մերն է եւ ապավինել ուրիշի արժեքներին, որոնք կոչում ենք «համամարդկային», «համաշխարհային» եւ նման այլ էպիտետներով:

Այնպիսի տպավորություն է, որ չնայած մեր մի քանի հազարամյա պատմությանը, այդպես էլ չենք կարողանում կարդալ ու հասկանալ մեր իսկ պատմությունը, չենք կարողանում գնահատել ու արժեւորել մեր մշակույթը, լեզուն ու կրոնը: Ամեն անգամ պետություն ստեղծելիս փորձում ենք դրա գոյատեւման բանաձեւը գտնել Հայաստանից դուրս, ինչ-որ անհասկանալի վայրերում ու տեղերում:

Արեւմտյան կոչվող քաղաքակրթությունը վերջին մի քանի տասնամյակներում կործանել է տասնյակ պետություններ, հատկապես նրանց, որոնք հրաժարվելով զարգացման իրենց ուղուց, փորձում են գնալ, ըստ իրենց, արդեն լավ «տրորված» ճանապարհով: Իսկ այդ ճանապարհը իրականում ծուղակ է, որը տանում է ոչ մի տեղ, հատկապես այն ազգերին, որոնք դարերի ընթացքում ձեւավորել են իրենց ուրույն ձեռագիրը ու այսօր ինչ-որ մարդկանց թեթեւ ձեռքով փորձում են հրաժարվել դրանից:

Եթե պետության կառուցման ճանապարհին դու չես հենվում քո հազարամյա պատմության, մշակույթի, կրոնի ու արժեքների վրա, այդպիսի պետությունը երկար գոյատեւելու հնարավորություն չունի: Նմանատիպ պետություններում միշտ առաջանում է ներքին հակասություն ու ճգնաժամՙ ազգային արժեքները կրող մարդկանցՙ ժողովրդի եւ ներմուծված արժեքներով ապրող ղեկավարության միջեւ:

Այս առումով «հետհեղափոխական» Հայաստանը այդ տիպի պետություն է հիշեցնում, որտեղ իշխանության են եկել մարդիկ, որոնք շատ քիչ ընդհանրություն ունեն հայկական ազգային էթնիկ մտածելակերպի, նրա մշակույթի ու արժեհամակարգի հետ: Մարդիկ են, որոնք տարիներ շարունակ կրելով ոչ հայրենիՙ այլ արեւմտյան արժեքներ, այսօր փորձում են դրանք փաթաթել մեր վզին` այն ներկայացնելով որպես առկա խնդիրների լուծման միակ ճանապարհ:

Երբեմն տպավորություն է, որ մենք ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում, որտեղ այն ամենը, ինչ մարդկանց համար դարեր շարունակ եղել է արժեք, այսօր փորձ է արվում ստորադասել եւ նույնիսկ վերացնել: Փորձում են հրաժարվել մեր քրիստոնեական արմատներից, դրա փոխարեն դպրոցներից ներս թողնելով տարբեր հիմնադրամներ ու կառույցներ:

Ուզում են հրաժարվենք մեր ընտանեկան ավանդական արժեքներից` փոխարենը առաջարկելով այլ, մեզ խորթ ու հային ոչ հարիր հարաբերություններ: Այս ամենն արդեն այսօր հանգեցրել է ներքին հակասության ու ճգնաժամիՙ գործող իշխանության եւ բնակչության մի հսկայական զանգվածի մոտ, որը շարունակում է հավատալ հայկական ազգային արժեհամակարգին:

Կեղծ արժեքները իրական վտանգ են ներկայացնում, դրանք խեղաթյուրում են հայկական, դարերով ձեւավորված արժեհամակարգը, մեր գիտակցությունը, եւ ներքին հակասություն ու հակամարտություն առաջացնում: Հայ հանրությունը երբեք այս աստիճան երկփեղկված չի եղել, երբեք այսքան իրար չենք ատել ու թշնամանք սերմանել:

Մենք դադարել ենք հարգել մեծերին եւ վատ ենք վերաբերվում փոքրերին, չենք հիշում Արցախյան հերոսամարտը եւ նրա հերոսներին, փոխարենը հերոսացնում ենք պատահական մարդկանց, որոնք ասենք փողոց են փակել ու կամ «հաջող» կերպով խուսափել բանակից: Հայհոյում ենք մեր իսկ եկեղեցուն եւ պաշտպանում տարատեսակ աղանդներն ու նրանց իրավունքները:

Հայ կանայք դադարել են կանացի լինել, իսկ տղամարդիկ իրենց տղամարդավայել պահել: Նյութապաշտությունը, փողը եւ հարստությունը դարձել են այն չափորոշիչները, որով որոշվում է հաջողության «գրավականը» եւ այլն:

Իրերի նման դասավորությունը խորացնում է ներքին ճգնաժամը, պառակտում ու թուլացնում ազգը, ինչը, եթե ժամանակին սա չհասկանանք ու կանխենք, վաղ թե ուշ, հանգեցնելու է պետության կործանմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-07-2019

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ