RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-07-04 23:07:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1663, Տպվել է` 248, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԿՈՒ ՍԵՆՅՈՐ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Աշխարհում շատերն են ճանաչում Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկեսին, բայց քչերն են ճանաչում Խորխե Մարիո Պեդրո Վարգաս Լյոսային: Մինչդեռ Լյոսան, ինչպես եւ Մարկեսը, Գրականության Նոբել ունի, ավելին, Լյոսային այդ մրցանակը շնորհվել է մի շատ ուշագրավ բանի համար: Մարդը, ըստ Նոբելյան հանձնաժողովի, լավագույնս է մանրակրկիտ նկարագրել իշխանության կառուցվածքը եւ անհատի դիմադրությունը, ինչպես նաեւ կարողացել է հրաշալիորեն ներկայացնել ժողովրդի ընդվզման ու պարտության վառ պատկերներ: Համաձայնեք, եթե օրինակ Կրթության եւ գիտության սուպեր նախարարն իմանար, թե ինչի համար է սենյոր Լյոսան Նոբելյան մրցանակ ստացել, հանրակրթական դպրոցներում կանցնեին իսպանախոս աշխարհի ամենահռչակավոր գրողներից մեկին, ինչն անխոս հրաշալի կլիներ:

Բայց Լյոսային ու Մարկեսին հիշել եմ ոչ ամենեւին գրականությունից խոսելու համար, մանավանդ որ Լյոսան լուրջ քաղաքական գործիչ է, ամեն դեպքումՙ է՛ր: Մարդը 1990-ին Պերուի նախագահի թեկնածու էր, առաջին փուլում նույնիսկ առաջատարն էր, բայց երկրորդ փուլում պարտվեց ինժեներ-գյուղատնտես Ալբերտո Ֆուխիմորիին, եւ այն ժամանակ, երբ Ֆուխիմորին դառնում էր Պերուի բռնապետ, Լյոսան լքեց հայրենի երկիրը, ապաստանեց Լոնդոնում ու դարձավ Իսպանիայի քաղաքացի:

Իսկ մինչ այդՙ 1976-ին, տեղի ունեցավ մի բան, ինչի մասին գրականությունը նրբանկատորեն լռում է: Ժուռնալիստների ներկայությամբ Լյոսան ապտակեց Մարկեսին: Ես անկեղծ ասածՙ չգիտեմ, թե Գաբրիել Գարսիային էլ ո՞վ է ապտակել, գուցե նրա կինըՙ սենյորա Մերսեդես Բարչա Պադրոն, ասենք այն պահերին, երբ Մարկեսը վերհիշում էր իր տխուր պոռնիկներինՙ մոռանալով, որ տանը ոչ հաց կա, ոչ էլ շաքարավազ, որ որդինՙ ապագա կինոռեժիսոր Ռոդրիգո Գարսիան ուտի: Ամեն դեպքում, փաստով, մեծ Մարկեսին ապտակել է միայն մեծ Լյոսան:

Մարկեսը երկար չէր ներում Լյոսային այս խայտառակությունը: Միայն 2007-ին, ապտակից 31 տարի անց, Մարկեսը թույլ տվեց, որ իր «Հարյուր տարվա մենության» մեջ օգտագործվեն նաեւ Լյոսայի ակադեմիական մեկնաբանությունները:

Մարիո Վարգաս Լյոսան Նոբելյան դափնեկիր լինելուց բացի նաեւ Իսպանիայի թագավորական ակադեմիայի անդամ է, Եվրոպայի եւ Ամերիկայի մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետ, իսպանախոս աշխարհի ամենահեղինակավորՙ Սերվանտեսի անվան մրցանակակիր: Նա ավելի քան երեք տասնյակ վեպեր, դրամաներ ու էսսեներ է գրել: Նրա հետ գրական ու քաղաքական լուրջ թեմաներով բանավիճել է Գաբրիել Գարսիա Մարկեսը, բայց այս 83-ամյա ծերունին, որն ամբողջ աշխարհում պտտվել է, ասում էՙ 5 տարեկանում ես սովորեցի կարդալ. ավելի կարեւոր բան այլեւս իմ կյանքում տեղի չունեցավ...Ու խնդիրն այն չէ, որ մենք չենք տարբերում կարեւորն անկարեւորից, սա այնքան հին խնդիր է, որ անբուժելի է, բացի այդ պետք է Լյոսա լինես, որ կարողանաս սրանք տարբերել: Խնդիրն այն է, որ չնայած աշխարհում շատերն են ճանաչում Մարկեսին ու քչերըՙ Լյոսային, բայց շատերն են ապտակում եւ քչերն են ներում: Երեւի ներելու համար էլ պետք է Մարկես լինես, կամ ոչ միայն կարդաս, այլեւ հասկանաս նրան: Ու ոչ միայն նրան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ