RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019



Տեղադրվել է` 2019-07-04 23:07:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2513, Տպվել է` 258, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆ. «ՕՐ ՄԸ ՄԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՂԵՐՈՒՆ ՎՐԱ ՊԻՏԻ ԽԱՂԱՂ ԱՊՐԻՆՔ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հունիսի 30-ին Քյոլնի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցին, ամենայն հավանականությամբ մի քանի անգամ ավելի բազմություն կամփոփեր, եթե նախապես հայտնի լիներ, թե Թուրքիայի Մեջլիսիՙ Տիգրանակերտ- Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանն այդ օրը ներկա է լինելու պատարագին: Քրդամետ ժողովրդավարական կուսակցության 47- ամյա ներկայացուցիչ Փայլանին ԳԴՀ էին հրավիրել թուրք ձախակողմյաններըՙ հունիսի 30- ին ժամը 18- ին Քյոլնում մասնակցելու Թուրքիայի Մեջլիսի Ժողովրդահանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի հետ քաղաքական բանավեճին: Մինչ բանավեճը Փայլանն այցելեց Առաջնորդարան, հանդիպեց գերմանահայ համայնքին, նրանց բարեմաղթանքները, սերն ու սատարումը ստացավ:

«Դժբախտաբար Թուրքիայի պայմանները վատ են եւ կվատանան, բայց մենք կպայքարինքՙ ժողովրդավար եղանակով», եկեղեցում հավաքված հանրությանն ասաց Փայլանը, որ անհրաժեշտ համարեց հիշեցնել Արեւմտյան Հայաստանի հանդեպ պատասխանատվության մասին: «Օր մը մեր պատմական հողերուն վրա պիտի խաղաղ ապրինք, թուրքը, քուրդը, հայըՙ կողք-կողքի», ասաց Կարո Փայլանը: Նա պոլսահայ համայնքի անունից ներում խնդրեց եկեղեցում ներկա Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանից: (Սրա մասին առավել մանրամասնՙ մեր ներկա համարի 1-ին էջում- խմբ.):

Մեջլիսում նաեւ հայոց լեզուն հնչեցնող քաղաքական այս գործչին, որ, Թուրքիայի օրենսդիր մարմնի ամբիոնից չի երկյուղում պարզել ապրիլի 24- ին տեղահանված, այդուհետ սպանված հայ մտավորականների լուսանկարներն ու հարց տալՙ ո՞ւր են իր 1, 5 միլիոն հայրենակիցները, մյուս քրիստոնյա փոքրամասնությունները, որ Գրիգոր Զոհրապիՙ Թալեաթին ուղղված «պատասխան եք տալու» համարձակ ձեւակերպումից հետո հիշեցնում է, թե բնօրրանում հատուցման պահանջը բարձրաձայնող կա, ինչպե՞ս կընդունեն մի համայնքում, որտեղ եկեղեցին շեն պահողը Թուրքիայից Գերմանիա եկած հայերն են մեծ մասամբ: Նրանց (եւ ոչ միայն նրանց) հիացումն ու օրհնանքը նոր շրջանակի մեջ էՙ «պատկեր մը քաշվելու» սիրելի վարժությունը թվային մեր ժամանակներում վերածվել է համբերատարության չափման մի փորձության: Փայլանի պիջակը որքան էլ ծածկեր ճերմակ վերնաշապիկի խոնավ լինելը, միեւնույն է, եկեղեցու պարտեզի բարկ արեւն էլ հուշում էր, թե յուրաքանչյուր լուսանկարվողի շնորհակալություն հայտնող խոնարհ Հերոսը, մեր կարծիքով, այդուհանդերձ չէր ընդդիմանա, եթե խմբակային լուսանկարի առաջարկ լիներ: Սա է հուշում նաեւ նրա սոցցանցային էջի գրառումն ու լուսանկարը:

«Քյօլնի հայ եկեղեցւոյ մէջ մասնակցեցայ արարողութեան: Մալաթիացի, սվազցի, տիգրանակերտցի, եոզղաթցի հայերու հետ ժամերով թրքերէն ու հայերէն խօսեցանք: Համրիչի հատիկներու նման աշխարհի չորս ծագերը սփռուած անատոլուցի հայեր արդարութեան կը սպասեն», Կոմիտաս երգչախմբի հետ խմբակային լուսանկարին կից գրել է Կարո Փայլանըՙ դիմամատյանի իր էջում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ