RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019



Տեղադրվել է` 2019-07-04 23:07:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2708, Տպվել է` 267, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԸ. ԳՈՐԻՍ

ՆԱԻՐ ՅԱՆ

Օ՜, տեմպորա, օ՜, մորես, օ՜, Զանգեզուր, օ՜, Կյորես...

Գորիս մտնելուն պես մեր արձակի պոետիՙ Ակսել Բակունցի «Կյորես» անավարտ վեպի բնաբանը հիշեցի: Նա դեռ մեկ դար առաջ է սիրել իր Կյորեսը, մեկ դար առաջ է օտար լեզվով գոչել. «Օ՜, բարքեր, օ՜, ժամանակներ»: Կնուտ Համսունի Պանին իր սրտի մեջ առաջ բնապաշտ գրողը բնօրրանի ամեն թուփ ու ծառին, ամեն ծիլ ու ծաղկին, յուրաքանչյուր կյորիսեցուն սիրահարված էլ հեռացավ այս աշխարհից: Գորիսի անտառ մտեք. ձեզ կթվա համսունյան կերպարանքով Պան-Բակունցի ստվերն է շրջում այնտեղ: Բակունցյան հայացքով նայեք Գորիսին. դուք էլ կսիրահարվեք, ձեր հոգին էլ անմեկնելի սիրով ու հմայքով կլցվի: Բակունցյան հերոսներին փնտրեք Գորիսի փողոցներում ու տներում. կգտնեք: Անցած մեկ դարը նրանց հագուկապի, բարքերի, կենցաղավարության մեջ հսկայական փոփոխություն է դրոշմել, բայց գորիսեցու բարբառը նույնն է, գորիսեցու կեցվածքում, անգամ հայացքում իր հողին կառչած զանգեզուրցու համառություն կա:

Գորիսը շատ տարբեր է մեր մարզերի քաղաքներից ու ավաններից: Գորիսը Հայաստանի ու աշխարհի ոչ մի բնակավայրի հետ հնարավոր չէ շփոթել, որովետեւ Գորիսը յուրահատուկ ճարտարապետություն ունի. այստեղ տները շարունակում են կառուցվել ավանդական տեսքը պահպանելու սկզբունքով: Գորիսում շինություններն անպայման պետք է երեսպատված լինեն քարով ու այնպիսի շաղախով, որի մակերեսին այդ քարերը սիրուն-սիրուն երեւան: Գորիսում ամեն տան դռան վարդի թուփ կա. սա էլ է այս քաղաքի դիմագիծը, առանձնահատկությունը, կոլորիտը: Ասում ենՙ տան հիմքը գցելու հետ միաժամանակ տանտերը վարդի թուփ է տնկում, ու երբ տունն արդեն պատրաստ է լինում, վարդի թուփը փթթում-ծաղկում է:

Բայց Գորիսում էլ աղքատությունն ահագնացող, վայրենի տեսք ունիՙ հատկապես գյուղերում: Գորիսը խոշորացված համայնք է. կենտրոննՙ ասֆալտապատ, իսկ դեպի գյուղական համայնքներ տանող ճանապարհներըՙ քարուքանդ: Իսկ ճանապարհներն անցնում են լեռներով ու սարերովՙ բարձր, ավելի բարձր, հետոՙ ներքեւ. թվում է ուղիղ անտառի կամ ձորի մեջ ես մխրճվելու:

Վախեցած կառչում ես ավտոմեքենայի նստարանին, որ հանկարծ պատուհանից դուրս չթռչես, իսկ կողքիդ նստած գորիսեցին աչքի պոչով քեզ է նայում ու անթաքույց ծիծաղում. «Վեր չես ինկնի. հանգիստ կաց»: Գորիսեցիների համար դարուփոսերով, խորխորատներով ճանապարհները սովորական, ամենօրյա երեւույթ են: Մանավանդ որ բնակիչները հազվադեպ են դուրս գալիս տներից, գյուղից գյուղ ու առավել եւսՙ Երեւան գնում: Բոլորի կյանքը միանման է, այսօրըՙ երեկվա ու վաղվա նման:

Ավտոմեքենան անվարժ անցնում է, ավելի ճիշտՙ քերում է Գորիսից Որոտան տանող ճանապարհը: Շոգից հին ասֆալտի կտորները խաղում են անվադողերի տակ, իսկ չկարկատած հատվածներում մանր ու խոշոր քարերը դուրս են պրծնում ու աջուձախ հարվածում: Ճամփեզրերին ծաղկած մասրենիներն ամեն անցնող մեքենայի արտազատած փոշախառն քամուց անտրտունջ ճոճվում ենՙ վարդագույն ծաղկաթերթերի փնջերն օդում բաց թողնելով:

Ավտոմեքենան կանգ առավ Որոտան գյուղի փողոցներից մեկում: Երկհարկանի շենք էՙ ճաքճքած, անհրապույր պատերով. կիսաջարդ ապակիներով պատուհաններից մի քանի գլուխ է կախ ընկել: Կեսօրվա շոգից ամենահետաքրքրասեր աչքերն անգամ խուփ են եղել: Շքամուտքը մութ է. խոնավության հոտը դեմքիդ է խփում: Երկրորդ հարկից մանկահասակ երեխայի թունդ լացի ձայնն առաջին իսկ ելեւէջներից ընդգրկում է ամբողջ բակը, որտեղ երկու-երեք երեխա մի ջարդված հեծանիվի համոզում են, որ վայր չընկնի: Ավելի տարիքով աղջնակն առջեւի անիվն է բռնել, մանկահասակը փորձում է ղեկն ուղղել, իսկ փոքրիկ տղան սեւացած ձեքերով նստատեղն է ամրացնում: Հեծանիվն ընդհատ-ընդհատ գլորվում է, նրանք հրճվում են. ասես իրենք են վրան նստած:

Թշվառության հոտը տիրաբար նստած է անդուռ սենյակի ամեն անկյունում: Փալասներով ծածկված մահճակալներ են ու մի օրորոց: Երեխայի լացի ելեւէջները սուր ծակում են ականջդ: Տատը ջրի շիշը նրա բերանն է խոթում ու սաստումՙ Լիլո՛, սո՛ւս: Լիլոն սուս է անում. լացը շարունակելու ճար չունի, ջուրը մեծ-մեծ շիթերով կոկորդն է լցվում: Տարեց կինը նստած է, ոտքինՙ հսկա փաթաթան: Հիվանդ է. ոտքի երկու մատն անդամահատել են: Կողքին շեկ, անլվա մազերով մյուս թոռներն են նստածՙ երեքն էլ իրար նման, նույն պլզուն աչքերով, նիհար, երկար մարմնով, սառած հայացքով: Ընտանիքը մեկ տարի առաջ է Լաչինից Գորիս տեղափոխվել: Տանը ոչ ոք չի աշխատում: Մեծահասակներն անաշխատունակ են ու հաշմանդամ: Մանկահասակ 4 աղջիկների հորն Արցախում զինվորական հաշվառումից չեն հանում, ինչի պատճառով էլ նա շարունակում է մնալՙ որպես Արցախի բնակիչ ու զրկված է Հայաստանում նպաստ ու թոշակ ստանալու հնարավորությունից: Ասել ենՙ 50-դ կլրանա, զինհաշվառումից կհանենք, ազատ քաղաքացի կդառնաս: Այդպես են ասել այն դեպքում, երբ տղամարդու ներքին օրգաններն արտահայտված կերպով ասես դուրս թափված լինեն փորից. 30 տարի առաջ ավտովթար է եղել, ինքը ձորն է գլորվել ու ներքին օրգանները տեղից դուրս են եկել, այդպես էլ մնացել: Տղամարդն անգամ աշխատել, իր երեխաներին պահել չի կարող, էլ ուր մնաց զենք վերցնի, բայց ասել ենՙ դու հաշվառման մեջ ես դեռ, այսինքնՙ պահեստային զինվոր: 4 աղջիկների մայրն անկենդան հայացքով շուրջբոլորն է նայում. փոքր դստեր բերանից ջրի շիշը վայր ընկավ: Լիլոն սկսեց սուր ծղրտալ: Տատը գոռացՙ Էլլա՜, շիշը դիր երեխու բերանը: Հարսի անկենդան հայացքը կենդանության նշաններ ցույց չտվեց: Տատը հաշմված ոտքն աթոռից քաշեց, տնքալով վեր կացավ, շիշը գետնից վերցրեց ու էլի խցկեց Լիլո թոռան բերանը: Լռություն տիրեց. միայն բակում ջարդված հեծանիվի թսկած անիվն էր ճռռում: 7 հոգանոց ընտանիքն ապրում է տատի 35 հազար դրամ թոշակով:

Դրսում ճանճերը վրա են տվել գետնին փոշու մեջ գնդված թթի կույտին: Հեծանիվի մոտ մանկահասակ տղան է մնացել: Թսկած անիվը խանգարեց ճանճերի ճաշը. վարժ անցավ թթի սեւացած կույտի վրայով: Տղան ու հեծանիվը կորան շքամուտքի խոնավ մթության մեջ:

Որոտանից Հարթաշեն ճանապարհը դարձյալ դժվարանցանելի է: Անցորդները նայում են արտասահմանյան մակնիշի մեքենային ու ափսոսանքով գլուխները տարուբերումՙ մաշինդ կոտրեց, մատաղ քեզ: Հարթաշենում էլ են տները գորիսյան ոճով կառուցվածՙ շաղախի ու քարերի անխախտ համադրությամբ: Տատը երկու թոռների հետ մենակ է ապրում. նրանց խնամակալն է: Աղջիկն ու փեսան 8 տարի առաջ թողել-գնացել ենՙ ամեն մեկն իր ճամփով: Երեխաներըՙ շեկ, սիրուն, վառվռուն աչքերով, մնացել են տատի հույսին: Փոքրըՙ տղան, հաշմանդամ է. աջ ոտքը ծնկից ներքեւ չկա. այդպես է ծնվել: Թոռան պրոթեզը փոխելու ժամանակն է: Մեծանում է, բոյովանում, հին պրոթեզն էլ ոտքին չի լինում: Տատը պիտի նրան առնի Երեւան տանի: Բայց տատի տրամադրությունը լավ է: Պետությունն իրեն խնամատար է ճանաչել: Ուրիշը պիտի լիներ, ինքն է դիմում ներկայացրել, թեՙ առողջ եմ, աշխատունակ, տուն ու տեղ կստեղծեմ, իմ թոռներին կպահեմ, ինչո՞ւ եք նրանց համար օտար խնամատար փնտրում, ես կամ էլի: Համայնքապետարանն ընդառաջել է, տատին թուղթութանաքով, կնիքով խնամատար ճանաչել: Տատով-թոռներով այգի են մշակել, սպասում են, որ լոբին, կարտոֆիլը, լոլիկ-վարունգը հասնեն: Որ բերք լինի, հեշտ կապրեն:

Ավտոմեքենան հետեւից ծուխ ու փոշի հանելովՙ հետ գնաց Գորիս: Քաղաքի սկզբնամասում երկու սիրուն շենք կաՙ կողք-կողքի: Դրանց սոցիալական տուն են ասում: Բնակիչները մեծ մասամբ Բաքվի, Սումգայիթի փախստականներն են, մյուսներըՙ անտուն գորիսեցիներ: Սոցիալական տները գորիսյան ճարտարապետության սկզբունքներով չեն կառուցված, որովհետեւ շվեյցարական ծրագրով են ստեղծվել, բայց բակերում վարդի թփեր կան, հետն էլ ծառեր, լոբու, կարտոֆիլի, վարունգի մարգեր: Բնակիչներն են ցանում-մշակում: Գրեթե բոլորը միայնակ մարդիկ են, հիմնականումՙ տարեցներ ու հիմնականումՙ բողոքավոր: Նախՙ բողոքում են, թե ինչու իրենց սենյակները չեն սեփականաշնորհում: Ախր, այ տատի ջան, քեզ համար ապրիր, էլի: Որ սենյակդ սեփականացրիր, քո մահից հետո ո՞ւմ է մնալու: Գոնե այսպես, քեզնից հետո սենյակումդ մի ուրիշ անտուն կբնակվի: 2-րդ հարկից ոտքերը քստքստացնելով իջնում է տիկին Արգենտինան: Այսօր շրթներկ չի քսել. չգիտեր, որ հյուրեր է ունենալու: Իր անունով շատ է հպարտանում. «Աշխարհում մեկ իմ անունն է Արգենտինա, մեկ էլ Արտգենտինա պետության»,- ասում է:

Սոցիալական տան բնակիչները թոշակ-նպաստով են ապրում: Տիկին Գոհարն անձնագիր չունի: 80-նն անց է: Շուշիից է: Բայց Շուշիի անձնագրային բաժին չի գնում, որ անձնագիր հանի: Չի գնում ու վերջ, ոտքը Գորիսից ու իր սենյակից չի հանում. թեկուզ առանց անձնագրի մնա: Վախենում է. բա որ հանկարծ ոտքը քաշի, գա-տեսնի իր սենյակն ուրիշի են տվե՞լ... Տարօրինակ, կասկածամիտ ու հեռատես են սոցիալական տան բնակիչները: Նրանց մեջ մայր ու աղջիկ էլ կան: Տուն չունեն , այստեղի սենյակներից մեկում են բնակվում: Դուստրը Գորիսի համալսարանի բանասիրականն է ավարտել: Գործ չունի: Համայնքապետարանից խոստացել են մանկապարտեզում պահակի գործ տալ: Ծեր մայրն աչքերը լցնում է. «Ախր իմ աղջկա խելքը պահակի խելք չի, է՜»:

Գորիսում ամառը սիրուն-սիրուն է, անտառներըՙ կանաչ-կանաչ, մարգագետիններըՙ ծաղկուն-ծաղկուն: «Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհըՙ ծիրանագույն բուրաստան». Բակունցը հանճարեղ է գրել. Բակունցն ինձՙ ծաղկափոշու մեջ թաթախված բզեզիս համար է այդպես գրել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-07-2019

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ