RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019



Տեղադրվել է` 2019-06-28 18:29:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2799, Տպվել է` 253, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԸ. ԱՅՐՈՒՄ

ՆԱԻՐ ՅԱՆ

Այրումը խոշորացված համայնք է: Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում փոփոխություններ կատարելուց հետո է Այրումը խոշորացվել. ներառում է 8 գյուղՙ 11 հազար բնակչով: Նախկինումՙ սովետական տարիներին, Այրումում գործարաններ են աշխատել. բնակչությունը քաղաքային կյանքով է ապրել: Նաեւ միրգ-բանջարեղենի վերամշակմամբ են զբաղվել այրումցիները. այստեղ պահածոների գործարան է եղել: Եթե որոշեք Երեւանից 210 կմ կտրել ու հասնել Այրում, առաջինը գործարանների կիսքանդ շենքերը կդիմավորեն ձեզ, հետո կընտելանաք սովորական տեսարաններինՙ փողոցներ, փոքրիկ հրապարակՙ շատրվաններով, զբոսայգի ու բակերում խաղացող երեխաներ: Այս վերջինը հաստատ զարմանք կպատճառի ձեզ, որովհետեւ երեւանյան բակերում «կլաս», պարան, «գործնագործ» խաղացող երեխաների դժվար տեսնեք: Իսկ Այրումում երեխաներն անգամ ինքաշեն խաղալիքներ են պատրաստումՙ պղնձե լարերով իրար միացրած ակներով սայլ, փայտե ձի, շներին ու կատուներին կատաղեցնող պարաններ: Որքան Երեւանից հեռուՙ այնքան վիրտուալ աշխարհից, հեռախոսների ճիրաններից ազատագրված, բայց նաեւ աղքատության դեմքըՙ անողոք ու աննահանջ:

Այրումում ձմեռ գրեթե չի լինում. այրումցիները հազարից մեկ են ձյուն տեսնում: Ասում ենՙ Հայաստանում վարդերն առաջինն Այրումում են բացվում. մայիսին նռնենիներն այստեղ ալ կարմիր ծաղիկներով են զարդարված, իսկ թուզը հունիսի կեսերին արդեն հասած է: Այրումն ապրում է իր մեկուսի կյանքով:

Աշխատատեղերը քիչ են. Այրումը վարելահող չունի: Բնակիչները կողքի գյուղեր են գնում, այնտեղ ուրիշների հողատարածքները մշակում, երեկոյան վերադառնում Այրումՙ ձեռքներին այդ օրվա աշխատավարձը: Քանի որ Այրումը քաղաքային բնակավայր է, այստեղ բազմաբնակարան շենքերն են գերակշռում: Թեեւ անտուն բնակիչները քիչ չեն, սովետից մնացած կիսակառույցներ կան, որոնք անտեր ու լուռ ցցված են մնացել հենց Այրում մտնելու ճանապարհին: Մինչդեռ հնարավոր էր հետեւողական լինել, այդ կիսակառույցների շինարարությունը շարունակել ու անտուն բնակիչներին տեղավորել վերակառուցված շենքերում. դա նաեւ այրումցուն իր բնօրրանում պահելու ռազմավարական նշանակության ծրագիր կլիներ: Բայց ինչպես հեռավոր որեւէ բնակավայրում, Այրումում էլ կարիքների գնահատման, ձեռքի տակ եղած միջոցներն օգտագործելու հետ ոչ ոք գլուխ չունի. արտագնա աշխատանքը կա ու կա, պետական նպաստների ցուցակն օր-օրի ծանրանում է: Իրենց բախտի հետեւից շատերը Երեւան ու Ռուսաստան են գնում:

Երբ ասում ենքՙ մարզային բնակավայր, հասկանում ենք սեփական տուն, տնամերձ այգի, հանդ ու դաշտեր, որտեղ կարելի է հոտ ու նախիր արածեցնել, անտառ ու ձորեր, որտեղից կարելի է սունկ, կաղին, մասուր, ավելուկ, բնության բարիքներ հավաքել: Այրումը մարզային բնակավայր է, սակայն այս ամենից զուրկ, որովհետեւ սովետական տարիներին արդյունաբերական ավանը մեր օրերում էլ հենց այդպես ավան էլ մնացել է, բայց առանց արդյունաբերության: Մարդիկ այստեղ իրենց գլուխը պահում են ինչպես կարողանում են, ինչքան որ հնարավոր է:

Մեր ազգային ողբերգությունն այն է, որ մինչեւ հիմա մարզերի ռեսուրսները գնահատված չեն: Մինչեւ հիմա ոչ մի մարզ իր անձնագիրը չունի, ոչ ոք խորքային ուսումնասիրություն չի կատարելՙ պարզելու, թե որ մարզը, որ գյուղն ինչ ներուժ ունի, ինչով կարող է զբաղվել, որ ե՛ւ իր գլուխը պահի, ե՛ւ ապագայի հեռանկարներ ստեղծի: Իսկ ապագայի հեռանկարը գյուղացուն իր գյուղում պահելն է, մեր ազգի ժողովրդագրական աղավաղված պատկերը մի քիչ տեսքի բերելը: Կիլոմետրերով անցնեք գյուղերովՙ մի մարդու չեք հանդիպի, որ բարեւ տաք, մի բան հարցնեք: Իսկ շուրջը.... շուրջը դրախտ էՙ թավ անտառներ, դաշտ ու ձորեր, կապույտ երկինք, կատարն ամպերի մեջ թաղած սարեր, քչքչան գետեր ու առուներ, փթթուն բնություն, հատկապես քաղաքաբնակի համար երանավետ միջավայր:

Ամեն աշնան պետական պաշտոնյաները մեր երկրում զբոսաշրջության զարգացման, զբոսաշրջիկների թվի աճիՙ աչք ու ականջ շոյող ցուցանիշներ են ներկայացնում այնքան համոզիչ, որ թվում էՙ իրենք էլ են իրենց ասածին հավատում: Իրականում Այրումը լինի, թե Եղեգիսը, Բերդավանը լինի, թե Մարցը, ակտիվ հանգստի սիրահարների համար բոլորն էլ ընտրագույն վայրեր են: Կտրուկ փոփոխական ռելիեֆ ունեցող մեր հայրենիքը, սակայն, առայժմ միայն օտարազգի տարեց զբոսաշրջիկներին է հետաքրքրում. երիտասարդներին Հայաստանը չի գրավում, որովհետեւ զբոսաշրջային գործակալությունները միայն պատմամշակութային հուշարձաններն են ներկայացնում օտարներին, իսկ այդ կոթողներն արյան եռն զգացող, արշավ ու էքստրիմ սիրող երիտասարդ զբոսաշրջիկին չեն հետաքրքրում:

Ցավն այն է, որ անգամ մենք մեր հայրենիքի այս մասը չենք ճանաչում: Այս 29 հազար քմ-ի միայն 1 տոկոսին ենք ծանոթ: Մեր հայրենիքի հմայքն ու ներուժն անգամ մենք չենք գիտակցում ու գնահատում: Եկեք Այրում. Տավուշի մարզի որեւէ գյուղ մտեք, լսեք բնության կանչը, ձորերի խորխորատներում ձեր անունը գոչեք ու լսեք ձեր իսկ ձայնի արձագանքը, ինքներդ ձեզ հետ առանձնացեք ու ճանաչեք ինքներդ ձեզ: Իրական հայրենիքը կանչում է. նրա ձայնը լսող չկա:

Իրական հայրենիքում աղքատությունը, ընչազրկությունն ուրիշ դեմք ունի: Ոսկեպարում վիրավորված հաշմանդամը 30 տարի ապրում է անուշադրության մատնված: 1992-ի մայիսի 5-ը լավ է հիշում. Ոսկեպարում կռիվ էր. ընկերները զոհվեցին, մի քանիսն էլ ողջ մնացին ու իր նման հաշմանդամ: Ինքը երկու ոտքից զրկվեց ու գամվեց սայլակին: Դրանից հետո նրա կյանքում ոչինչ չի փոխվել: 30 տարի շուրջն ամեն ինչ նույնն էՙ նույն կիսաքանդ տունը, մեջըՙ ինքըՙ հաշմանդամ, եղբայրըՙ առողջական լուրջ խնդիրներով ու 80-նն անց տատը: Չի ամուսնացել, երեխաներ չունի. ապրում է, որովհետեւ լույսը բացվում է, ինքն էլ արթանանում է: 30 տարի նրա դուռը ոչ ոք չի բացել: 30 տարում չկռվածներն էլ են մեդալ ու պաշտոն ստացել, ինքը միայն հաշմանդամության թոշակ է ստացել: Թոշակով էլ գոյություն է քարշ տալիսՙ կյանքից հոգնած, հիասթափված, կյանքի հետ հաշիվները վաղուց փակած: Ամենասարսափելին անպետքության զգացումն է, որ ամեն վայրկյան ներսը կրծում է: Ինքը բառացիորեն կես մարդ է, ոչ հող կարող է մշակել, ոչ անասուն պահել. աղքատությունն արդեն 30 տարի նրան իր ճիրաններում է պահում: Ինքն էլ հաշտ է իր վիճակի հետ, միակ կռիվն ինքն իր հետ է, իր ներսում ապրող տղամարդու հետ, որ կարող էր դասալիք լինել, Ոսկեպարի կռիվներին չմասնակցել, գլուխը մի ապահով տեղ մտցնել, ու երկու ոտքն էլ տեղում կլինեին:

Աղքատության իրական համն զգալու համար պիտի Ոսկեպարում կռված այդ կես-մարդու մաշկի տակ մտնել թեկուզ երկու վայրկյանով: Նրանք, ովքեր ի պաշտոնե կարող են մարդկային կյանքերը փոխել, այդ կյանքերի ողբերգական ընթացքը շուռ տալ, գույն, համ ու իմաստ հաղորդել... բայց հենց նրանք թեկուզ երկու րոպեով չեն մտնում Ոսկեպարում կռված տղայի մաշկի տակ: Դրա համար էլ ողբերգական կյանքը գորշ ու նենգ գույներով էլ շարունակվում է:

Դարձյալ Այրումն է. հանրակացարանի շենքը: Միջանցքները մութ են, անհրապույր. այդ օրն ու նախորդ բոլոր օրերին հարեւանների եփած ճաշերի հոտերն ամբարվել են նեղ, մութ ու երկար միջանցքում: Հանրակացարանի բնակիչների հետաքրքրասեր գլուխները միջանցքում լսվող օտար ոտնաձայներից դուրս են գալիս դռների արանքից: Հետաքրքրասեր գլուխների վրա լայն չռված աչքեր կանՙ ինչ-որ մեկը հյո՞ւր ունի. տեսնես ո՞ւմ տուն է եկել: Ոչ մեկի հավատը չի գալիս, որ հանրակացարանի շենք բացի բուն բնակիչներից, կարող է ինչ-որ մեկը մտնել: Պահմտոցի խաղալիս անգամ երեխաներն այստեղ չեն թաքնվում: Բոլորն ապրում են հանրակացարանում, ամեն մեկըՙ իր նեղ ու անհրապույր աշխարհում մխրճված: Հանրակացարանի հենց մուտքից աղքատության հոտ է փչում: Մութ միջանցքի աջ ու ահյակ կողմերում դռներն ամուր փակվում են: Դռներից այն կողմՙ ամեն բացվող օրվա հետ կռիվ տվող մարդիկ: Փողոցից նայելիս կթվա, թե շենքն ուր որ է փուլ կգա: Լվացքի պարաններին հնամաշ սպիտակեղեն, 90-ականներին Սադախլոյի շուկայից բերված հագուստ է կախված: Միջանցքի ծայրին մի դուռ բացվեց: Թախտին տձեւ կազմվածքով տղամարդ է նստած: Անդամալույծ է: Մի ոտքն ու մի ձեռքը չկան: Սենյակի պատերն այնքան խունացած են, որ դժվար է գուշակելՙ նախկինում ինչ գույնով են ներկված եղել: Հատակը ճռճռում է, ասես ուր որ է փուլ կգա, ու սենյակի ամբողջ հնամաշ պարունակությունն անդամալույծի հետ կթափվի ներքեւի հարկի հարեւանի գլխին: Ապրում են...մարդիկ են: Ընտանիքի հայրը պայմանագրային զինծառայող է: 15 օր դիրքերում էՙ թշնամու կրակի բերան, 15 օրՙ տանը: Ի դեպ, պայմանագրային զինծառայողի աշխատանքին համաձայնում են հատկապես մարզաբնակները: Ամսական 150 հազար դրամը լուրջ գումար է. դրա 60-70 տոկոսով վարկերն են փակվում. չկա մի ընտանիք որ վարկերի տակ ճկռած չլինի, մնացածով էլ կոմունալ ծախսեր, մթերք, հագուստ, թե երեխա կա տանըՙ դպրոցի ծախսեր...150 հազար դրամը մի ամբողջ կարողություն է, ինչպես երեւանաբնակի համար 1,5 միլիոն դրամը:

Ճը՜ռռ, առաջին հարկի բնակարանի դուռը բացվեց: Ներսում մութ է, աղքատության հոտը դռան ճեղքից ուժգին դուրս է հորդում: Բետոնե հատակը մի պահ մոմլաթով է ծածկվում, հետոՙ ճռճռացող տախտակ դառնում: Պատուհանից թափանցող լույսը թույլ է տալիս հայացքով ընդգրկել ամբողջ սենյակը: Մաշված ու քրքված երեսով բազմոց է, թեքված սեղան ու լիքը երեխաներ: Նրանց մեջ դժվարությամբ զանազանվում է երեխայի նման փոքրամարմին մի կին, գրկինՙ նորածին: Սենյակը ողողված է փալաս-փուլուսով, հնոտիներով, անկյուններում մանկական կեղտոտ իրեր, հնամաշ անկողին է շաղ տված: 9 զույգ աչքեր մթության միջից փնտրում են իրենց տան դուռը բացող եկվորին: 9 զույգ աչքերից երկու զույգը մի քիչ զարմացած են, մյուսներըՙ հետաքրքրությունից պլշած: Զարմացածներն ամուսինների աչքերն են: Հայրն այսօր գործ չի ունեցել: Բախտը չի բերել: Իսկ եթե բերում է, պղինձ ու երկաթ է հավաքում, ուրիշի հողում բերք հավաքում, ավազի պարկեր քարշ տալիս ու 4-5000 դրամով տուն գալիս: Երեխաներն այդ փողով ընթրում են ու չոր գետնին պառկում-քնում:

Այրումում աղքատության դեմքից նենգություն ու անգթություն է կաթում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ