RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019



ԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2019-06-13 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2914, Տպվել է` 282, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԿԱՌՈՒՑԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.

Ինչ-որ տարօրինակ զուգադիպությամբ կամ միգուցե որոշակի տրամաբանությամբ, չգիտեմ, Հայաստանը վերջին մի քանի տասնամյակում տասը տարին մեկ սկզբունքով կանգնում է ճգնաժամի առաջ: 1988թ. Ղարաբաղյան շարժումը, որը հանգեցրեց ազգային ազատագրական պայքարի ձեւավորման, այդ ճգնաժամի առաջին դրսեւորումն էր:

Այդ շրջանում առաջին անգամ փորձ արվեց հասկանալ, թե ով ենք մենք եւ ինչ ենք ուզում: Ու մինչ ազգի իրական նվիրյալները, նրա սերուցքը մարտնչում ու զոհվում էին Ադրբեջանի հետ ընթացող դաժանագույն պատերազմում, ՀՀ-ում որոշ մարդիկ իշխանություն էին բաժանում եւ հարստություն դիզում:

Տասը տարի անց, 1998թ.ից սկսած, ներիշխանական ճգնաժամի հանգուցալուծումը եղավ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Այդ անցումը տեղի ունեցավ համեմատաբար անցնցում եւ արդյունքը եղավ նախկին ՀՀՇ-ական վերնախավի հեռացումը ու նորերի մուտքը քաղաքական դաշտ:

Եւ սկսվեց հարստության վերաբաշխման մի նոր գործընթաց, որն արդեն ղեկավարում էին ՀՀԿ-ի առաջնորդները: Այդ ընթացքում գրանցված տնտեսական աճն ու կյանքի կենսամակարդակի որոշակի բարձրացումը այնուամենայնիվ չփոխեցին բնակչության վերաբերմունքը իշխանությունների հանդեպ, որը կարելի է կոչել մեկ բառովՙ անվստահություն:

2008թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի փորձը վերադառնալու իշխանության, հանգեցրեց գործող եւ նախկին իշխանական վերնախավերի բախման: Այդ բախման հետեւանքը, ցավոք սրտի, մարտի 1-ի հայտնի ողբերգությունն էր, տասնյակ զոհերով ու մեծաթիվ վիրավորներով:

Այդ դեպքերից արդեն տասը տարի անցՙ 2018թ. գարնանը, տեղի ունեցավ հայտնի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունը», որի արդյունքում իշխանությունից հեռացվեցին Սերժ Սարգսյանն իր ՀՀԿ-ական վերնախավով ու եկան նորերը: Նիկոլ Փաշինյանի շուրջ ձեւավորվող նոր քաղաքական ուժը առաջադրեց նոր վերնախավ, որն էլ այս պահին «վայելում» է միանձնյա իշխանության ողջ հմայքը:

Տասը տարին մեկ կրկնվող ներքաղաքական ճգնաժամերը եւ դրանց արդյունքում իշխանության եկած նոր քաղաքական էլիտաները ձեւավորվում են այն մարդկանց շուրջը, որոնք էլ այդ պահին զբաղեցնում են իշխանության թիվ մեկ պաշտոնը: Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ ապա Նիկոլ Փաշինյան, վերջին 30 տարիների ընթացքում այս մարդիկ էին թելադրում քաղաքական օրակարգ Հայաստանում` պայմանավորված միայն իրենց զբաղեցրած քաղաքական բարձր դիրքով, հետեւաբար նրանց շուրջ ձեւավորված մարդիկ էլ մաս են կազմում այն պետական վերնախավի, որը նրանց ներկայացնում է:

Սակայն հիմնական հարցը, որն առաջանում է ամեն անգամ, երբ Հայաստանում հերթական անձի շուրջ ձեւավորվում է հերթական վերնախավը, հետեւյալն էՙ ի՞նչ գաղափարական եւ ազգային արժեքներ են կրում այդ էլիտաները: Ինչպիսի՞ն է պետության զարգացման նրանց տեսլականը, արդյոք այդ ամենը ունե՞ն որեւէ ընդհանրություն Հայաստանի, նրա պատմության, նրա պատմական ժառանգության, ազգային ու կրոնական արժեքների հետ, թե՞ ոչ:

Վերը նշված շարադրանքը ցույց է տալիս, որ ՀՀ պետության ղեկավարների ազդեցությունը պայմանավորված է ոչ այնքան նրանց գաղափարական ու հասարակական ազդեցությամբ եւ այն արժեքներով, որ նրանք կրում են, այլ այն պաշտոնով, որ նրանք զբաղեցնում են: Այսինքն այդ անձինք, որպես կանոն, երբ կորցնում են իրենց իշխանությունը, կորցնում են նաեւ իրենց ազդեցությունը հանրության մեջ:

Նման իրավիճակը պայմանավորված է տվյալ անձանց կողմից իշխանության գալուց հետո հայկական պետականության կառուցման գործում տնտեսական, քաղաքական, անվտանգային կամ ասենքՙ արտաքին քաղաքական, եւ նմանատիպ այլ գործոնների կարեւորմամբ, բայց ո՛չ գաղափարական: Երբ 1990-ականներին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, կարծես թե բոլորը ընդվզեցին դրա դեմ, սակայն ոչ մեկը չփորձեց հասկանալ կամ այլընտրանք առաջարկել: Եվ, այնուամենայնիվ, ի՞նչ գաղափարական հենքի վրա պետք է կառուցվի Հայաստանը:

Օրինակՙ ի՞նչ ասել է հայկական ազգային պետություն, այն ինչո՞վ է տարբերվում ասենք եվրոպական կամ այլ տիպի պետություններից, ի՞նչ արժեհամակարգ կարող է դրվել այդ պետության հիմքում, ի՞նչ դեր այս ամենում ունեն, օրինակ, Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, հայկական ազգային ավանդույթները, ընտանեկան արժեքները, ազգային բանակը եւ այսպես շարունակ: Սրանք բարդ եւ միաժամանակ կարեւոր հարցեր են, որոնց պատասխանը պետք է տրվեր գործող իշխանությունների դիմաց ամեն անգամ, երբ նրանք գալիս են իշխանության:

Սակայն դրա փոխարեն անցած 30 տարիների ընթացքում իշխանության եկած անձինք իրենք իրենց դիտարկելով որպես պետություն, փորձում էին ու փորձում են իրենց շուրջ համախմբել ոչ թե գաղափարական, այլ միայն իրենց հավատարիմ անձանց: «Հավատարիմների» այդ ամբոխն էլ գործում էր ոչ թե ըստ պետության շահերի, այլ ըստ իրենց «շեֆի» ցանկության, եւ շատ դեպքերում էլ խորտակվող նավից փախչող առնետի նման դավաճանում էին իրենց տերերին առաջինը, երբ վերջինները կորցնում էին իշխանությունը:

Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանում այդպես էլ չձեւավորվեց գաղափարական քաղաքական վերնախավ, որի համար ազգային պետության կառուցումը դառնա գերնպատակ: Դրա փոխարեն «վերնախավերը», որոնք փոխարինում են մեկը մյուսին, ընդամենը ծառայում են այդ պահին իշխանությանը եկած անձին:

Նույն իրավիճակն է ՀՀ-ում նաեւ այսօր. վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ հավաքված խումբը, որին դեռ դժվար է նույնիսկ վերնախավ կոչել, պետության զարգացման տեսլականից դեռեւս զուրկ մարդկանց խմբավորում է: Այս մարդիկ ունենալով բավականին մեծ իշխանությունՙ դեռ չեն կարողացել առաջարկել ազգային պետության կառուցման իրենց տեսլականը, դրա զարգացման գաղափարական ու գաղափարախոսական բաղադրիչերը:

Վերջիններս պատկերացում չունեն անգամ, թե ինչ ասել է ազգային եւ առաջնորդվելով կեղծ արժեքներովՙ փորձում են առաջ մղել այսպես կոչված եվրոպական արժեքները, կամ դրանց հայկական տարբերակները, որոնք իրականում քիչ առնչություն ունեն «արժեք» կոչվող հասկացության հետ: Հայկական պետության կառուցման գաղափարական դատարկությունը մեկը մյուսի հետեւից իշխանության եկած վերնախավերը այդպես էլ ոչնչով չկարողացան լրացնել:

Հնագույն պատմություն, հզոր մշակույթ ու 1700-ամյա քրիստոնեական արժեքներ կրող ազգը այժմ, փաստորեն, ոչինչ չունի առաջարկելու աշխարհին: Մենք կառուցել ենք անդեմ պետություն, որը քիչ բանով է տարբերվում հետամնաց որեւիցե պետությունից թե՛ կառավարման իր համակարգով, թե՛ իր ստանդարտ արժեհամակարգով:

Հայկական զուտ ազգային պետություն կառուցելու մեր անընդունակությունը պատմական իր արմատներն ունի, որը արդեն այլ հոդվածի թեմա է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 14-06-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ