RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019



Տեղադրվել է` 2019-06-06 23:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1390, Տպվել է` 263, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՆ-Ը ԵՄ-ԻՑ ՊԱՀԱՋՈՒՄ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԵՆՔ ԳՆԵԼ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Վերջնագիր Եվրոմիությանը

Արեւմտյան լրատվամիջոցներին հայտնի են դարձել այն վերջնագրի մանրամասնությունները, որը ԱՄՆ-ը ներկայացրել է ՆԱՏՕ-ի գծով իր մերձավորագույն դաշնակցինՙ Եվրոմիությանը: Պարզվում է, որ Վաշինգտոնի կարծիքով Եվրոպան իրավունք չունի մշակելու սպառազինությունների սեփական համակարգեր, այլ պարտավոր է դրանք ձեռք բերել ԱՄՆ-ից: Նման պատճառաբանության հիմնավորման համար առիթ են ծառայում Ռուսաստանի ագրեսիվության վկայակոչումները: ԱՄՆ-ը պահանջում է, որ Եվրոմիության նոր ռազմական պատվերներն ուղղված լինեն ամերիկյան սպառազինությունների ձեռքբերմանը:

Ըստ երեւույթին, ԱՄՆ-ը վախենում է այսպես կոչված «Airbus-ի էֆեկտի կրկնությունից»: 1969 թվականի մայիսի 29-ին եվրոպական համանուն ընկերությունը A300 օդանավը թողարկեց ամերիկյան Boeing-ի հետ մրցակցելու նպատակով, որն այն ժամանակ ամբողջովին գերիշխում էր առեւտրային թռիչքների համաշխարհային շուկայում: Կես դար անց Airbus-ը Boeing-ից փաստորեն խլեց օդային փոխադրումների շուկայի 50 տոկոսը: Հատկանշական է նաեւ եվրոյի օրինակը, որն իր գոյության 20 տարում դարձավ արժույթի համաշխարհային շուկայում ամերիկյան դոլարի մրցակիցը:

Վերոհիշյալ վերջնագիրը Եվրոմիությանը ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական գործերի գծով տեղակալ Մայքլ Մերֆին : «Առանց ԱՄՆ-ի մասնակցության եվոպացիների սպառազինման նախագծերը առաջին հայացքից կարող են փոքր թվալ, բայց իրականում դրանք կարող են լինել անընդհատ մեծացող ձնագնդեր», ասել է Մերֆին: Ամերիկացի պաշտոնյան նկատի է ունեցել այն հանգամանքը, որ եվրոպացիները փորձում են մոլորեցնել անդրօվկիանոսյան տերերինՙ թվացյալ փոքր նախագծերի քողի տակ իրականում նախապատրաստելով սեփական սպառազինությունների խոշոր առաջընթաց:

ԱՄՆ-ի դիրքորոշումը, որի համաձայն ամերիկացիներին պետք է հասանելի լինեն Եվրոմիության սպառազինությունների բոլոր նոր տեսակներըՙ անկախ հեղինակային իրավունքից եւ պայմանականություններից, կարելի է լավագույնս բնութագրել ռուսական «քո ունեցածը իմն է, իսկ իմ ունեցածին չդիպչես» ասացվածքով:

Իսպանական El Pais թերթի թղթակից Բեռնարդո դե Միգելի խոսքերով, ներկայումս ԱՄՆ-ը գերհզոր տերություն է զենքի արտադրության բնագավառում, ինչը նրան թույլ է տալիս վերահսկել զենքի արտահանության համաշխարհային շուկայի մոտ 80 տոկոսը: 2006-2016 թթ. ընկած ժամանակամիջոցում ԱՄՆ-ը տարեկան վաճառել է միջին հաշվով 150 մլրդ եվրո ընդհանուր գումարի սպառազինություն: Միեւնույն ժամանակ, Եվրոմիության զենքի վաճառքի առավելագույն ցուցանիշն արձանագրվել է 2016 թվականինՙ կազմելով 13 մլրդ եվրո:

Նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոմիության սպառազինման նախագիծը պաշտպանել էՙ դա հիմնավորելով Արեւմուտքի երկու գլխավոր մրցակիցներիՙ Ռուսաստանի եւ Չինաստանի հզորացմամբ:

Մերֆիի խոսքերով, եվրոպացիները կհիասթափվեն, եթե ճգնաժամի պահին ունենան միայն եվրոպական զենք: Ամերիկացիների դժգոհությունը բացատրվում է նրանով, որ մտավոր սեփականության եւ արտահանության վերահսկման ոլորտներում Եվրոմիության նոր չափորոշիչները սահմանափակիչ բնույթ են կրում եւ խոչընդոտում են եվրոպական սպառազինությունների ոլորտին ամերիկյան ընկերությունների մասնակցությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ