RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2019-06-06 23:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1803, Տպվել է` 266, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԲԵՆ ԿՓՈՐՁԻ ՀԱՇՏԵՑՆԵԼ ԱՄՆ-ԻՆ ԵՎ ԻՐԱՆԻՆ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Վաշինգտոնը կարող է փոխել մերձավորարեւելյան քաղաքականությունը

Ամերիկյան The Wall Street Journal թերթը, սեփական աղբյուրներ վկայակոչելով, հաղորդում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ չի ձեռնարկել Իրանի դեմ: Թերթի տվյալներով, նախատեսվում էին նոր սահմանափակիչ միջոցառումներ, որոնք պետք է ուղղված լինեին կոնկրետ իրանական նավթաքիմիական ընկերությունների դեմ: Նշվում է, որ ԱՄՆ-ի հակաիրանական հռետորաբանության մեղմացման պատճառը եղել է երկկողմ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու Թրամփի որոշումը: Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Աբդել ալ-Ջուբեյրի հայտարարության համաձայն, Էր-Ռիադը իր հերթին «ձգտում է Մերձավոր Արեւելքում ամեն գնով խուսափել պատերազմից: Տարածաշրջանի երկրները ներկայումս դժվարին պահեր են ապրում»: Նախարարը Իրանին կոչ է արել զսպվածություն դրսեւորել, եթե այդ երկիրը ձգտում է կարգավորել իրադրությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էր-Ռիադը Թեհրանին մեղադրել էր Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ նավթատար նավերի վրա հարձակումներին, ինչպես նաեւ սաուդյան նավթամուղ Saudi Aramco պետական նավթային ընկերության խողովակաշերերի վրա կատարված հարձակումներին մեղսակից լինելու մեջ: Իրանը կտրականապես հերքել էր դա: Բայց սկզբում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ ինքը այդ առնչությամբ տվյալներ չունի: Հետո ամերիկյան զինված ուժերի շտաբների պետերի Միացյալ կոմիտեի ներկայացուցիչ գեներալ Մայքլ Գիլդեյը հայտնեց, թե Պենտագոնը իբր հետախուզական տեղեկություններ ունի նավթատար նավերի վրա կատարված հարձակումներին իրանցիների մասնակցության մասին, բայց մտադիր չէ գաղտնազերծել այդ տեղեկությունները: Ուրեմն ինչո՞ւ Վաշինգտոնը դիմեց Իրանի շուրջ իրադրության ոչ թե առավելագույն, այլ չափավոր լարվածությանը:

Թրամփը որոշել է լրացուցիչ կարգով Մերձավոր Արեւելք ուղարկել 1500 զինծառայող, որպեսզի արդյունավետորեն դիմակայի Թեհրանին: Բայց եթե նկատի ունենանք, որ ԱՄՆ-ը առանց այդ էլ տվյալ տարածաշրջանում ունի 70 հազարանոց զորաբաժին, ապա պարզ կդառնա, որ Սպիտակ տունը չի նախապատրաստվում զինված ներխուժում կատարել Իրան, սակայն ծախսի տակ է դրել այդ շրջանում իր որոշ դաշնակիցների: Կարծեցյալ իրանական նախահարձակումը կասեցնելու համար ԱՄՆ վարչակազմը, առանց Կոնգրեսի հաստատման, 8,1 մլրդ դոլարի զենք է վաճառել Սաուդյան Արաբիային, Հորդանանին եւ ԱՄԷ-ին: Ուստի այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ վերջերս Իրանի շուրջը ստեղծված տարօրինակ պատմությունը քողածածկույթ է ծառայել հենց այդ գործարքի համար, իսկ մնացյալըՙ այդ թվում Պարսից ծոցի երկրների եւ Արաբական պետությունների լիգայի օրերս Մեքքայում կայացած արտահերթ գագաթաժողովը, ընդամենը քաղաքական մանեւր է:

Նման պայմաններում Թեհրանն ինքը սկսել է հանդես բերել նկատելի դիվանագիտական ակտիվություն: Իրանի արտգոծնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը օրերս այցելեց Իրաք, որտեղից արաբ հարեւաններին առաջարկեց տարածաշրջանի երկրների հետ ստորագրել չհարձակվելու պայմանագիր: Բաղդադը առաջարկեց իր միջնորդությունը Թեհրանի եւ Վաշինգտոնի երկխոսության հաստատման համար, ինչը մամուլում երկու երկրների միջեւ դիվանագիտական շփումների որոնմանը վերաբերող ասեկոսեների առիթ դարձավ: Ինչպես պարզվեց, այստեղ եւս առանց կրակի ծուխ չի լինում: Շուտով հայտնի դարձան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի բանակցությունների արդյունքները: Վերջինս մտադիր է որպես միջնորդ հանդես գալ ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունների կարգավորման հարցում:

Դա ձեռնտու է Վաշինգտոնին, որը խնդիրներ ունի Իրանի հետ միջուկային բազմակողմ համաձայնագիրը ստորագրած բոլոր երկրների հետ: Չէ՞ որ Տոկիոն մի կողմից պաշտպանում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքկանանությունը, իսկ մյուս կողմից խուսափում է Թեհրանի հետ հարաբերությունների բարդացումից, որի նավթային մատակարարումները կազմում են Ճապոնիա ներմուծվող վառելիքի նշանակալի մասը: Բացի դրանից, Իրանը, որը միջուկային համաձայնագրի մասնակից եվրոպական երկրներին (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա), ինչպես նաեւ ամբողջ Եվրոմիությանը նախազգուշացում էր արել, որ եթե նրանք 60 օրվա ընթացքում չվերականգնեն առեւտրային եւ բանկային հատվածների բնականոն աշխատանքը, ապա ինքը կվերսկսի առավել բարձր մակարդակի ուրանի հարստացումը, կկուտակի այդ ուրանի, ինչպես նաեւ ծանր ջրի պաշարներ եւ կվերագործարկի Արաքի միջուկային համալիրի աշխատանքը, բացահայտ դժգոհություն էր արտահայտել ԱՄՆ-ի քաղաքականության հանդեպ այդ երկրների դիրքորոշման առնչությամբ:

Միջնորդի դերում տեսականորեն հանդես գալ կարող էր նաեւ Մոսկվան: Սակայն Թեհրանում նման սցենար, ըստ երեւույթին չեն մշակել, կամ էլ հրաժարվում են դրանից: Ճապոնիա կատարած այցելության ժամանակ, ԱՄՆ-Իրան հարաբերությունների մասին խոսելիս, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան իբրեւ միջնորդ իրեն չի պարտադրում եւ ընդհանուր առմամբ դեմ է արտաքին հարաբերություններում պարտադրանքի կոշտ միջոցների կիրառմանը:

Ինչ վերաբերում է Թրամփ-Աբե բանակցություններին, երբ դրանց ընթացքում խոսք բացվեց Ճապոնիայի միջնորդական դերի մասին, Թրամփը փոխեց հռետորաբանությունը:

«Իրանը հնարավորություն ունի մեծ երկիր դառնալ նույն ղեկավար կազմով», հայտարարեց Թրամփը Ճապոնիայի վարչապետի հետ իր համատեղ մամլո ասուլիսում: «Մենք չենք ձգտում փոխել վարչակազմը, ես ուզում եմ, որ դա հասկանալի լինի: Մենք ձգտում ենք այն բանին, որ չլինի միջուկային զենք: Կարծում եմՙ Իրանն ունի վիթխարի տնտեսական ներուժ եւ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ Իրանը կկարողանա այն ցուցադրել»: Նման իրավիճակում Իրանի դեմ նոր պատճամիջոցների ձեռնարկումն ուղղված կլիներ Աբեի առաքելության դեմ: Դրան հաջորդեց Իրանի արձագանքը: Զարիֆը հայտարարեց, որ Իրանի համար կարեւոր են Թրամփի գործողությունները, այլ ոչ թե խոսքերը: Սա կարելի է ընկալել որպես Ճապոնիայի վարչապետի ջանքերը ընդունելի համարելու Թեհրանի պատրաստակամություն:

Ճապոնական Kyodo գործակալությունը հաղորդում է, որ վարչապետ Աբեն մտադիր է Թեհրան այցելել հուլիսի կեսերին, եւ այդ այցը կարող է առաջինը դառնալ 1978 թվականից ի վեր: Գործակալությունը նաեւ տեղեկացնում է, որ արդեն շփումներ են հաստատվել Ճապոնիայի վարչապետի, ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի եւ Իրանի արտգործնախարար Զարիֆի միջեւ: Իրան կատարելիք այցի շրջանակներում Աբեն մտադիր է նախագահ Հասան Ռոհանիին հայտնել, որ Ճապոնիան կշարունակի հետեւել միջուկային համաձայնագրին, թեեւ ինքը դրա անմիջական մասնակիցը չէ: Ամենայն հավանականությամբ, Աբեն կառաջարկի նաեւ ամենաբարձր մակարդակով քննության առնել միջուկային նոր համաձայնագրի կնքման հնարավորությունը:

Ավելի հեշտ կլինի, եթե այն ստորագրեն Իրանը եւ ԱՄՆ-ը, քան եթե դրան մասնակից դառնան մի շարք այլ պետություններ: Ենթադրվում է, որ տվյալ հարցում Աբեի հաջողության դեպքում Վաշինգտոնը զուգահեռաբար ոչ միայն կչեղարկի կամ զգալիորեն կմեղմացնի հակաիրանական պատճամիջոցները, այլեւ կփորձի նոր գաղափարների հիման վրա ներքաշվել Սիրիայի ուղղությամբ Ռուսաստան - Թուրքիա - Իրան դաշինքի մեջ: Իրանը տարածաշրջանային կարեւոր խաղացող է: Եթե Աբեին հաջողվի իրականացնել դիվանագիտական նոր գաղափարները, ապա Մերձավոր Արեւելքում իրադրությունը կարող է լրջորեն փոխվել:

Միեւնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ բուն Իրանում կան բանակցությունների ուժեղ հակառակորդներ, որոնք հանդես են գալիս

երկրի միջուկային եւ հրթռային ծրագրերը սահմանափակելու ԱՄՆ-ի մտադրության դեմ: Այդ պատճառով, Աբեի առաքելությունը Իրանում կարող է ներքաղաքական պայքարի սրման պատճառ դառնալ: Մանավանդ որ, ըստ ամերիկյան Foreign Policy հրատարակության, Թեհրանին կփորձեն գայթակղել ռազմավարական նոր դաշինքների կնքման գաղափարովՙ շեշտելով պատժամիջոցների չեղարկման հեռանկարը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ