RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019



Տեղադրվել է` 2019-06-06 23:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2886, Տպվել է` 267, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽԱՅՏԱՌԱԿ «ԱՐԴԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ»

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրողՄոսկվա

Ողջ շաբաթ մոսկովյան հեռուստալիքները իրենց լսարաններին լարվածության մեջ էին պահում այսպես կոչված Կոսովոյի Հանրապետությունից ստացված մի բավական արտառոց փաստի առթիվ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի մասին լուրերով: Ինչո՞ւ «այսպես կոչված»: Որովհետեւ Կոսովոյի Հանրապետությունը (ալբանական) գտնվում է Սերբական Կոսովոյում: Դեռ 1077 թվականին Կոսովոյի դաշտում (Կոսովո Պոլե) սլավոնական ազգության մարտիկները կենաց-մահու ճակատամարտ են տվել մուսուլման զավթիչներին:

Արդեն մոտ հազար տարի այդ դաշտը սերբերի համար նո՛ւյնքան սրբազան է, որքան, ասենք, մեզ համարՙ Ավարայրի դաշտը: Երկրորդ աշխարհամարտից հետո երբեմնի Հարավսլավիայի խորվաթ առաջնորդ Իոսպ Բրոզ Տիտոյի թույլտվությամբ Կոսովոյում բնակություն հաստատեց շուրջ 50 հազար ալբան փախստական: Մի քանի տասնամյակի ընթացքում արագ աճելովՙ նրանք Կոսովոյում անցյալ դարավերջին արդեն սերբերի համեմատ բացարձակ մեծամասնություն էին կազմումՙ 2 միլիոն իրենք էին, 600 հազարՙ սերբերը: Եվ երբ երբեմնի միասնական Հարավսլավիան փլուզվում էր, Կոսովոյի ալբանացիները, համախմբվելով իրենց դաշտային հրամանատարների, գլխավորապես արյունարբու առաջնորդ Հաշիմ Թաչիի շուրջը, պայքար սկսեցին Սերբիայից անջատվելու եւ ալբանական երկրորդ պետությունըՙ Կոսովոյի Հանրապետությունը հռչակելու համար: Սերբիայի այն ժամանակվա նախագահ Սլոբոդան Միլոշեւիչը փորձեց ուժով ճնշել Կոսովոյի ալբանացիների այդ անջատողական շարժումը, բայց քանի որ Սերբիան իրեն համարում էր (եւ մինչեւ հիմա էլ համարում է) ռուսների հետ սլավոնական միեւնույն արմատից ծագած եղբայրական պետությունՙ ամբողջ արեւմտյան աշխարհը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, միավորվեց սերբերի դեմ:

Միլոշեւիչին մեղադրեցին Կոսովոյի ալբանացիների ցեղասպանություն անելու մեջ (հետագայում նրան Հաագայի միջազգային բանտում մահվան հասցրին), 78 օր շարունակ ռմբակոծեցին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը, ի վերջոՙ պարտության մատնեցին սերբական զորքերին եւ հասան այն բանին, որ Կոսովոյի ալբանացիները հռչակեցին իրենց անկախությունը Սերբիայից: Մինչեւ արմունկները սերբական արյան մեջ թաթախված ձեռքերով Հաշիմ Թաչին հռչակվեց Կոսովոյի ալբանական Հանրապետության նախագահ: Այժմ արդեն 110 պետություն ճանաչել է Կոսովոյի անկախությունը, եւ ոչ մեկի հոգը չէ, որ սերբական հողում ստեղծված երկրորդ ալբանական պետության մեջ ապրող 600 հազար սերբ բնակիչներից այսօր իրենց բնօրրանում մնացել է ընդամենը 28 հազար հոգի: Փաստորեն, ալբան եկվորները ոչնչացրել կամ հարազատ վայրերից գրեթե լիովին դուրս են վռնդել երկրամասի բնիկ տերերին:

Մուսուլման ալբանները ավերում, այրում ու ոչնչացնում են սերբերի քրիստոնեական եկեղեցիները, վերացնում են քրիստոնեական մշակույթի բոլոր հետքերը: Եվ միջազգային հանրությունը անամոթաբար... լռում է: Որովհետեւ ամերիկացիները մոլագարի համառությամբ ամենուրեք ռուսական վտանգ են տեսնում, ուստի ամեն ինչ անում են ոչ միայն ռուսներին, այլեւ նրանց նկատմամբ բարեկամաբար տրամադրված բոլոր մյուսներին, այդ թվում սերբերին վնասելու համար:

Օրերս էլ ալբան ոստիկանը Պրիշտինայում հրազենի խզակոթով հարվածել էր ՄԱԿ-ի մանդատով այնտեղ գտնվող ռուս դիվանագետներից մեկի դեմքինՙ կոտրելով դիմոսկրը: Նույնիսկ ՄԱԿ-ը չհամարձակվեց դատապարտել ալբան ոստիկանի այդ չլսված-չտեսնված լկտիությունը, ով ռուս դիվանագետին հարվածել էր միայն այն բանի համար, որ նա իր հետ խոսել էր... սերբերեն: Միջադեպից հետո սերբերը Կոսովոյի սահմանագլխին զորքեր կենտրոնացրին, սակայն հազիվ թե համարձակվեն հարձակման անցնել, քանի դեռ Կոսովոյի ալբանացիների թիկունքում այնպիսի «արդարադա՜տ» ուժ է կանգնած, ինչպիսին Վաշինգտոնն է:

«Արդարադա՜տ» ամերիկացիներին կուզենայի հարցնելՙ այդ ինչպե՞ս է, որ դուք սերբական հողում եկվոր ալբանացիների արյունարբու պետության գոյությունը ընդունում եք, իսկ իր բնօրրանում միլիոնապատիկ ավելի ժողովրդավարական Արցախի Հանրապետության գոյությունը «չե՜ք տեսնում»: Որովհետեւ ձեզ համար ամենագլխավորը ոչ թե միջազգային իրավունքն է, գոնեՙ տարրական պարկեշտությունը, այլՙ Ամերիկայի Միացյալ Նահանգների ամեն կարգի մերկապարանոց շա՛հը: Այսքանից հետո սրտանց կուզենայի թքել ամերիկյան խայտառակ «արդարամտության» վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ