RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019



Տեղադրվել է` 2019-06-06 23:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2837, Տպվել է` 275, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՎ ՍԱՏԱՆԱ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եւ ուրեմն քաղաքում սատանա կա: Ավելի ճիշտՙ սատանաներ: Հագնվում են սեւ շորեր, հավաքվում են խմբերով ու ոչ թե մայթերի տակով են քայլում, այլ դրանց վրայով, ինչի իրավունքը ոչ մի սատանա չունի: Ավելին, ունակ են նույնիսկ հեռվից հեռու կամ էլ սոցիալական ցանցերի միջոցով ազդել սպիտակ մարդկանց հոգեբանական նուրբ թելերի վրաՙ դրդելով նրանց եւս սեւանալ ու երկրով մեկ տարածել սեւը: Այդ խմբերն, ի դեպ, այնքան զիլ են, որ միայն ոստիկանությունը բավարար չէ, որպեսզի արմատախիլ արվեն, հետեւաբար գործին միացել է ԱԱԾ-ն եւ դա տեղի է ունեցել անձամբ վարչապետիՙ Արագածից էլ բարձր հրամանով: Ցավոք պարզ չէ, թե հատկապես օրվա ո՞ր ժամերին եւ քաղաքի կոնկրետ ո՞ր փողոցներում են վխտում սատանայական այդ խմբերը, բայց վարչապետը գիտի բոլոր սեւազգեստների անունները եւ զարմանում է, թե ինչո՞ւ համապատասխան մարմինները նրանց չեն մեկուսացնում սպիտակ հասարակությունից, թիթեռնիկ չեն կապում նրանց սեւ զգեստի վրա ու չեն ուղարկում գրողի ծոցը, ցանկալի է, որ գրողը Օրուելը լինի, որի գրքերում նույնիսկ հույսը մեռնում է:

Հիմա, տրամաբանում են, որ հանրապետությունով մեկ հայտարարված է տագնապ. բոլոր այն քաղաքացիները, որոնք կտեսնեն սեւազգեստների կուտակումներ, կարող են դիմել համապատասխան մարմիններին, որոնք էլ սեւ համազգեստներով ու դիմակներով կգան եւ վարչապետի հրամանն ի կատար կածենՙ երկիրն ամբողջովին սպիտակեցնելով, ինչն իմիջիայլոց, երկիրը սեւացնելու ճանապարհներից մեկն է:

Չի բացառվում, որ շուտով ԱԺ փոխնախագահներից մեկը հանդես գա հայտարարությամբ, որով կոչ անի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնինՙ ավելորդ թյուրիմացությունից խուսափելու համար եկեղեցականների սքեմի գույնը փոխելՙ դարձնելով այն, օրինակ, դեղին կամ էլ կապույտ, որոնք համարվում են 2019-ի ամենանորաձեւ երանգները: Սրանից հետո Բաց հասարակություններ-Հայաստան հիմնադրամը, նույն նպատակով, կոչ կանի աշխարհի բոլոր սեւամորթներին Հայաստան չգալ, իսկ ովքեր որ արդեն եկել են, անհապաղ լքել երկրի տարածքը: Միացյալ Նահանգների դեսպանատունը, անշուշտ, կսատարի այս հայտարարություն-կոչերինՙ ընդգծելով, որ դրանք միմիայն բխում են Հայաստանի ժողովրդավարացման բուռն եւ կրքոտ գործընթացից, որն սկսվել է հատկապես անցյալ տարվաՙ ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո, եւ որի ամբողջ ընթացքում Միացյալ Նահանգները կանգնելու ու նույնիսկ քայլելու է Հայաաստանիՙ վճռական բարեփոխիչ կառավարության կողքին եւ նրա հետ:

Եւ միայն այս հույժ կարեւոր գործընթացից հետո, երբ սեւազգեստները կվերադառնան իրենց բնակության մշտական վայրՙ մայթերի տակ, Հայաստան կժամանեն օտարերկրացի գործարարներն ու առատորեն ներդրումներ կանեն մեր ժողովրդավարական երկրում, որտեղ ամենեւին էլ կարեւոր չէ, թե մարդիկ ինչ են խոսում, առավել եւսՙ ինչ են հագնում, քանի որ երկրով մեկ բազմակարծություն է, ինչը ժողովրդավարության սյուներից մեկն է:

Եւ ուրեմն, որպեսզի ներդրումները գան, պետք է սեւազգեստները գնան: Իսկ երբ ներդրումները գան, մենք կսկսենք լավ ապրել, կկարողանանք սեւ մեքենաներ գնել ու սեւ կոստյումներ կրել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ