RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2019-06-06 23:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2944, Տպվել է` 272, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԿԵՂԵՑԻ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ-Երեւան

Հայոց եկեղեցին կենտրոնական, առանցքային դեր է խաղացել մեր պատմության մեջ: Երբ Հայաստանը կորցրեց իր անկախությունը, եկեղեցին պետության դերը վերցրեց իր ուսերին: Դա ակներեւ է հատկապես Օսմանյան դարաշրջանում: Սուլթանները ճանաչեցին հայոց եկեղեցուն վերապահված հատուկ դերը եւ գտան, որ եկեղեցին հարմար միջոց է կառավարելու համար հայ միլլեթի ներքին հարցերը:

Այսպիսով, Սուլթանը ճանաչեց եւ վաւերացրեց 1863-ին հայ ազգային սահմանադրությանը: Ռուսաստանի ցարը նույնպես «Պոլոժենիան»ՙ սահմանադրությունը օգտագործեց կառավարելու համար հայոց եկեղեցու խնդիրները ռուսական կայսրությունում: Նույնիսկ այսօր այդ ժամանակաշրջանից մնացած որոշ ուղեցուցային սկզբունքներ օգտագործվում են սփյուռքահայ համայնքներում:

Խորհրդային ժամանակներում, հոգեւորականությունը հետապնդվում էր եւ եկեղեցապատկան կալվածները առգրավվում էին: Այդուհանդերձ խորհրդային ղեկավարները հասկանալով, որ հայոց եկեղեցին կարող էր կամրջել հարաբերություններ հայրենիքի հետ, ստեղծեցին հատուկ մի հաստատություն կանոնավորելու կամ վերահսկելու համար հայոց եկեղեցու խնդիրները:

Երբ խորհրդային վարչակազմը սկսեց գործի դնել «խորհրդային մարդու» ձեւավորելու իր ծրագրերն ու սկզբունքները, առաջին հերթին անհրաժեշտ էր կազմաքանդել անհատի բարոյական եւ կրոնական արժեքները, եւ փոխարենը քաղաքացիներին ներարկել նոր արժեքները: Խորհրդային կարգերի փլուզումով, փլուզվեց նաեւ սոցիալական այդ փորձարկումը: Հայաստանի քաղաքացիների մեծ մասի համար եկեղեցին, կամ կրոնը ընդհանրապես, ուներ լոկ մակերեսային նշանակություն, ինչպես խորհրդային համակարգի տարիներին: Այդ պատճառով էլ այսօր հասարակությունը Հայաստանում խոցելի է ամեն տեսակի կրոնական աղանդների գայթակղությունների առաջ, որոնք ամեն ինչ խոստանում են եւ հայոց եկեղեցին, եւ եկեղեցական իշխանությունները չեն կարողանում համապատասխան քայլերով արձագանքել դրանց:

Հայաստանի քաղաքացիների համար կրոնական հոգեւոր առաջնորդի կերպար է հանդիսանում Վազգեն Ա. կաթողիկոսը, որին, ըստ նրանց ըմբռնմամբ, ոչ մի ուրիշ առաջնորդ չի հավասարվել իր բարոյական կերպարով:

Քանի որ հայոց եկեղեցին դեռեւս պարտավորված է վերականգնել իր պատմական դերակատարությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, այն հարկադրված է վերակազմավորել իրեն եւ կանոնակարգել իր հարաբերությունները պետության հետ:

Արդեն մի քանի տասնամյակ է, որ սահմանադրությունը կամ հայոց եկեղեցվո կանոնադրությունը վերջնականորեն չի ձեւավորվել, մի բան, որ իր բացասական ազդեցությունն է թողնում նրա դերակատարության վրա, որպես բարոյական իշխանություն:

Անկախությունից ի վեր Հայաստանի իշխանությունները նույնպես, քաղաքացիների մտածելակերպին համապատասխան, մակերեսային, կամ երկրորդական նշանակություն են տվել եկեղեցու դերակատարությանը, համարելով այն ոչ առաջնային կարեւորության խնդիր:

Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը միամտորեն հավատացած էր, որ կախարդական փայտիկի միջոցով կկարողանա լուծել մեր եկեղեցու երկփեղկվածությունը: Նա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ին Էջմիածին հրավիրեց դառնալու Ամենայն Հայոց կաթողիկոսՙ Գարեգին Ա. անվամբ: Նրան հաջորդած նախագահները ավելի լավ բան չկարողացան անել: Նրանք փորձեցին օգտագործել երկփեղկվածությունը հօգուտ իրենց քաղաքական նպատակների:

Չնայած ձեւական համաձայնություն գոյություն ունի 1990-ականներից սկսած եկեղեցու եւ պետության միջեւ, ներկա վարչակազմը կարիք է զգում թավշյա հեղափոխությունից հետո նորը ձեւավորելու: Հայաստանի ներկա սահմանադրության մեջ հատուկ հոդված կա (N163-2), որ ճանաչում է հայոց առաքելական եկեղեցու հատուկ տեղը, նրա հոգեւորականները միակն են, որ ծառայում են հայոց բանակում:

Այս կարգավիճակը քննադատում են Հայաստանում գործող վարձկան «ունիվերսալիստները», որոնք սահմանադրությանը հակառակ, որ դավանանքի ազատություն է սահմանում, պահանջում են, որ Առաքելական եկեղեցին հռչակվի պետական կրոն:

Անկախությունից ի վեր Հայաստանի իշխանությունները պատշաճ վերլուծական մոտեցում չեն իրականացրել սփյուռքահայության վերաբերյալ, ուստի եւ չեն կարողացել երկկողմ համաձայնությամբ քաղաքականություն մշակել, այդ թվում նաեւ եկեղեցական հարցերի վերաբերյալ: Հայոց եկեղեցին դեռեւս մնում է, Հայաստանի քաղաքացիների համար, սփյուռքյան երեւույթ կամ կառույց:

Եկեղեցու վերաբերյալ վարչապետի կողմից արտասանված մի անզգոյշ հայտարարություն բավական մեծ աղմուկ եւ շփոթ առաջացրեց: Նա առաջ քաշեց եկեղեցին պետությունից անջատելու գաղափարը, որը նշանակում է, որ պետությունը հրաժարվում է եկեղեցուն պաշտպան հանդիսանալու իր դերից: Այդ հայտարարությունը խրախուսեց իրենց անձնական հաշիվները ունեցող մարդկանց, որ արշավ ծավալեն ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.ի: Փաշինյանը, բարեբախտաբար, շուտ անդրադարձաւ իր արտահայտության ազդեցությունը եւ փորձում է ներկայիս հարթեցնել խնդիրները կաթողիկոսի հետ: Երկու կողմերն իրականում աշխատում են այդ ուղղությամբ: Մայիսի 3-ին վարչապետն ու կաթողիկոսը համատեղ հանդիպում ունեցան կարգավորելու համար եկեղեցի-պետություն հարաբերությունները: Իրենց ելույթներից կարելի է ենթադրել, որ դեռեւս որոշ տարաձայնություններ կան, բայց երկու կողմերը շարունակելու են երկխոսությունները հասնելու համար միասնական համաձայնության:

Կաթողիկոսի եւ վարչապետի ելույթներին անդրադառնալով կարելի է մաղթել, որ համապատասխան հանձնախմբերը համալրված լինեն ավելի մասնագիտացած անձերով:

Կաթողիկոսի ելույթում երեք սկզբունք էր հնչում: Ճանաչել Հայոց առաքելական եկեղեցին որպես Հայաստանի ազգային եկեղեցին, Սկանդինավյան երկրների ազգային եկեղեցիների օրինակով, եկեղեցին եւ պետությունը, ճիշտ է, անջատ կառույցներ են, բայց ոչ երբեք իրար հակամարտ, եւ վերջապես պետությունը պարտավոր է եկեղեցուն վերադարձնել այն կալվածները, որ առգրավված են եղել խորհրդային ժամանակաշրջանում:

Այս վերջին խնդիրը երկու հարց է պարունակում իր մեջ. մեկը կալվածներ, որոնք եկամտաբեր են, մյուսըՙ հինավուրց եկեղեցիներ եւ վանքեր, որոնք հսկայական ներդրումների կարիքն ունեն պահպանելու համա իրենց պատմական նշանակությունը:

Իսկ Փաշինյանի շատաբանությունից կարելի է առանձնացնել երկու հիմնական գաղափարներ: Մեկը, որ պետությունը պարտավոր է եկեղեցական ունեցվածքից եւ բիզնես գործունեությունից հարկեր հավաքել եւ մյուսըՙ որ համընդհանուր քրիստոնեական արժեքներին աջակցելը ավելի կարեւոր է, քան հայոց առաքելական եկեղեցու հատուկ դերն ու նշանակությունը ընդունելը:

Վերջին այս գաղափարը առաջ է քաշվում արտասահմանյան կրոնական աղանդների ոչ-կառավարական կառույցների կողմից, որոնք Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալում ժողովրդի շրջանումՙ նվաստացնելու համար ավանդական արժեհամակարգը:

Կոմունիզմը պաշտպանում էր զանգվածների համընդհանուր իրավունքները, բայց ի վերջո խորտակեց առանձին վերցրած մի շարք երկրներ: Նույնը կարող է տեղի ունենալ, եթե մենք շեշտը դնենք հայոց Առաքելական եկեղեցու փոխարեն համընդհանուր քրիստոնեական արժեքների վրա: Վարչապետը նաեւ խոստովանեց, որ վերջերս Ավետարանը վերընթերցելով հաստատել է, որ Սուրբ գրքում նշված արժեքները համահունչ են իր քաղաքական կուսակցությանՙ «Իմ քայլի» արժեհամակարգի հետ:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ