RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019



Տեղադրվել է` 2019-06-06 23:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3227, Տպվել է` 291, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԵՌԼԻՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ԲՈՂՈՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԸՙ ԽԱՂԱՂ, ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ ԱՄԵՆՕՐՅԱ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ի հեճուկս Ադրբեջանի բողոքի, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում հունիսի մեկին հանդիսավորությամբ բացվեց ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի առաջնությունը, որին ուշադրություն սեւեռեցին նաեւ գերմանական լրատվամիջոցները: Մասնավորապես հեռուստատեսության առաջին ալիքիՙ ARD- ի «Մարզական համայնապատկեր» ծրագիրը հունիսի 4- ին 2.29 րոպեանոց ռեպորտաժով անդրադարձավ ֆուտբոլային այդ իրադարձությանը: Լրագրողական զգուշավորությո՞ւնն էր պատճառը, թե՞ անփութությունը, կամՙ ուրիշ մի բան, որ եթերի հենց սկզբում Ստեփանակերտի մարզադաշտում Բակո Սահակյանին եւ նրա տիկնոջը ցուցադրելով, բացման տոնակատարության վառ պատկերների ֆոնին հնչեց հետեւյալ մեկնաբանությունըՙ անցկացվում է ԼՂ- ումՙ... Ադրբեջանում: Նույնիսկ եթե գերմաներեն հնչած տվյալ ապատեղեկատվությունը հաղորդվում էր ի գոհացում Բեռլինում Ադրբեջանի դեսպանի, ենթադրաբարՙ թե սա լսելուց հետո, ռեպորտաժն էլ չի դիտի, արդարացված չէր կարող լինել, քանի որ հետագա ողջ ընթացքըՙ թե՛ հայագիր ու անգլագիր «Արցախ. Բաց դռներ, ամուր դարպաս» ցուցադրվող ազդագրերը, թե՛ մեկնաբանի հետագա տեղեկատվությունը Բաքվի համար «հիասթափեցնող» կարող էին լինել:

«ԿՈՆԻՖԱ-ին անդամակցող երկրների համար սա հնարավորություն է իրենց գոյությունը փաստելու, սեփական մշակույթի մասին խոսելու եւ աշխարհին հայտնելու, թե այսպիսի երկիր գոյություն ունի: Ամեն բանՙ դրական շեշտադրմամբ», ասում է ԿՈՆԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոփը ՙ Ստեփանակերտից, ARD- ի եթերում: Միջազգայնորեն չճանաչված ԼՂ- ի համար ԿՈՆԻՖԱ-ն հնարավորություն է. 6000 հանդիսական տեղավորողՙ առաջնությունը հյուրընկալող 4 մարզադաշտերը Ղարաբաղի համար զբոսաշրջության, միջազգային ուշադրություն բեւեռելու առիթ են, պատմում է ռեպորտաժի հեղինակը: Այնուհետ ԼՂ բնակչուհի Անժելիկա Ավագյանն է հայտնվում կադրում: Անշուշտ սա կխթանի Արցախի զբոսաշրջությանը, ասում է նա ու շարունակումՙ կնպաստի մեր երկրի ճանաչմանը: Առաջնության համար տարբեր երկրներից Արցախ եկած մարդիկ իրենց հետ դրական տպավորություն, հիշողություն են տանելու, համոզված ասում է Արցախի երիտասարդ բնակչուհին: Նրա անգլերեն խոսքն ու դրա բովանդակությունը տպավորում է նույնքան, որքան օպերատորի սիրուն կադրերըՙ բնապատկերի փարթամ կանաչը, տոնակատարության հյուրընկալ շունչը: Այն, որ Բեռլինում Ադրբեջանի դեսպանը ԿՈՆԻՖԱ-ի գլխավոր քարտուղարին բողոք էր հայտնել ֆուտբոլի առաջնությունը ԼՂ- ում անցկացնելու վերաբերյալ, հաղորդվեց ռեպորտաժի վերջում: Միգուցե սա էլ ռազմավարություն է: Ու այս պարագայում Բաքվի անզորությունն առավել ընդգծված է դառնում:

ARD- ի եթերում ճշտվեց նաեւ, թե 2013 թվականին հիմնված ԿՈՆԻՖԱ- ն ( Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա CONIFA (Confederation of Independent Football Associations) ոչ թե 47, այլ 50- ից ավել թիմ է միավորում: Թիմերը ներկայացնում են այն երկրները, որ միջազգայնորեն չեն ճանաչվել, բայց անկախ են, կամՙ որեւէ փոքրամասնություն, պետականազուրկ ազգային միավոր, պատմական շրջան են ներկայացնում եւ ՖԻՖԱ-ին չեն անդամակցում: Կազմակերպության գլխավոր քարտուղար, մաթեմատիկայի դոկտորական թեզը սուղ ժամանակի, ֆուտբոլին նվիրվածության պատճառով մի կողմ դրած, գերմանացի 32- ամյա տնտեսագետ Սաշա Դյուրկոփն իրենց կառույցը ՖԻՖԱ-ին մրցակից չի համարում, այլՙ դրա լրացնող գործառույթն է շեշտում: Ի վերջոՙ ֆուտբոլ խաղալ կարող են բոլորը: ԿՈՆԻՖԱ-ն քաղաքական դիրքորոշում արտահայտելու միավորում չէ, համոզված է գլխավոր քարտուղարը, որի ղեկավարած կազմակերպությունը սակայն միշտ հայտնվում է քաղաքականության սարդոստայնում:

Իսկ Բաքվի ճնշման մասին իրազեկ ենք դառնում նաեւ 2018-ին գերմանական թերթերից մեկիՙ WZ-ի մայիսյան հոդվածներից նաեւ. 2014 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղը ԿՈՆԻՖԱ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությանն էր մասնակցում, ՖԻՖԱ-ի անդամ Ադրբեջանը, որ շարունակում է ԼՂ-ն իր երկրամաս համարել, սիրով չէր հետեւում դրան: «Նրանք ամեն տեղ բողոքում էին», պատմում է Դյուրկոփն ու ծիծաղում, «իսկ մենք նրանց բողոքն ի գիտություն էինք ընդունում»: Այն ժամանակվա ՖԻՖԱ-ի ղեկավար Բլաթթերն Ադրբեջանի քննադատությանը չարձագանքեց, իսկ դա նշանակում էր, թե անուղղակի սատարում է ԿՈՆԻՖԱ-ին:

ԿՈՆԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոփին ուղղվածՙ Բեռլինում Ադրբեջանի դեսպանության բողոքի մասին գրում է նաեւ «Թագեսշփիգելը»: «Այս առաջնությունը մեզ համար փոքրիկ երազանք էր, մայիսի 28-ին «Կովկասի փոքր երազանքը» հրապարակման մեջ 61- ամյա մարզիչ Սլավա Գաբրիելյանի խոսքն է փոխանցում թերթի հոդվածագիրըՙ Արցախում մինչեւ հունիսի 9- ը անցկացվող ֆուտբոլային առաջնության մասին իր ծավալուն հոդվածում: ԼՂ արտգործնախարարության տրամադրած թվերը ներկայացնելով, թերթը գրում է, թե արտերկրից 3000- 4000 հյուր է արձանագրվել, դրանց թվումՙ ներառված են նաեւ հայրենի ՀՀ- ի քաղաքացիները:

Այն, որ այս օրերին Արցախը ներկայանում է որպես հյուրընկալ, խաղաղ մի վայր, փաստում է նաեւ ԿՈՆԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի թվիթերյան էջը, որ ամեն օր թարմացվում է: Այսօր ֆուտբոլ չկա, փոխարենըՙ ակնառու մշակույթի օրՙ Շուշիում: Գորգի, արվեստի թանգարաններ, եկեղեցիՙ ամենուր շշմեցնող տպավորություն, նաեւՙ պար ու խորոված, գրում է Սաշա Դյուրկոփըՙ նույնը ներկայացնելով նաեւ փոքրիկ տեսանյութով: Նրա արցախյան թվիթերյան օրագրությունը նկատել է տալիս, որ կաՙ Դադիվանք, Ասկերանը արվեստի դպրոց ունի, Ստեփանակերտի մարզադաշտն օրեցօր առավել գեղեցիկ տեսք է ստանում, Մարտունի քաղաքում հանդիպել է Արմենին, որ ներկայացրել է իր մշակութային կենտրոնը, տեղի արվեստի դպրոցի սաների աշխատանքները:

Բեռլինում Ադրբեջանի դեսպանության կայքէջից անշուշտ չի երեւում, թե Ադրբեջանի քարոզչությանը լծված 20 հոգանոց թիմն ինչպիսի դողէրոցքով է հետեւում ԿՈՆԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի Արցախից տպավորություններ փոխանցող թվիթերյան գրառումներին: Հիշում եմՙ «Ազերթաջի» Բեռլինի թղթակիցը մի անգամ ռուսալեզու մի լրատվամիջոցի հաղորդել էր, թե Բեռլինում հեշտ է աշխատելՙ «իրենց քաղաքն է», իսկ գերմանացիներըՙ մեծ հաշվովՙ բարեկամներ:

Սաշա Դյուրկոփը հաստատ տեղյակ էլ չէ, թե բարեկամություն է խախտում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 07-06-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ