RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2019-05-27 12:26:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1774, Տպվել է` 237, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԿԱՐԱՅԻ ԼԱՏԻՆԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Համաշխարհաին տերություն դառնալու երազանքով

Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը Հավանայում ընդունել է իր թուրք պաշտոնակից Մեւլութ Չավուշօղլուին , որը վերջին քսան տարում պաշտոնական այցով Հավանա մեկնած առաջին թուրք արտգործնախարարն է: Ավելի վաղ Չավուշօղլուն հանդիպում էր ունեցել Կուբայի Ժողովրդական իշխանության ազգային ժողովի նախագահ Էստեբան Լազոյի հետ: Կուբայի ԱԳՆ-ն հաղորդում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարեկամական կապերը, ինչպես նաեւ վավերացրել են բազմակողմանի փոխհարաբերությունները զարգացնելու մտադրություն, մասնավորապեսՙ առեւտրի ոլորտում: Չավուշօղլուն նշել է, որ երկու կողմերը միանման դիրքորոշումներ ունեն մի շարք համապարփակ հարցերի շուրջ:

Մի շարք թուրք փորձագետների գնահատման համաձայն, Չավուշօղլուն շարունակում է Թուրքիայի սկսած ճեղքումը լատիամերիկյան ուղղությամբ: Նրանք դա շաղկապում են անցյալ նոյեմբերին տարածաշրջանի երկրների հետ կապերի ամրապնդման նպատակով նախագահ Էրդողանի այնտեղ կատարած այցելության հետ: Էրդողանը ավելի վաղՙ 2015 թվականի փետրվարին, արդեն եղել էր Կուբայում, երբ այցելել էր նաեւ Չիլի, Էկվադոր եւ Պերու: Այդ ժամանակ նրա Կուբա այցելելը անվանել էին տարօրինակ, թեեւ դա համընկնում էր ԱՄՆ-ի հետ Հավանայի հարաբերությունների կարգավորման պահին: Այժմ իրավիճակն ուրիշ է: Թուրքիայի քաղաքականությունը ստացել է նոր ազդակ, երբ նախագահ Էրդողանը Վենեսուելայի նախագահ Մադուրոյին պաշտպանություն հայտնեց հետեւյալ արտահայտություններով. «Եղբայր իմ, Մադուրո, դիմացի՛ր, մենք քեզ հետ ենք»: Ըստ որում, Անկարան ԱՄՆ-ին եւ լատինամերիկյան որոշ երկրնրի մեղադրեց Վենեսուելայի ներքին գործերին միջամտելու մեջ:

2016-ի հուլիսին անձամբ պետական հեղաշրջման փորձը վերապրած եւ նման սցենարի ստեղծման ժամանակն ու հեղինակներին լավ ճանաչող Թուրքիայի նախագահը, ըմբռնումով եւ համերաշխությամբ վերաբերվեց Վենեսուելայի ղեկավարին: Այդպիսով, վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Անկարան ամերիկացիներին բացահայտ մարտահրավեր նետեց Լատինական Ամերիկայում, որը ԱՄՆ-ը ավանդաբար համարում է սեփական շահերի տարածաշրջան: Թուրքիան ցույց տվեց, որ ինքը ընդլայնում է իր քաղաքական աշխարհագրությունը ավանդական մերձավորարեւելյան ու եվրոպական ուղղությունների հետ մեկտեղՙ ուշադրություն դարձնելով Լատինական Ամերիկային եւ հատկապես Կուբային: Ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, տվյալ դեպքում Լատինական Ամերիկայի երկրների հետ Թուրքիայի համագործակցության տնտեսական կողմը մղվում է երկրորդ պլան: Լատինական Ամերիկայում Վաշինգտոնին մարտահրավեր նետելովՙ Անկարան ձգտում է ներկայանալ որպես համաշխարհային տերություն:

Բացի դրանից, թուրքերը տեսնում են, որ Կարակասում ամերիկացիների գործերը այնպես չեն ընթանում, ինչպես նախատեսված էր: Թուրքական Sabah հրատարակության կարծիքով, Անկարան մանեւրելու լայն հնարավորություն է ստանումՙ ընդհուպ Կարակասի եւ Վաշինգտոնի փոխհարաբերություններում կամ նույնիսկ Վենեսուելայի իշխանությունների եւ ընդդիմության շփումներում միջնորդական դերի ստանձումը: Նշենք իրադրության եւս մեկ առանձնահատկություն. Կուբայի հետ Թուրքիայի մերձեցումը տեղի է ունենում Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ դաշինքի ամրապնդման եւ ռազմական ու տնտեսական համագործակցության ընդլայնման պայմաններում, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում Մոսկվայի, Անկարայի ու Հավանայի շահերի ընդհանրության պայմաններում: Եթե Կուբան Լատինական Ամերիկայի թեթեւ քաշային երկրների բանալին է, ապա նրա հետ կապերը սերտացնող երկիրը ձեռք կբերի Լատինական Ամերիկայի հետ առեւտրատնտեսական եւ աշխարհաքաղաքական հարաբերությունները զարգացման հսկայական հնարավորություններ:

Ճիշտ է, Թուրքիայի կողմից Կուբայի եւ Լատինական Ամերիկայի իրական «հայտնագործումը» դեռ հեռու է: Առայժմ գոյություն ունեն հավակնոտ նախագծեր, հեռանկարներ, երկկողմ հարաբերությունների խորացման ազդակներ: Գլխավորն այն է, թե Անկարան որքանով կկարողանա դիմակայել տվյալ ուղղությամբ ԱՄՆ-ի ճնշմանը, որպեսզի ի վիճակի լինի Կուբայի հետ զարգացնել երկարաժամկետ հարաբերություններ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ