RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2019-05-27 12:26:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1740, Տպվել է` 237, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱԽԱԳԱՀ ԹՐԱՄՓԸ «ՉԻ ՁԳՏՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ»

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Դրանում «շահագրգռված» է ռազմարդյունաբերական կոմպլեքսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հայտարարություններով հաճախակի զարմացնում է միջազգային հանրությանը եւ շփոթմունք է պատճառում Եվրոմիության երկրներին: Զարմանքն ու շփոթմունքը թվում է թե պայմանավորված են հայտարարությունների հակասականությամբ, որոնց, բացի մրցակիցներ Ռուսաստանից եւ Չինաստանից, փորձում են հակազդել նաեւ այնպիսի դաշնակիցներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան. Գերմանիան, նունիսկ Կանադան: Թրամփի խնդրո առարկա հայտարարություններն առնչվում են Մերձավոր եւ Միջին Արեւելքինՙ մասնավորապես Սիրիային եւ Իրանին:

Հայտարարությունները Սիրիայի պարագայում էլ ավելի են խորացնում երկրում առկա քաոսը, իսկ Իրանի հետ գագաթնակետին են հասցնում ԱՄՆ- ի հարաբերությունների լարվածության սրումը: Դրանով թեժանում է Իրանին ու Սիրիային աջակցող Ռուսաստանի եւ Չինաստանի հետ վերջինի անհաշտ մրցապայքարը, ինչն միանգամայն բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում առեւտրատնտեսական շահերի կողքին նաեւ ռազմավարական շահեր հետապնդող եվրոպական դաշնակիցների ռազմաքաղաքական ներկայության վրա: Նույնը վերաբերում է ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցներին, մասնավորապես Սաուդյան Արաբիային, որն ստիպված, հավանություն տալով ԱՄՆ-ի Թրամփի հայտարաություններից բխող նկրտումներին, առճակատման մեջ է մտնում մերթ Իրանի, մերթ Սիրիայի հետ:

Այս ամենի հետեւանքով, ինչ խոսք, անկայունությունը մշտական գործոն է դառնում տարածաշրջանում, իսկ հակասություններն ավելի քան անլուծելի: Ատեղծված իրավիճակն անխուսափելիորեն հուսահատության շեմին է կանգնեցնում սկսած 2011-ից չհայտարարված պատերազմի թատերաբեմ կամ ամերիկյան սպառնալիքների թիրախ դարձած երկրներին: Գալով նախագահ Թրամփի հայտարարություններին, ապա նա 2018-ի դեկտեմբերի 19-ին հայտարարել էր ամերիկյան զինվորներին Սիրիայից դուրս բերելու իր ընդունած որոշման մասին: Սակայն, 2019-ի փետրվարի 22-ին Սպիտակ տան խոսնակ Սարահ Սանդերսը հանդես եկավ հայտարարությամբ, այն էլ Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցից 5 րոպե հետո, եւ ասաց, որ 200 ամերիկյան զինծառայող շարունակելու է մնալ Սիրիայի հյուսիսում: Սանդերսին փետրվարի 23-ին հաստատեց նաեւ ինքը Թրամփը, ապա Fօreign Policy հանդեսն ավելացրեց. «Սիրիայի հյուսիսում տեղակայված է 200 ամերիկյան զինծառայող, եւս 200-ին տեղակայելու ենք երկրի հարավ-արեւելքում գտնվող ալ-Թարիֆ ռազմաբազայում, կանխելու համար Իրանի առաջխաղացումը դեպի քրդական շրջաններ»:

Հակասականությունն ակնհայտ է: Դա ավելի ակնհայտ է դառնում նախագահ Թրամփի Իրանին առնչվող հայտարարությունների պարագայում, որոնք վերջին օրերին Պարսից ծոցում նոր պատերազմի բռնկման սպառնալիքով խիստ մտահոգիչ էին դարձել ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլեւ միջազգային ողջ հանրության համար, ԱՄՆ-ի դաշնակիցները ներառյալ: Հայտարարություններն ունեն իրենց նախապատմությունը: Ինչպես հայտնի է, 2018-ի մայիսի 8-ին նախագահ Թրամփը, դուրս գալով դեռեւս 2015-ի հուլիսի 14-ին Իրանի հետ ձեռք բերված միջուկային համաձայնագրից, նույն թվի նոյեմբերին ուժի մեջ էր դրել այս երկրի նկատմամբ մինչ այդ կիրառվող պատժամիջոցները:

Ընդորում համաձայնագրի տակ ԱՄՆ-ի հետ ստորագրել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամներըՙ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը, ավելինՙ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հավաստել էր, որ միջուկային ծրագիրն Իրանում բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում: 2019-ի ապրիլի 23-ին Թրամփը հայտարարել էր, որ մայիսի 2-ին լրանում է Իրանից նավթ ներմուծելու համար այն 8 երկրներին 60 օրով տրամադրված լիազորությունների ժամկետը, որոնց թվում էին նաեւ Թուրքիան, Չինաստանը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան: Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն այս հայտարարությունը պայմանավորեց ԱՄՆ-ի անճարակությամբ, իսկ Եվրոմիությունն ափսոսանք հայտնեց այդպիսի որոշման առթիվ: Դրան հետեւեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ահաբեկչական օտարերկրյա կազմակերպությունների շարքում ընդգրկելու ԱՄՆ-ի նախագահի որոշումը:

Ի պատասխան այս որոշմանը, Իրանի խորհրդարանը ամերիկյան բոլոր զինծառայողներին ճանաչեց որպես ահաբեկիչներ, ապա ուրանի հարստացման ծրագիրը վերսկսելու որոշում ընդունեց: Դրան հետեւեց Թրամփի մայիսի 20ի հայտարարությունը. «Եթե Իրանը պատերազմի է ձգտում, թող իմանա, որ դա նրա վերջը կլինի: Այլեւս Իրանը չպետք է փորձի սպառնալ ԱՄՆ-ին»: Երկուստեք սպառնալիքներով զուգորդվող այս հայտարարությունների մեջ ամենաուշագրավը նախագահ Թրամփի, թերեւս, մայիսի 22-ի հայտարարությունն է:

Ամերիկյան Fox News հեռուստատեսությանը տված հարցազրույցում նախագահ Թրամփը, մատնաշելով ռազմարդյունաբերական կոմպլեքսի մասին, գանգատվել է, որ իրեն ստիպում են պատերազմ սկսել Իրանի դեմ: Նա Իրանին բնութագրել է որպես խնդրահարույց երկիր, ապա հաղորդավարի հարցին ի պատասխան ավելացրելՙ «Ես Իրանի դեմ պատերազմ չեմ ուզում: Սակայն, պետք չէ ինքներդ ձեզ խաբեք, այս երկրում կա ռազմարդյունաբերական կոմպլեքս, որն անընդհատ պատերազմի է ձգտում»: Այնուհետեւ Թրամփն անդրադարձել է ամերիկյան զինվորներին Սիրիայից դուրս բերելու խնդրին, մատնանշելով. « Երբ ես խոսում եմ մեր զինվորներին Սիրիայից դուրս բերելու մասին (ռազմարդյունաբերական կոմպլեքսի) մարդիկ խելագարվում են: Վաշինգտոնում կան այնպիսի մարդիկ, որոնք չեն ուզում հեռանալ ոչ մի երկրից: Ստիպված մի քանի հարյուր զինվորի թողել եմ այնտեղ: Եթե իրենց մնար, ապա հազարավոր զինվորներ կուղարկեին»:

ԱՄՆ-ի նախագահը հերքել է նաեւ այն պնդումները, թե ինքը Իրանի հետ բանակցություններ վարելու ձգտումներ ունի, այնուհետեւ հայտնել է հետեւյալ կարծիքը. «Իրանական կողմը երբ պատրաստ կլինի բանակցությունների, կդիմի մեզ: Այդ ընթացքում կշարունակվի քայքայվել նրանց տնտեսությունը, որքան էլ դա ցավալի լինի իրանական ժողովրդի համար»: Ի դեպ, օգտվելով առիթից նշենք, որ «ռազմարդյունաբերական կոմպլեքս» հասկացության հեղինակը հայտնի ռազմական եւ պետական գործիչ, ԱՄՆ-ի նախկին նախագահ Էյզենաուերն է, որը նա շրջանառության մեջ էր դրել դեռեւս 1961-ին:

Դոնալդ Թրամփի վերոհիշյալ խոսքերը հերքում են նաեւ «Նյու Յորք Թայմսի» վերջերս հրապարակած տեղեկատվությունը, համաձայն որի Պենտագոնն ԱՄՆ-ի նախագահին է ներկայացրել մի ծրագիր, որը նախատեսում է 120 հազարանոց զորք ուղարկել Մերձավոր Արեւելք եւ այդ ուղղությամբ իբր կատարվում են նախապատրաստական աշխատանքներ: Որքան էլ հերքվի ամերիկյան ազդեցիկ թերթի տեղեկությունը, դրա հրապարակման փաստն ինքնին վկայում է պետական բարձրագույն իշխանության վրա, նախագահը ներառյալ, ռազմարդյունաբերական կոմպլեքսի ունեցած ազդեցության մասին:

Մնում է ավելացնել, որ նախագահ Թրամփի միջազգային հանրությանն ու ԱՄՆ-ի դաշնակիցներին զարմացնող, նրանց մոտ շփոթմունք առաջացնող հայտարարությունների հիմքում ռազմարդյունաբերական կոմպլեքսի նշված ազդեցությունն է, հենց դրանով է պայմանավորված ԱՄՆ-ի նախագահին կամայականորեն վերագրվող ագրեսիվ վարքագիծը տարածաշրջանում: Ակնհայտ է, որ ռազմարդյունաբերական կոմպլեքսին ոչ մի կերպ չի կարող հուզել ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ տարածաշրջանի ժողովուրդների ճակատագիրը: Բայց ամերիկյան ագրեսիային դիմակայելու Իրանի ներուժը հաստատ հուզում: Խնդիրը, սակայն, սոսկ ներուժը չէ, այլ այն աջակցությունը, որը Իրանը ստանում ԱՄՆ հետ տարածաշրջանում հաջողությամբ մրցակցող Ռուսաստանից եւ դեպի տարածաշրջան ձգտող Չինաստանից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ