RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019



Տեղադրվել է` 2019-05-27 12:26:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1756, Տպվել է` 235, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԿՆՔՈՒՄ ԹՌՉԵԼՈՒ ԵՆ ԱՂԱՎՆԻՆԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այն որ համայնքը զորավոր է, մենք գիտենք դեռ «Կտոր մը երկինք» ֆիլմից: Ավելի պրպտողներս էլՙ Հիսուս Քրիստոս-Բարաբբա ժողովրդավարական ընտրությունից: Այնպես որ բոլոր այն մարդիկ, որոնք պնդում են, թե ժողովուրդը վերջապես ցույց է տալիս իր ուժըՙ թույլ չտալով դատավորին ներխուժել դատարան, ուշադրությունՙ դատավորին, ուշադրությունՙ ներխուժել, ուշադրությունՙ դատարան, ամենեւին էլ նորություն չեն հայտնում համայնքի զորության մասին:

Այլ հարց է, թե կոնկրետ ո՞ր դեպքերում է համայնքի զորությունը դառնում դատապարտելի: Ինչպես տեսել ենք «Կտոր մը երկինք»-ում, երբ խոսքը վերաբերում է մարդու անձնական կյանքին: Թորիկը թքած ուներ, թե ինչ են մտածում փողոցում, այոՙ փողոցում, երբ իր «խանըմին» բաղնիք էր տանում: Համայնքն ինչ ուզում է անի, միեւնույն էՙ երկնքում թռչելու են աղավնիները:

Քրիստոսը այլ հարց էՙ մութ եւ սուրբ, չխորանանք: Մանավանդ որ բազմաթիվ ոլորտներ ունենք, որտեղ իրերի դրությունը վստահություն չի ներշնչում ժողովրդին: Օրինակ, ժողովուրդը համոզված է, որ առողջապահության ոլորտը ծայրից ծայր կոռուպցիայի մեջ թաղված է, որ պետպատվերի համակարգը առանձնաշնորհյալների համար է, որ որոշ բժիշկներ, ոչ միայն բժիշկ չեն, այլեւ նույնիսկ մարդ չեն, որ... Հիմա ի՞նչ, մարդու առողջությունը նրաՙ ազատության մեջ լինել-չլինելուց ավելի կարեւոր չէ՞: Եթե է, ապա ինչո՞ւ ժողովուրդը չի փակում Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների ելքներն ու մուտքերը: Պարտադիր պետք է վարչապետը կոչ անի՞, կամ ինչպես դատարանի դուռ փակած մի ջահել կին ասացՙ հրամայի՞: Մի՞թե մեր հիվանդանոցային դրությունից ժողովուրդը գոհ է... եւ ուրեմնՙ թքած, որ հիվանդանոցներում մարդու կյանքի հարցեր են որոշվում, ժողովուրդը չի ուզո՞ւմ այդ հիմնարկներում էլ արնաքամ ջախջախի կոռուպցիանՙ ստիպելով բոլոր այն բժիշկներին, որոնք իրենց ներսում համոզված են, որ բժիշկ չեն, հեռանան հիվանդանոցներից:

Բա բանկե՞րը: Բոլորս էլ գիտենք, թե ինչ սոսկալի բարձր տոկոսներով են դրանք վարկեր տալիս մեր սիրելի ժողովրդին, որը տոկոսի տակ ճռռում է: Ժողովուրդը բա չի ուզո՞ւմ գնալ ու փակել Հանրապետության բոլոր դրամատների ելքներն ու մուտքերըՙ պահանջելով, որ կա՛մ բանկիրները ինքնակամ հեռանան, կա՛մ էլ տոկոսները նվազեցնեն, իսկ ավելի լավՙ վարկերը ներեն: Չէ՞ որ եթե քաղաքացիների վարկերը ներվեն, նրանք կկարողանան զարգացնել իրենց բիզնեսները, դրանով էլՙ ավելի շատ հարկ կվճարեն բյուջե, դրանից էլՙ տնտեսական հեղափոխությունը վերջապես կլինի... Ի դեպ, կա վարկած, թե ինչու է ուշանում տնտեսական հեղափոխությունը: Բանն այն է, որ եթե այն լինի, ինչի արյդունքում էլ մարդիկ սկսեն լավ ապրել, ապա նրանց այլեւս չեն կարող գրավել քաղաքական շոուներով, ֆեյսբուքայն լայվերով ու նախկին ռեժիմի մնացորդներին ասֆալտին փռելուՙ բոյեվիկ տեսարաններով:

Հիմա ուրեմնՙ միայն դատարաննե՞րն են, որ չեն վայելում ժողովրդի վստահությունը: Հասկանալի է, որ ոչ, ուրեմն հասկանալի է եւ այն, որ ժողովուրդը ոչինչ չի անում, քանի դեռ վարչապետը չի ասումՙ անել, ուտել, խմել, քնել, շուտ զարթնել, անձրեւանոցը չմոռանալ, մտածել, ինչ մտածել, ում ներել, ում մերժել, ում սիրել, ինչպես սիրել...Մի խոսքով:

Հայաստանի վարչապետը ասում է, որ ինքը կհեռանա, երբ ժողովուրդը կորոշի: Հայաստանի վարչապետը ժողովրդին նաեւ ասում է, թե ինչ է պետք որոշել: Մնաց հասկանալ, թե ո՞վ է ժողովուրդը, ինչո՞ւ են ծնող ու որդի թաղող պառավները, քֆուրչի կնանիք, հայ մարդուն թուրք կոչող ծերուկները, ոչ մեկին, ոչ մի բան չճանաչող եւ հոգեբանորեն բռնաբարվող երեխաները, եկեղեցում «հնազանդ եմ» արտասանող աղջիկներն ու միայն վերնաշապիկով սպիտակ ջահել-ջիվանները ներկայանում որպես ամբողջ ժողովուրդ, որը կորցրեց ծովից-ծով երկիրը, որպեսզի ծովից-ծով ժողովուրդ դառնա:

Պետությունը թանկարժեք բան է: Նա ում ժողովուրդը որոշեց փոխել Բարաբբայի հետ, երբեմն որոշում է, որ տվյալ ժողովուրդը դեռ արժանի չէ պետություն ունենալ կամ արդեն արժանի չէ...

...Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ