RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019



Տեղադրվել է` 2019-05-27 12:26:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2430, Տպվել է` 240, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՈՒՐԵՆ ՄԱՐՈՒՔԵԻ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԻ 100 ԱՄՅԱԿԻՆ

Դուրգարյանների ընտանիք

Հայրըՙ Մարուքե Դուրգարյանը (1886-1974), ծնվել է Կարսում, բազմազավակ աղքատ ընտանիքում: Չնայած իրենց վիճակինՙ գիտելիքի հանդեպ ձգտումը, համառությունն ու աշխատասիրությունը Մարուքեին թույլ տվեցին լավ կրթություն ստանալ եւ Կարսում որպես ուսուցիչ աշխատել: Նա բարեկամական հարաբերություններ է ունեցել ժամանակի մտավորականներից շատերի, մասնավորապես Ավ. Իսահակյանի, Աթաբեկ Խնկոյանի, Հայրապետ Հայրապետյանի, Խաժակ Գյուլնազարյանի հետ: Իսկ Ե. Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի առանցքային դեմքերից մեկըՙ Մարուքեն, հենց ինքն է:

Իր մասնագիտության մեջ կատարելագործվելու ցանկությունը Մարուքեին տարավ Ռուսաստան:

Որոշ ժամանակ անց Մարուքեն վերադառնում է իր պատմական հայրենիքըՙ Հայաստան, Երեւան, որտեղ զբաղվում է հեղափոխական գործունեությամբՙ միաժամանակ աշխատելով գյուղական դպրոցների տեսուչ, ուսուցիչ:

Մարուքե Դուրգարյանը ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ էր, ազգային նախադպրոցական եւ կրտսեր տարիքի կրթության հիմնադիրներից: Պարգեւատրվել է Խ. Աբովյանի անվան մեդալովՙ երիտասարդ սերնդի ազգային կրթության եւ դաստիարակության գործում ունեցած անժխտելի ավանդի համար: Աշխատել է որպես ուսուցիչ, դասախոս, տեսուչ, դասավանդել է Երեւանի մանկավարժական ինստիտուտում (այժմՙ համալսարան):

Մայրըՙ Սուսաննա Դեյ-Կարխանյանը/Դուրգարյան (1895-1971), դաստիարակչուհի էր աշխատում մանկապարտեզում, այնուհետեւՙ ուսուցչուհի դպրոցում, իսկ ավելի ուշ սկսեց ռուսաց լեզու եւ գրականություն դասավանդել Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Ամուսնուՙ Մարուքե Դուրգարյանի հետ համագործակցելով, մասնակցել է ոչ ռուսական դպրոցների եւ բուհերի ռուսաց լեզվի դասագրքերի ստեղծման աշխատանքներին:

Սուրենը սովորում էր Կրուպսկայայի անվան հայկական դպրոցում: Ճշգրիտ գիտությունների նկատմամբ նրա ընդունակությունները առավել վառ արտահայտվեցին բարձր դասարաններում, իսկ գնացքով ուղեւորությունը (այն ժամանակների համար հազվադեպ իրադարձություն) երազանք ծնեցՙ դառնալ ինժեներ-ուղեշինարար եւ կառուցել երկաթուղային ճանապարհներ, կամուրջներ, թունելներ: Այդպես հասունացավ ցանկությունըՙ ընդունվել Թբիլիսիի Ճանապարհային հաղորդակցության Անդրկովկասյան ինստիտուտ:

Երրորդ կուրսում Սուրենին թույլատրեցին փոխադրվել ռուսական բաժին, որտեղ միաժամանակ վրացական բաժնից տեղափոխվել էր երիտասարդ վրացուհի Ելենա Վաչնաձեն, որը մի քանի տարի անց դարձավ նրա կինը:

Պատերազմի առաջին օրերից Սուրենը հենց զինահավաքից զորակոչվեց բանակ եւ մինչեւ հաղթական ավարտը կռվեց Ուկրաինայի, ապա Ստալինգրադի եւ Մերձբալթյան ճակատների Ինժեներական զորքերում: Պատերազմի սկզբում թշնամու գնդակոծությունների ներքո գտնվող ինժեներական զորքերի սակրավոր-պայթեցնողների ջոկատը նահանջող զորքերի հետեւից վերջինն էր հեռանումՙ ականապատելով կարեւոր օբյեկտներ, պահեստներ, ճանապարհներ, պայթեցնելով կամուրջներ, երկաթուղային ճանապարհներ, թունելներ: Հետագայում, երբ պատերազմի անիվը թեքվեց դեպի արեւմուտք, նույն ինժեներական ջոկատները հարձակվող զորքերի առաջապահ զորամասերի հետ առաջինն էին շարժվումՙ վերականգնելով ճանապարհներ, հավաքելով ժամանակավոր կամուրջներ եւ գետանցումներ:

Սուրեն Դուրգարյանը եղել է շրջափակման մեջ, ենթարկվել է կոնտուզիայի, ընդունվել է կուսակցության շարքերը. անցել է ողջ պատերազմը սկզբից մինչեւ վերջՙ լինելով Ուկրաինայում հունիսի 22-ի լուսաբացից մինչեւ 1945 թվականըՙ Մերձբալթիկայում: Ունի զինվորական բազմաթիվ պարգեւներ, մեդալներ եւ շքանշաններ:

Պատերազմի ավարտից հետո աշխատանքի ընդունվեց Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռազմագիտության ամբիոնում, դասավանդում էր պայթեցման գործ: 1948թ. զորացրվեց եւ սկսեց դասավանդել նույն ինստիտուտի տեսական մեխանիկայի ամբիոնում: Պաշտպանեց թեկնածուական դիսերտացիա:

Սուրեն Դուրգարյանը ղեկավարել է Հրազդանի կիրճի կամրջի (Կիեւյան կամուրջ) շինարարության հաշվարկա-նախագծային խումբը: Կառավարությունը նպատակ էր դրել կամուրջը շահագործման հանձնել Հոկտեմբերյան հեղափոխության հերթական տարելիցին, ինչի պատճառով աշխատանքներն ընթանում էին արագացված ռեժիմովՙ տեխնիկական բոլոր նորմերի խախտումով, մասնավորապես, կառուցվածքների բետոնապատման ժամանակ: Հենց այս հանգամանքն էլ երկաթբետոնե կառուցվածքների փլուզման պատճառ հանդիսացավ, որի արդյունքում եղան մարդկային զոհեր:

Եղավ դատավարություն: Ուղղակիորեն որեւէ մեկի մեղքը չապացուցվեց, բայց կամրջի շինարարությունը ղեկավարող չորս անձանց, այդ թվում նաեւ Սուրեն Դուրգարյանին, դատական պատասխանատվության ենթարկեցին: Նա իր պատիժը կրեց Կոշի գաղութում, վաղաժամ ազատվեց, իսկ հետագայում նրա վրայից հանվեց դատվածությունը:

Կամուրջը շարունակվեց կառուցվել սկզբնական գրագետ հաշվարկներով եւ գծագրերով, որոնք արվել էին տեխնիկական բարձր մակարդակով, առանց որեւէ սխալի եւ թերության, բայց ավելի ուշ ժամկետներում եւ տեխնիկական բոլոր նորմերի խստիվ պահպանմամբ:

Սուրեն Դուրգարյանի նախաձեռնությամբ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում ստեղծվեց երեկոյան եւ հեռակա ուսուցմամբ ֆակուլտետ, որի առաջին դեկանն էլ եղավ ինքը: Շարունակելով համատեղել գիտամանկավարժական գործունեությունը Պոլիտեխնիկական ինստիտուտի Տեսական մեխանիկայի եւ Նյութերի դիմադրության ամբիոններում, 1961 թվականից Դուրգարյանն աշխատանքի է անցնում ՀԽՍՀ ԳԱ Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ինստիտուտում (հետագայումՙ Մեխանիկայի ինստիտուտ), սկզբում ավագ գիտաշխատողի, այնուհետեւ թաղանթների եւ սալիկների բաժնի վարիչի պաշտոններում, իսկ 1984 թվականից զբաղեցնում է Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնը:

1972թ. Ս.Մ. Դուրգարյանի ղեկավարությամբ նախագծվել է Բյուրականի աստղադիտարանի գմբեթը, որը գործում է մինչեւ այսօր: Այդ աշխատանքի համար Դուրգարյանն արժանացել է «Պատվո նշան» շքանշանի:

Ս.Մ. Դուրգարյանն իրականացրել է Երեւանի մարզահամերգային համալիրի (հետագայումՙ Կ.Ս.Դեմիրճյանի անվան) շինարարության տեխնիկական հսկողությունը:

1973թ. Սուրեն Մարուքեի Դուրգարյանը Լենինգրադում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա: Նա պրոֆեսոր էր, գիտական բազմաթիվ հոդվածների հեղինակ, այդ թվումՙ մենագրությունների, հեղինակային վկայությունների, ուսումնական ձեռնարկների: Դուրգարյանի հետազոտությունների ոլորտը վերաբերում է օրթոտրոպ մարմինների ջերմահաղորդականության, ջերմազգայուն անիզոտրոպ թաղանթների եւ սալերի ջերմաառաձգականության եւ կայունության հարցերին:

Սուրեն Մարուքեի Դուրգարյանը մահացել է 1990թ. ապրիլի 12-ին Մոսկվայում, թաղված է Երեւանում:

Սուրեն Դուրգարյանն ունի երեք դուստր, 4 թոռ, 5 ծոռ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ