RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2019-05-27 12:26:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 3199, Տպվել է` 244, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԶ «ՀԱՂԹՈՂԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏՔ ՉԷ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Օրերս կորցրեցինք մեր տաղանդավոր բեմադրիչներից Հրաչյա Աշուղյանին, հատկապես զանգվածային միջոցառումների հայտնի ռեժիսորին, որը խորհրդային ժամանակներից ի վեր ղեկավարում էր հրապարակային թատերականացված մեր գրեթե բոլոր ձեռնարկները: Ողորմի իր հոգուն, որը կարծում եմ չի նեղանա ինձնից, եթե զուգահեռեմ նրա մասնագիտությունը զանգվածային տեսարանների նորօրյա մեկ ուրիշ մասնագետի հետ, որը վերջին մեկ տարում բազմաթիվ ապացույցներ տվեց թատերական իր վարպետության մասին, այս անգամ քաղաքական ասպարեզում: Մանավանդ որ Հրաչյա Աշուղյանը առօրյա կյանքում շատ էր սիրում հումորը եւ նեղ շրջանակում հայտնի էր քաղաքական-պետական պաշտոնյաներին երգիծելու իր բացառիկ շնորհով:

Կռահեցիք անշուշտ. ակնարկս վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը անուրանալի տաղանդ ունի զանգվածային տեսարաններ սարքելու, բեմադրելու եւ ուզած պահին վարագույրը փակելու, դրամատիկ ազդեցություն գործելով հանդիսականների վրա: Անուրանալի է նրա տաղանդը հատկապես դերակատարների, այս պարագայումՙ ժողովրդային զանգվածի վարժեցման եւ հնազանդեցման գործում:

Բայց, ի՞նչն էր դրդել մեր վարչապետին անցյալ կիրակի օրը «լայվ» մտնելով իր հետեւորդներին հաջորդ օրվա ներկայացմանը նախապատրաստելու, դատարանների գործունեությունը դադարեցնել հրահանգելու համար: Հետզհետե նվազող իր ժողովրդականությունը խթանելո՞ւ, հետեւորդների զգոնությունը պահպանելո՞ւ, իր կուսակցության շարքերը կուռ պահելո՞ւ, մեկ անգամ եւս իր անուրանալի հեղինակությունը դրսի ու ներսի համար ի ցույց դնելո՞ւ, անհնազանդ դատավորներին զգաստացնելո՞ւ, թե՞ իսկապես անկատար, թերի եւ հիվանդ մեր արդարադատությունը բարեփոխելու ձգտումը: Հավանաբարՙ այդ բոլորը: Առավելՙ Արցախյան ճակատում միայն իրեն հայտնի խարդավանքների գոյության պնդումը, որը նա որակեց «դավաճանական» գործունեություն, մինչդեռ իր այդ պնդումը կարելի է որակել որպես Ադրբեջանին ուղղված հարձակման հրավեր...

Չխորանալով, առայժմ, վերջին այդ ծանրակշիռ մեղադրանքի քննության մեջ, կարելի է անել հետեւյալ հարցադրումը. հանրապետության վարչապետը չէ՞ր կարող սահմանադրական եւ օրենսդրական իր լայնահուն իրավասությունները այլ կերպ ի գործ դնել արդարադատական համակարգի բարեփոխում անցկացնելու համար, որի անհրաժեշտությունը կա՛ Հայաստանում: Նկատի ունեմՙ Բարձրագույն դատական խորհրդին, Սահմանադրական դատարանին եւ վերջապեսՙ իրեն հլու-հնազանդ խոհրդարանական մեծամասնությանը դիմելու եղանակը: Ի՞նչ կարիք կար թատերականացված գործողությունների: Ո՞վ չգիտի, որ ժողովրդային ընդհանուր- մեղմ բառ օգտագործեմ- վերապահություն կա մեր դատարանների նկատմամբ: Պե՞տք էր դրամատիկ դարձնել այդ վերապահությունը, պե՞տք էր իր բունՙ «անցումային արդարադատություն» (Transitional Justice) ստեղծելու ծրագիրը փաթեթավորել ժողովրդային դժգոհությամբ: Ժողովուրդՙ որի մեծամասնությունը ոչ մի բան չգիտի «անցումային արդարադատության» մասին, մինչ տարեց մեր ազգակիցների մոտ այն կարող է զուգահեռվել սովետական տխրահռչակ «տրոյկաների» հետ...

Դժվար է ասել, թե վարչապետը կամ նրա խորհրդականները որքա՞ն են խորացել 50-60-ական թթ.ին գաղութարարական ստրկությունից նոր դուրս եկած, իսկ հետագայումՙ ցեղասպանական գործողություններ տեսած աֆրիկյան եւ այլ երկրներում կիրառված այդ համակարգի կիրառման փորձի ուսումնասիրման մեջ, որոնց մասին մեծ ծավալի նյութեր կան ոչ միայն իրավագիտական աշխատություններում, այլեւ ՄԱԿ-ի բազմաթիվ փաստաթղթերում, քանզի նման համակարգերի մեծ մասը կիրառության է դրվել ՄԱԿ-ի հանձնարարությամբ ու հսկողությամբ: Սակայն կարծում եմ նման համակարգ ստեղծելու մտադրության մասին բարձրաձայնելուց առաջ վարչապետն ու կառավարությունը պիտի՛ դիմած լինեին ՀՀ Սահմանադրական դատարանՙ Հայաստանում այդ համակարգի որդեգրման սահմանադրականությունը պարզելու համար:

Արդարեւ, ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 2-րդ կետը արձանագրում է. «Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է» : Մինչդեռ անցումային դատական համակարգը ենթադրում է արտակարգ դատարանների ստեղծում: Ընդամենը մեկ վերապահումով. այն երկրները, որոնք կիրառել են այդ համակարգը, ստեղծել են նաեւ արտադատարանականՙ այսպես կոչված «Ճշմարտության հանձնաժողովներ» (Truth Commissions), որոնք քննել, ստուգել, դասդասել են ազգաբնակչության տուժած հատվածի բողոքներն ու գանգատները, հետագայում դրանք ներկայացնելու համար դատարան: Հետեւաբար, առանց նման հանձնաժողովների եզրակացության մերկապարանոց հայտարարություններ անելը, թե մեր դատարանները ընդհանրապես բանի պետք չեն, բնավ բավարար չէ: Ավելինՙ այն թաքցնում է մի այլ նպատակ, որի անունը դարեր շարունակ հայտնի է եղել որպես «հաղթողի արդարադատություն» (Victor՛s Justice):

Եթե վարչապետն ու նրա կառավարությունը առանց օգտագործելու իրենց սահմանադրական իրավասություններն ու սահմանադրական գործիքները, այլ հենվելով ժողովրդի մի մասի աջակցությանը, ցանկանում են Հայաստանում ստեղծել իրենց դուր եկած արդարադատական համակարգը, ապա ստիպված ենք այն կոչել այնպես, ինչպես կաՙ հաղթողի արդարադատություն: Իսկ հաղթողները, հազվագյուտ բացառությամբ, արդար չեն լինում:

Իսկ դա մեզ պետք չէ, ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ