RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019



ՍՈՒԼԹԱՆԱԿԱՆ

Տեղադրվել է` 2019-05-17 00:31:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2276, Տպվել է` 242, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑԻՆ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղի տվեց նախագահ Էրդողանի ճնշումներին

Այս տարի, մարտի 31-ին, Թուրքիայում անց էին կացվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնց արդյունքում, ստանալով ընտրողների ընդհանուր քվեների 44.33 տոկոսը, երկրի մասշտաբով հաղթել էր նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը: Հաշվի առնելով այն, որ ընտրություններում վերջինի գլխավոր մրցակից Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն էր, որը ձայների 30.12 տոկոսն էր հավաքել, Էրդողանի կուսակցության հաղթանակը կարելի էր տպավորիչ համարել: Հատկապես այն պարագայում, երբ վերջինը հաղթող էր դուրս եկել 24 վիլայեթում, իսկ մրցակիցըՙ 10:

Սակայն որքան էլ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը երկրի մասշտաբով հաղթի, խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Անկարան, Իզմիրը, Ադանան , Անթալիան, հաղթանակն այնուամենայնիվ զիջել էր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը: Նույն պատկերն էր նաեւ Ստամբուլում, թեեւ ստացած ձայների տարբերությունը 10.6 մլն ընտրող ունեցող Ստամբուլի համար չնչին պետք համարվի, քանի որ դա կազմում էր 27 հազար: Ավելին, այս ցուցանիշը ընտրություններից մի քանի օր հետո, ձայների վերահաշվարկի արդյունքում կրճատվել էր 13 հազարի:

Բայցեւայնպես, այդ կրճատումը չէր խանգարել, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ընդհանուր ձայների 48.8 տոկոսով հաղթանակի հասնի ձայների 48.5 տոկոսը հավաքած «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմի նկատմամբ եւ ընտրվի Ստամբուլի քաղաքապետ: Ընդ որում Իմամօղլուն հասարակության լայն շրջանակներին հայտնի գործիչ չէր: 1970 թվին նա ծնվել է Տրաբիզոնում, ավանդապաշտ, պահպանողական ընտանիքում: Նրա հայրը 90-ականներին եղել է հանգուցյալ նախագահ Թուրգութ Օզալի «Մայր հայրենիք» կուսակցության ակտիվիստներից, իսկ ինքը ուսանողության տարիներին հարել է սոցիալ-դեմոկրատական գաղափարներին, 2008-ին անդամակցել է Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը եւ աչքի ընկնող որեւէ դեր, մինչեւ Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրվելը, չի կատարել:

Հակառակ Իմամօղլուին, Բինալի Յըլդըրըմը Էրդողանի աջ թեւը լինելուց զատ, 2014-ին Դավութօղլուի հրաժարականից հետո, մինչեւ 2018թ. զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, ապա եղել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահը: Միաժամանակ չմոռանալ, որ սկսած 1994-ից մինչեւ մարտի 31-ի ընտրությունները, շուրջ 25 տարի Ստամբուլում քաղաքապետի աթոռին մշտապես բազմում էին իսլամականները, նախ Նեջմեթդին Էրբաքանի «Բարօրություն», այնուհետեւ նախագահ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության առաջադրած թեկնածուները, վերջինը ներառյալ:

Թվում էր, թե Իմամօղլուն, գոնե Ստամբուլում վերջ է տալիս իսլամականների հաղթարշավին: Նա պաշտոնը իր նախորդից ստանձնելուց զատ, թեկուզ ուշացումով, որովհետեւ անակնկալի եկած «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պահանջով անընդհատ վերահաշվարկվում էին քվեները, ապրիլի 17-ին ստացել էր նաեւ քաղաքապետի մանդատը եւ ավելի քան մեկ ամիս պաշտոնավարել Ստամբուլում, բայց ապարդյուն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկար քննարկումներից, տարբեր տեղամասրում կատարված վերահաշվարկներից հետո, մայիսի 6-ի նիստում անակնկալ որոշում կայացրեց եւ չեղյալ հայտարարեց մարտի 31-ի քաղաքապետի ընտրությունների արդյունքները Ստամբուլում, պատճառաբանելով, թե ընտրատեղամասային հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են եղել պաշտոնատար մարդիկ, մինչդեռ նրանց հաստատում է քաղաքային հանձնաժողովը, հանձնաժողովներին Ատամբուլում կազմում է նահանգապետը, իսկ շրջաններումՙ կառավարիչները, ընդ որում ե՛ւ մեկը ե՛ւ մյուսներն անմիջականորեն ենթարվում են ներքին գործերի նախարարությանը:

Համենայնդեպս, քաղաքապետի նոր ընտրությունները նշանակված են հունիսի 23-ին: Եթե «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունն այս անգամ էլ պարտվի, ապա դա խիստ բացասական է անդրադառնալու ժողովրդականությունը հետզհետե կորցնող Էրդողանի վարկանիշի վրա, մանավանդ որ երկրի ժողովրդավարական ուժերը, զայրացած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կամայական, ավելի շուտ Էրդողանի կամքն արտահայտող որոշումից, համախմբվում են ժողովրդա-հանրապետականների շուրջը: Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը, որ Ստամբուլում 10 հազար ձայն էր հավաքել, հայտարարում է ստացած ձայները վերջիններիս զիջելու մասին: Նրա օրինակին հետեւում է նաեւ Ձախ ժողովրդավարական կուսակցությունը: Իմամաօղլուի թեկնածությունն են պաշտպանում Թուրքիայի ժողովրդավարական բոլոր ուժերը, առաջադեմ մտավորականությունը, արվեստի եւ մշակույթի գործիչները, մասամբ նաեւ Էրդողանից դժգոհ քուրդ զանգվածները, որոնց թիը Ստամբուլում 2 միլիոնի է հասնում: :

Այլ կերպ, հունիսի 23-ին լուրջ փորձություն է սպասում Բինալի Յըլդըրըմին, առավել եւս նախագահ Էրդողանին: Ահա թե ինչու անգլիական «Գարդիանը» Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում Իմամօղլուի ընտրությունը համարել է 2002-ից իվեր երկրում միանձնյա իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության առաջին լուրջ պարտությունը,որակելով հունիսի 23-ի նշանակված վերընտրությունները վճռորոշ փորձաքննություն ժողովրդականության անկում ապրող Էրդողանի իշխանության համար: Ի դեպ, Իմամօղլուն արդեն լայն ճանաչում ունի ոչ միայն Ստամբուլում, այլեւ ողջ Թուրքիայում, իսկ թուրք հասարակությունըՙ մեծ հետաքրքրվածություն առաջիկա վերընտրությունների հանդեպ:

Դրանք մեծապես հետաքրքրում են նաեւ ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Եվրոմիության երկրներին, մասնավորապես Գերմանիային: Այդ հետաքրքրության պատճառը ԱՄՆ-ի պարագայում ավելի շուտ քաղաքական է, իսկ Եվրոմիությանՙ տնտեսական: Քանի որ Ստամբուլը, որպես տնտեսության, առեւտրի, ֆինանսական, մշակույթի կենտրոն, չափազանց կարեւոր է ոչ միայն ամեն մի կուսակցության, հատկապես Էրդողանի, այլեւ Թուրքիայում ներդրումային խոշոր ծրագրեր իրականացնող եվրոպական երկրների համար, որոնց մեջ առանձնակի է Գերմանիայի դերը: Մանավանդ որ մարտի 31-ի ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու որոշումը, խրախուսելով Թուրքիայում սղաճն ու թուրքական լիրայի արժեզրկումը, տակնուվրա է արել ֆինանսական շուկան, որն էլ իր հերթին հանգեցրել է ներդրումային ծրագրերի սառեցմանը:

Թերեւս այդ է պատճառը, որ խնդիրը, սոսկ, Ստամբուլի 10.6 մլն ընտրողները չեն, որքան էլ դրանք կարեւոր լինեն հետագա նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների համար, այլ երկրի քաղաքական կյանքում ունեցած այն կշիռը, որն ունի Ստամբուլը: Ահա թե ինչու Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը երկրում ավելի բաձր է գնահատվում, քան Թուրքիայի նախարարինն է, իսկ Էրդողանը զգուշացնում իր կուսակիցներին. «Ստամբուլում սայթաքելու դեպքում կկործանվենք Թուրքիայում, ով տիրանա Ստամբուլին, տիրանալու է Թուրքիային»: Այս խոսքերից հետո դժվար չէ կռահել, որ հունիսի 23-ի վերաքվեարկությունն Էրդողանը դիտարկում է որպես գլխավոր փորձ նախագահական հաջորդ ընտրությունների համար, թերեւս դրանով էլ քաղաքապետի վերընտրությունն նրա տեսանկյունից ստանում վստահության քվեի բնույթ: Ուստիեւ նա ամեն ինչ կանի հաղթելու համար:

Համենայնդեպս Էրդողանն ու նրա կուսակցությունն իրենց հույսերը կապում են այն 1.7 մլն ընտրողների հետ, որոնք չէին մասնակցել մարտի 31-ի ընտրություններին, իսկ ժողովրդա-հանրապետականներըՙ Էքրեմ Իմամօղլուի հարաճուն ժողովրդականության, ինչպես նաեւ թուրք հասարակության համատարած աջակցության հետ: Պարտությունը մղձավանջ է լինելու ոչ այնքան Բինալի Յըլդըրըմի, որքան նախագահ Էրդողանի համար, գուցե եւ դառնա վերջի սկիզբը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ