RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019



ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-05-17 00:31:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2812, Տպվել է` 243, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՊԱՍՎԱԾ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ` «ՄԵԹՐ ՀՐԱՉՅԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՄԱՐԴՆ ՈՒ ԳՈՐԾԸ»

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

Արդեն մի քանի տասնամյակ պատմագիտության դաշտում եմ: Հեղինակել եմ տասնյակից ավելի մենագրություններ եւ շուրջ երկու հարյուր գիտական հրապարակումներ: Հետաքրքրություններիս հիմնական թիրախը մշտապես եղել է XIX դարի վերջին քառորդում եւ XX դարի առաջին տասնամյակներում ծավալված հայ ազգային-ազատագրական պայքարը, դրա գաղափարախոսության ակունքներում կանգնած քաղաքական կուսակցությունները, դրանց տեսաբան-պրակտիկ գործիչներն ու լույս ընծայած պարբերականները: Բոլոր հիմնախնդիրների դեպքում ձգտել եմ լինել անկողմնակալ եւ հայտնել անաչառ տեսակետներ:

Խոստովանեմ, ամեն անգամ որեւէ հարցի աղբյուրագիտական հենքը հստակեցնելիս ակնհայտ է դառնում, որ թե՛ տեսական, թե՛ գործնական դաշտում դաշնակցականների թողած աղբյուրներն ամենաշատն են: Հասկանում եմ, որ տեղաբնիկ արմենականները շատ լավ ճանաչելով թշնամուն, որը թուրքն էր, գաղտնի գործելու մտահոգությունից անում էին ամեն ինչ այդ ուղղությամբ եւ գրավոր շատ քիչ բան են թողել: Հնչակյաններն էլ ավելի շատ տարված լինելով վաղ ավատատիրական մակարդակում գոյատեւող Օսմանյան կայսրության տիրապետության պայմաններում գտնվող արեւմտահայ իրականության համար ուտոպիկ սոցիալիստական քարոզներով, ավելի շատ զբաղված էին տեսական բանավեճերով: Բայց այնուամենայնիվ նախանձել կարելի է. թե ինչպիսի պարտաճանաչությամբ ամեն անգամ դեպի իրական մահ` «Էրգիր» մտնելուց առաջ, նրանց ֆիդայական խմբերն ու անհատները պարտադիր լուսանկարվել են: Կամ թե ինչպես նույնիսկ թեժ կռիվների փոքրիկ դադարների ժամանակ կարողացել են պատմության համար նշումներ անել: Էլ չեմ խոսում առաջնորդ ու շարքային գործիչների թողած հուշերի մասին: Գրեթե չկա այդ պայքարի մասնակից, որ հուշեր կամ թերթային հոդվածներ թողած չլինի: Պատկերացնում եմ, թե որքան արժեքավոր աղբյուրներ կունենայինք այսօր, եթե իմ նախկին ու ներկա կուսակիցներն էլ մի քիչ իրենց նեղություն տված լինեին ու գոնե հուշեր թողած լինեին:

Իսկապես, Արմենական, Ռամկավար, Հայ ժողովրդական կուսակցությունների անդամների թողած նմանաբնույթ աշխատանքները ցավալիորեն շատ քիչ են: Լավ է, որ գոնե ունենք Արմենակ Եկարյանի, Միհրան Տամատյանի հուշերն ու Արտակ Դարբինյանի, Մանուկ Ճիզմեճյանի հուշերի եւ ուսումնասիրության խառնուրդ արժեքավոր երկերը: Նշենք նաեւ, որ գոնե վերջին տասնամյակներին ունեցանք Էօժեն Բաբազյանի, Հովհաննես Պողոսյանի, պրոֆ. Բարունակ Թովմասյանի, Հայկաշեն Ուզունյանի եւ այլ մի քանի հեղինակների հուշագրությունները: Դրանց շարքը գալիս է լրացնելու իմ լավ բարեկամ ու գրչակից ընկեր Պարույր Աղպաշյանի կազմած ու խմբագրած «Մեթր Հրաչյա Սեդրակյան մարդն ու գործը» արժեքավոր երկը (Գիրքը կազմել եւ խմբագրել է Պարուր Յ. Աղպաշյանը, մեկենասությամբ Պերճ Սեդրակյանի, Բեյրութ, 2018, 388 էջ):

Բավականին բարեխիղճ եւ հետեւողական մոտեցումներով կազմված այս գիրքը բաղկացած է ներածական հատվածից եւ հինգ մասերից :

Ներածական բաժինը բացվում է Հ. Սեդրակյանի զարմիկ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հակիրճ խոսքով, որում հեղինակը «համակրանքի եւ երախտագիտութեան սրտի տուրքի» զգացումով նախ ներկայացնում է Հ. Սեդրակյան մարդուն, որը ընթերցողին հնարավորություն է ընձեռում պատկերացում կազմել իր հերոսի մարդկային հատկանիշների վերաբերյալ: Նշվում է, որ Հ. Սեդրակյանը հետեղեռնյան սերնդի ներկայացուցիչն է եւ կենդանի վկայությունը ցեղասպանությանը հաջորդած տարիների հայապահպանման, վերաբնակեցման եւ համայնքային կյանքի վերականգնման դժվարին օրերի: Շեշտվում է, որ Հ. Սեդրակյանը «մաս կը կազմէ մտաւորական գործիչներու այն փաղանգին», որոնք Եգիպտոսում, Սիրիայում եւ Լիբանանում անձնվիրաբար իրենց բոլոր հնարավորությունները ներդրեցին եւ կազմակերպեցին, հոգացին ու «դիմագիծ ու մշակոյթ տուին» Միջի Արեւելքի երկրներում ծվարած հայությանը:

Գրքի նախաբանում ընդգծվում է նաեւ, որ Հ. Սեդրակյանի ազգային-հասարակական գործունեության մեջ կարեւոր դերակատարություն է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միությանն անդամակցությամբ վաղ հասակում եւ նրանում հատկապես երիտասարդական կառույցների ստեղծման, դրանց ծրագրերի մշակման գործում: Հ. Սեդրակյանի կյանքում կարեւոր հանգրվաններ են եղել Ռամկավար ազատական կուսակցությանը զինվորագրվելն ու դրանում ծավալած գործունեությունը: Հ. Սեդրակյանը եղել է նաեւ Թեքեյան մշակութային միության հիմնադիրներից, Հայաստանյայց առաքելական եկեղեցուն հավատարիմ գործիչ: Նշվում է նաեւ այն անուրանալի ներդրումը, որն նախագահի չգոյության պայմաններում հանդիսանալով փոխնախագահՙ ունեցել է Հ. Սեդրակյանը 1946 թ. կազմակերպված հայրենադարձության եւ այլ հայաշահ գործերում: Պ. Սեդրակյանը վերջում շեշտում է, որ այս «հատորը ուսանելի աղբիւր մը կ՛ըլլայ երիտասարդութեան համար, քաջալերելու զանոնք, որ ունենան լայն աշխարհահայեացք, վերլուծական միտք եւ ինքնուրոյն մտածելակերպ»:

Հատկապես երիտասարդության կողմից հարգված, փնտրված ու կողմնորոշիչ դերակատարություն ունեցած գործիչին նվիրված այս գրքում մեկտեղված են նրա քաղաքական-կուսակցական ներդրումները, հասարակական-միութենական նպաստները, հայրենական-եկեղեցական հայացքները եւ ընդհանրապես բոլոր այն աշխատանքները զանազան կառույցներում, որոնցում վերապահված էր Հ. Սեդրակյանի ազդեցիկ ներկայությունը եւ հեղինակավոր խոսքը: Գիրքը կազմողի ներկայացմամբ գրքի նպատակն է եղել ուրվագծել «լիբանանեան-սփիւռքահայ ժամանակահատուածի յատկանշական ելեւէջները, հայրենիք-եկեղեցի գոյավիճակներու անդրադարձումը, հայրենադարձութեան հիմնարարութեան առաջմղումը, ռամկավարական սկզբունքներու գործադրութեան ապահովումը, երիտասարդութեան նկատմամբ վստահելիութեան սնուցումը»: Ինչպես նաեւ հեղինակը «կը միտի թե մեծարել Մեթրի անձն ու վաստակը, թե նոր սերունդին ծանօթացնել» նրա դաստիարակիչ գործունեությանը:

Այնուհետեւ հեղինակը բարեխղճորեն եւ բծախնդիր կերպով քայլ առ քայլ ներկայացնում է իր հերոսին: Որպես Մարդ-անհատի հեղինակը շեշտում է, որ Հ. Սեդրակյանը մարդակերտումի ու մարդասիրության ազնվագույն ներկայացուցիչ է եղել եւ իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է այդ առաքելության իրականացմանը: Ազնիվ ու պարկեշտ, անկեղծ եւ ուղղամիտ մարդ էր Հ. Սեդրակյանը, շարունակում է հեղինակը եւ ավելացնում, որ իր լայնածիր ու լայնախոհ պարունակներով նա դարձավ այն հայաշահ խարիսխը, որի հավատարիմ ծառան դարձավ:

Որպես հայ Հ. Սեդրակյանը ծառայեց իր ժողովրդին անմնացորդ նվիրումով ու անսակարկ զոհողությամբ: Նրա մեջ հայկականությունը, հայասիրությունն ու հայրենասիրությունը ամրակուռ արմատներ ունեին եւ նպատակասլաց ուղղվածություն: Այնքան հայ էր, շարունակում է հեղինակը, ու այնքան հայ մնաց, որ ընդմիշտ «հայածառայութիւնը եւ հայանուիրուածութիւնը մնացին իր սիրելի եւ անփոխարինելի դաշտերը»:

Գաղափարախոսության դաշտում էլ Հ. Սեդրակյանը եղավ ռամկավարության ջերմեռանդ հավատացողը` առանց շփոթելու ազգը գաղափարի կամ գաղափարը ազգի հետ: Ազատական ռամկավարությունը նրա համար դարձավ համապարփակ դարբնոց: Նա երբեք չդարձավ ծայրահեղության եւ մոլեռանդության գերին: Կուսակցությունը նա համարում էր ազգապահպանության եւ հայակերտումի գործոն: ՌԱԿ-ին նրա նվիրվածությունը հեղինակի կարծիքով «ուսանելիութեան վառ պատկեր մըն է»:

Անդրադառնալով Հ. Սեդրակյանի ազգային կերպարին հեղինակը նշում է, որ նա ազնվական ազգային էր, ապրում էր ներկայով, սակայն ուրվագծում էր նաեւ ապագան: Միշտ մնաց ազգային` իր բովանդակ իմաստով:

Հ. Սեդրակյանը նաեւ մշակութային մարդ էր: Էությամբ միութենական լինելով նա եղավ ՀԲԸՄ-ի դրոշապահը, նպաստեց զարկ տալու հայ դպրոցին, մամուլի պահպանմանն ու բարգավաճմանը:

Անսակարկ նվիրյալի համար հայրենասիրությունը լոկ զգացողություն չէր, այլ` առարկայականություն` միշտ հիմնված լավատեսության եւ հուսալիության վրա: Առանց հուսալքության ու հուսահատության նա հավատաց արշալույսին, եղավ Հայ եկեղեցու դեմ նետված մարտահրավերների անվախ պայքարողն ու ջատագովը: Էջմիածինը համարելով անվիճելի գերգահակալություն` մնաց ջերմ պաշտպանը «Ազգային եկեղեցւոյ միասնականութեան»:

Գրքի հաջորդ բաժնում հեղինակը քայլ առ քայլ ներկայացնում է իր հերոսի ապրած տարիները: Սկսելով պատանեկան-համալսարանական շրջանից, որի ընթացքում ընկերասիրության եւ ուղղամտության տիպար Հ. Սեդրակյանին բնութագրում է հեզ, բայց կենսուրախ խառնվածքի տեր, գթասիրտ ու խղճամիտ ընդունելի գործիչ ու հանդուրժելի բանակցող: Նա ՌԱԿ-ը համարում էր այն մեկնակետը, որով կկարողանար հասնել իր նպատակին: Քաղաքական հայացքները չափավորական էին, բայց սկզբունքային, կուսակցականությունը գաղափարական էր, բայց` արմատական, ազգայնականությունը անբասիր էր, բայց հայրենասիրական:

Հեղինակի ասելով իր հերոսն համոզված էր, որ հայ մամուլը անփոխարինելի առաքելություն եւ դերակատարություն ունի հայ իրականության մեջ, հատկապես հետեղեռնյան ժամանակաշրջանում, եւ առանց թերագնահատելու որեւէ այլ հայկական թերթ, առաջնահերթությունը տալիս էր ռամկավար մամուլին: Մասնավորապես նրա գուրգուրանքի առարկան միշտ եղավ ՌԱԿ պաշտոնաթերթ «Զարթօնքը»:

«Կենսագրական տվյալներ» բաժնում նշվում է, որ Հ. Սեդրակյանը եղել է Թեքեյան մշակութային միության եւ Վ. Թեքեյան վարժարանի հիմնադիրներից: Հաճախ է այցելել Սփյուռքի գաղթօջախները, Հայաստան եւ միշտ պայքարել, որպեսզի պահպանվի կամ վերահաստատվի Հայ եկեղեցու միասնականությունը:

Գրքի հաջորդ բաժիններում զետեղված են Հ. Սեդրակյանի տարբեր հոբելյաններին նվիրված միջոցառումների մասին հրապարակումներ, նրա հուշերից պատառիկներ, որոնք վերաբերում են մեկը մյուսից կարեւոր հիմնահարցերի, նրա մահվան կապակցությամբ ցավակցական գրություններ, ելույթներ, բանախոսություններ, տպավորություններ, խորհրդածություններ եւ այլն:

Չնայած որոշՙ ոչ ցանկալի իրողությունների (օրինակ` անհարկի կրկնությունները շատ են եւ երբեմն էջալցումի տպավորություն են թողնում) ընդհանուր առմամբ գիրքը հաջողված է, որի առիթով շնորհավորում եմ հեղինակին եւ, ինչպես ընդունված է Սփյուռքում, գրչընկերոջ լիարժեք վստահությամբ ասում եմ` վարձքդ կատար, բարեկամ: Ավելացնեմ, որ գիրքը գրված է հարուստ հայերենով: Մի բան, որը ցավոք շատ քիչ է հանդիպում մեր օրերում: Վերջում էլ առկա են տարբեր տարիների մի շարք լուսանկարներ, որոնք կարծես առարկայական վկայություն-վավերագրեր լինեն գրքում ասվածների: Իսկ պատմաբանիս դիտանկյունից գիրքն իսկապես գալիս է լրացնելու այն լուրջ պակասն ու բացթողումը, որ առկա է կուսակիցներիս մի քանի սերնդի կողմից իրենց ապրած ու գործած ժամանակաշրջանի մասին սերունդներին ասելիք թողնելու գործում:

Ասելիքս ուզում եմ ավարտել Հ. Սեդրակյանի խոստովանությունը, որը երկրային կյանքում ապրած տարիների յուրակերպ ու գեղեցիկ ամփոփում է. «Իմաստասէրները կը փնտռեն մարդկային կեանքի իմաստը, ես նախընտրեցի որոշ իմաստ մը տալ իմ կեանքիս եւ իմ մէջս ծնաւ հայրենիքին եւ սքանչելի մեր ժողովուրդին ծառայելու ամբողջական նուրիրումի վեհ կոչումը»:

20.04-06.05.2019

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ