RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019



ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-05-17 00:31:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2858, Տպվել է` 250, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՐԵՎՈՒԹԱՍՏԵՂԾ ՄԻՋԱՎԱՅՐԸ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումներում արտահանման գործընթացը հնչեղ քաղաքականություն ներկայացնելն առայժմ նկատելի թե շոշափելի որեւէ դրսեւորում չի ստանում: Հենց թեկուզ այն պարզ պատճառով, որ ինչ-որ բան արտահանելու համար նախ հարկ է գոնե կայունացող տնտեսություն ունենալ, որն անգամ փոքր ու միջին ձեռնարկատիրության կայացվածության պարագայում կարող է արդյունաբերական տնտեսավարման նախանշան ցուցաբերելՙ քանակական ու որակական երաշխիքներ ապահովել: Մեր 12 մլրդ դոլար համախառն ներքին արդյունքը կազմավորվում է ծառայություններ մատուցողների գրեթե 50 տոկոս, գյուղաշխատանքներ իրականացնողների 35 տոկոս եւ արտադրա-արդյունաբերական ոլորտում հազիվ 15 տոկոս ընդգրկվածների պայմաններում: Եթե նկատի ունենանք, որ վերջինում էլ զգալի թիվ են կազմում ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի հումքի ու վերամշակման ոլորտում զբաղվածները, մասամբ էլ հանքա-հումքային ճյուղում աշխատողները, այսպես ասենքՙ տակը բան չի մնում, ՀՀ տնտեսությունը ներկայանում է որպես պարզ աշխատաշուկա, իր մի քանի զույգ կոշիկի ու ձեռնոցների արտադրության, ծխախոտի ու կոնյակի տեսքով: Ոգեւորություն չառաջացնող պատկեր է ստացվում, քանզի երկիրը հիմնականում գոյատեւում է ՀՀ-ից երբեմնի արտագաղթած բնակչության այստեղ մնացած իր հարազատ-բարեկամներին ուղարկած ֆինանսական միջոցների հաշվին ներմուծված պարենային ու արդյունաբերական ապրանքների ձեռքբերման արդյունքում: Նկատենք. ներմուծվում է ինչ պատահի եւ որտեղից պատահիՙ սնունդ ու հագուստ, կենցաղային ամենատարբեր տեխնիկա, խոհանոցային ու անկողնային պարագաներ, մարզագույք, անգամՙ պարզ ու հասարակ զուգարանաթուղթ:

Տարօրինակն այն է, որ նման վիճակը ոչ նախորդ բոլոր իշխանություններն էին մտահոգիչ համարում, ոչ էլ հետհեղափոխական շրջանի գործիչներն են անհանգստացնող դիտարկում: Մի պահ համաձայնվենք որոշ տնտեսագետների այն գնահատականներին, որ մեզանում ստվերը կազմում է 30-40 տոկոս, որի պարագայում ՀՀ ՀՆԱ-ն ստացվում է 16-17 մլրդ դոլար. Արդյո՞ք սա բավարար ցուցանիշ է երկիրը կայացող որակելու առումով, երբ ՀՀ տարածքն ու բնակչությունն ունեցող երբեմնի սոցիալիստական Ալբանիան 2018-ին արդեն 36 մլրդ դոլար ՀՆԱ ուներ, 2,8 մլն բնակչությամբ Լիտվանՙ 90 մլրդ դոլար: Առաջինի արտադրա-արդյունաբերական ոլորտում ընդգրկված է աշխատունակ բնակչության 20 տոկոսը, երկրորդումՙ 25 տոկոսը, որպիսի ցուցանիշները վերցրել ենք ԱՄՆ-ում 1868 թվականից ի վեր տպագրվող «Համաշխարհային փաստեր. 2019» տեղեկատուից: Թեեւ համաշխարհային տնտեսությունում կան էլ ավելի տպավորիչ օրինակներ, դրանց անդրադարձը թողնենք այլ առիթների, փորձելով ՀՀ տնտեսության լիարժեք կայացումը դիտարկել մեր ներքին հնարավորությունների ու դրանք աշխատեցնելու առումներով: Ի՞նչ է ուսուցանում համաշխարհային փորձը. հարցը ներկայացնենք տողերիս հեղինակի հետաքրքրությունների շրջանակում գտնվող գյուղոլորտի եւ վերամշակող ճյուղի հնարավորությունների համադրումով:

2000-ականների սկզբներին 300 մլն բնակչությունը գերազանցող ԱՄՆ-ում պահվում էր 90 մլն խոշոր եղջերավոր ու 65 մլն խոզ, կամ 2 բնակչի հաշվով 1 խոշոր կաթնա-մսատու: Համանման հարաբերակցության ենք հանդիպում երկիր մոլորակի թիվ 2 տնտեսությունն ունեցող Չինաստանի պարագայումՙ 1,3 մլրդ բնակչություն եւ 115 մլն խոշոր եղջերավոր ու 475 մլն գլուխ խոզ: Հիմնական տարբերությունն այն է, որ հյուսիսամերիկացիները նախապատվությունը տալիս են տավարի մսին, չինացիներըՙ խոզի: Գրեթե նույն հարաբերակցությունն է Եվրոպայի տնտեսության առաջատար Գերմանիայի եւ համեմատաբար փոքր երկիր համարվող Ավստրիայի առումով: Առաջինում 80 մլն բնակչության հաշվով պահվում է 13 մլն խոշոր եղջերավոր ու 27 մլն խոզ, երկրորդում բնակչությունը 8 մլն է, խոշոր կաթնա-մսատուների գլխաքանակները 2 մլն եւ 3 մլն: Օրեր առաջ ՀՀ վարչապետը 600 հազար բնակչություն ունեցող Լյուքսեմբուրգում էր, ուր 200 հազար խոշոր եղջերավոր են պահում եւ 100 հազար խոզ: 1,2 մլն բնակչությամբ Էստոնիայում էլ ենք նման զուգադիպության հանդիպումՙ խոշոր եղջերավորը 260 հազար, խոզերի գլխաքանակը 360 հազար: Չզլանանք եւ նշենք, որ կան նաեւ այլ ցուցանիշներՙ 10 մլն բնակչությամբ Բելգիայում պահում են մոտ 10 մլն խոշոր կաթնա-մսատու, 5,5 մլն բնակչությամբ Դանիայումՙ միացյալ 14 մլն գլուխ: Ծանոթացեք Կորեական թերակղզու երկրների այսօրինակ վիճակագրությանը. Հյուսիսային Կորեայի դեմոկրատական հանրապետության բնակչությունը 24 մլն է, պահվող խոշոր կաթնա-մսատու անասնագլխաքանակըՙ մոտ 3 մլն, Հարավային Կորեայի բնակչությունը հյուսիսայինի կրկնապատիկն է, 48 մլն մարդ, պահվող անասնագլխաքանակը 13,5 մլն, ԿԺԴՀ-ի քառապատիկից ավելին: Մեկում 1 բնակչի հաշվով տարեկան ՀՆԱ-ն 1800 դոլար է, մյուսում 40 հազար դոլար, վստահ եմ տեղերի հարցում կասկածներ չունեք: Ինչո՞ւ անհրաժեշտ համարեցի առաջին հայացքից տնտեսության համար ոչ էական դիտարկվող ներկայացված վիճակագրության հրապարակումը, որը երբեմն ընտրել եմ պատահականության սկզբունքով: Այս մասին ստորեւՙ ՀՀ նույն ոլորտի թվերը ներկայացնելով:

Ըստ ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն հռչակվող մի փաստաթղթի, որը հաստատվել է կառավարության կողմից, երկրի գյուղոլորտում 2015 թվականի համար նախատեսվել էր 785 հազար գլուխ խոշոր եղջերավոր եւ 210 հազար խոզ, ինչ-որ առումով ՀՀ բնակչության արդեն նշված հարաբերությանը մոտենալու փորձ: Բայցՙ շաբաթն ուրբաթից շուտ եկավ եւ թվերը մինչ ժամկետը լրանալը վերանայվեցինՙ խոշորի գլխաքանակը իջեցվեց 624 հազարի, խոզերինը 143 հազարի: 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ դրանք արդեն 590 հազար եւ մոտ 120 հազար են, էլ ավելի նվազելու միտումով եւ արտառոց մեկ հիմնական պատճառովՙ ՀՀ գյուղոլորտում անասնակեր համարվող կոպիտ կեր հանդիսացող չոր խոտի ու ծղոտի չորային եղանակով պայմանավորված գնաճով, երբ երկիր մոլորակի չորս կողմերում լիարժեք անասնակեր է դիտարկվում մշակովի հացահատիկն ու սիլոսը, առավելապես եգիպտացորենը, որոնք երաշխավորում են անասնապահի աշխատանքի արդյունավետությունն ու եկամտաբերությունը:

Այս առումով հարց ուղղեցի ՀՀ վարչապետին մայիսի 8-ի ասուլիսում. գյուղնախարարության հետ որոշակի գործընթաց այս օրերին սկսվել է, հուսանքՙ դրական ավարտով: Որ խոշոր կաթնա-մսատու անասնապահության գլխավոր նպատակը մարդկանց կաթի ու մսի, դրանց վերամշակումների հանդեպ պահանջարկի ապահովումն է, միանշանակ է: Բայցեւ պակաս կարեւոր չէ անասնակաշին որպես տնտեսական գործունեության զանազան ոլորտներում օգտագործելու հումք դիտարկելըՙ հագուստի, կահույքի, մարզագույքի, այլ բնագավառներում:

Մեր պատմության ՀՍՍՀ շրջանում այս առումով հիշելու շատ բան կա: «Մասիս» «Լյուքս», այլ կաշվի-կոշիկի արտադրությունները տասնյակ հազարավոր աշխատատեղեր էին ապահովում, արտադրանքը միլիոններով առաքվում էր ԽՍՀՄ տարբեր հանրապետություններ: Բնակչության 1 շնչի հաշվով կոշիկի արտադրությամբ ՀՍՍՀ-ն միջին միութենական ցուցանիշը գերազանցում էր 1,7 անգամ: Կադրեր, ոլորտի միջին օղակի կազմակերպիչներ, արտադրության ղեկավարներ այսօր էլ կան, այնպես որ ոլորտն այն բնագավառը չէ, որի վերականգնումը պայմանավորված է երբեմնի միութենական գործոններով: Այն զուտ տեղական խնդիր է, որը պահանջում է անասնագլխաքանակի սպանդանոցային մորթ եւ կաշվի վերամշակման գրեթե կանգնած հզորության լիարժեք վերագործարկում: Այստեղ է որ գյուղատնտեսությունը հիմնավորապես ձախողում է գործընթացը. անասնագլխաքանակը կտրուկ պակասում է, թերսնված կենդանիների կաշին նվազ պիտանի է որակյալ հումքի վերածվելու առումով, չմոռանալով նշել մեզանում արմատավորված ամոթալի բակային մորթը: ՀՀ տնտեսությունում նման անզորությունն ու անգործությունն է պատճառը, որ կաշվի որոշակի ծավալներ հայտնվում են անգամ հարեւան անբարյացակամ երկրների վերամշակողների արտադրություններում. մեր իսկ գործարարներն ու արտադրողները ստիպված են լինում օգտվել մեր հումքից ստացված «օտարերկրյա» կաշվից, թանկ վճարելով յուրաքանչյուր դեցիմետր քառակուսու դիմաց: Պարտադրված կարոտախտ կոչվող կարգավիճակում եմ հայտնվել, քանզի վերընթերցում եմ ՀՍՀ հանրագիտարանի «Կաշվի-կոշիկի արդյունաբերություն» բաժնի այն տեղեկատվությունը, ըստ որի 1970-80-ականներին ՀՍՍՀ-ում կոշտ ու փափուկ կաշիների արտադրությունը կազմել է համապատասխանաբար 50 մլն քառակուսի դեցիմետր ու 250 մլն քառակուսի դեցիմետր: Միայն «Մասիս» արտադրական միավորումը տարեկան 17 մլն զույգ ԽՍՀՄ տարածքում մեծ պահանջարկ ունեցող կոշկեղեն է թողարկել: Հայաստանյան որակյալ կաշին նաեւ արտահանվել է Ուկրաինա, Վրաստան, Ադրբեջան:

Գրում եմ այս մասին ու միաժամանակ մտորում. կլինեն ոմանք, ովքեր նկատի ունենալով մեր բազում հոգսերը, կփորձեն տրտնջալ, թե կոռուպցիայի ու մոնոպոլիաների դեմ պայքարի խնդիրը չավարտած հարկ չկա այլ հարցեր քննարկել, որոնք երբեմն հակահեղափոխության դրսեւորումներ են նկատվում: ՀՀ քաղաքացիս ու իր ոչ սակավաթիվ շրջապատն այդպես չեն մտածում, այլ երկրի տնտեսության բազմաճյուղ զարգացման ընթացքում են տեսնում հիշյալ բացասական երեւույթները անցնելիք ճանապարհի հետնամասում թողնելու հնարավորությունը: Օրինակնե՞ր եք ցանկանում, խնդրեմ ծանոթացեք: Հրեից պետությունը, որն իր հզորության շնորհիվ շատերի համակրանքն է վայելում, չի զլանում եւ վերջին տարիներից յուրաքանչյուրում Ռուսաստանի Դաշնություն արտահանելու նպատակով 100 հազար տոննա... ստեպղին է արտադրում, հայավարիՙ գազար, մի 30-40 հազար տոննա էլ Եվրոպայի համար, չմոռանանք նաեւ Հայաստան ներմուծվողի մասին: Ընկերներիցս մեկը պատմեց, որ Իսրայել այցելության ընթացքում հանդիպել է նաեւ փոքր քանակներով լավագույնս մշակված եգիպտացորենի տարածքների: Ի՞նչ կա այստեղ տարօրինակ, եթե ոչՙ Իսրայելի սակավահող լինելը: Կրոնական շարժառիթով խոզի միս չսպառող երկիրը 1 բնակչի հաշվով տարեկան 80 կգ հավի մսի արտադրության շնորհիվ լուծել է իր բնակչության պարենային ապահովվածությունն այս առումով: Երկրի մասնագետները նաեւ հաշվառել ենՙ ստեպղինի հսկայածավալ արտադրության հարցում խնդիր չեն տեսնում: Պետության ներկայիս զբաղեցրած տարածքը 20,8 հազար քառակուսի կիլոմետր է, որից վարելահողըՙ 280 հազար հեկտար: Տարվա ընթացքում արտադրվող 300 հազար տոննա ստեպղինի համար պահանջվող տարածքը 4 հազար հեկտար է, այսինքն Իսրայելի գյուղնշանակության հողերի հազիվ 1,4 տոկոսը: Այնպես որ արժե այդ նպատակով տվյալ մշակաբույսի համաշխարհային շուկայում տեղ զբաղեցնել, մինչ կհասունանա այլ մոտեցման պահը: Այսպես են հարցերը լուծվում, ընդհուպՙ կեղտոտ որակվող զինատեսակի ստեղծումը:

Տարօրինակից մինչեւ ցավալի է նկատել ու արձանագրել, որ մեզանում տնտեսության կայացում ասելով հասկացվում է զուտ աշխատատեղերի ստեղծումըՙ դրանք լինեն ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի նոր հզորությունների կառուցման տեսքով, թե երկրի ընդերքը այլոց հումք ծառայեցնելու նպատակով: Փոխարենը միլիարդավոր դոլարներ ենք ծախսում արտերկրից ինչ պատահի ներմուծելովՙ սկսած պարենից, վերջացրած սերմերով ու տնկանյութով: Իսկ թե երբ կգա համաշխարհային տնտեսության կողմից գերակա ճանաչված 2 բնակչի հաշվով 1 խոշոր կաթնա-մսատու ունենալու ժամանակը, պարզ չէ. ինչպես տարիներ առաջ հպարտ կեցվածքով հայտարարեց տնտեսագիտության մի դոկտորՙ մենք հո խաշնարած ժողովուրդ չենք, որ անասնապահությամբ զբաղվենք:

Անվարան կարող եմ պնդել. այսպիսին է հիմնականում ՀՀ տնտեսագիտական միտքը, որն իր լիակատար ազդեցության տակ է պահում տնտեսվարական պաշտոնակազմը, ուր տիրապետողը խոսքն է եւ կիսամիջոցներով երեւութաստեղծ միջավայրի կազմավորումը: Կփոխվի՞ վիճակը տնտեսությունը կառավարելու կոչված մարմինը «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» անվանափոխելու արդյունքում, որի կազմ է մտցվում գյուղոլորտը, ցույց կտա առաջիկան: Համբերություն բոլորիս:

13.05.2019

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ