RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019



Տեղադրվել է` 2019-05-17 00:31:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2827, Տպվել է` 244, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅՍՏԵՂ ՆԱԻՐՅԱՆ ՀԱՆՃԱՐՆ Է ՀԱՆԳՉՈՒՄ... ԿՐԿՆԱԿԻ ՄԵՌԱԾ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Վերջին օրերին Հայաստանի ամենակարեւոր վայրը Գյուլիքեւխվյան փողոցն է: Չնայածՙ ինչո՞ւ միայն վերջին օրերի. այս փողոցում արտահայտվում է տարիների կուտակված փոխադարձ ատելությունը, մուննաթը, զայրույթը, չսերը...Ի դեպՙ Հայկ Գյուլիքեւխվյանը, որի անվամբ կոչվում է փողոցը, եւ որին նույնիսկ այդ ու հարակից փողոցների բնակիչներից շատերը չեն ճանաչում, մեծ քննադատ էր, գրականագետ: Չարենցը հենց նրա մասին է 1929-ին գրել քիչ հայտնի էպիտաֆիան.

Աստ հանգչի Հայկ Գյուլիքեւխվյան: Նաիրյան երկրի քննադատը մեծ,

Որ երկար ապրեց, բայց հերոսաբար ոչինչ չգրեց:

Խոնարհիր գլուխդ, օտարական, այս քարի առաջ.

Այստեղ նաիրյան հանճարն է հանգչում կրկնակի մեռած:

Հենց Գյուլիքեւխվյան փողոցում է գտնվում Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, որտեղ քննվում է Ռոբերտ Քոչարյանի գործը եւ որի դիմացՙ փողոցի տարբեր կողմերում, հավաքվել են երկրորդ նախագահի աջակիցներն ու քննադատները: Իսկ նրանց մեջտեղովՙ շատ խորհրդանշական, փողոցն է, ու ինձ թվում է, որ հենց այդ փողոցն է արդարադատությունը, որը, ինչպես գիտենք, միշտ ինչ-որ տեղ մեջտեղում է:

Ես չգիտեմ, թե ինչպիսին է եղել Փարիզըՙ Մեծ կումունայի օրերին, բայց մեկ անգամ տեսնելով Գյուլիքեւխվյան փողոցը, կարող եմ պատկերացնել: Ու հարցը այն չէ, որ փողոցում ե՛ւ Քոչարյանի աջակիցներն են քիչ (սպասվածից), ե՛ւ Քոչարյանի քննադատներն են քիչ (սպասվածից), այլ այն է, որ մարդիկ ատում են իրար: Այն նույն մարդիկ, որոնք մեկ տարի առաջ քայլում էին իրար հետ, պարում էին իրար հետ, ուրիշ փողոցներում մանղալներով խորոված էին անում իրար հետ, գուցե նույնիսկ սիրում եւ համբուրվում էին իրար հետ...Վերջում ուրեմն մնացել է ատելությունը, մարդկային թերեւս միակ ազնիվ զգացմունքը, երբ խաբելու հնարավորություն չկա, թաքցնելու էլՙ ուժ: Հասկանալի է, որ Քոչարյանի աջակիցները միայն նրանք չեն, որոնք այս օրերին Գյուլիքեւխվյան փողոցում են, հասկանալի է նաեւ, որ Քոչարյանի քննադատները միայն այնքանը չեն, որքանը հավաքվել է այս փողոցում: Պարզ է, որ աջակիցներն էլ, քննադատներն էլ շատ են, եւ ուրեմնՙ ակնհայտ է, որ Հայաստանում միմյանց ատող մարդիկ շատ են, նույնիսկ երեկոյան ժամերին Երեւանում ավտոմեքենաներից շատ, հայ մարդու դարդերից շատ, Երեւանում կուտակված աղբից շատ, Ֆորբսի ցուցակում ընդգրկված ամենահարուստ հայի փողերից շատ...

Ի՞նչ է անում նման իրավիճակում պետական իշխանությունըՙ ամենաբարձր մակարդակով: Երբ երկրում ատելությունը անափ եւ անեզր է դառնումՙ մեծությունից կուրացնելով աչքերդ, ի՞նչ է անում սեփական երկիրը, պետությունը, ժողովուրդը սիրող պետական իշխանությունը: Իմ խորին համոզմամբ, կանգնում է մեջտեղումՙ արդարադատության կողքին, այնպես որ իր դեմքը փողոցի երկու կողմերում հավաքված մարդկանց տեսանելի լինի, այնպես, որ իր ձայնը բոլորին հասնի, այնպես, որ բոլորը հասկանան, որ իշխանությունը բոլորինն է, անկախ նրանիցՙ իրենք Գյուլիքեւխվյան փողոցի որ կողմում են կանգնած: Իշխանությունը սա անելու ունակությամբ եւ պատրաստակամությամբ է դառնում կամ ճանաչվում պետական:

Ես չգիտեմ, թե ինչ կանի մեր իշխանությունը...Մեր իշխանությունը...Մեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ