RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019



ՔԱՂԱՔԱՅԻՆ

Տեղադրվել է` 2019-05-17 00:31:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2277, Տպվել է` 245, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԵՌԻ ՏԱԿ

ՆԱԻՐ ՅԱՆ

Երեւանի քաղաքապետարանն այս օրերին հանրային քննարկումների առանցքում է հայտնվել: Նախ անսպասելի էր լուրը, թե քաղաքապետարանի 1700 աշխատակիցների աշխատավարձը կրկնակի բարձրանալու է: Հետո սկսեց ակտիվ շրջանառվել Հայկ Մարությանի հայտարարությունը, որ եթե մաշված, շարքից դուրս եկած վերելակները փոխվեն, գումարը հավաքվելու է երեւանցիների հավելավճարներից: Վերջին շրջանում Երեւանի բազամահարկերի 1100 վերելակ տեխզննման է ենթարկվել: Պատկերը մխիթարական չէ: Դրանցից 31-ը պետք է ընդհանրապես կանգնեցվեն, բայց արի ու տես, որ ամեն օր բնակիչների են տեղափոխում: Իսկ բնակիչները չգիտեն, որ իրենց կյանքն ամեն վայրկյան մազից է կախված: Վերելակների շահագործման ժամկետն առավելագույնը 25 տարի է, իսկ դրանք օգտագործվում են արդեն 40-50 տարի: Երեւանի բյուջեն 31 միլիարդ դրամ է, որպեսզի մայրաքաղաքի 3.600 վերելակները փոխարինվեն նորերով, հարկավոր է լինելու 33 միլիարդ դրամ ծախսել: Ասել է թե ուղիղ մեկ տարի երեւանյան կյանքի ոչ մի ոլորտում ոչ մի լումա չպետք է ծախսվի, ամբողջ գումարը, դեռ մի բան էլ ավելի, պետք է հատկացվի վերելակներին: Դա հնարավոր չէՙ միանգամից կանխում են քաղաքային իշխանությունները: Միջին վիճակագրական տվյալներով մինչեւ հիմա յուրաքանչուր ընտանիք վերելակի ծախսած էլեկտրաէներգիայի եւ սպասարկման համար վճարել է 1.600 դրամ, այսուհետեւ վճարելու է եւս 30 տոկոս: Այսինքնՙ երեւանցին ինքն է վճարելու իր վերելակի գինը: Վերելակի արժեքը բաժանվելու է 25-30 տարվա վրա, տարիներն էլՙ ամիսների, ու բնակիչները ապառիկով վերելակ են գնելու: Նույնն է սպասվում հասարակական տրանսպորտի բազան թարմացնելու դեպքում: Այն, որ տրանսպորտը թանկանալու է, ոչ մի կասկած չկա: Նոր փոխադրամիջոցներով երթեւեկելն այլեւս 100 դրամ չի արժենալու: Վերելակների ու տրանսպորտի բարելավման ծրագրերը դեռ սաղմնային փուլում են, նախահաշվարկ, միջոցների, հնարավորությունների գնահատման աշխատանքներ պիտի կատարվեն:

«Յուրաքանչյուր երեւանցի ինքն է ամենակարեւոր «Սանիտեքը»: Հազար «Սանիտեք» էլ գա, երեւանցին ինքը պետք է մաքուր պահի քաղաքը»,- մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի նկատառումն է: Քաղաքային բազմաթիվ չլուծված խնդիրները նրան մտահոգում են, բայց նա հաճախ լուծման ելքեր չի գտնում: Պատճառըՙ փող չկա: Կասկադ, «Սեւան» հյուրանոց, «Երիտասարդական» պալատ, տասնամյակներով կիսատ մնացած նախագծեր. դրանց սեփականատերերի հետ, օրինակ, Մեսչյանին հանդիպել չի հաջողվում, այո՛, նա Գաֆեսճյանի իրավահաջորդի եւ Վաչե Մանուկյանի հետ չի կարողանում կապ հաստատել, որպեսզի պարզիՙ Կասկադի, «Սեւան» հյուրանոցի ճակատագիրն ի՞նչ է լինելու: Օրենսդրական բացթողումների պատճառով ոչ մեկին պատասխանատվության ենթարկել հնարավոր չէ. սեփականությունը ձեռք է բերվել, իսկ շինարարական նախագծերն ավարտին հասցնելու վերջնաժամկետներ չկան: Փոսորակները տարիներով մնում ենՙ երեւանցիներին անհարմարություններ պատճառելով, բացի այդ, ճարտարապետական տեսքը, կիսատ-պռատ արտաքինն արդեն հոգնեցնում է: Հարցն այն չէ, որ զբոսաշրջիկները մեր քաղաքի մասին վատ կարծիք կկազմեն. դրա համար նպաստավոր հազար ու մի պայման ու նախադրյալ կա. հենց միայն տուն ու փողոց լցված աղբակույտերն ու Երեւանի ճարտարապետական աղավաղված նկարագիրը բավական է: Հարցն այն է, որ ինչ-որ սեփականատիրոջ քմահաճույքը թելադրող դեր ունի Երեւանի ու երեւանցու համար: Օրինակները եզակի չեն. որեւէ դեպքում, երբ մասնավորի կողմից ինչ-որ շինություն, այգի է կառուցվում, քաղաքային իշխանությունները ստիպված են լինում ենթարկվել նրա ցանկություններին:

Երեւանում բացվեց Վարդանյան ընտանիքի կառուցած նոր այգին: Այն իրարամերժ կարծիքների տեղիք տվեց: Ո՞ւր է «Ջուր ծախող տղայի» արձանը,-վրդովվեց Ֆեյսբուքը, ուր են այն լացող ուռենիները, որ կանգնած էին հին այգում: «Երբ տեսա, որ այդ ուռենիները կտրվել են, ճիշտն ասած, ես էլ զարմացա ու կատաղեցի, բայց հետո հասկացա, որ մի բան սարքելիս կամ կառուցելիս մի այլ բան պետք է հանվի, կտրվի, հեռանա: Հնարավոր չէ բոլորի ճաշակը բավարարել, բայց նաեւ զարմանալի է, որ ինչ անում ենք, սրած դանակով կտրվում է»,- ասաց Արթուր Մեսչյանը:

«Ջուր ծախող տղայի» արձանը հանվեց. այն «Անգլիական» այգում է: «Ուռենիները կտրվեցին, ու արձանն օդում կախված մնաց»,- ներկայացրեց գլխավոր ճարտարապետը: Նրա կարծիքովՙ ոչ մի վատ բան չկա, որ «Ջուր ծախող տղան» տեղափոխվել է: Փոխարենն ամեն երեկո նորակառույց այգում ասեղ գցելու տեղ չի լինում: Հանրապետության հրապարակում երեկոյան հավաքվող բազմությունը հիմա էլ տեղափոխվել է նոր այգի:

Ծանրաբեռնված Երեւանին մետրոպոլիտենի նոր կայարաններ են պետք: Ճոպանուղու հարցն էլ է շոշափվում: Թե՛ մետրոպոլիտենի նոր կայարանի, թե՛ ճոպանուղու համար դարձյալ պետք է դիմել մասնավորի աջակցությանը: Հյուրանոց եւ մոլեր պետք է կառուցվեն. մետրո մտնելու համար պետք է անցնել մոլի միջով: Այս կերպ մասնավորն իր առեւտրային շահի համար հանձն կառնի երեւանյան քաղաքաշինական ծրագրում ֆինանսական ներդրումներ կատարել:

Այսօր էլ քաղաքային իշխանությունները շարունակում են պայքարել ապօրինի շինարարությունների դեմ: «Մի՛ արեք, թե չէ ինքներդ ձեր ձեռքերով եք քանդելու: Ապօրինի շինարարություն մի արեք, եկեք մեզ դիմեք, մենք ուրիշ տարբերակ կգտնենք ու ձեզ կօգնենք»,- ապօրինի շինարարություն նախաձեռնողներին հորդորում ու կանխում է Արթուր Մեսչյանը: Գաղտնիք չէ, որ նախորդ իշխանությունների օրոք անգամ զբոսայգիներում են շինթույլտվություններ տրամադրվել, ու հիմա սեփականատերերն օրենքի ուժով կարող են այգում, անգամ խաղահրապարակների հարեւանությամբ սրճարան, ռեստորան կառուցել: Այս երեւույթների դեմ պայքարը դեռ շարունակվում է: Բայց օրինակ պայքարել փողոցային առեւտրի փոքր դրսեւորումների դեմՙ Մեսչյանը դեմ է: «Ասենք մի կին փողոցում լոլիկ է ծախում, որ իր երեխաներին պահի, ես իր ցավն էլ տանեմ: Ո՞նց կարելի է նրան արգելել: Փողոցային առեւտրի դեմ պայքարել հնարավոր չէ: Աշխարհի ոչ մի երկրում այդ պայքարը վերջնական արդյունք չի տվել, հաջողությամբ չի պսակվել»,-նկատում է Երեւանի գլխավոր ճարտարապետը:

Մայրաքաղաքային խնդիրներն արմատացած են, ծառացած ու լայն սաղարթ տված: Նոր իշխանություններն ասում են, որ ընտրությունների ժամանակ Երեւանի կառավարման պատկերը բոլորովին ուրիշ էր, կարճ ժամանակ անց, երբ իշխանությունը հանձնվեց իրենց, տեսան, որ պատկերն ավելի է ահագնացել: Երեւանի կառավարումը գահավիժում էր. ճգնաժամային կառավարում են իրականացրել նրանք: «4 տարի աղբահանությունը դեպի անկում է տարվել: Հիմա ուզում եք, որ 6 ամսում այն կարգավորվի՞: Հնարավոր չէ: 20 տարի ամեն ինչ հետ է գնացել, ուզում եք, որ կարճ ժամանակում հրաշք լինի՞: Չի լինի»,-ավագանու ամբիոնից հայտարարեց Հայկ Մարությանը: Նրա պնդումը, որ պետք է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձն ավելանա, ավագանին մերժեց ու չհաստատեց: Մարությանն էն գլխից հրաժարվել էր թե՛ ավելացվելիք աշխատավարձից, թե պարգեւավճարից: «Ես 16 տարեկանից օր ու գիշեր աշխատում եմ: Փառք Աստծո, քաղաքապետարանի աշխատավարձով չեմ ապրում: Շարունակելու եմ 400 հազար դրամ ստանալ: Եթե աշխատավարձս բարձրանար եւս 400 հազարով, միեւնույն է, չէի վերցնելու, այն ուղղելու էի բարեգործական ծրագրերին»,-իր նպատակները պատմեց Հայկ Մարությանը: Նա առաջարկում է պարգեւավճար այլեւս չտալ, փոխարենը նույն գումարը բաշխել 12 ամսվա վրա ու աշխատավարձ բարձրացնել:

Այնուամենայնիվ, աշխատավարձերի բարձրացման գործընթացն ընդհատվել է: Մարությանն էլ, Մեսչյանն էլ շատ կուզեին, որ այդպես չլիներ: Քաղաքապետարանում աշխատանքի ծավալները նախկինի համեմատ 3 անգամ ավելացել են: Աշխատողները մինչեւ ուշ երեկո քաղաքապետարանում են, բայց եթե նրանց աշխատավարձը չբարձրացվի, Մեսչյանը պատրաստվում է իր բաժնի աշխատակիցներին ժամը 18-ից հետո տուն ուղարկել, իսկ շաբաթ-կիրակի աշխատելու մասին խոսելն ավելորդ է: Չեն աշխատի: Մարությանն էլ պատճառաբանում է, թե ցածր աշխատավարձի պատճառով մասնավոր հատվածի պրոֆեսիոնալները պետական համակարգում չեն համաձայնում աշխատել: Կադրային մրցակցություն չկա:

Հանրությունն այնքնա էլ զուրկ չէ տրամաբանությունից ու գութ ասվածից, հասկանում է, որ մտավոր, պատասխանատու աշխատանքը պետք է գնահատվի, իսկ լավագույն գնահատականն ու խթանն արժանավայել վարձատրությունն է: Հանրությունը աշխատավարձերի բարձրացման նախագիծը սվիններով չի ընդունի, եթե իր շուրջը դրական փոփոխություն տեսնի, եթե Երեւանն աղբից ազատվի, եթե կանաչ տարածքներն ավելանան, եթե տրանսպորտի, վերելակների խնդիրը խելամիտ կերպով լուծվի: Քանի դեռ այս նվազագույն բարեփոխումները չկան, ի դեպ, որոնք նախընտրական քարոզարշավներին խոստացվել էին, հանրությունը շարունակելու է քննադատել նաեւ նորերին, շարունակելու է վրդովվել աշխատավարձի բարձրացման թեկուզ շշուկով ասված առաջարկից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ