RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019



Տեղադրվել է` 2019-05-17 00:31:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2853, Տպվել է` 246, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՄԱ ՆԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ... ԵՐԳՈՎ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Այն, որ «Շանթն» ու մյուս հեռուստաընկերությունները միմյանց հետ մրցում են ոչ թե որակ տալու, այլ գովազդատուներ գրավելու համար, վաղուց պարզ է, պարզ է նաեւ, որ այդ ճանապարհին, ինչպես հարեւան Ադրբեջանի մեյխանաների երգիչներն են ասում` «շաբաշ փողը հացին են քսել, կերել», ասել է թեՙ նյութն ու հոգեւորը վաղուց միախառնվել են իրար:

Բոլորովին վերջերս, անցյալ կիրակի... «Շանթ» հեռուստաընկերությունը «Հումորի լիգա» նախագծով այս անգամ ոչ միայն ոտնահարեց մեր լեզուն, այլեւ անընդունելի հումորներ մատուցեց, որոնք անմիջականորեն վերաբերում էին Հայ առաքելական եկեղեցուն: Խոսքը Գյումրուց ժամանած խմբի ելույթի մասին է, խումբ, որը, ունակ լինելով ու տիրապետելով Ալեքպոլի դասական հումորի նրբություններին, դժբախտաբար տուրք է տվել հաղորդման ղեկավարների արտաքուստ գրավիչ առաջարկներին եւ նման անհեռատես, Գյումրվա հումորին ոչ հարիր քայլեր է անում: Ինչ խոսք, կատակը մնում է կատակ, բայց կատակը կարիք ունի ապտակի: Պետք չէ մոռանալ, որ կան բաներ, որոնք անձեռնմխելի են: Այն ինչ տեղի ունեցավ եթերում, անընդունելի է, խայտառակություն: Դա հումոր չէր, դա չէր տեղավորվում հումորի ոչ մի տեսակի մեջ:

Տեղի ունեցածի ցավալի կողմերից մեկն էլ այն էր, որ դահլիճում նստած հյուրերի ճնշող մեծամասնությունն ուղղակի հրճվում էր դրանից, բայց ի՞նչ էր դա` պարզ ծաղրուծանակ մեր եկեղեցու սպասավորին ուղղված, կրկնում եմ` եկեղեցու սպասավորին` ընդհանրական:

Ցավում եմ նաեւ, որ ժյուրիի անդամենրը, բացառությամբ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի, նրանց սաստելու փոխարեն բուռն ծափահարություններ ու ժպիտներ էին տեղում:

Այս խնդրում մեծ մեղք ունեն Հայաստանի իշխանությունները, ներկա թե անցյալ, որքան էլ զարմանալի ու տարօրինակ հնչի, բայց մեր իշխանավորները տարիներ շարունակ, իրենց խոշտանգող հայերենով նպաստել են եթերի ապականմանն ու աղաղվաղմանը: Ինչպես Ազգային ժողովի նախորդ գումարումների, այնպես էլ վերջինի անդամներից շատերը նորմալ հայերեն խոսել չգիտեն:

Չէ Գեւարայի բերետի վկաների ականջը խուլ, բայց ի՞նչ պահանջենք մեր եթերից, երբ երկրի վարչապետի պաշտոնական խոսքը հաճախ նմանվում է ընկույզի ծառի տակ նարդի խաղացող ջղային քեռու բառապաշարի. ծանր թեմա է, անցնենք:

Մեղքի զգալի բաժին ունի նաեւ Լեզվի տեսչությունը (հիմաՙ կոմիտե), որի գործունեությունն այսքան ժամանակ, ցավալի է, բայց ֆեյսբուքյան գրառումներից այն կողմ, լայն առումով, չի անցել: Խոսքը կրկին երկուստեք է ուղղված` ներկաներին ու նախկիններին:

Իսկ ամենակարեւոր մեղքի բաժինը մերն է` ժողովրդինը, մենք, որքան էլ քննադատում ենք, շարունակում ենք դիտել նմանօրինակ հեռուստաեթերները, ավելին` մենք, մեր երեխաները ընդօրինակում ենք այնտեղ տեսածն ու լսածը:

Հեռու չգնանք: Մտեք դպրոցներ ու հարցրեք, թե երեխաներն ու՞մ են ուզում նմանվել. ներեցեք, բայց, հավաստիացնում եմ, որ այս պահի դրությամբ հայ երեխաների մոտ Րաֆֆու Սամվելն ու Գեւորգ Մարզպետունու Գոռ որդին պահանջված կերպարներ չեն, Հունան Ավետիսյանն այլեւս ոչ մի երեխայի չի ոգեւորում, որովհետեւ անունն անգամ չեն լսել:

Հիմա ոչինչ պարունակող սերիալների ու զարմացնող ապուշ նախադասություններից կազմված երգերի հեղինակների պաշտամունքի դարն է: Հիմա Թումանյանը շաուրմա է, լավագույն դեպքում` փողոց, Կոմիտասը` տերտեր, Պարույր Սեւակը` «թազա հազար դրամանոց», հիմա դժվար է երեխային նորմալ մարդ մեծացնել, երբ էկրանից այն կողմ ծաղրանքի է ենթարկվում ամենայն մաքուրը` սերը, հարգանքը, ճշմարտությունը, հավատը, կրոնը, լեզուն, մշակույթը, հիմա նահանջի դարն է, հիմա նահանջում ենք... երգով:

Հ.Գ. Այս անգամ միայն «Շանթի» օրինակը բերեցի, բայց ժողովրդական առածն ասում էՙ ա՛յ կուժ, քեզ եմ ասո՛ւմ, ա՛յ կուլա, լսի՛ր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ