RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019



Տեղադրվել է` 2019-05-17 00:31:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2891, Տպվել է` 247, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Մայիսի 12-ին լրացավ Արցախյան հակամարտության գոտում անժամկետ հրադադար հայտարարելու մասին Արցախի, Ադրբեջանի ու Հայաստանի Հանրապետությունների միջեւ Բիշքեկում ստորագրված եռակողմ զինադադարի 25-ամյակը: Քառորդ դար էՙ Բաքուն հակամարտությունը ուժով իր օգտին լուծելու փորձեր է ձեռնարկում, բայց ամեն անգամ ծեծ կերած շան պես վերադառնում է իր որջը: Խնդիրը խաղաղ լուծելու համար միջազգային հանրության ակտիվ մասնակցությամբ կողմերի միջեւ ամենաբարձր մակարդակով բազմաթիվ հանդիպումներ են եղել, բայց մինչեւ այժմ սայլը տեղից չի շարժվել: Պատճառը, իմ դիտումներով, հիմնականում այն է, որ բանակցային գործընթացի մեջ ներքաշված կողմերից յուրաքանչյուրը հակամարտողների արյան հաշվին փորձում է հաշտության գործընթացը առավելագույնս հարմարեցնել ոչ թե հակամարտողների, այլՙ սեփական աշխարհաքաղաքական շահերին, ի՛ր հասկացած արդարության սկզբունքներին:

Օրինակ, հրադադարի հաստատման 25-ամյակի նախաշեմին, մայիսի 5-ին, Մոսկովյան հայտնի լրագրող Մաքսիմ Շեւչենկոն հերթական անգամ վայրահաչեց Հայաստանի ու Արցախի հասցեին: Իբրՙ Նիկոլ Փաշինյանը սխալ քաղաքականություն է վարում, հարկավոր է Լեռնային Ղարաբաղում հայերի գրաված բոլոր 7 շրջանները վերադարձնել Ադրբեջանին: Իր կարծիքովՙ դա հասկանում են նաեւ «բոլոր սթափ դատող հայերը»: Այլապես Ադրբեջանը «հայրենի հողերի» համար մինչեւ վերջ կպայքարի:

Անկեղծ ասած, երբեւէ չեմ հանդիպել Շեւչենկոյի տեսակետը պաշտպանող թեկուզեւ մեկ հայի: Համոզված եմՙ նրա անձնվեր թրքասիրությունը անշահախնդրորե՛ն չի ձեւավորվել: Այլապես իրեն նեղություն կտար գոնե խորանալու այն հարցի մեջ, թե այդ երբվանի՞ց են «հայերի գրաված տարածքները» «ադրբեջանական հայրենիք» դարձել: Ցարական Ռուսաստանում ազերի-թուրքերին Կովկասի թաթարներ էին անվանում, եւ դա շատ ավելի ճիշտ էր, քան 1930-ականներից ի վեր իրենք իրենց շնորհած «ադրբեջանցի» հորջորջումը: Քանզի Ադրբեջան բառը ծագում է Իրանի Ատրպատական նահանգի անունից, որ աղավաղելովՙ դարձրել են «Ազերբայջան»: Մյուս ժողովուրդները, օրինակՙ մենք, վրացիները, ռուսները, նաեւ բազմաթիվ ուրիշներ իրենց հայրենիքներին տվել են իրե՛նց անունները: Իսկ այսպես կոչված ադրբեջանցիները վերցրել են... օտար տեղավայրի անուն: Երեւի այն հեռագնա դիտավորությամբ, որ ատամները կտրելուն պես իրենց արհեստածին պետությանը միացնեն նաեւ այսօրվա Իրանական Ատրպատականը:

ՄԱԿ-ի կանոնադրությունը սահմանում է, թե որեւէ պետության տարածքում գտնվող ազգային փոքրամասնության զբաղեցրած տարածքը այդ փոքրամասնության, ո՛չ թե տվյալ պետության մեջ ապրող բոլոր քաղաքացիների սեփականությունն է: Իսկ եթե իր սեփականությունը հանդիսացող տարածքում ապրող ազգային փոքրամասնությունը (իմաՙ արցախահայությունը) այլեւս չի ցանկանում ապրել այն պետության մեջ, որի կազմում նախկինում հայտնվել է այլեւայլ հանգամանքների բերումով, ապա նա իրավունք ունի ազատ կամաարտահայտմամբ տնօրինելու սեփական ճակատագիրը: Այսինքն վճռելուՙ մնու՞մ, թե՞ դուրս է գալիս գերիշխող պետության կազմից: Եվ եթե որոշում է դուրս գալ, ապա դա այլեւս չի դիտվում որպես գերիշխող պետության տարածքային ամբողջականության խախտում:

Սա՛ է գրված նաեւ պետությունների տարածքային ամբողջականությունը խախտելու անթույլատրելիության մասին ԵԱՀԿ 1975 թվականի Հելսինկիի Եզրափակիչ Ակտի դրույթներում: Մինչդեռ Իլհամ Հեյդար-օղլին ու նրա մանկլավիկները պետությունների տարածքային ամբողջականության պահպանման իրենց սխալ հասկացած դրույթից կառչածՙ փորձում են բռնի վերատիրանալ Արցախին: Եթե դա, Աստված մի արասցե, երբեւէ տեղի ունենա, նշանակելու է իր իսկ հայրենիքում արցախահայության իսպառ բնաջնջում կամ լավագույն դեպքումՙ արտաքսում հարազատ բնօրրանից:

Խոսքը հայ ժողովրդի արցախյան հատվածի ֆիզիկական գոյությա՛ն մասին է, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման մասին չէ՛: Մեռնել-ապրելու երկընտրանքին ենթակա ո՞ր հիմարը կացինը ձեռքն առած դահճի առաջ կամովին գլուխը կառափնակոճղին կդնի: Այնպես որՙ մինչեւ Բաքվի «բարի մտադրությունների» մասին մոլորությունը չհաղթահարվիՙ հակամարտությունը ո՛չ խաղաղ, ո՛չ էլ որեւէ այլ լուծում չի՛ ունենա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 17-05-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ